Գրքեր
Ինչպիսի՞ն էր իսրայելացիների վիճակը Դեբովրայի մահվանից հետո:

 Անչափ թշվառ, քանի որ թշնամու հարստահարություններից ազատվելուց հետո սկսեցին հանգիստ կյանք վարել, նորից Աստծո օրենքներին հակառակ ընթացք որդեգրեցին: Աստված բարկացավ և մադիամացիների ձեռքով նրանց դառնագույնս չարչարեց (Դատ. 6:1):

Այստեղ հիշատակված Մադիամը Եգիպտոսի հարևանությամբ գտնվող Մադիամը չէ, ուր փախավ Մովսեսը` փարավոնի ձեռքից ազատվելու համար, այլ Հորդանանի մյուս կողմում գտնվող այլ վայր է, որի մասին հիշատակված է քսանչորսերորդ հարցի մեջ, որտեղ էլ որ Մովսեսը կոտորեց մադիամացիներին: Ճշմարիտ է, որ Մովսեսի ժամանակ նրանք շատ նվազեցին և տկարացան, սակայն որոշ ժամանակ հետո իրենց նախկին զորությունը վերստանալով՝ ամաղեկացիների և արևելյան կողմում բնակվող այլ ազգերի հետ միաբանվելով` այնքան են նեղում իսրայելացիներին, որ սրանք ստիպված են լինում իրենց անասունների պաշտպանության համար լեռնային քարայրներում գոմեր պատրաստել:

Թշնամու անհամար ուղտերն ու անասունները հնձի ժամանակ մորեխի պես իսրայելացիների արտերի վրա են սփռվում, ամբողջությամբ ապականում այն, իսկ աշնանն իրենց տերերի հետ վերադառնում են իրենց տները: Երբ իսրայելացիները տքնելով նորից ցանում էին, արդյունքը դեռևս չհավաքած՝ թշնամին դարձյալ գալով ավերում էր, և այսպիսով իսրայելացիները հետին աստիճանի աղքատության մեջ ընկան (Դատ. 6:6):

Այդ պատճառով յոթը տարի իրենց բերքն ու բարիքները ամբարել չկարողացան, և ամբողջ հարստությունը վատնելուց բացի նաև սարսափելի սովի հանդիպեցին (Հռութ 1:1): Ահա այս չքավորության և խեղճության մեջ վերջապես իրենց չափը հասկանալով՝ սկսեցին աղաղակել Տիրոջը և փրկություն հայցել իրենց անտանելի վիճակից (Դատ. 6:6, 7):

Ստուգությամբ մտապահիր, իսրայելացիները նեղության ժամանակ շրջվում են առ Աստված և աղաչում, իսկ հանգիստ և բարօրություն վայելելուն պես մոռանում են իրենց Փրկիչ և բարերար Աստծուն, Որը սակայն Իր անսահման ողորմությամբ մարգարե է ուղարկում նրանց մոտ, որպեսզի այդ ապերախտ ժողովրդին հիշեցնի Աստծո սերն ու բարերարությունը, ինչպես նաև ցույց է տալիս ժողովրդի օրինազանց ընթացքը և նրանց հրավիրում  ընդունել հանցանքը, ի սրտե գիտակցել և անկեղծությամբ դառնալ  առ իրենց Տեր Աստվածը (Դատ. 6:8):

Այո՛, թող չմտածեն, որ թշնամին կարող է որևէ վնաս կամ չարիք տալ իսրայելացիներին, երբե՛ք, այլ այդ բոլոր չարիքները միայն Աստծո թույլտվությամբ և կամքով են գալիս: Ուրեմն քանի որ ժողովուրդն իր չափը ճանաչելով՝ Աստծո գթությանն ապավինեց, Նա էլ կամեցավ անողորմ թշնամու ձեռքից փրկել իր ժողովրդին, ուստի Մանասեի ցեղից Գեդեոն անունով մի մարդու մոտ մի պատգամաբեր հրեշտակ է ուղարկում և հայտնում, որ նրա ձեռքով պիտի փրկի իսրայելացիներին:

Քանի որ մադիամացիները ամեն տարի հնձի ժամանակ գալով փչացնում էին իսրայելացիների աշխատանքի և քրտինքի արդյունքը, ուստի մինչև նրանց գալը Գեդեոնը հոր սեփական արտերը հնձելով և ցորենը կալսելով էր զբաղված, որպեսզի ժամանակից շուտ վերցնի: Մինչ նա դեռևս կալում էր, հրեշտակը մարդկային կերպարանքով երևալով՝ ասում է. «Տերը Իր հզոր զորությամբ քեզ հետ է» (Դատ. 6:12), Գեդեոնը պատասխանում է. «Եթե Տերը մեզ հետ է, ուրեմն այս բոլոր չարիքները ինչո՞ւ են պատահում, ո՞ւր են այն հրաշքները, որոնց մասին մեր հայրերն էին մեզ պատմում, ինչո՞ւ մերժեց մեզ»:

Արդարև Գեդեոնի սիրտը մաքուր և անկեղծ է. նա Աստծո օրենքներին հնազանդ մարդ լինելով՝ համարում է, որ Աստված հրաժարվել է իրենցից, քանի որ չարաչար հարստահարվում էին կռապաշտներից, անողորմ զրկանքների և բռնությունների էին ենթարկվում: Սակայն ճշմարտությունն այն էր, որ ոչ թե Աստված էր մերժել իսրայելացիներին, այլ ընդհակառակը, իսրայելացիները կուռքերին պաշտելով՝ ուրացել էին իրենց Տեր Աստծուն:

Նույնպես կարող ենք ասել, որ ոչ թե չարիքները եկան և գտան իսրայելացիներին, այլ իսրայելացիներն իրենց չար ընթացքով գնացին և չարիքի հանդիպեցին: Ահա այս է իրողությունը: Մանավանդ, որ Աստված հրաշքներով իսրայելացիներին ազատեց Եգիպտոսից, և միևնույն Աստվածը պատժեց օրինազանցներին: Քանի որ ինչպես Իր ողորմությամբ փրկում է, նույնպես էլ Իր արդարությամբ պատժում է:

Գեդեոնի այդ խոսքերը նրա կատարյալ հավատքի և Աստծո զորության վրա ունեցած հույսի ապացույցն են, ուստի հրեշտակը նորից պատասխանում է, թե՝ «Գնա՛, այդ զորությամբ պիտի փրկես իսրայելացիներին» (Դատ. 6:16):

Սակայն նայելով Մանասեի ցեղի մեծ և ազդեցիկ գերդաստաններին, և նկատելով իր հոր գերդաստանի փոքրությունն ու ցածրությունը, մտաբերելով իր ավագ եղբայրներին, մանավանդ իրեն անարժան համարելով ազգի և ժողովրդի պետ և գլուխ լինելուն, Գեդեոնը հրեշտակին հարցնում է, թե «Ինչպե՞ս պիտի ազատեմ իսրայելացիներին», որին հրեշտակը պատասխանում է. «Տերը քեզ հետ է» (Դատ. 6:16)

Հրեշտակի սույն քաջալերող խոսքից Գեդեոնը հանձն է առնում իրեն առաջարկված պաշտոնը: Սակայն հնարավոր է, որ ժողովուրդն իրեն չհնազանդվի, ուստի նշան է խնդրում: Նույնպես աղաչում է իր խոսակցին, որ բարեհաճի սպասել իրեն մինչև նա կերակուր կպատրաստի հյուրի համար, քանի որ դեռևս չգիտեր, որ հրեշտակ է:

Երբ գնաց և բաղարջ հաց ու արգանակով միս բերեց, հրեշտակի ցուցումներով բաղարջ հացը և միսը մի քարի վրա դնելով՝ մսի ջուրը նրա վրա լցրեց: Երբ հրեշտակն իր ձեռքում բռնած գավազանով դիպչում է մսին և բաղարջին, և Աստծո կամեցողությամբ քարից իսկույն կրակ է ելնում՝ այրելով  կերակուրը, և հրեշտակը Գեդեոնի աչքերի առջևից աներևութանում է:

Գեդեոնը սույն նշանը տեսնելուն պես հասկանում է, որ հրեշտակ էր իր հյուրը և վախենում է, որ կմահանա, և քանի որ հրեշտակը աներևութապես ներկա էր, քաջալերում է նրան, որ չերկնչի՝ հայտնելով, որ չպիտի մահանա, այլ իսրայելացիներին փրկելու համար թող պատրաստ լինի Աստծո կամքը կատարելու: Այն ժամանակ Գեդեոնը, խրախուսված հրեշտակի սույն գոտեպնդող խոսքերից, ճշմարիտ Աստծո անվան պատվին այնտեղ սեղան է կանգնեցնում:

Սակայն նրա հայրը՝ Հովասը, բահաղ կուռքի անունով սեղան էր պատրաստել, շրջակայքը անտառ էր տնկել և աճեցրել: Աստված այդ գիշերը Գեդեոնին հրամայում է՝ նախ այդ սեղանը կործանել, անտառն էլ բոլորովին ոչնչացնելով՝ Աստծո համար սեղան կանգնեցնել: Նույնպես հոր պարարտ եզը և մի յոթ տարեկան զվարակ այդ սեղանի վրա զոհ մատուցել:

Եվ քանի որ նրա հայրը և քաղաքի բնակիչները բահաղ կուռքին էին պաշտում, Գեդեոնը երկյուղելով գաղտնի կերպով գիշերով իր ծառաներից տասներեքի օգնությամբ գործադրում է Աստծո հրամանը: Առավոտյան, երբ բնակիչները տեսան, իմացան եղելությունը, որ Գեդեոնն է արել այդ, քանի որ նա իմանալով, որ կուռքերը աստվածներ չէին, հենց սկզբից չէր ցանկանում երկրպագություն մատուցել անշունչ իրերին:

Այս պատճառով նրա հորից պահանջում են, որ Գեդեոնին իրենց ձեռքը տա, որպեսզի սպանեն նրան: Սակայն հայրը, լինելով քաղաքի ազդեցիկ մարդկանցից, պատասխանում է. «Դո՞ւք պետք է բահաղի դատաստանը տեսնեք, եթե աստված է, թող մինչև առավոտ նրան վնասողը մահանա, թող բահաղն իր սեղանը կործանողից վրեժ լուծի»: Այս պատասխանով հանդարտեցնելով բնակիչներին, Գեդեոնի անունը Հերոբոաղ դրեց, որը նշանակում է «բահաղին պատժող»:

Այդ ժամանակ թշնամիները նույնպես եկան ու բնակվեցին նրա մոտ՝ Հեզրայելի հովիտները, Գեդեոնը ի վերուստ՝ Աստծո կողմից զորություն  ընդունեց (Դատ. 6:34), և երբ պատերազմի փող  հնչեց, Աբիեզերի սերունդը, որից սերում էր նաև Գեդեոնը, հոժարությամբ և գովելի եռանդով իսկույն նրա մոտ հավաքվեց:

Քանի որ թշնամու բանակը Ասերի, Զաբուղոնի և Նեփթաղիմի ցեղի երկրների մերձակայքում էր, Գեդեոնը նրանց մոտ մարդ ուղարկելով հրավիրեց, որ պատերազմին մասնակցեն, իսկույն երեսուն հազար զորք հավաքվեց: Գեդեոնը սրանց գլուխն անցնելով՝ Աստծուց վերստին նշան էր խնդրում՝ ասելով. «Ահա կալի վրա գեղմ կդնեմ, եթե միայն նրա վրա ցող իջնի և մնացած ամեն ինչ չոր մնա, կիմանամ, որ իսրայելացիներն իմ ձեռքով պիտի փրկվեն», և գեղմը կալի վրա  դրեց:

Եվ ահա այդ գիշեր Աստծո կամեցողությամբ անձրևի նման ցող է իջնում գեղմի վրա, և շուրջն ամեն ինչ չոր է մնում, առավոտյան գեղմը քամելով՝ մի ամբողջ կոնք ջուր է դուրս գալիս, հաջորդ օրը կրկին չորացած գեղմը կալի վրա դնելով՝ առավոտյան տեսնում է, որ դրա շուրջ բոլորը ցող է իջել և թրջել, ու միայն գեղմն է չոր մնացել, եղել էր այնպես, ինչպես, որ Գեդեոնը խոնարհաբար խնդրել էր Աստծուց:

Պետք է իմանալ, որ Գեդեոնը ոչ թե թերահավատության պատճառով նշան խնդրեց, այլ որպեսզի ժողովուրդն իմանա, որ իսրայելացիները միայն Աստծո զորությամբ պիտի փրկվեն: Այս պատճառով Աստված Գեդեոնին ասում է, որ զորքը շատ է, երկչոտները թող հետ դառնան, որպեսզի ժողովուրդը չասի թե՝ «Իմ զորությամբ փրկվեցի» (Դատ. 7:3):  Զորքի մի մասը ետ է դառնում.  մնում է քսաներկու հազար մարդ, սակայն Աստված նորից ասում է, որ «Այդքան զորքը ավելորդ է: Նրանց գետի եզերքը տար: Ովքեր ջուրն իրենց ափի մեջ վերցնելով՝ շան նման լեզվով կխմեն, առանձնացրու նրանց մյուսներից»:

Գեդեոնը, գործադրելով սույն հրամանը, տեսնում է, որ իրենց ափով լեզվով խմողների թիվը երեք հարյուրի է հասնում, այն ժամանակ Աստված հայտնում է, որ «Երեք հարյուր մարդկանց ձեռքով պիտի փրկեմ իսրայելացիներին (Դատ. 7:7), թող մնացածն իրենց տները վերադառնան»: Ուստի բացի այդ երեք հարյուրից ոչ ոք չմնաց Գեդեոնի մոտ:

Թշնամին անչափ մարդաշատ էր, և Գեդեոնը չէր կարող չվախենալ, ուստի այն գիշեր Աստված նրան հրամայում է գնալ Մադիամացիների բնակավայրերը և տեսնել, թե ինչ են խոսում նրանք, որից էլ պիտի քաջալերվեր: Նա էլ իր ծառայի հետ մի կերպ թշնամու մեջ մտնելով՝ լսում է, որ զինվորներից մեկն իր տեսած երազն է պատում իր ընկերոջը:

Երազը հետևյալն էր: Գարեհացի մի նկանակ գլորվելով եկավ և դիպավ մադիանացիների վրանին և այն կործանեց: Ընկերը պատասխանում է, որ դա Հովասի որդի Գեդեոնն է:

Այս խոսքը Գեդեոնն ինքը լսելով՝ իսկույն գետնամած խոնարհվում է և գոհ և ուրախ սրտով երկրպագում  Աստծուն: Երբ վերադառնում է, հիշյալ երեք հարյուր զինվորներին տալիս է մեկական եղջերափող, և հրամայելով ջահերը սափորների մեջ թաքցնել, պատվիրում է հետևել իր օրինակին. ինչ որ  նա աներ, բոլորն էլ պիտի հետևեին իր օրինակին:

Դու Աստծո ողորմությանն ու զորությանը նայիր, քանի որ Գեդեոնը գիշերը թշնամու վրա հարձակվելով, հարյուրական մարդ երեք կողմերի է բաժանում, որոնք միաբերան բարձրաձայն աղաղակում են. «Աստծո և Գեդեոնի սուրը»: Մադիանացիները, որոնք իրենց քանակի վրա վստահ անհոգությամբ խոր քուն էին մտել, երբ հանկարծ աղմկալից ձայներից երկյուղով արթնանում են, Գեդեոնի հրամանով երեք հարյուր մարդիկ սափորներն իրար հարվածելով՝ կոտրում են այնպես, որ իսկույն հայտնվում են ջահերը, և սկսում են փող հնչեցնել, և բոլորը միահամուռ գոչում են. «Աստծո և Գեդեոնի սուրը», որից թշնամիները շվարում են:

Մանավանդ երբ ջահերի լույսը լուսավորում է շրջակայքը, թշնամին ծառերն ու քարերն էլ է մարդկանց տեղ ընդունում՝ կարծելով, թե իրենց բանակը անհամար զորքերով է շրջապատված: Մեծ խառնաշփոթությամբ և վայրկյան առաջ փախչելու բաղձանքով սկսում են իրար կոտորել, իսկ մյուս կողմից Գեդեոնը երեք հայրուր զորքով նրանց հետևից ընկնելով՝ մի ահավոր ջարդ է սկսում:

Գեդեոնի՝ հետ ուղարկած զորքերն էլ, լսելով թշնամու փախուստի մասին, Եփրեմի ցեղի մարդկանց հետ հետապնդում են փախստականներին, և թշնամուց քսանհինգ հազար մարդ կոտորելուց բացի նրանց մեծ իշխանավորներից երկուսին՝ Օրեբին և Զեբին սպանելով՝ գլուխները կտրում և Գեդեոնի մոտ են բերում:

Թեև Աստծո օգնությամբ իսրայելացիները  մեծ հաղթանակ ձեռք բերեցին և շատ ուրախացան, սակայն Եփրեմի ցեղի մարդիկ Գեդեոնին մեղադրեցին  իրենց պատերազմ չկանչելու համար, սկսեցին ապստամբողական խոսքեր խոսել: Սակայն սա ոչ թե հայրենասիրական զգացումներից, այլ ավելի թալանելու և կողոպտելու ընչասիրական փափագից էր թելադրված:

Գեդեոնը, լինելով մի իմաստուն և խոնարհամիտ անձնավորություն, ժողովրդի մեջ անհամաձայնություն և գժտություն չծագելու համար մեղմ և պատվաբեր խոսքերով շահում է նրանց սիրտը՝ ասելով. «Մադիամացիների Օրեբ և Զեբ իշխաններին դուք եք սպանել.  ձեր ճռաքաղը իմ այգեկութից լավը եղավ»: Այս խոսքը բավարարում է ապստամբներին. նրանք այլևս պատասխան չեն տալիս:

Սակայն Մադիամի երկու թագավորները՝ Զեբեեն և Սալմանան, տասնհինգ հազար զորքով Հորդանանի մյուս կողմն են փախչում: Գեդեոնը ցանկանում է նրանց նույնպես բռնել: Բայց ուտելիքի պաշարը սպառված լինելու պատճառով գալիս է Սոկթովթ և պաշար  խնդրում, որը տեղի մեծամեծները ոչ միայն մերժում են տալ, այլև «մի՞թե Զեբեեն և Սալմանան քո ձեռքում են» ասելով՝ ծաղրում են նրան: Գեդեոնը բարկացած պատասխանում է. «Եթե Աստված այդ թագավորներին իմ ձեռքը մատնի, այն ժամանակ անապատի փշերով ձեզ պիտի սպանեմ»:

Փանուելի բնակիչները նույնպես մերժեցին հաց տալ Գեդեոնի անոթի զորքերին: Գեդեոնը նրանց սպառնում է, որ եթե ողջ վերադառնա, պիտի կործանի Փանուելի աշտարակը: Նա թեև գիտեր, որ իր զորքերը խիստ հոգնած և անոթի են, բայց ապավինելով Աստծո օգնությանը՝ գնաց թշնամու վրա և նրա բանակը ավերելով՝ բռնեց  մադիամացիների Զեբեեին և Սալմանային թագավորներին:

Վերադարձի ճանապարհին  Սոկքովթի բնակիչներից մի պատանու բռնելով՝ նրանից իմանում է քաղաքի մեծամեծների անունները և քաղաք մտնելով՝ Զեբեեին և Սալմանային ցույց է տալիս նրանց, հետո փշերով և տանջանքներով  նրանցից յոթանասունյոթ մարդ է սպանում, և վերոհիշյալ Փանուելի աշտարակը կործանելով՝ քաղաքի երևելի մարդկանց  չարաչար կոտորում է:

Սակայն մի համարիր, որ Գեդեոնը այս դեպքում անգթություն և անիրավություն արեց, քանի որ նրանք իսրայելացիներ էին և Գեդեոնն էլ Աստծո հրամանով իսրայելացիներին թշնամու ձեռքից աշխատում էր փրկել, մանավանդ երբ նրա զորքը սաստիկ հոգնած և անոթի էր, նրանց հաց չտալը մեծ հանցանք էր: Նրանք նաև «մի՞թե Զեբեեն և Սալման ձեր ձեռքում են» ասելով՝ ծաղրեցին Աստծո ընտրյալին:

Գեդեոնը հիշյալ թագավորներին, ովքեր անցյալում Թաբոր լեռան վրա նրա եղբայրներին էին սպանել, հարցնում է, թե ո՞ւր են և ինչպիսի՞ մարդիկ էին, նրանք պատասխանում են, որ կատարելապես նրա նման էին: Այս խոսքի վրա Գեդեոնը հայտնում է, թե իր եղբայրներն են եղել, «որոնց եթե չսպանեիք, ձեզ կխնայեի», ապա իր որդուն հրամայում է սպանել նրանց, սակայն որդին տակավին մանուկ լինելով՝ չի համարձակվում, ուստի ինքն իր ձեռքով կյանքից զրկում է այդ անխիղճ մարդկանց:

Մի այսպիսի մեծ հաղթանակ, որ Գեդեոնի ձեռքով եղավ, ժողովրդին դրդեց նրան թագավոր դարձնելու ցանկություն հայտնել, և թեև նրանից խնդրեցին, որ որդուց որդի իշխի իրենց վրա, սակայն նա հրաժարվեց՝ պատասխանելով. «Թող Աստված իշխի ձեզ վրա» (Դատ. 8:23): Եվ քանի որ Զաբեե և Սալմանա թագավորների ուղտերի պարանոցների օղակներից և զարդարանքներից բացի ամեն ինչ զորքին էր շնորհել, խնդրում է, որ յուրաքանչյուրը հոժարակամ մեկական գինդ տա իրեն:

Արդարև յուրաքանչյուրը մեկական գինդ տալուց բացի հոժարակամորեն այլ զարդեր էլ  տվեց, որոնցից էլ Գեդեոնը մի քահանայական վակաս (եփուտ) պատրաստելով՝ պահեց, որպեսզի Աստծո սույն բարերարության հիշատակը չմոռացվի, սակայն դժբախտաբար ժողովուրդը Գեդեոնի մահվանից հետո հիշյալ եփուտը օգտագործեց կուռքեր պաշտելու համար:

Սույն հաղթանակից հետո իսրայելացիները քառասուն տարի զերծ մնացին թշնամու հարստահարումներից: Գեդեոնը բարվոք ապրելով՝  խոր ծերության հասակում մահացավ:

Օրինակ վերցրու Գեդեոնի առաքինությունից, քանի որ չի կամենում թագավորել իսրայելացիների վրա, և ոչ էլ հարմար է նկատում, որ իր որդիներն իշխեն, այլ փափագում է, որ միայն Աստված թագավորի նրանց վրա, որպեսզի միայն Աստծո զորության վրա դնեն իրենց հույսը և օրենքներին հնազանդվելով՝ զերծ մնան թշնամիներից:

Թեպետ Գեդեոնը խոնարհությամբ հրաժարվեց թագավոր լինելուց, սակայն նրա փառքը թագավորների փառքից շատ ավելի մեծ էր, քանի որ որքան մարդը փախչի մեծությունից, այնքան նրա փառքը ավելի կբազմանա: Աշխարհիկ փառքը մարդու ստվերի նման է, որից եթե փախչես,  քեզնից չի հեռանա, և եթե նրա հետևից վազես, երբեք չես կարող հասնել:

Նա, ով փառք է փնտրում, անարժան է փառքի, իսկ նա ով արժանավոր է, փառքն ինքն է գտնում նրան: Ճշմարիտ փառքը փառքին հասնելը չէ, այլ ճշմարտապես դրան արժանի լինելն է: Մարմնավոր փառքի տենչը հպարտություն է, իսկ հպարտությունն առաջանում է հիմարությունից, ուրեմն ով իրեն մեծության և փառքի արժանի է նկատում, հիմար է համարվում:

Իր վիճակից չգոհանալը և բարձր աստիճանի տենչալը ստորության նշան է, քանի որ եթե մեկը ստորին աստիճանին չլինի, բարձրանալու կարիք չի ունենա: Եթե փառք ես փնտրում, առաքինի եղիր, քանի որ առաքինությունից  մեծ փառք չկա մարդու համար: Մանավանդ հեզաբարո և խոնարհամիտ լինելով՝ Աստծո երկյուղը սրտիցդ մի հանիր, որպեսզի Աստված քեզ հետ լինի և  ամեն կերպ փառավորվես (Ես. 66:2):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․