Գրքեր
Իսրայելացիները, Աստծո երախտիքը հասկանալով, միշտ գոհ մնացի՞ն արդյոք:

Չմնացին: Թեպետ Աստծո բարերարությունները շատ մեծ էին, սակայն իսրայելացիները, ապերախտ մի ազգ լինելով, Աստծուն նորից բարկացնելով, չարաչար պատժվեցին: Քանի որ հազիվ երեք օր ճանապարհ գնալուց հետո Աստված կարծես թե իզուր էր նրանց պտտում անապատով, սկսում են սաստիկ տրտնջալ, որով իսկույն իրենց մեջ կրակ բորբոքելով՝ բանակատեղիի մի մասն այրվում ոչնչանում է:

Ժողովուրդը, այս տեսնելով, աղաչում է Մովսեսին, նա էլ աղաչում է Աստծուն, և նրա աղոթքներով կրակն անհետանում է, այս պատճառով այդ տեղի անունը «Հրով այրված» կոչվեց: Մի քիչ առաջ գնալուց հետո իրենց առաջնորդող ամպը կանգնում է, և իջևանում են:

Այստեղ սկսում են գանգատվել Մովսեսի և Աստծո դեմ, սակայն այս անգամ ոչ թե ճանապարհի նեղությունների պատճառով, այլ իրենց որկրամոլության, ոչ թե անոթի մնալու պատճառով, քանի որ մանանան անպակաս էր, այլ մսեղեն կերակուր ցանկանալով. «Ո՞վ մեզ միս կտա» ասելով իրենց հույսը կտրում են Աստծուց:

Մանավանդ իրենց սիրտը Եգիպտոսի հետ էր կապված, այնտեղ իրենց կերած ձուկը, սեխը, ձմերուկը, սոխն ու սխտորը հիշելով, մի անխելահաս մանկան պես իրենց վրանների դռան առջև նստած՝ ողբում և լացում էին: Ճիշտ է այն, որ այս ցանկությունը նրանց հետ եղող եգիպտացիներից ծնվեց, սակայն իսրայելացիներն էլ, նրանց հետևելով, միաբան սկսեցին Մովսեսին ստիպել, որ իրենց միս տա: Մեղքի ցանկությունը տարանցիկ հիվանդության է նմանվում, որ եթե առաջն իսկույն չառնես, հետզհետե մյուսներին կարող է փոխանցվել:

Մանավանդ մանանան. ինքնին յուղի և մեղրի համ ուներ, Աստծո կամքով իրենց քիմքերին տալիս էր այն կերակուրների համը, որոնք ցանկանում էին, ուստի այսպիսի վիճակներում միս խնդրելը մեծ հանցանք էր: Մանանայից ձանձրանալով՝ սոխ և սխտոր ցանկանալը հոգևորը թողնելով մարմնի ցանկություններին և նյութական կոպիտ բաղձանքներին անձնատուր լինել է նշանակում:

Այստեղ լա՛վ խորհիր առաքինության և մոլության տարբերության շուրջ: Մանանան, երկնքից իջնելով, հրեշտակների կերակուր անվանվեց, նույնպես նաև առաքինությունը. Աստծո շնորհիվ ի գործ դրվելով՝ հրեշտակների պատվին և աստիճանին է հասցնում մարդուն, սակայն մոլությունը կամ մեղքը, սատանայի դավաճանությունից առաջացած լինելով, սատանայի դատապարտյալ վիճակին է իջեցնում մարդուն:

Հիրավի, ինչպես վերը նշեցինք, Մովսեսի աղոթքով թեև անհետացավ պատուհասող կրակը, բայց ժողովրդի ապօրինի խոսքերից նրա սիրտը այն աստիճանի բեկվեց, որ Աստծուց իր մահն էր խնդրում: Սակայն չկարծես, թե պաշտոնի պարտականություններից և առաջ եկած դժվարություններից խուսափելու և ազատվելու համար էր իր մահը խնդրում, քա՛վ լիցի, քանի որ Աստծո բնությանն ու հրամանին հակառակ է մեր մահը խնդրելը, այլ այդ խնդրանքով ժողովրդին կառավարելու համար իր անկարողությունը միայն հայտնելով՝ դատաստանը Աստծո կամքին է թողնում:

