Գրքեր
Դավիթը իր թագավորության ընթացքում նեղություն և տրտմություն ունենո՞ւմ է:

Ունենո՛ւմ է: Հիրավի, ինչքան իր թշնամիների հանդեպ հաղթող է լինում, սակայն անկարելի է` այս աշխարհում մարդ միշտ զերծ մնա վտանգներից և նեղություններից, և  Դավիթը նույնպես, մի անգամ իր կրքերից հաղթվելով, մեղանչում է, որի պատճառով երկար ժամանակ բազում արցունքներ հեղելով` արտասվում է, տրտմության և անձկության մատնված` տառապում։ Սրանից բացի` իր երկու որդիների անօրեն և անկարգ վարքի պատճառով բազում տագնապալից օրեր է ունենում:

Չնայած Հովաբը հաղթում է ասորիներին, սակայն, ինչպես վերը հիշատակվել է, ամոնացիները խուսափելով ապաստանում են իրենց քաղաքում, ուստի ամբողջապես ջախջախված չէին: Ահա սրա պատճառով հաջորդ տարի Հովաբը կրկին զորքով հարձակվում է նրանց վրա, որպեսզի իսրայելացիների կրած անարգանքի համար վրեժ լուծի և ծանր պատիժների ենթարկի  այնպես, որ մի անգամ ևս իսրայելացիներին դիմադրելու ուժ և կարողություն չունենալով` ամբողջությամբ հնազանդվեն:

Այս պատերազմի ընթացքում Դավիթը, Երուսաղեմում մնալով, մի օր, քնից արթնանալով, պալատի տանիքում շրջում էր: Միևնույն ժամանակ Ուրիա անունով մի մարդու կինն էլ՝ Բերսաբեն, իր տան տանիքում լվացվում էր, որին տեսնելուն պես Դավիթն իսկույն, ցանկական կրքին անձնատուր,  նրան բերել է տալիս և հետը շնության մեղք գործում, քանի որ Ուրիան Հովաբի հետ պատերազմ էր գնացել:

Երբ Բերսաբեն հղիանալով Դավթին տեղեկացնում է, սա անմիջապես, Հովաբի մոտ մարդ ուղարկելով, Ուրիային Երուսաղեմ է բերում, որպեսզի տուն գնալով` կնոջ հետ պառկի, և իր շնության արարքը գաղտնի մնա: Սակայն Ուրիայի վերադառնալու ժամանակ իբր թե պատերազմից տեղեկություններ իմանալու համար է կանչել, բանակի դրության մասին հարձուփորձ անելուց հետո Դավիթն առաջարկում է տուն գնալ և հանգըստանալ, նրա հետևից էլ, որպես վարձատրություն, ընծաներ է ուղարկում:

Սակայն Ուրիան, միամիտ և իր ազգին հավատարիմ, երկու գիշեր Երուսաղեմում մնալով, տուն չի մտնում: Թեև Դավիթը նորից ու նորից տուն գնալու առաջարկ է անում, սակայն նա երդումով հրաժարվում է` ասելով. «Տապանակն ու Իսրայելը դրսում` վրանի տակ են, ես ինչպե՞ս կարող եմ գնալ տուն և հանգստանալ»: Երբ Դավիթը տեսնելով, որ նա իր կնոջ մոտ չի գնում, ճարահատյալ նամակ է գրում Հովաբին, որ Ուրիային պատերազմական վտանգավոր ճակատ ուղարկի, որպեսզի զոհվի, գրած թուղթն էլ նրա հետ է ուղարկում:

Խրա´տ ընդունիր, ո՛վ մարդ, միշտ զգո´ւյշ եղիր, որ ցանկության հուրը սրտումդ չվառվի, և դրանով իսկ մեղանչելու առաջին քայլը չանես, որովհետև չար գործը, շղթայի նման իրար   կապված, մարդու մի մեղքից մյուսի մեջ գլորվելու պատճառ է լինում: Ճշմարիտ է, որ Ուրիային սպանելը Դավթի մտքով չէր անցել, սակայն նրա պատիվը բռնաբարելով՝ մահվան վճիռ էլ է տալիս, որպեսզի չբամբասվի:

Արդարև, Հովաբը իրեն տրված հրամանի համաձայն է գործում, և Ուրիան պատերազմում վիրավորվում է և մեռնում: Սակայն նրա հետ բազում այլ ռազմիկներ էլ են մեռնում: Քանի որ Հովաբը այս անգամ մարտի ժամանակ անխոհեմ է վարվում, որպեսզի Ուրիան անպատճառ մահանա: Երբ Դավիթը լսում է, որ զորքից շատերը կոտորվել են, թեև Հովաբի  ներկայությամբ բարկացկոտ կերպարանք է ցուցադրում, սակայն Ուրիայի նրանց հետ մահանալը լսելով` բարկությունը մեղմանում է: Բերսաբեն Ուրիայի մահվան համար, սովորույթի համաձայն, սուգ է պահում, և սգի ու տրտմության օրերն անցնելուց հետո  Դավիթը նրան կնության է վերցնում, և մեղքի պտուղ զավակն էլ, որպես Դավթին նախատինք, ժամանակից շուտ է աշխարհ գալիս:

Դու Աստծու ողորմությա՛նը նայիր, որովհետև այս դեպքում Դավիթը սաստիկ պատժի էր արժանի, սակայն Աստված, ողորմած լինելով, նրա մոտ Նաթան մարգարեին է ուղարկում, որպեսզի հանցանքը գիտակցելով` զղջա և գոչի` մեղա՛: Նաթանը մի առակով թագավորի հետ այսպես է խոսում. «Մի քաղաքում երկու մարդիկ կային, մեկը` հարուստ, իսկ մյուսը` խիստ աղքատ: Հարուստը ոչխարների շատ հոտեր և կովերի նախիրներ ուներ, սակայն աղքատը միայն մի գառ ուներ, որին իր զավակի պես սիրում էր և նրանով էր ապրում: Երբ հարուստի մոտ հյուրեր են գալիս, նա իր հոտն ափսոսալով, վերցնում է աղքատի գառը և իր հյուրին պատվելու համար հոժարակամ զոհում»:

Դավիթն առանց հասկանալու, որ այս առակը իր մասին է, բարկանալով իսկույն երդումով վճռում է. «Մահվան է արժանի նա, ով այդ անգթությունը գործեց, պիտի յոթնապատիկ հատուցի, քանի որ աղքատին անգթաբար չխնայեց»: Նաթանը այս վճիռն ստանալուն պես սկսում է խոսել. «Դո՛ւ ես այդ մարդը, տե´ր Արքա, Աստված, քեզ Սավուղի ձեռքից փրկելով, թագավոր կարգեց, նրա տերությունն ու իսրայելացիներին քեզ տվեց, եթե նրանք քիչ են, այդքան ևս կարող է տալ, ուրեմն ինչո՞ւ Աստծու օրենքը քանդեցիր և Ուրիային ամոնացիների սրով սպանելով` հափշտակեցիր նրա կնոջը»:

Նաթանը, այս առակով Դավթի հանցավոր լինելը հայտնելուց բացի, նաև մանրամասնորեն նշում է հանցանքի համար տրվելիք պատիժը` ասելով. «Սուրը  չպակասի քո տնից, չարությունը քո տանից տալիս եմ քեզ. դու, որ ծածուկ գործեցիր, ես այդ բանը պիտի հայտնի անեմ» (Բ Թագ. 12:10-12): Հիմա խորհի՛ր. գալիք պատժի անունն ու կերպն է հայտնում, որպեսզի դա պատահելիս պատահական մի բան չհամարի, այլ Աստծու հատուկ պատիժ լինելը հայտնի դառնալով` ամեն  մարդ, դրանից խրատվելով, չար վարքի չհետևի:

Նայի՛ր այստեղ Դավթի վիճակին. որովհետև Նաթանի խոսքերը հզոր նետերի նման նրա սրտին են դիպչում,  ողջ էությամբ ցնցվում է։ Ինքը, որ Աստծուց վախենում էր, ամոթխած և իրավունքը սիրելով, հանցանքն  իմանալուն պես, ամոթից կարկամելով, բացարձակապես անկարող է լինում պատասխան տալու:

Դավիթը, որ  մեծաշուք թագավոր էր, անչափ իմաստուն և ամեն առումով պատրաստաբան, ինչպիսի՜ զարմանք,  այս անգամ անկարող է լինում անգամ պատասխան տալու: Մի՛ զարմացիր, քանի որ մարդու հանցանքը նրան համր է դարձնում, պապանձեցնում: Սուրբ գրքի մեջ Դավթի աչքերը ներբողվել են որպես շատ գեղեցիկ, սակայն դրանք ինչքա՜ն են տգեղանում, երբ մի անվայել ակնարկով օտար կնոջ է նայում, քանի որ մեղքի մշուշն է նրանց պատում:

Թշնամու նետերը անկարող են լինում վիրավորելու Դավթի մարմինը, սակայն նրա աչքերը մի չար ակնարկով ի զորու են լինում թունավոր նետով վիրավորելու նրա հոգին: Դավիթը հաճախ կողոպտում էր թշնամու ունեցվածքը, այս անգամ նրա աչքերը մի պագշոտ հայացքով նրա առաքինությունն են  իրենից կողոպտում:

Դավիթը միշտ սաղմոսերգություններով փառաբանում էր Աստծուն. ինչպիսի՜ անօրինակ երևույթ, որ այժմ նա Նրա օրենքներին հակառակ է գործում: Դավիթը, տավիղ նվագելով, Սավուղի ախտն էր մաքրում, սակայն Ուրիայի մահվան վճիռը գրելով` մեղքի ախտով է վարակվում, որը հոգու մահն է: Դավիթը միշտ արդարությամբ էր դատաստան տեսնում, ինչպե՞ս է լինում, որ անարդարությամբ հրամայում է, որ Ուրիան մեռնի: Դավիթը բոլորի համար արդարության օրինակ էր. ինչպիսի՜ տարօրինակ բան է, որ նա աշխարհի չար օրինակ լինելու  մի շատ տգեղ արարք է կատարում:

Դավիթը իր թշնամուն՝ Սավուղին, սպանելու առիթն ունենալով, նրան ոչ միայն չի սպանում, այլև նույնիսկ նրա թիկնոցի քղանցքը կտրելու համար է զղջում, ուրեմն ինչո՞ւ է այս անգամ իրեն բարեկամ և հավատարիմ Ուրիայի արյունը թափում: Դավթի սուրը Աստծու օգնությամբ միշտ թշնամու պարանոցին էր, արդյոք ինչպե՞ս որոշվեց, որ սուրը հավիտյան նրա տնից անպակաս լինի: Մի՛ զարմացիր, այս աշխարհում մարդկային վիճակն այսպիսին է, որովհետև քանի դեռ հոգին մարմնի մեջ է, և քանի որ մարմինը հոգով կենդանի է, մարդը երբեք վտանգից չի կարող ազատ և զերծ լինել:

Հիմա, ո՛վ մարդ, ով էլ լինես, լսի´ր և մի´շտ խորհիր. մի´ ապավինիր առաքինությանդ, գիտությանդ և մեծություններիդ, այլ վախեցի´ր, որ սատանայի ծուղակը չընկնես: Աստծու սերը սրտիցդ մի՛ հանիր, որպեսզի քեզ պահպանի ամեն մի փորձանքից: Լա´վ հսկիր աչքերդ, ուրիշի կնոջը ցանկական հայացքով մի՛ նայիր: Դավիթը, ընդամենը մի անգամ օտար կնոջ նայելով, ցանկության հուրը վառվում է նրա սրտում, և ամբողջ կյանքում հառաչանքերով և հեծությամբ Աստծուն աղաչում է (Սաղ. 50:1), արտասուք թափում, որ այն մարի (Սաղ. 6:1): Եթե դու էլ սխալվեցիր և մեղանչեցիր, ուղիղ սրտով, Աստծու պատիվը պահելով՝ իսկույն գոչիր` մեղա՜, և սրտի դառնագին հառաչանքներով արտասվի´ր և ողբա´, որպեսզի թողություն գտնես:

Արդարև, Աստված իր անսահման ողորմությամբ մեղավորին զղջման և ապաշխարության է հրավիրում, սակայն մարդն էլ պարտավոր է ընդունելու այդ փրկարար հրավերը և զղջալ ու ապաշխարել, որպեսզի թողություն գտնի: Ինչպես Դավիթը Նաթան մարգարեի խոսքերը լսելուն պես, իսկույն  սաստիկ զղջալով, արատասուքով գոչում է` մեղա՛ (Սաղ. 6:1):

