31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Սամվելը ո՞ր ցեղից և ո՞ւմ որդին էր:

Սամվել մարգարեն Ղևիի ցեղից էր և Եղկանայի որդին: Հիշյալը, Արիմաթիմ քաղաքում բնակվելով, երկու կին ուներ, որոնցից մեկի անունը Աննա էր, իսկ մյուսինը՝ Փենանա: Վերջինս զավակ ուներ, իսկ Աննան, ամուլ լինելով, միշտ տխուր և տրտում էր: Եղկանան ժամանակ առ ժամանակ իր կանանց հետ Սելով էր գնում` զոհ մատուցելու: Մի անգամ էլ Սելովում զոհ մատուցելուց հետո, երբ, ըստ հնավանդ սովորույթի, զոհի մսից իր կանանց էր բաժանում, Աննային մի բաժին է տալիս, սրանից Աննան, սաստիկ կոտրված սրտով, սկսում է արտասվել և կերակուր չի ուտում: Եղկանան նրան սփոփելու համար ասում է. «Մի՞թե ես քեզ համար տասը զավակներից լավ չեմ», և թեև Աննան կերակուրն ուտում է, սակայն սիրտը վշտով լի և Աստծու ողորմությանն ապավինելով` գնում է խորանի դռան մոտ` աղոթելու: Որտեղ էլ արտասվալից աչքերով և ջերմագին սրտով ուխտում է, որ եթե Աստված իրեն մի արու զավակ պարգևի, նրան Աստծուն կնվիրի, և որը մինչև մահ Աստծուն կծառայի, ոգելից խմիչքներից հեռու կմնա, և միևնույն ժամանակ գլխին ածելի չի դիպչի: Թեպետ Աստված նրա խնդրանքն ընդունում է, սակայն քանի որ առանց ձայնի էր սրտանց աղոթում և մանավանդ երկար ժամանակ էր այդ վիճակում, Հեղի քահանան կարծում է, թե նա գինովցած է, և սպասավորն էլ նրան հանդիմանում է, որ գինովությունից սթափվելով` այնտեղից հեռանա: Ուստի Աննան շտապում է հայտնելու նրան, որ ինքն արբած չէ և չարությունից էլ զերծ է, միայն թե Աստծուն աղաչելու համար է կանգնել. Հեղին լսելով ասում է. «Գնա´ խաղաղությամբ և թող Աստված կատարի քո բոլոր խնդրանքները», այն ժամանակ Աննան գոհունակությամբ հեռանում է, և այլևս փարատվում է նրա տրտմությունը: Հետո Արիմաթիմ գնալով` Աննան հղիանում է և մի արու զավակ ծնելով` անունը Սամվել դնում: Եվ երբ նրան մեծացնելով` կտրում է կաթից, Եղկանան և Աննան ընծաներով և նվերներով Սելով են գնում, որտեղ իրենց ընծան Աստծուն մատուցելուց բացի` Աննան, իր ուխտի համաձայն, Հեղի քահանային է հանձնում Սամվելին, որպեսզի ամբողջ կյանքում խորանին ծառայի, և աղոթքով գոհանում է Աստծուց: Հեղին, նրանց օրհնելով, մաղթում է, որ Աստված Սամվել մանկան փոխարեն նրանց այլ մանուկներ պարգևի, և, իրոք, Աննան երեք արու և երեք աղջիկ զավակներ է ունենում: Հասկացի´ր. Աննան որդի է ցանկանում, որ իր ազգականների մեջ փառավորվի, սակայն նրան Աստծուն նվիրելով` ոչ միայն իր ազգականներից է փառավորվում, այլև Աստծուց փառավորվելուց բացի` նրան որպես վարձատրություն վեց զավակ է պարգևվում: Արդ, խորանին և Հեղի քահանայապետին ծառայելով, ամենայն հնազանդությամբ օրըստօրե մեծանալով, և´ Աստծու, և´ մարդկանց աչքին հաճելի լինելով` բոլորին հայտնի է դառնում Սամվելի առաքինությունը: Սակայն Հեղին արդեն ծեր էր, իսկ նրա երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, որ նույնպես քահանա էին և խորանին էին ծառայում, օրենքին