Քանի որ Աստված Ավետյաց երկիր տանելու համար իսրայելացիներին Մովսեսին էր հանձնել այնպես, ինչպես մանկանը ստնտուին են հանձնում: Այս պատճառով չի ուզում ժողովրդի դատապարտությունն ու պատիժը, բայց նրանք դատապարտության և պատժի արժանի ընթացքով բարկացնում էին Աստծուն, և Մովսեսը, վախենալով Աստծո բարկությունից, մշտապես տագնապների մեջ լինելու համար մինչև իսկ իր մահը հանձն առավ խնդրել:

Խելամո՛ւտ եղիր Աստծո ողորմությանը, թե ինչպե՛ս է իմաստուն ձևով Մովսեսի իրավասության և հսկողության ներքո օգնականներ հատկացնում, որպեսզի նա շատ չնեղվի, ժողովրդին էլ միս է տալիս, որ չասեն, թե Աստված անկարող եղավ մեզ միս տալու:

Արդ, Աստված Մովսեսին հրամայում է, որ ժողովրդի բանիմաց ծերերից յոթանասուն հոգի ընտրելով բերի խորանի մոտ, որպեսզի նրանց իմաստություն տա, որ իրեն օգնեն ժողովրդին կառավարելու գործի մեջ: Նաև ժողովրդին լուր տա, որ հաջորդ օրը միս ուտելու համար պատրաստ լինեն: Սակայն ոչ թե մեկ, երկու կամ տասը օր, այլ մեկ ամիս ձանձրանալու չափ միս ուտեն:

Մովսեսը պատասխանում է, թե նրանց մի ամիս միս կերցնելու համար մի՞թե բավական քանակությամբ ոչխար կամ արջառ պետք է մորթել և կամ ծովի բոլոր ձկները մի տեղ ժողովել, որին Աստված պատասխանում է. «Մի՞թե Տերը չի կարող դա անել»: Այս պարագայում Մովսեսը ոչ թե տարակուսում էր Աստծո կարողության վրա, այլ թե ի՛նչ եղանակով մինչև կշտանալը իր պաշտոնի բերումով պիտի կերակրի այդքան ժողովրդին, դա ցանկացավ իմանալ, քանի որ պարտավորվում էր այդ առումով հուսադրել ժողովրդին: 

Ստացած հրամանի համաձայն, երբ յոթանասուն ծերեր և բանիմաց մարդիկ ընտրելով՝ Մովսեսը խորանի առջև բերեց, Աստված, ամպի մեջ իջնելով այնտեղ, խոսում է Մովսեսի հետ և նրա իմաստությունից այդ յոթանասուն ծերերին էլ է հաղորդում: Արդարև, իսկույն Աստծո շնորհով լցված՝ նրանք սկսում են մարգարեանալ, այսինքն՝ Աստծուն փառաբանելով օրհնություններ և գոհություններ են մատուցում:

Սակայն նրանցից երկուսը, դեռևս խորան չհասած, բնակավայրի մեջ սկսում են մարգարեանալ, սրանք էին Ելդադն ու Մովդադը, որոնց վրա ևս իջել էր Աստծո շնորհը: Սրանց մարգարեությունը մի պատանի լսում է, և երբ պատմում է Մովսեսին, Հեսուն խնդրում է Մովսեսին, որ նրանց արգելի, որովհետև դեռևս խորան չեկած մարգարեանալը անհնազանդություն և Մովսեսի պատվի ստորացում համարեց: Սակայն Մովսեսը հանդիմանաբար պատասխանում է Հեսուին. «Իմ մեջ նախանձ մի՛ գրգռիր, երանի թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարե լիներ»:

Օրինա՛կ վերցրու Մովսեսի առաքինությունից, քանի որ իր ազգի նկատմամբ այնքան մեծ սեր ուներ, որ ցանկանում և միաժամանակ ի սրտե ժողովրդի բոլոր զավակներին մաղթում է, որ բոլորն էլ իր նման մի-մի մարգարե լինեն, փափագում է, որ Աստծո շնորհներին արժանանալով՝ բոլորն էլ իմաստուն և գիտուն լինեն, ինչպես որ վայել է Աստծո ժողովրդին:

Բացի այդ, բոլոր մարդկանցից ավելի խոնարհ լինելով՝ նա իր փառքի նվազելու համար ո՛չ հոգս է անում, ո՛չ մտածում է և ո՛չ էլ որևէ մեկին նախանձում: Մանավանդ անչափ խոհեմ լինելով` ուրիշի խոսքի համաձայն ոչ մեկին չի հանդիմանում կամ պատժում, որի համար էլ իր սիրելի աշակերտին՝ Հեսուին, հանդիմանում է, որ նախանձ գրգռող խոսք չասի:

Լա՛վ մտապահիր. Մովսեսն ինչքան խոնարհվում է, Աստված այնքան նրա պատիվը բարձրացնում էր: Քանի որ նա, ով ժողովրդին միայնակ կառավարելու իր անկարողությունը խոստովանեց, Աստված ցանկացավ նրան ավելի փառավորել, նրա հոգուց, այսինքն՝ իմաստությունից հիշյալ յոթանասուն ծերերին է բաժին հատկացնում, որպեսզի Մովսեսի օգնականները լինելու պատվից կամ տիտղոսից հպարտանալով՝ իրենց նրան հավասարապատիվ չհամարեն, այլ միշտ հնազանդ մնան նրա բարձր հեղինակությանը և կարգադրությանը:

Ինչպես վերը հիշատակեցինք, երբ Աստված որոշեց մսեղեն կերակուր տալ ժողովրդին, հաջորդ օրը ծովի կողմից մի քամի սկսեց փչել, որն այն աստիճանի շատ և անհամար լորամարգի քշեց բերեց, մինչև որ բնակավայրի շուրջը մեկ օրվա անցնելիք ճանապարհ և երկու կանգուն բարձրությամբ թռչուններով լցվեց երկիրը: Սակայն զարմանալին այն է, որ այդ թռչունները չեն կարողանում բարձր թռչել, որպեսզի ժողովուրդը դրանց հավաքելու նեղություն չկրի: 

Հիմա դու տե՛ս իրենց որկորին գերի միս ցանկացողների վարմունքը. քանի որ երբ նրանք տեսան թռչուններին, սաստիկ ուրախացած՝ ցերեկվանից մինչև երեկո և ամբողջ գիշեր մինչև առավոտ, ինչպես նաև հաջորդ օրը այն աստիճան փափագով և ցանկությամբ էին հավաքում, որ ամենաքիչ հավաքողը, տասը քոռ հավաքելով, թարմ-թարմ զզվելու չափ ուտելուց բացի, նաև ապխտում էին, որպեսզի երկար ժամանակ միս ուտեին:

Դու խորհի՛ր Աստծո ահավոր զորության շուրջ. ժողովուրդը հասարակ միս ուզեց, բայց Աստված, ամենակարող լինելով, նրանց լորամարգու միս տալուց բացի, այնքան առատ է տալիս, որ երկու միլիոնի հասնող ժողովրդին մի ամիս բավականացնում է: Սակայն մի՛ կարծիր, որ այս պարագայում իրենց ողորմություն եղավ, այլ պատիժ:

Քանի որ դեռևս լորամարգու միսը իրենց բերանին էր, ահագին հարված ընկավ ժողովրդի մեջ, և շատերը մեռան, որոնց այնտեղ թաղելուց հետո տեղը «Ցանկության գերեզմաններ» կոչվեց: Քանի որ կերակրի ցանկության պատճառով շատերը մեռնելով թաղվեցին՝ խրատի և զգուշության համար:

Թեպետ միս ուտելու ցանկությունը մեղք չէ, սակայն Աստծո շնորհած մանանայից ձանձրանալով և հուսահատ գանգատների խոսքերով՝ «Անպատճառ մեզ մի՛ս տուր» ասելով համառելը և լալը մեծ հանցանք է: Մանավանդ երբ հասան իրենց փափագին, պարգևատու Աստծուց շնորհակալ չեղան:

Դու տե՛ս Աստծո դատաստանը. քանի որ այդ շնորհն ու պարգևը առհասարակ բոլորին էր եղել, և բոլորն էլ թռչունների միս կերան, բայց բոլորը միանգամից չպատժվեցին, այլ միայն գանգատվողները և տրտնջացողները պատժվեցին: Քանի որ արդար լինելով՝ Աստված չտրտնջացողներին հարվածից հեռացրեց և միայն հանդուգն ապերախտներին պատժեց:

Այս կետն էլ է ուշադրության արժանի. ժողովուրդը նախապես երբ կերակրի համար տրտնջաց, Աստված մանանա տվեց և չպատժեց նրանց, քանի որ  այդ ժամանակ նրանց ալյուրը սպառվել էր և հաց չունեին, սակայն այս անգամ մանանա կար, ուստի միս խնդրելը շվայտությունից էր, որի համար էլ ամեն առումով պատժի արժանի եղան:

Օրինակ և միաժամանակ խրա՛տ վերցրու:  Ով իր վիճակից դժգոհելով՝ գանգատվում է Աստծուց, իհարկե պատժվում է, սակայն ցավալին այս է, որ շատերը իրենց հանցանքների պատճառով անգամ եթե պատժվեն, դարձյալ չեն զգաստանում և անուղղելի են մնում: Դու մի՛ կարծիր, թե մարդը երբ իր բոլոր փափագներին հասնում է, իր համար բարիք է, այլ շատ անգամ պատիժ է: 

Ուրեմն մենք պարտավոր ենք խնդրել այն, ինչ որ Աստծո կամքին համաձայն է, և դրա կատարվելն էլ Նրա բարձր հաճությանը թողնել, բայց միայն թե մեր կողմից անհրաժեշտ ջանքը պիտի գործադրել, և եթե մեր խնդրանքն անկատար մնա, անտրտունջ համբերությամբ շնորհակալ լինել՝ խորհելով, որ մեզ համար այդ է բարին:

Քանի որ մարդը փոփոխական է, ամեն ինչ չ գիտի և ամեն բանի կարողություն չունի, մանավանդ որ շատ անգամ իր համար բուն օգտակարը չհասկանալով՝ վնասակար և վտանգավոր բաներ է ցանկանում:

Սակայն Աստված անփոփոխելի է, ամենագետ, ամենատես և ամենակարող է և միանգամայն մարդասեր է. այս պատճառով նա, ով իր խնդիրը Նրա բարերար, մարդասեր և օրհնյալ կամքին է հանձնում, ոչ միայն չի սխալվում, այլև այդ մարդը միշտ և շարունակ անփորձանք և անվնաս, ամեն վտանգից զերծ և ազատ մնալուց բացի, Աստծուն հատուկ և մասնավոր խնամքով և զորավոր պաշտպանությամբ հանգիստ և երջանիկ է լինում, քանի որ նրա սիրտն ու հոգին խաղաղության մեջ են, նրա խիղճը չի տանջում, և նրա միտքը մի այնպիսի անդորրություն է վայելում, որ միայն արդարների և ճշմարիտ աստվածապաշտների առանձնաշնորհն է, որից զուրկ են բոլոր մեղավոր մարդիկ:

 

 

 

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․