20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր
Երիքովի թագավորը հնազանդվե՞ց Հեսուին` լսելով իսրայելացիների՝ հրաշքով Հորդանանն անցնելու լուրը:

Չհնազանդվեց, և քանի որ նրա դեմ դուրս գալու կարողություն չուներ, երկյուղից ամբողջ բնակչությամբ հանդերձ փակվեց քաղաքում, և ոչ ոք չէր համարձակվում դուրս գալ: Իսրայելացիների բանակը իջևանել էր քաղաքի մոտ, Հեսուն, ցանկանալով զննել նրա պարիսպը, ավելի մոտենալով՝ տեսնում է մեկին, որ կանգնել էր՝ մերկ սուրը ձեռքին:

Թեպետ նրա տեսած անձնավորությունը հրեշտակ էր, սակայն մարդկային կերպարանքով երևալու պատճառով Հեսուն հարցնում է. «Իսրայելացի՞ ես, թե՞ թշնամու կողմից ես» (Հեսու 5:13), և երբ իմանում է, որ Աստծո կողմից ուղարկված է իրեն օգնելու համար (Հեսու 5:14), իսկույն երկրպագում է և հարցնում է. «Ի՞նչ ես հրամայում ծառայիդ»: Հրեշտակը հրամայում է՝ ասելով. «Կոշիկներդ ոտքերիցդ հանի՛ր, քանի որ կանգնածդ վայրը սուրբ է»: Հեսուն հանում է կոշիկները:

Ապա Աստծո պատվիրանի համաձայն՝ Հեսուն կարգադրում է, որ բոլոր պատերազմողները զինված հանդիսավոր կերպով առաջ քայլեն՝ տապանակը նրանց ետևից, յոթը քահանաներ փողեր հնչեցնեն, ժողովուրդն էլ նրանց հետևից առանց որևէ ձայն հանելու վեց օր՝ օրը մեկ անգամ, պարսպի շուրջ կանոնավորությամբ շրջի:

Արդարև այս կերպ վեց օր առավոտյան հավաքվելով՝ այդքան բազմաթիվ ժողովուրդը կանոնավոր կերպով և կատարելապես լուռ ու մունջ Երիքովի շուրջը ծանրաքայլ շրջելով՝ բնակավայր էր վերադառնում: Քաղաքի բնակիչները այս տեսնելով՝ սաստիկ զարմանում են: Իսկ յոթերորդ օրը դարձյալ նույն ձևով շրջան անելուց հետո, երբ բոլորը միասնական և միաձայն բարձրաձայն  մեծ աղաղակ են բարձրացնում,  ո՜վ հրաշք. Երիքովի պարիսպները իրենք իրենց կործանվում են:

Այն ժամանակ իսրայելացիները հարձակվում և կոտորում են քաղաքի բնակիչներին՝ թե՛ մարդկանց և թե՛ անասուններին, բացի վերոհիշյալ Րախաբ կնոջից, որը իսրայելացի լրտեսներին ապաստան էր տվել և որին իր ազգականներով և ունեցվածքով անվնաս պատվով բնակավայր են բերում: Աստծո ողորմությամբ հիշյալ կինը մովսիսական օրենքն ընդունելուց հետո Սաղմոն անունով մի մարդու կինն է դառնում (Մատթ. 1:5):

Եվ քանի որ հիշյալ հաղթանակը միմիայն Աստծո ողորմությամբ էր իրողություն դարձել և քանանացիների երկրի առաջին գրավյալ տարածքն էր, ուստի Երիքովում գտնված   ոսկին, արծաթը, պղինձը և երկաթը  Հեսուն, որպես շնորհակալություն, Աստծուն ընծայեց՝ խորանի գանձանակին տալով: Եվ քաղաքը կրակի մատնելով՝ ամբողջությամբ այրեց, միևնույն ժամանակ նզովքով պատվիրեց, որ ոչ ոք այնտեղից ոչինչ չվերցնի:

Նույնպես նզովքով վճիռ է արձակում, որ ով վերակառուցի այս քաղաքը, անդրանիկ որդու մահով հիմքը դնի, իսկ կրտսեր որդու մահով դարպասը կանգնեցնի: Արդարև գրեթե չորս հարյուր տարի հետո այս վճիռը գործադրվեց, ինչպես որ հիշատակվում է (Գ Թագ. 16:34):

Սակայն Աքար անունով մեկը, առանց կարևորելու դրված նզովքը, Երիքովից մի ծաղկակար վերարկու է վերցնում, երկու հարյուր արծաթ դրամ և ձուլածո ոսկյա կտոր, որոնք իր վրանում գաղտնի թաղում է՝ այդպիսով համարելով իր ագահությունը բոլորից թաքնված, սակայն չարաչար սխալվում է:

Դու Աստծո դատաստանին նայիր: Հիրավի Աքարը չարությամբ հակառակվեց հրամանին, և նրա պատճառով բոլոր իսրայելացիները թշնամու կողմից հաղթվեցին, Հեսուն էլ մեծ սրտատանջության մեջ ընկավ: Քանի որ շրջակա քաղաքների բնակիչները, լսելով Երիքովի գրավման լուրը,  սարսափեցին, իսրայելացիները՝ չափազանց ուրախացած, հույս ունեին, որ իրենց գնացած բոլոր վայրերը անպատճառ պիտի կարողանային գրավել:

Արդ, Հեսուն այն տեղին մոտ գտնվող Գայի կոչված քաղաք լրտեսներ ուղարկելուց հետո իմանում է, որ բնակչությունը սակավաթիվ է և դիմադրության անկարող, երեք հազար մարդ է ուղարկում կռվի, սակայն բնակիչները դիմադրում են, և իսրայելացիներն իսկույն նահանջում են՝ բախումը սկսելուն պես, իսկ թշնամին, նրանց հետապնդելով, երեսունվեց մարդ է սպանում, շատերը վիրավորվում են, իսկ մնացածը երկյուղով խույս տալով՝ հազիվ մազապուրծ են լինում:

Հեսուն, տեսնելով իսրայելացիների նմանօրինակ փախուստն ու թշնամիների մոտ խայտառակվելը, իսկույն պատռում է իր հանդերձները և գլխին մոխիր ցանելով՝ տապանակի մոտ գետնամած խոնարհվում է,  մինչև երեկո հառաչանքներով և պաղատանքներով աղաչում է Աստծուն: Նույնպես նաև ժողովրդի ծերերը այս օրինակով և փշրված սրտով աղոթքի են կանգնում, որպեսզի Աստված իսրայելացիների վրայից չհեռացնի Իր խնամակալությունը:

Խոհեմությամբ մտապահիր. նախ Աստված Հեսուին խոստացավ և քաջալերեց, որ չվախենա թշնամուց, բայց այժմ, երբ թշնամին հաղթանակ է տարել, չիմանալով՝ ինչ անել, աղաղակում է առ Աստված, թե՝  «Ո՛վ Տեր, հիմա ես ինչ անեմ, ահա Իսրայելը հաղթվեց թշնամուց» (Հեսու 7:8):

Սակայն մի մտածիր, որ Աստված Իր օրհնությունը նրա վրայից վերցրեց, այլ քանի որ հանցանքը ժողովրդինն էր, Հեսուն դեռևս չգիտեր, որ իր նզովքին հակառակ, Երիքովից գողություն էր եղել, այս պատճառով Աստված, ժողովրդի մեղքը հայտնելով (Հեսու 7:11), հրամայում է, որ վիճակ գցելով հայտնաբերեն գողին և կրակի վրա այրեն, որպեսզի կարողանան հաղթել թշնամուն:

Հրամանի համաձայն՝ Հեսուն իսրայելացիների տասներկու ցեղերի մեջ վիճակ է գցում, և գողությունը վերոհիշյալ Աքարին է բաժին ընկնում: Հեսուն նրան իր մոտ է կանչում. նա թեև գողությունը խոստովանելով՝ զղջում է հայտնում, սակայն այն չի ընդունվում: Քանի որ ոչ թե ի սեր կամ ի պատիվ Աստծո  էր այն, այլ հանցանքը հաստատվելուց հետո ակամա ստիպված եղավ զղջալ, և գողոնի տեղը հայտնել: Գործը բացահայտվելուն պես Հեսուն և ամբողջ ժողովուրդը Աքովրի ձոր կոչված վայրը տանելով՝ նրան քարկոծում են, նրա  որդիներին, անասուններին և ամբողջ ունեցվածքը այրում, հետո այդ վայրի վրա քարեր են կիտում: Այն մի բլուր է դառնում՝ այլոց ահարկու խրատ լինելու համար (Հեսու 7:25): Աքարի կորստյամբ արդարությունն է  գործադրվում, և  Աստծո բարկությունը մեղմանում է (Հեսու 7:26): Ուստի Աստված Հեսուին քաջալերում է, որ չվախենա և միաժամանակ Գայի քաղաքի կործանման ձևն էլ է նախապես հայտնում:

Օրինակ վերցրու, ինչպես որ Աքարը ագահությամբ և ընչասիրությամբ գողություն անելով՝ իր գողացածից օգուտ չքաղեց, այլև նրա ամբողջ ունեցվածքն ու որդիները կրակով այրվեցին և մոխիր դարձան, նույնպես գողերն իրենց գողոնից տևական օգուտ չունենալուց բացի, իրենք նույնպես կորստյան մատնվելով՝ անպատճառ հանդերձյալ կյանքում անվախճան տանջանքների են արժանանում:

Ապա Հեսուն երեսուն հազարանոց մի գունդ է ուղարկում, որ գնա Գայի քաղաքի մի կողմում դարանակալի, և երբ ինքն ամբողջ զորքով քաղաքի վրա է շարժվում, բնակիչները նորից նրանց դեմ են դուրս գալիս, և Հեսուն փախուստ է ձևացնում, քաղաքացիները կարծելով, թե իսրայելացիները իրոք փախչում են, բոլորը միաժամանակ թշնամուն հետապնդելու նպատակով քաղաքից դուրս են գալիս, դարանակալած իսրայելացիների զորքը իսկույն ներխուժում է քաղաք և այն  կրակի մատնում ու այրում:

Երբ բնակիչները տեսնում են կրակի ծուխը, քաղաքը պաշտպանելու նպատակով ետ են դառնում, ահա այդ ժամանակ Հեսուն, որը մտածված էր փախուստի դիմել, նրանց ետևից է ընկնում և Աստծո պատվիրանի համաձայն՝ նիզակով իր ձեռքը քաղաքի վրա է պարզում (Հեսու 8:18): Քաղաքը այրող երեսուն հազար զորքն էլ քաղաքից դուրս գալով՝ երկու կողմից սկսում է կոտորել քաղաքի բնակչությանը, և Հեսուն ձեռքը չի իջեցնում, մինչև բոլորն էլ կոտորվում են: Գայիի թագավորին բռնելով կախաղան են հանում, նրանց անասուններին ավար առնելուց հետո քաղաքը նզովքներով այրում և ամբողջությամբ ավերակ են դարձնում:

Ապա Հեսուն մուրճ չդիպած քարերով սեղան է պատրաստում, Աստծուն շնորհակալության ընծաներ  մատուցում, և սեղանի քարերի վրա օրենքն է գրում,  ժողովրդի մի մասը Գարիզի, իսկ մյուս մասը Գեբազ լեռան վրա է բարձրանում, իսկ քահանաներն էլ տապանակով նրանց մեջտեղն են կանգնում և բարձրաձայն կարդում օրենքը, որի ընթացքում հնազանդվողներին օրհնություն, իսկ անհնազանդներին անեծք կարդալու ժամանակ ժողովուրդը «Ամեն» է ասում, ինչպես որ Մովսեսը պատվիրել էր. (տե՛ս քսանհինգերորդ հարցում):

Թեպետ Սինա լեռան վրա Մովսեսը կարդաց օրենքը, ժողովուրդն էլ հանձն առավ և խոստացավ հնազանդվել, սակայն նրանք բոլորն էլ անապատում մահացան, ուստի այս անգամ նորից է կարդացվում, որպեսզի ներկա գտնվող ժողովուրդը նորից խոստանա և օրենքին հակառակ չգործի:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․