հակառակ կենցաղ և անպարկեշտ վարքուբարք ունեին, որոնցով էլ, դժբախտաբար, ժողովրդին չար օրինակ էին: Թեպետ Հեղին, նրանց ապօրինի վարքի մասին լսելով, երբեմն խրատում էր նրանց, սակայն ուղղվելու փոխարեն նրանց չարությունն օրըստօրե ավելի էր սաստկանում: Այսպիսով, նրանք, իհարկե, անարժան էին տապանակին ծառայելու, իսկ պատժվելու` արժանի, սակայն Հեղին նրանց չէր պատժում, քանի որ թույլ և անհոգ մարդ էր: Այս էր պատճառը, որ Աստված, հրեշտակի միջոցով Հեղի քահանայապետին հանդիմանելով, հայտնում է, որ քահանայությունը նրա ցեղից պիտի վերցվի և հավատարիմ ու արժանավոր մեկին տրվի, ինչպես նաև նրա երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, նույն օրը պիտի մահանան: Հեղիի` որդիների չար վարքի մասին իմանալով` նրանց անպատիժ թողնելը նշանակում էր, որ նա որդիների սերը Աստծու սիրուց և պատվից ավելի էր գերադասում: Թեև այս հանդիմանանքից Ոփնին և Փենեհեսը պարտավոր էին զղջալ և իրենց չար վարքից հետ կանգնել, սակայն նրանք, Աստծու երկյուղը և մարդկային ամոթը բոլորովին մոռացած, չեն ապաշխարում, և դրա պատճառով էլ Աստված միառժամանակ իսրայելացիներին մարգարե չի ուղարկում: Արդարև, Հեղիի և նրա որդիների համար մեծ ողորմություն էր, որ Աստված հրեշտակի միջոցով է իր սուրբ կամքը հայտնում նրանց: Սակայն նրանք չեն ցանկանում հասկանալ այս շնորհը, ուստի մեկ անգամ ևս Սամվելի միջոցով է հայտնում, որպեսզի իրենց վարքն ուղղելով` վերահաս վտանգից զերծ և պատժից ազատ մնան: Այն ժամանակ Սամվելը դեռևս մանուկ էր, և ննջում էր տապանակի գտնվելու վայրում: Աստված ձայնում է՝ Սամվե´լ, և սա, կարծելով, որ իրեն կանչողը Հեղին է, նրա մոտ գնալով` հարցնում է, թե ինչու է կանչում: Հեղին պատասխանում է. «Ես քեզ չեմ կանչել, գնա քնի´ր»: Սամվելը գնում է` քնելու, և ահա նորից ձայն է լսում` Սամվե´լ, Սամվե´լ, և պատանին երկրորդ անգամ է գնում Հեղիի մոտ և հարցնում է, թե ինչ է ուզում: Հիշյալ քահանան վերստին հայտնում է, որ ինքը նրան չի կանչել, և պատվիրում է գնալ քնելու: Սակայն երբ Սամվելը երրորդ անգամ է ձայն լսում և գնում Հեղիի մոտ, այս անգամ քահանայապետը, հասկանալով, որ Աստված է ձայն տալիս Սամվելին, պատվիրում է, որ մի անգամ էլ ձայնը լսելու դեպքում պատասխանի` ասելով. «Խոսի´ր, ո՛վ Տեր, որ ծառադ լսի»: Արդարև, երբ Սամվելը քնելով նորից նախկինի նման իր անունն է լսում, Հեղիի պատվիրածով պատասխանում է. «Խոսի´ր, ո´վ Տեր, որ ծառադ լսի»: Այն ժամանակ Աստված, ինչպես նախկինում հրեշտակի միջոցով Հեղիին էր հայտնել, այնպես էլ այժմ Սամվելին է հայտնում, որ Հեղիի որդիները այնպիսի սարսափելի ձևով պիտի պատժվեն, որ լսողները զարհուրեն : Թեև առավոտյան Սամվելը վախենում է պատմել լսած սպառնալիքը, սակայն Հեղի քահանայապետի ստիպելով, առանց թաքցնելու ամբողջը պատմում է: Հեղին, Աստծու հրամանին հնազանդվելով, պատասխանում է. «Ինչ որ բարի է, թող Աստված կատարի»: Այսուհանդերձ, իր որդիներին դարձյալ անպատիժ է