Գրքեր
Հեսուի մահվանից հետո իսրայելացիները մշտապես հնազանդ մնա՞ցին Աստծուն:

 Չմնացին: Հիրավի, որքան էլ որ Հեսուն շատ թշնամիների կոտորեց, սակայն այսուհանդերձ դեռևս շատ կռապաշտներ կային. նա չկամեցավ բոլորին կոտորել՝ մտածելով, թե միգուցե ժողովուրդը հանգիստ լինելով՝ անձնատուր լիներ մարմնական հաճույքներին և զվարճանքներին և մոռանար Աստծուն: Սրան հակառակ, թշնամու գոյությունը նրանց մի խթան և հուշարար կլիներ, որ թշնամուց չհաղթվելու համար պարտավոր են իրենց հույսը Աստծո օգնության վրա դնել և հնազանդվել Նրա սուրբ պատվիրաններին (Դատ. 3:1):

Դու հիմա իսրայելացիների ապերախտությանը նայիր, քանի որ թե՛ Մովսեսը և թե՛ Հեսուն կռապաշտների հետ մտերմիկ հարաբերություններ չհաստատելու համար նորից ու նորից խիստ պատվերներ տվեցին՝ զուշացնելով  նրանց կուռքերը չպաշտել: Եղիազար քահանայապետի և նրան ժամանակակից ծերերի մահվանից հետո իսրայելացներն այն աստիճան են մտերմանում իրենց դրացի կռապաշտների հետ, որ սկսում են պաշտել նրանց կուռքերը:

Այն ժամանակ Աստված բարկանալով՝ հետզհետե նրանց վրայից վերցնում է Իր խնամակալությունը և պաշտպանությունը,  թշնամիները հետզհետե համարձակություն են ստանում, որից իսրայելացիները հարկադրված վերստին պատերազմում են  նրանց դեմ: Այս առիթով ժողովրդի մեծամեծները խորանի առջև հավաքվելով՝ քահանայապետի միջնորդությամբ Աստծուն հարցնում են, թե ո՞վ դուրս գա քանանացիների դեմ պատերազմելու (Դատ. 1:1):

Աստված հրամայում է, որպեսզի Հուդան դուրս գա պատերազմելու,  իսկ  Հուդայի ցեղապետը զորքերի գլուխն անցած և իր հետ Շմավոնի ցեղից էլ մարդիկ վերցրած՝ միասնաբար պատերազմ սկսի Ադոնիբեզեկ թագավորի դեմ, որը Բեզեկ կոչված քաղաքի թագավորն էր: Իսրայելացիներն այս քաղաքը գրավելուց հետո թագավորին էլ ձերբակալում են՝ նրա ձեռքերի և ոտքերի մատների ծայրերը կտրատելով:

Խելամուտ եղիր Աստծո արդարությանը, քանի որ հիշյալ թագավորը, խիստ անգութ և բարբարոս անձ լինելով, նախապես յոթանասուն թագավորների հետ պատերազմելու ժամանակ նրանց գերելով՝ մատների ծայրերը կտրատել էր տվել, և այս թագավորներին իր հացի սեղանի տակ էր պահում, որպեսզի նրանք սնվեին իր նետած հացի կտորներով: Արդարև իր կատարած անգթությունը նույն կերպ իրեն վերադարձավ և նա,  Աստծո արդարությունը խոստովանելով, ասում է. «Ինչպես որ ես արեցի, Աստված էլ նույնպես հատուցեց ինձ» (Դատ. 1:7):

Խրատվիր հիշյալի թշվառ վիճակից. ոչ մեկին մի՛ անիրավիր և մի՛ զրկիր, եթե թշնամուդ նկատմամբ հաղթանակ տանելով նույնիսկ պատեհ առիթ ունենաս, վրեժխնդիր մի՛ եղիր, այլ չարության փոխարեն բարիք արա, որպեսզի բարիք գտնես: Քանի որ մարդս ուշ կամ շուտ Աստծուց պետք է իր գործերի համեմատ հատուցում ստանա: Նույնպես արժանի է իմանալ, որ այն ժամանակ փոքր գավառների իշխաններին «թագավոր» անունն էին տալիս, հետևաբար տարակուսանքով մի՛ ասա, թե ինչքան շատ թագավորներ են եղել:

Աստծո օգնությամբ Հուդայի և Շմավոնի ցեղերը այդ ժամանակ շատ տեղեր գրավեցին: Հովսեփի ցեղն էլ Բեթել անվամբ քաղաքն է պաշարում, սակայն անկարող են լինում ներս մտնելու ճանապարհը գտնել: Նույն պահին քաղաքից դուրս եկած մի մարդու են բռնում, որին խոստանում են դրամ տալ, եթե նա քաղաք մտնելու գաղտնի ճանապարհն իրենց ցույց տա: Նա էլ ագահությունից հայտնում է այն ամենը, ինչ որ նրանք ցանկանում են իմանալ: Զորքը ներս մտնելով՝ քաղաքի ողջ բնակչությանը սրի է քաշում, տիրանում  քաղաքին՝  որևէ վնաս չկրելով:

Թեպետ վերոհիշյալ մատնիչին շատ վճարեցին, սակայն այլևս չվստահելով՝ թե՛ նրան և թե՛ նրա ազգականներին այլ վայր  ուղարկեցին: Քանի որ նա, ով իր ազգը կամ հայրենիքը չխնայելով՝ միայն իր փրկության կամ ընչասիրության համար մատնում է այն, հայտնի է, որ երբեք ուրիշին չի կարող հավատարիմ լինել, և ոչ էլ արժանի է վստահության:

 Այդ ժամանակահատվածում Իսրայելի ամեն մի ցեղ պատերազմում էր՝ իրեն սահմանակից ցեղական թշնամուն հաղթելու եռանդով լցված, սակայն դա երկար չտևեց: Ոմանք ընչասիրության ախտից հաղթված՝ կռապաշտներից կաշառք են վերցնում, իսկ ուրիշները մարդահաճությամբ այնքան են մտերմանում նրանց հետ, որ աղջիկ առնել և տալուց բացի ամենայն հիմարությամբ նրանց կուռքերին էլ են սկսում պաշտել՝ հետ կանգնելով իրենց բարերար, ողորմած և պահապան Աստծուն և Նրա օրենքներին հնազանդվելուց:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․