Գրքեր
Սավուղը պատվո՞ւմ է Դավթին, որի շնորհիվ հաղթանակել էր:

Ո՛չ, Սավուղը նախապես չի ցանկանում որևէ  պատիվ տալ Դավթին: Քանի որ «Սավուղը հազար կոտորեց, իսկ Դավիթը՝ տասը հազար» խոսքը գրգռում է նրա բարկությունն ու նախանձը, և նա ոչ միայն զլանում է անհրաժեշտ հարգանք տալ Դավթին, այլև տեսնելով նրա իմաստությունը և քաջությունը, նախանձից դրդված` ասում է. «Էլ ի՞նչ է Դավթին պակաս, եթե ոչ թագավորություն» (Ա Թագ. 18:8):

Դու Սավուղի սրտի չարությա´նը նայիր: Քանի որ Դավիթը նրա հրամանով էր Գողիաթին սպանել, Դավթին վերագրվող պատիվն ու փառքը իրապես իրեն էր պատկանում, ուստի բոլորից ավելի ինքն էր պարտավոր` նրան փառավորելու, սակայն, ընդհակառակը, ժողովրդից նրան ընծայված պատվին ու փառքին նախանձելով` իր ապերախտությունը, անարդարությունը ու մանավանդ հիմարությունն է բացահայտում, քանի որ նախանձը` հպարտությունից, իսկ հպարտությունը հիմարությունից է առաջանում:

Արդարև, ամեն նախանձ մարդ հպարտ է, և ամեն մի հպարտ հիմար է անվանվում, որովհետև, եթե հիմար չլինի, չի հպարտանա, եթե չհպարտանա, նույնպես երբեք չի նախանձի: Ուրեմն Սավուղի թշվառ վիճակից խրա´տ ընդունիր և ոչ մեկին մի´ նախանձիր: Քանի որ երբ նախանձի որդը սկսում է նրա սիրտը կրծել, հաջորդ օրը նրա դիվահարական ախտը նորից է հայտնվում (Ա Թագ. 18:10), և Դավիթը հավատարմությամբ նորից նվագում է, որպեսզի Սավուղը հանգստանա: Սակայն մինչ Դավիթը նվագում է, Սավուղը, նրա կյանքի դեմ դավեր նյութելով, այդ պահին Դավթին պատին գամելու և սպանելու դիտավորությամբ, ձեռքի գեղարդը նետում է նրա ուղղությամբ: Երբ Դավթի մի կողմ գնալով՝ հարվածը վրիպում է, համարում է, որ դա նրա ախտի հետևանքով մի սխալմունք է, և դարձյալ նրա մոտ է մնում, քանի որ Դավթի սիրտը, մաքուր լինելով, Սավուղից այդպիսի չարություն չի սպասում:

Սակայն Սավուղը, չար մտադրություն ունենալով, երկրորդ անգամ ավելի ուշադիր է նետում գեղարդը, որպեսզի ճիշտ հարվածելով` անպատճառ սպանի Դավթին: Բարեբախտաբար, երբ այս անգամ էլ հարվածը չի վնասում է, և նա հասկանում է, որ Աստված պահպանում է Դավթին, դրանից հետո Սավուղը պարզապես սկսում է վախենալ Դավթից և հեռացնում է իր մոտից:

Այդուհանդերձ, Սավուղը, իր չար դիտավորություններից հետ չկանգնելով, Դավթին հազարապետ է կարգում, որպեսզի պատերազմում թշնամու ձեռքից մահանալով` ինքը նրա մահվան պատճառ չլինի (Ա Թագ. 18:12,13): Սակայն Աստծու ողորմությամբ նա, իր մղած պատերազմներից միշտ հաղթական դուրս գալով, ժողովրդի մեջ օրըստօրե ավելի է փառավորվում,  և այս է պատճառը, որ Սավուղը նենգամտությամբ ցանկանում է իր մեծ աղջկան՝ Մերովբին, նրան կնության տալ, որպեսզի Դավթի վստահությունը շահելով, միշտ պատերազմների ուղարկելով` մի օր ոչնչացնի (Ա Թագ. 18:17):

