19 Նոյեմբեր, Բշ, Հիսնակաց պահքի Ա օր

Գրքեր
Կորխի, Դաթանի և Աբիութի պատժից հետո ժողովուրդը զղջալով հնազանդություն ցույց տվե՞ց:

Ո՛չ երբեք: Քանի որ հաջորդ օրը հարձակվում են Մովսեսի և Ահարոնի վրա՝ ասելով, թե դուք կոտորեցիք Աստծո ժողովրդին: Մովսեսն ու Ահարոնը, նրանց այսօրինակ վարքը տեսնելով, փախչում և մտնում են խորան: Ահա ամպը հրաշքով ծածկում է նրանց, և Աստված հրամայում է, որ ժողովրդից բոլորովին հեռանան, որպեսզի բոլորին կոտորի:

Թեպետ Մովսեսն ու Ահարոնը, նույն պահին երեսի վրա ընկած, նրանց փրկության համար աղաչեցին Աստծուն, սակայն կրակ բորբոքելով՝ սկսում է կոտորել ժողովրդին: Այս տեսնելով՝ Ահարոնը, Մովսեսի հրահանգով բուրվառի մեջ սեղանից կրակ և խունկ դնելով, գնում և ժողովրդի մեռելների և ողջերի մեջ կանգնելով՝ սկսում է խնկարկել, որից Աստծու բարկությունը նվազում է, և  պատուհասը դադարում է :

Նկատի՛ ունեցիր. ժողովուրդը Մովսեսի և Ահարոնի մահը կամեցավ, սակայն նրանք աղոթում էին ժողովրդի համար, քանի որ Մովսեսը խորանում, իսկ Ահարոնը՝ բուրվառով ժողովրդի մեջ կանգնած, իրենց ջերմ և սրտագին աղոթքներով դադարեցրին պատուհասը, սակայն այդ օրը ժողովրդից տասնչորս հազար յոթ հարյուր մարդ մեոավ, բացի վերոհիշյալ Կորխի հետ մահացածներից:

Թող խրատվեն ըմբոստ և անհնազանդ մարդիկ, որ Աստծո հրամանով կարգված մեծավորների և իշխանների դեմ դուրս գալով՝ չպատժվեն, քանի որ Մովսեսը և Ահարոնը Տիրոջ հրամանով ժողովրդին կառավարելու համար պաշտոնյա էին կարգված, նրանց հանդեպ եղած գանգատները Աստծո դեմ համարվեցին, և առանց խնայելու այդքան մարդ կորստյան մատնվեց:

Ճշմարիտ է, որ Ահարոնին նախանձող մարդիկ մեռան, սակայն այդպիսի մի շարժում նորից առաջ չգալու համար, Աստված, կամենալով նրա քահանայապետությունը հրաշքներով ևս հաստատել, հրամայում է, որ տասներկու ցեղից երևելի մարդիկ իրենց գավազանների վրա անունները գրեն, նույնպես և Ահարոնը, իր գավազանի վրա անունը գրելով, խորանում՝ տապանակի առջև, դնեն, և որի գավազանը ծաղկի, նա՛ է քահանայապետը:

Մովսեսը, հրամանի համաձայն գավազանները տապանակի առջև դնելով, հաջորդ օրը տեսնում է, որ Ահարոնի գավազանը բողբոջելով ծաղկել է և ընկույզ է պտղաբերել: Այս հրաշալիքի առջև ամեն մարդ ձայնը կտրած պարտավորվեց հնազանդվել: Մովսեսը Տիրոջ հրամանով այդ գավազանը տապանակի մեջ է դնում, որպեսզի ապագայում Աստծո հրաշքը չմոռացվի: Ժողովուրդը, վերոհիշյալ պատիժը տեսնելով, ասում է Մովսեսին. «Ահա կոտորվում ենք. ով մոտենում է խորանին, մեռնում է, այնպես որ բոլորս էլ պիտի մեռնենք»: Քանի որ նրանք այնքան վախեցան, որ այլևս չէին համարձակվում խորանի մոտ գնալ:

Եվ քանի որ այս պատիժը քահանայապետության համար եղավ, այս առիթով Աստված ցույց է տալիս, թե որո՛նք են Ահարոնի, նրա որդիների, այլ քահանաների և ղևտացիների՝ խորանին ծառայելու պարտականությունները և միաժամանակ նրանց ապրուստի համար հատկացվող եկամուտն ու ռոճիկը: Որպեսզի յուրաքանչյուրը, իր պաշտոնին և ծառայությանը նվիրվելով, երբեք իրենց մեջ որևէ հակառակություն չծագի:

Ժողովուրդն էլ, ըստ հրամանի սահմանված տուրքը ղևտացիներին վճարելով, թող երբեք չմիջամտի և չխառնվի խորանի ծառայությանը, որպեսզի չմեռնեն: Այս պատվերի մշտապես հաստատուն և տևական լինելու ապացույց տալու համար, մի օրինակով հայտնում է նրանց, թե՝ «Աղի ուխտ է այս. ինչպես որ աղն է միօրինակ և անփոփոխ մնում առանց փչանալու և ապականվելու, այս ուխտն էլ հավիտենական և անփոփոխ թող մնա ձեր մեջ»:

Բացի այդ քահանայապետի պաշտոնն էր, տարին մեկ անգամ՝ Քավության տոնին, անարատ և լծի տակ չեղած մի երինջ բանակատեղիից դուրս մորթելով, նրա արյունը ամանի մեջ հավաքելով՝ խորանի առջև յոթ անգամ մատով ցանի ժողովրդի մեղքի քավության համար: Հետո այն իր ամեն ինչով պետք է այրել ու մոխիրը պահել և այս մոխիրը ջրին խառնելով՝ օրենքի համաձայն անմաքուր համարվող մարդու վրա ցողել, որ մաքրվի:

Հոգևոր իմաստով այս երինջը Հիսուս Քրիստոսի օրինակն է, քանի որ Քրիստոսը, բոլոր մարդկանց մեղքերի քավության համար  Երուսաղեմից դուրս՝ Գողգոթա լեռան վրա խաչվելով, Իր ամենասուրբ արյունը թափելով մահացավ:  Ճիշտ է, որ ներկայումս Գողգոթա լեռը քաղաքի մեջ է գտնվում, սակայն պատմությունը և սուրբ Ավետարանը ցույց են տալիս, որ հնում քաղաքից դուրս էր գտնվել:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․