թողնում, նրանք էլ, անուղղելի մնալով, ամեն օր հարատևում են իրենց չար կենցաղի մեջ: Սակայն աստվածային շնորհների արժանանալով` Սամվելի առաքինությունն ու անունը ողջ ժողովրդի մեջ հետզհետե մեծանում է: Տիրոջ` նրա հետ լինելու շնորհիվ նրա ամեն մի խոսք կատարվում է, որից էլ հայտնի է դառնում, որ նա Տիրոջ մարգարեների մեջ Աստծու հավատարիմ մարգարեն է: Այստեղ ուշադրության է արժանի իսրայելացիների խեղճ և թշվառ վիճակը: Հեղիի որդիների ամբարշտության պատճառով, գալիք պատուհասների հետևանքով կռապաշտների ահագին բազմություն է հարձակվում իսրայելացիների վրա, և թեև սրանք, նույնպես զորք ուղարկելով, պատերազմում են, սակայն իսրայելացիները պարտվելով` չորս հազար մարդ է կոտորվում: Այս պարտությունից հետո ժողովրդի ծերերը, տապանակը Սելովից վերցնելով, բանակատեղի են տանում, որպեսզի նրա շնորհիվ և զորությամբ թշնամուն հաղթեն, և Հեղիի որդիներն էլ տապանակի հետ են գնում: Տապանակը բանակ բերելու ժամանակ իսրայելացիները միաձայն, ցնծությամբ աղաղակում են: Թեպետ այլազգիները, նրանց աղաղակները լսելով, սկզբից վախենում են, մանավանդ երբ իմանում են, որ պատճառը տապանակի առկայությունն է բանակում, որից էլ ենթադրում են, թե իսրայելացիների Աստվածը նրանց պիտի օգնի, սակայն հետո, երբ իրար քաջալերելով` նորից են պատերազմում, այս անգամ իսրայելացիներից երեսուն հազար մարդ է մեռնում, որոնց մեջ նաև Հեղի քահանայապետի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, իսկ մյուսները շտապում են փախչելու, և ուխտի տապանակն էլ թշնամիների ձեռքն է ընկնում: Այս է պատճառը, որ փախստականներից մեկը, օձիքը պատռած և գլխին մոխիր ցանած, գալիս է Սելով, որտեղ Իսրայելի բանակի և տապանակի մասին պատմելու ժամանակ ամբողջ ժողովուրդը սգի և տրտմության մեծ աղաղակ է բարձրացնում: Հեղին, որ իննսունութ տարեկան էր, և աչքերն էլ կուրացել էին, դռան առջև նստած, աղմկալից ձայներ լսելուն պես հարցնում է պատճառը: Փախստականը, որը այնտեղ էր, պատմում է իսրայելացիների պարտության և Ոփնի և Փենեհես քահանաների մահվան մասին: Երբ Հեղին լսում է, որ տապանակն էլ թշնամու ձեռքն է ընկել, իսկույն աթոռից ընկնելով` մահանում է: Փենեհեսի հղի կինն էլ, գույժը լսելուն պես երկունքի ցավերով բռնվելով, թեև մի արու զավակ է ծնում, սակայն նրան չի հաջողվում վերապրել, իսկ նորածին մանկան անունը Վայքաբոթ են դնում, որը նշանակում է «իսրայելացիների փառքը վերացավ»: Լա´վ մտապահիր. նախկինում տապանակի շնորհիվ մեծ հրաշքներ կատարվելով` թշնամիները հաճախ են հաղթվում: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ ոչ միայն թշնամին չի հաղթվում, այլև տապանակն էլ անհավատ այլազգիների ձեռքով գերվում է: Մի՛ զարմացիր, քանի որ սրանով հայտնի է դառնում, թե Աստված ինչպիսի ծանր մեղք է համարում հոգևոր պաշտոնյաների պարտազանցությունը: Պարզ է, որ եթե Մովսեսի և Հեսուի նման սուրբ մարդկանց միջոցով տապանակը տարվեր բանակ, թշնամին, նախկինի նման հրաշքով