Գրքեր
Ի՞նչ վիճակում էր Սավուղը, երբ Դավիթը Սիկիլակում փառավորված և ուրախ էր:

Չափազանց թշվառ և ողորմելի վիճակում էր: Դու Աստծու արդարությո´ւնը տես: Սավուղը ցանկանում էր սպանել Դավթին, և Դավիթը նրա հալածանքներից խույս է տալիս օտար երկիր, սակայն Տիրոջ ողորմածությամբ  գնացած բոլոր վայրերում ուրախ և զվարթ է լինում, իսկ Սավուղը, որի իշխանությանը բոլոր իսրայելացիներն էին հպատակվում, ծանր մտատանջության և տխրության ենթարկվելով, միշտ անհանգիստ էր և տառապում էր:

Սակայն մի´ զարմացիր. որովհետև առ Աստված կատարյալ հնազանդություն ունեցող հավատացյալը որտեղ էլ լինի, փառքի կհասնի և կուրախանա, իսկ հնազանդության մեջ թերացող մարդը թագավոր էլ լինի, զերծ և ազատ չէ տրտմությունից և վտանգներից: Քանի որ (տե՛ս ԻԴ հարցը) բոլոր կռապաշտ ցեղերը, իսրայելացիների դեմ միավորվելով և պատերազմի դուրս գալով, Ափեկ կոչվող վայրում բանակ են դնում և այնտեղից էլ շարժվելով՝ գալիս են Սովման:

Սակայն Սավուղի բանակը նախ Այենդովրում էր գտնվում, և թեև հետո այն տանում է Գեղբուե լեռան վրա, սակայն թշնամու բանակի բազմությանը նայելով՝ միտքը երկյուղից ոչ մի կերպ չէր հանդարտվում, մանավանդ զորքի մեծ մասը, իրեն լքելով, Դավթի մոտ  է գնում, զինվորների թիվն էլ  խիստ նվազում է:

Սրանից բացի՝ (ըստ 20-րդ հարցում հիշատակածի) նախկինում քահանաների կոտորած լինելով՝ մոտը քահանա չկար, որ նրա միջոցով Տիրոջը հարցնի, և երբ բոլորովին անճար է մնում, ստիպված ինքն է հարցնում: Աստված ոչ միայն չի պատասխանում, այլև մարգարեի միջոցով կամ որևէ նշանով չի ցանկանում Սավուղի այդ վիճակի մասին որևէ բան հայտնել:

Թեև Սավուղը հասկանում է, որ Աստված իր դեմ բարկանալու պատճառով չի պատասխանում, սակայն զղջումով մեղքերի թողություն խնդրելու փոխարեն  է´լ ավելի է չարանում: Որովհետև նախապես կախարդությունը Տիրոջ օրենքներին և հրամաններին հակառակ լինելով՝ ինքն էր հրամայել կախարդներին կոտորել, այս անգամ Տիրոջից պատասխան չստանալով՝ նրանց օգնությանն է ապավինում և մի կախարդ կին է փնտրել տալիս։ Երբ փնտրտուքներից հետո իմանում է տեղը, ծպտված, երկու ծառաների հետ գիշերը նրա տուն է գնում, որ նրա միջոցով Սամվելին բերել տալով՝  իր փրկության մասին հարցնի, քանի որ Սամվելն արդեն մահացել էր:

Հիրավի, կախարդ կինը, չճանաչելով Սավուղին, պատասխանում է, որ վախենում է թագավորից, և սա երդումով պատասխանում է. «Մի՛ վախեցիր, սրա համար քեզ ոչինչ չի պատահի»: Կինը հազիվ սկսել էր կախարդության խաբեպատիր հնարքները, և ահա վերին հրամանով հայտնվում է Սամվելը,  և ինչպես  իր կենդանության օրոք էր վճռվել, որ Աստծու հրամանով թագավորությունը, նրանից վերցվելով, ուրիշին պետք է տրվի, այդպես էլ այս անգամ այդ վճիռը հաստատելուց բացի, որպեսզի Սավուղն ուղիղ սրտով ապաշխարի, հայտնում է, որ վաղը նա և որդիները պատերազմում պիտի մահանան, և իսրայելացիների բանակն էլ թշնամու ձեռքը պիտի մատնվի:

Սակայն նա դարձյալ չի զղջում, այլ երկյուղից ոտքի վրա կանգնելու կարողություն չունենալով՝ ընկնում է գետնին: Եվ քանի որ նախորդ օրվանից ոչինչ չէր կերել, կախարդ կինը, կերակուր պատրաստելով, խնդրում է ուտել և կազդուրվել, և երբ նրա ծառաներն էլ  են խնդրում, այն ժամանակ ճաշում է և բանակ վերադառնում:

Այս դեպքի վերաբերյալ Սուրբ գրքի պատմությանը նայելով՝ ոմանք կարծում են, որ Սամվելը սատանայական զորությամբ չէ, որ երևում է, քանի որ նրանք ասում են՝ սատանան չի կարող  մահացած մարդու հոգին իր գտնվելու վայրից դուրս հանել կամ էլ  թե հայտնել ապագայում կատարվելիքն ու այն բաները, որոնք կախված են մարդու կամքից, ուստի կախարդ կինը դեռևս կախարդական արարողությունը չսկսած, Սամվելը երևում է Աստծու հրամանով, սակայն սատանան, նենգավոր և հնարագետ լինելով, կարող է երևալ, ինչ կերպարանքով էլ ցանկանա, ուստի միգուցե նախապես սուտ կերպարանքով  և խոսքերով, Սամվելի նախկինում ասածներին հակառակ ոչինչ չի ասում: Ոմանք էլ հակառակն են ասում, և արդ, սրա վերաբերյալ հարկ է դիմել մեկնողական գրականությանը:

Հասկացի´ր. Սավուղը, նախկինում Աստծու կամքին հակառակ գործելու համար, թագավորությունը նրանից պետք է վերցվեր, սակայն այս անգամ, առավել ևս սատանայի վրա հույսը դնելով, պատիժը է´լ ավելի էր սաստկանալու: Քանի որ պատերազմում իր և որդիների մահվանից բացի՝ նրա պատճառով անդառնալիորեն վճռվում է  իսրայելացիների բանակի  կոտորվելը:

Թող խրատվեն նրանք, ովքեր օգնություն են փնտրում կախարդների և բախտագուշակների խաբեբա հնարքներով, քանի որ սա Աստծուն ուրանալ և սատանային պաշտել է նշանակում: Սատանան մարդու թշնամին է, թշնամուց բարեկամություն ու ստախոսից ճշմարիտ պատասխան ակնկալելն ամենամեծ հիմարությունն է:

Եթե երբևէ կախարդների տված տեղեկությունների համապատասխան նույնիսկ մի գործ կատարվի, նրանց խոսքերին հավատ ընծայելը և հույս կապելը պարզապես հանցանք են: Քանի որ այդ գործը ոչ թե նրանց զորությամբ և գիտությամբ է կատարվում, այլ սատանան, գործի բնական ընթացքին նայելով, չարության գործիք լինող կախարդի մտքին ներգործում է այն, ինչ բնականաբար պիտի տեղի ունենար, որպեսզի մարդկանց խաբելով՝ իրեն կապի և այս եղանակով Աստծու հնազանդությունից հանելով՝  իր նման ապստամբ դարձնի:

Այժմ դու Սավուղի թշվառ վիճակի մասի՛ն խորհիր. որովհետև երբ Սամվելը վստահորեն ազդարարում է հաջորդ օրը պատերազմում մեռնելը, այդ գիշեր բանակ վերադառնալու և ամբողջ գիշեր աղոթքներով և աղաչանքներով Աստծու հետ հաշտվելու փոխարեն, քանի որ դեռ ժամանակ ուներ, միայն պատերազմելու կարգադրություններով և պատրաստություններով է զբաղվում, և  մտադրություններն էլ լոկ մարդկային միջոցների մասին են, իբր  պատերազմի ելքը կամ հաջողությունը այդպիսի բաներից են կախված:

Երբ առավոտյան երկու կողմերը սկսում են կռվել, իսրայելացիները իսկույն փախուստի են դիմում, և թշնամին մի լավ ջարդում է նրանց: Պատերազմի սաստիկ բորբոքված պահին մահանում են նաև Սավուղի երեք որդիները՝ Հովնաթանը, Ամինադաբը և Մեղքիսավեն: Սավուղը, նույնպես մահացու վիրավորված, տեսնում է, որ իր կողքին, զինակրից բացի, այլ մարդ չկա, ուստի նրան ասում է. «Հանի´ր սուրդ և սպանի´ր ինձ, որպեսզի թշնամին չտանջի ինձ»:

Երբ ծառան երկմտում է, Սավուղը, իր սրի վրա ընկնելով, մահանում է ողորմելի ձևով, և  զինակիրն էլ, սա տեսնելուն պես իր սրի վրա նետվելով, մահանում է: Շրջակա քաղաքի իսրայելացիները, այս սարսափելի աղետի և դժբախտության լուրն իմանալով, երկյուղից փախչում և թաքնվում են, և թշնամին էլ, տիրելով դատարկված քաղաքներին, դրանցում իր ժողովրդին է հաստատում:

Սրանից բացի՝ թշնամին, կռվում ընկածներին կողոպտելու համար հաջորդ օրը գալով, երբ գտնում է Սավուղի և նրա որդիների մարմինները, ավետաբերներ է ուղարկում իրենց երկրներ, ասես այդ հաղթանակը իրենց կուռքերի օգնությամբ էին տարել, Սավուղի գլուխը կտրելով՝ դագոն չաստծուն, և նրա զենքերը Աստարովդի կռատանն են դնում, իսկ մարմիններն էլ  իսրայելացիներին անարգելու համար  Բեթսան քաղաքի պարիսպներից են կախում:

Քանի որ Սավուղն իր կենդանության օրոք և թագավորելու առաջին օրերին ամոնացիների Նաաս թագավորի ձեռքից փրկել էր Հաբիս քաղաքը (ինչպես հիշատակվել է ԺԶ հարցի մեջ), նրա այդ երախտիքի փոխարեն հիշյալ քաղաքի բնակիչներից քաջասիրտ մարդիկ գիշերը Սավուղի և նրա որդիների մարմինները իջեցնում են պարսպից, պատվով թաղում  և յոթ օր էլ սուգ են պահում:

Խորհի՛ր, թե այս աշխարհի մեծությունը որքան մեծ վտանգ է մարդուն. մինչ Սավուղը հողագործ էր, խոնարհությամբ իրեն թագավոր լինելու անարժան էր համարում, սակայն երբ թագավորելուց հետո զորություն և մեծություն է ձեռք բերում, հպարտության դևը տիրում է նրա ներքին էությանը, որից էլ, Աստծու հրամանին հակառակ ընթանալով, ոչ միայն իր չարաչար կորստի պատճառ, այլև իր որդիների և բազում այլ մարդկանց կործանման առաջնորդ է լինում:

Տե՛ս այս կետում Աստծու արդարությունը. իսրայելացիները Սամվելից թագավոր են խնդրում, որպեսզի թշնամու դեմ իրենց պաշտպանի (ինչպես հիշատակվել է ԺԵ հարցի մեջ), Աստված բարկանալով Սավուղին է թագավոր կարգում (Ովսե 13:10,11): Սակայն նրա անհնազանդության պատճառով նրա հետ  իրենք էլ են պատժվում, քանի որ Աստծու զորության վրա հույս դնելու փոխարեն մարդու վրա են հույս դնում:

Թեև գրված է (Ա Թագ. 13-րդ գլուխ), որ Սավուղը երկու տարի է թագավորում, սակայն քանի որ գրված է քառասուն տարի (Գործք 13:21). սրա մասին հարկ է դիմել մեկնողական գրականությանը:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․