Թեպետ Դավիթը խոնարհամտությամբ հրաժարվում է` ասելով. «Ես ո՞վ եմ, որ թագավորի փեսա լինեմ», սակայն Սավուղն իր աղջկան նրան տալու համար օր է որոշում, և Դավիթն էլ ստիպված հավանություն է տալիս: Սրանով հանդերձ, երբ հարսանիքի օրը գալիս է, Սավուղը, իր խոստմանը հավատարիմ չմնալով, աղջկան Դավթին տալու փոխարեն մեկ ուրիշի է տալիս:

Հիրավի, այս առումով Դավթի սիրտը խիստ վշտանում է, սակայն այս անպատվությունն ու անարգանքը ավելի Սավուղինը լինելով` այս պարագայում նրա ստախոսությունը և անգթությունը են հայտնի դառնում: Քանի որ Գողիաթին սպանելու համար նախապես խոստացել էր իր աղջկան կնության տալ, այս անգամ էլ խոստանալուց հետո նորից խոստումը դրժելը և´ նախատինք էր իր անվանը, և´ արդարությանը հակառակ, սակայն քանի որ Աստծուց չի վախենում, մարդկանցից էլ չի ամաչում` Դավթին նեղություն պատճառելով:

Հարկ է այստեղ նկատել Դավթի հանդեպ Սավուղի նենգամիտ մտադրությունը. քանի որ նա, ով իր մեծ աղջկա պատճառով Դավթին խաբելով` նրա սիրտն է կոտրում, այս անգամ էլ Մեղքող անվամբ փոքր աղջկա համար է նրա կյանքը մեծ վտանգի ենթարկում:

Սավուղը գիտեր, որ այս աղջիկը սիրում է Դավթին, ուստի առաջարկում է նրան Դավթին տալ, որը Սավուղի խարդախ բնավորությունն իմանալով` նույնիսկ չի ցանկանում պատասխանել: Սավուղն առանց հուսահատվելու իր մեծամեծների միջոցով ջանում է համոզել Դավթին, որն էլ պատասխանում է. «Մի՞թե հեշտ բան է փեսայանալ թագավորին, ես մի հասարակ մարդ եմ»:

Սույն միջնորդ մարդիկ շտապում են` Դավթի խոսքը թագավորին հայտնելու, որը պատասխանում է. «Դավթին ասացե´ք, որ թագավորը ընծաներ չի ցանկանում, այլ միայն վրեժխնդրության համար խնդրում է թշնամիներից հարյուր մարդ սպանել և նրանց անթլպատության նշաններն իրեն բերել, որպեսզի սպանվածների անթլփատ լինելը հայտնի լինի»:

Թեպետ Սավուղի այսպիսի առաջարկը միայն արտաքուստ էր վրեժխնդրության համար. նրա իրական դիտավորությունը թշնամու ձեռքով Դավթին սպանելն էր (Ա Թագ. 18:21): Քանի որ այդ խայտառակ առաջարկը, պատերազմի կանոններին և հաստատված վաղեմի սովորույթներին ամբողջությամբ հակառակ  և անընդունելի մի պայման լինելով, հայտնի էր, որ թշնամիները միահամուռ ուժերով Դավթի վրա են հարձակվելու:

Սակայն Դավիթը, նրան ամոթով թողնելու փափագով, համաձայնում է այդ պայմանին և, երբ Աստծուն հուսալով, թշնամիներից հարյուր մարդ սպանելով, այդ պահանջն էլ է կատարում, Սավուղը կամա թե ակամա իր աղջկան Դավթին է տալիս:

Արդարև, Դավիթը փեսայանում է թագավորին, սակայն երկու անգամ իր կյանքը վտանգի է ենթարկում. առաջինը` Գողիաթին սպանելու ժամանակ, երկրորդը՝ վերոհիշյալ ապօրինի առաջարկը կատարելով, և ինչպես Սավուղն է Դավթին ասում՝ երկու պատճառներով նա պիտի փեսայանա իրեն  (Ա Թագ. 18:21):

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․