պարտվելով, պիտի պատժվեր, սակայն Ոփնին և Փենեհեսը, տապանակին ծառայելով, անարժան էին ողորմության և երկնային օգնության, և Աստված նրանց օրոք խափանում է հրաշքի զորությունը` որպես օրինակ և խրատ ապագա սերունդներին: Մանավանդ հարկ է նկատի ունենալ, որ թեև ժողովուրդը գիտեր այդ քահանաների անարժան վարքի մասին, սակայն մինչ այդ պահը ոչ մեկը, ոչ միայն Աստծու փառքի և պատվի համար նախանձախնդիր լինելով, նրանց չէր ամբաստանում, այլև իրենք առանց երկյուղի ընդհանրապես աստվածային օրենքներին հակառակ էին ընթանում, որից էլ թշնամուց չարաչար հաղթվում են: Օրինա´կ վերցրու. եթե հին օրենքի ժամանակաշրջանում հոգևոր պաշտոնյանները, Աստծու հրամաններին հակառակ գործելով, պատժվում էին, որքան առավել պատժի կարժանանան նրանք, որոնք նույնքան և ավելի մեղավոր են նոր օրենքի գործադրության մեջ: Պետք չէ առարկել, թե աստված նախապես ինչու չպատժեց Ոփնիին և Փենեհեսին, որպեսզի տապանակը թշնամու ձեռքը չընկներ: Արդարև, մարդու խելքը չի հասնի Աստծու գաղտնի դատաստաններին, միայն թե այս պարագայում կարող ենք ասել, որ նրանք անմիջապես չեն պատժվում, որպեսզի Աստծու համբերությունը, գթությունը, արդարությունն ու զորությունը հայտնի դառնալով` նրանց պատժի ժամանակ ամեն մարդ երկնչելով ուղղվի և զգաստանա: Ինչպես որ նրանց չզղջալու պատճառով պատիժը բոլորին մեծ խրատ լինելուց բացի` նրանց պատճառով տապանակի գերվելու մասին լսողները խիստ մեծ սարսափի են մատնվում, նույնպես կռապաշտները, հպարտանալով, որ իրենց կուռքերին ապավինելով` տապանակը գերի են տարել, չլսված և չտեսնված ձևով են պատժվում, որպեսզի Աստծու զորությունը հասկանալով` այլևս իսրայելացիներին չբռնանան: Այս ահավոր օրինակից թող խրատվեն նրանք, ովքեր իրենց զավակներին չեն կրթում մանկությունից, քանի որ որդիների սիրո համար Աստծուն բարկացնելով` ոչ միայն իրենք, այլև իրենց որդիներն են չարաչար պատժվում հոգեպես և մարմնապես, որի պատճառը միայն իրենք են, այսինքն` այն անհոգ և որդեսեր կարծեցյալ ծնողները, որոնք ժամանակին չեն հոգում իրենց զավակների կրթության մասին: Արդարև, բնական է, որ մարդ սիրում է իր զավակին, սակայն ոմանք, չիմանալով, թե այդ սերն ինչ է, թշնամուց ավելի են վնասում զավակներին: Քանի որ թշնամին ինչքան էլ անգութ լինի, միայն մարմինը կարող է սպանել, իսկ զավակին անկիրթ մեծացնելով և մեղքից չզգուշացնելով` ծնողը հոգին է սպանում: Եթե սիրում ես զավակիդ, նրան Աստծու երկյուղո´վ մեծացրու, և մեղքից պահպանելով` առաքինության շավղով առաջնորդի´ր, քանի որ եթե ուշադիր և հոգածու լինես միայն մարմնին, անասունների աստիճանի կիջնես, քանի որ անասուններն էլ, իրենց ձագերին մեծացնելով, պահպանում են վնասներից: Նամանավանդ եթե ցանկանում ես, որ զավակդ բարի մարդ լինի, նախ դո´ւ բարի եղիր, և չար օրինակ մի´ եղիր զավակիդ, քանի որ նա, ով ծնողից չար օրինակ է վերցնում, օրըստօրե ավելի է չարանում:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․