Հարց 57 – Եթե ընդհանրապես բոլորն էլ պիտի հարություն առնեն, ապա ինչո՞ւ է Դավիթ մարգարեն ասում. «Ամբարիշտները չեն դիմանա դատաստանին» (Սաղմ. 1:5):



Գրքեր
Հարց 57 – Եթե ընդհանրապես բոլորն էլ պիտի հարություն առնեն, ապա ինչո՞ւ է Դավիթ մարգարեն ասում. «Ամբարիշտները չեն դիմանա դատաստանին» (Սաղմ. 1:5):

Պատասխան - Դավթի խոսքն այսպես պետք է հասկանալ: Ամբարիշտները դատաստանին չեն դիմանա, այսինքն` ոչ թե դատաստանի քննությանը չեն դիմանա, այլ դատապարտությանը, քանզի այժմվանից իսկ դատապարտված են: Ինչպես մարդասպանը, երբ բանտ է ընկնում, դատավորի ատյան են տանում ոչ թե դատաստանի, այլ վերջնական վճիռը լսելու համար: Սա է Դավիթ մարգարեի խոսքի իմաստը:

Եթե անհրաժեշտ է մարգարեների վկայությունը, ապա վկայակոչենք Հոբ Երանելիին, որ ասում է. «Քանի որ գիտեմ՝ հավերժական է Նա, ով երկրի վրա պիտի փրկի ինձ՝ հարություն տալով մարմնիս» (Հոբ 19:25-26): Իսկ Եսայի մարգարեն ասում է. «Տեսե՛ք և թող ուրախանան ձեր սրտերը, ձեր ոսկորները թող դալար ճյուղերի պես զվարճանան. և Տիրոջ ձեռքը կճանաչի Իր երկյուղածներին (ահա արդարների հարությունը), և կսպառնա անհավատներին (ահա մեղավորների հարությունը)» (Եսայի 66:14):

Եվ ի՞նչ կարիք կա դիմել մարգարեների վկայությանը. ահա Ինքը` մարգարեների Տերը, ասում է. «… կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար» (Հովհ. 5:28-29): Ահա ասում է բոլորը, և ոչ թե` ոմանք: Եվ ովքեր բարիք գործած կլինեն` սա ասում է արդարների համար, և ովքեր չարիք գործած կլինեն` ասում է մեղավորների համար:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․