Տե՛ս, թե Աստծուն որքան ընդունելի է ուղիղ սրտով և կատարյալ հավատքով  զղջումն ու մեղավորի դարձը, քանի որ Դավթի մեղայի ձայնը Նաթանի ականջին հասնելուն պես, Աստծու ազդեցությամբ անմիջապես պատասխանում է. «Աստված մեղքերդ ներեց, չպիտի մահանաս» (Բ Թագ. 12:13) (այսինքն՝ մահվամբ չպիտի պատժվես):

Թեև Դավիթը զղջումով և արտասուքներով, իր մեղքերի համար թողություն գտնելով, ազատվում է հանդերձյալ աշխարհի անվախճան տանջանքներից, սակայն մարդն այս աշխարհում իր հանցանքների համար նեղություններ և վիշտ է կրելու: Մանավանդ Ուրիայի մահվանից հետո նրա կնոջն իսկույն կնության առնելով` այլևս ոչ մեկը չի տարակուսում, որ եղելությունը տեղի է ունեցել Դավթի կարգադրությամբ, և սա մեծ գայթակղության և խռովության պատճառ կարող էր լինել, ուստի Նաթանը տեղեկացնում է, որ մեղքի ծնունդ  մանուկը մահանալու է, որպեսզի նրա մահը բնական մահ չհամարվի, այլ Դավթի մեղքի պատճառով մի հատուկ պատիժ լինելը ողջ աշխարհը որոշակիորեն իմանա, որպեսզի բոլոր լսողները, Աստծու անունն ու արդարությունը գովելով, երկնչեն Նրա դատաստանից և ամեն կերպ հեռու մնան մեղքից:

Քանի որ Դավթի սույն հանցանքի պատճառով կռապաշտները Աստծու արդարության դեմ են խոսում, իբր թե օրենքով չէ Նրա դատաստանը, ուստի Նաթանն ասում է. «Քո այս վարմունքով Տիրոջ թշնամիներին գրգռեցիր» (Բ Թագ. 12:14):

Այս ծանրակշիռ կետի մասին թող լավ խորհեն և՛ հոգևոր, և՛ մարմնավոր իշխանություն ունեցողները, թե որքա˜ն մեծ մեղք է գայթակղության պատճառ լինելը: Հասարակ և ցածր աստիճանի մարդկանց հանցանքը մեծ էլ լինի, ոչ մեկը, նրանց գործերին ուշադրություն դարձելով, չի գայթակղվի, սակայն իշխանություն ունեցողը մի փոքր հանցանք էլ գործի, բոլորին գայթակղության կպատճառի: Քանի որ ժողովուրդը միշտ իր մեծին նմանվելու ջանք և փափագ ունի, երբ մի փոքր թերություն է տեսնում, անպատճառ կա´մ բերանն առնելով` նրան պիտի բամբասի, կա´մ էլ նրա անարժան կյանքին հետևի, մանավանդ նրան չարությամբ պիտի գերազանցի: Սրանից բացի` ամեն մարդ միայն իր անձնական թերությունների համար է պատժվում, իսկ իշխանավորները, իրենց հպատակներին չար օրինակ տալով, նրանց հանցանքների համար էլ պիտի պատժվեն: Ուրեմն նրանք ամեն կերպ պարտավոր են հոռի վարքից զգուշանալ և ջանան` բոլորին առաքինության օրինակ լինելու: Ինչպես որ Դավիթը մի անգամ գայթակղության պատճառ լինելու վարմունք է ունենում, բայց դրանից հետո ուղիղ սրտով, ճշմարիտ և անկեղծ զղջմամբ, ինչպես նաև միշտ արտասվելով, մինչև մահ զգուշանում է ամեն տեսակի մեղքից և գայթակղություն պատճառող որևէ արարքից, և այսպիսով, իրավացիորեն արժանանում է առաքինության օրինակ լինելու աշխարհին:

Արդարև, Դավթի սխալվելն ու մեղանչելը, ինչպես նաև զղջալն ու թողություն գտնելը մեծ խրատ է մարդկությանը: Քանի որ առաքինի մարդը, նրա սխալմունքի մասին խորհելով, զգուշանում է, որպեսզի չսխալվի, նույնպես և մեղանչած մարդը, նրա արդարացումը մտաբերելով, Աստծու ողորմությունից հույսը չկտրելով, զղջում է և թողության ու ներման արժանանում:

Սակայն պետք չէ թողություն գտնելու հույսով մեղանչել, քանի որ նա, ով մեղանչում է` ասելով. «Աստծու ողորմությունը անչափ է, և զղջացողի հանցանքը անպատճառ կների», Աստծու ողորմությունը մեղքի պատճառ կամ գործիք դարձնող է համարվում, այս է պատճառը, որ թողության անարժան է լինում (ըստ առածի` հույսով մեղանչում է, ան-հույս` կորչում): Ճշմարիտ է, որ տիրոջ ողորմությունը չափ ու սահման չունի, սակայն նրա արդարությունն էլ, անչափ  անսահման լինելով, միմիայն Նրա գթության վրա հույս դնելով, գիտակցված մեղանչողը, անշուշտ, Նրա արդարությունից կպատժվի:

Տարաբախտաբար, շատ շատերը չարաչար պատժվում են՝ միայն Տիրոջ գթությունը մտաբերելով, բայց երբեք չմտաբերելով նրա արդարությանը: Մանավանդ չար սատանան անմիտ մարդկանց` մեղքի մեջ գցելու համար միշտ հուշում է. «Աստված ողորմած է, մի՛ վախեցիր», իսկ հետո Նրա արդարությունն է հիշեցնում և երկյուղ  գցում, որպեսզի Տիրոջ գթությունից հուսահատվելով` իր նման դատապարտվեն:

Ուրեմն, եթե չես ցանկանում դատապարտվել, նախ և առաջ Տիրոջ արդարության մասին խորհելով` երկյուղ ունեցիր, որպեսզի չմեղանչես, և եթե սխալվելով մեղանչել ես, Նրա գթությունն ու ողորմությունը մտաբերելով, շտապով և առանց դանդաղելու վերադարձի´ր և զղջա´, որպեսզի թողություն գտնես:

Երբ դրանից հետո նորածին մանուկը հիվանդանում է, Դավիթը, նրա համար ծոմ պահելով և տրտմությամբ երեսնիվայր, գետնատարած սկսում է աղաչանքներ և պաղատանքներ մատուցել: Թեև նրա ծառաները թախանձանքներով խնդրում են վեր կենալ և կերակուր ուտել, սակայն չի կանգնում և կերակուր չի ընդունում:

Յոթերորդ օրը մանուկը մահանում է, և ծառաները վախենում են Դավթին տեղեկացնել, բայց նա նրանց շարժումներից և շշունջներից է իմանում, որ մանուկը մահացել է, ուստի կանգնում է, լվացվում, և զգեստները փոխելով` գնում տապանակի առջև, որտեղ Աստծուն, գոհություն և փառք տալով, երկրպագություն մատուցելուց հետո գալիս է և ճաշում:

Երբ ծառաները, Դավթի այս վարմունքից զարմանալով, հետաքրքրվելով հարցնում են պատճառը, նա պատասխանում է. «Քանի դեռ մանուկը ողջ էր, արտասվում և ծոմ էի պահում, որպեսզի թերևս Աստված ողորմի, և մանուկը չմահանա, սակայն մահանալուց հետո ինչո՞ւ ծոմ պահեմ կամ արտասվեմ, մի՞թե ես կարող եմ նրան վերադարձնել. նա ինձ մոտ չի վերադառնա. ես պետք է նրա մոտ գնամ»: Դավիթն այս խոսքերով համակերպվում է Աստծու կամքին և  մխիթարվելով շտապում՝ Բերսաբեին մխիթարելու: Դրանից հետո Բերսաբեն հղիանալով մի զավակ է ծնում, որի անունը Դավիթը Սողոմոն է դնում: Աստված Սողոմոնին սիրելու համար Նաթան մարգարեի միջոցով նրա անունը Հեդիղի է կոչում, որ  նշանակում է «Աստծու սիրելի»:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․