Իսրայելացիներն ինչքա՞ն ժամանակ մնացին Սինա լեռան ստորոտում:



Գրքեր
Իսրայելացիներն ինչքա՞ն ժամանակ մնացին Սինա լեռան ստորոտում:

 

 

Մեկ տարի: Այդ ընթացքում վերոհիշյալ պատվերները կատարելուց բացի, Աստված Մովսեսին զոհերի վերաբերյալ ցուցումներ և զանազան նյութերի վերաբերյալ ուրիշ պատվերներ էլ տվեց, ինչպես որ հիշատակվում է Ղևտացիների գրքի 10-րդ գլխից մինչև 27-րդ գլխի վերջը:

Քանի որ Աստված Աբրահամին խոստացել էր, որ իրեն մեծ ազգ պիտի դարձնի (Ծննդ. 12:2), այդ պատճառով հրամայում է, որ քսան տարեկանից բարձր եղող տղամարդիկ արձանագրվեն, որպեսզի հայտնի դառնա մեծ ազգ լինելը. մանավանդ թշնամի հանդիպելու ժամանակ նրանք պատերազմի պատրաստ լինեն:

Իսրայելացիները, Հակոբ նահապետի տասներկու որդիներից առաջացած լինելով, տասներկու ցեղեր են հաշվվում: Թեպետ Հովսեփի երկու որդիները՝ Եփրեմը և Մանասեն, Հակոբի որդիների շարքն ընդգրկվեցին,  որով տասներեք ցեղ եղան, բայց Ղևիի ցեղը, որոնք ղևտացիներ անվանվեցին, քահանայության պատճառով մյուս ցեղերից բաժանվեցին, և մնացած ժողովուրդը դարձյալ տասներկու ցեղ կոչվեց:

Մովսեսը յուրաքանչյուր ցեղից մեկական մարդ է ընտրում, որոնցից յուրաքանչյուրը, իր ցեղի վրա իշխան և խոսքի տեր՝ ազդեցիկ մարդ լինելով, քսան տարեկանը լրացած տղաներին արձանագրի: Երբ այդ գործողությունը հրամանի համաձայն կատարվեց, նրանց թիվը հասավ վեց հարյուր երեք հազար վեց հարյուր հիսուն մարդու, չհաշված կանանց, ծերերին, մանուկներին, գերիներին, ծառաներին և եգիպտացիներին, որոնք իսրայելացիների հետ դուրս էին եկել Եգիպտոսից:

Եվ քանի որ Աստված եգիպտացիների անդրանիկ որդիներին կոտորելու ժամանակ իսրայելացիների անդրանիկներին Իր սեփականությունը դարձրեց, այս պատճառով իսրայելացիները պարտավորվեցին իրենց անդրանիկ զավակներին Աստծուն տալ: Տասներկու ցեղերի մեկ ամսականից բարձր եղող երեխաները 

արձանագրվեցին, որպեսզի խորանին ծառայությանը հատկացվեն, նրանց թիվը քսաներկու հազար երկու հարյուր յոթանասուներեք էր:

Բայց սրա վերաբերյալ ժողովրդին տրտնջալու առիթ չտալու համար, նրանց փոխարեն ղևտացիներին ընդունելով, հրամայում է, որ նրանց մեկ ամսականից բարձր եղող արուներին հաշվեն, որպեսզի տասներկու ցեղերի անդրանիկների թիվը ինչքանով որ ավելի լինի, ժողովուրդը յուրաքանչյուրի համար որպես փրկագին հինգ սիկղ (ոսկի կամ արծաթ չափելու միավոր, որը հավասար է 6,8 գրամի) վճարի ղևտացիներին:

Եվ ղևտացիների թիվը քսաներկու հազար եղավ, երկու հազար յոթանասուներեքի փոխարեն ժողովուրդը ղևտացիներին վճարեց: Սրանց քսանհինգ տարեկանից բարձր և հիսունից ցածր եղողները արձանագրվեցին, նրանց գումարը հասավ ութ հազար հարյուր ութսուն անձի, որպեսզի միայն նրանք խորանի ծառայության համար հատկացվեն, իսկ քսանհինգից ցածր եղողները հոգևոր պաշտոնից ազատ լինեն, իսկ հիսուն տարին անցնողն էլ ծառայությունից հեռանանա, և նրան մեկ ուրիշը հաջորդի:

Երբ ըստ վերոհիշյալ կանոնների խորանը ամեն ինչով պատրաստ էր, տասներկու ցեղերի երևելիները ընծաներ էին բերում խորանի համար, սակայն ոչ թե ոմանք շատ և ոմանք՝ քիչ, այլ բոլորի ընծաները միատեսակ էին և միևնույն գինն ունեին, որպեսզի իրենց միջև նախանձ չառաջանար: Դարձյալ ոչ թե նույն օրն էին բերում, այլ հաջորդաբար. առաջին օրը Հուդայի ցեղն էր բերում, երկրորդ օրը՝ Իսաքարի, և այդպես մնացածները: Մովսեսը ընծաները հանձնում է ղևտացիներին, որոնց ավագները Ահարոնն էր իր որդիների հետ:

Քանի որ Աստված ժողովրդի անդրանիկների փոխարեն ղևտացիներին ընտրեց, այս պատճառով Մովսեսին հրամայում է, որ նրանց խորանի առջև բերի, և այնտեղ ժողովուրդը, նրանց վրա ձեռք դնելով, իր կողմից նրանց Աստծուն ընծայի, որպեսզի հոգևոր պաշտոնին նրանց հատկացվելը հայտնի դառնա:

Իսրայելացիները տակավին Սինայի անապատում էին, երբ Աստված պատվիրեց, որ Եգիպտոսից իրենց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսվա տասնչորսերորդ օրը Զատիկ կատարեն, ինչպես որ նախկինում արդեն պատվիրել էր: Բայց նրանք, ովքեր ննջեցյալ են թաղում և կամ մեռելի են մոտենում, օրենքի համաձայն յոթ օր անմաքուր համարվեն, հետո կարող են Զատիկ անել կամ զոհ մատուցել:

Այն ժամանակ ոմանք, անմաքուր լինելով, «Ուրեմն չե՞նք կարող ժողովրդի հետ Զատիկը անել» հարցրին Մովսեսին, որն առանց Աստծուն հարցնելու նրանց հարցերին չէր պատասխանում, քանի որ մինչ այդ պահը այդպիսի դեպք չէր պատահել: Մովսեսը դեռևս չհարցրած՝ Աստված պատասխանում է նրան, որ այդպիսի անմաքուր մարդիկ կամ այն մարդիկ, որոնք հեռու տեղում գտնվելով՝ Զատկի ժամանակ տեղում չեն լինի, թող երկրորդ ամսի տասնչորսին Զատիկ անեն:

Որպեսզի ժողովուրդը լավ և կանոնավոր կառավարվի, Աստծո հրամանով Մովսեսն իսրայելացիների տասներկու ցեղերին չորս մասի է  բաժանում (ամեն մի խմբում՝ երեքական ցեղ) և վկայության խորանի շուրջը նրանց համար տեղ է հատկացնում: Նմանապես յուրաքանչյուր խմբի մեջ աստիճան և պայմաններ է սահմանում, որպեսզի երեք ցեղերից մեկն ավելի հարգի համարվի, և մնացած երկու ցեղերը հնազանդվեն նրան:

Ուրեմն խորանը մեջտեղում էր, ղևտացիները՝ նրա շուրջը. արևելյան կողմում առաջին խումբն էր բնակվում, որում Հուդայի ցեղն էր պատվավոր համարվում. նրա աջ կողմում Իսաքարի ցեղն էր, իսկ ձախ կողմում՝ Զաբուղոնի ցեղը: Երկրորդ խումբը հարավային կողմում էր մնում, որում Ռուբենի ցեղն էր պատվավորը, նրա աջ կողմում՝ Շմավոնի, իսկ ձախ կողմում Գադի ցեղերը: Արևմտյան կողմում երրորդ խումբն էր բնակվում, որում ազդեցիկ էր Եփրեմի ցեղը, որի աջ կողմում Մանասեի և ձախում Բենիամինի ցեղն էր: Չորրորդ խումբը խորանի հյուսիսային կողմում էր, որտեղ Դանի ցեղն առավել ազդեցություն ուներ, նրա աջ կողմում Ասերի ցեղն էր և ձախ կողմում՝ Նեփթաղիմի: Այս պատճառով իսրայելացիների բանակը «չորս խմբերի» կամ «չորս գնդերի» բանակ էր կոչվում:

Հետո քանի որ պիտի գնային Սինայից, կանոնավորությամբ գնալու համար Մովսեսը երկու արծաթյա փողեր է սարքել տալիս, որոնց ձայնը լսելուն պես հերթով ճանապարհ ելնեն: Փողերը հնչեցնելը քահանաներին էր հատկացված. դրանք «ազդեցության փող» անվանվեցին:

Քանի որ ոչ միայն մեկնելու ժամանակ էին փողերը հնչեցնում, այլ նաև երբ Մովսեսը ժողովրդին կամենում էր որևէ գործ կամ հրաման հայտնել, որպեսզի ժողովուրդը խորանի դռան մոտ հավաքվի: Նաև հնչեցնում էին, երբ ամսագլուխ, տարեգլուխ, Զատկի հանդիսավոր զոհի և ուրախության օր էր լինում, նամանավանդ պատերազմի ժամանակ: Այս պատճառով երկու փողերը չէին  բավականացնում, հետագայում աստիճանաբար անհրաժեշտ քանակով փողեր շինվեցին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․