Գրքեր
Աբիսողոմը ինչքա՞ն է մնում Գեսուրում:

Երեք տարի, մինչև  Դավթի բարկությունը մեղմանում է: Թեպետ Դավիթը խիստ զայրացած էր Աբիսողոմի վրա, սակայն միգուցե Ամոնին ողբալու ժամանակ նրան էլ հարկադրված լինի ողբալու պատճառաբանությամբ, նրան պատժելու ձեռնամուխ չի լինում, և երեք տարի հետո, երբ Հովաբը տեսնում է, որ նրա բարկությունը մեղմացել է, որպեսզի նրան հաճելի երևա, փափագում է Աբիսողոմին մի հնարով Երուսաղեմ բերել:

Սակայն չհամարձակվելով ուղղակի Դավթին դիմելու և հրաման ստանալու` մի  իմաստուն կին է ուղարկում, որպեսզի նրա միջոցով անհրաժեշտ արտոնությունը ստանա: Միաժամանակ կնոջը հրահանգում է, թե ինչպես պետք է համոզի թագավորին: Հիշյալ կինը, որպես վշտակիր արտասվելով, սգո հանդերձներով Դավթի մոտ է գնում և գետնամած աղաղակում է. «Փրկի՛ր ինձ, ո՜վ արքա, երկու որդի ունեի, դաշտում իրար հետ վիճելով` մեկը սպանեց մյուսին, այժմ ժողովուրդn ասում է. «Մե´զ տուր մյուսին, որ մահացածի փոխարեն սպանենք նրան»»: Դավիթը, նրա ողբին և աղաղակին նայելով, ասում է. «Տո՛ւն վերադարձիր, ես անհրաժեշտ կարգադրությունը կանեմ», և երբ կինն իր որդուն չսպանելու համար կրկին աղաչում է, Դավիթը երդվում է, որ նրա որդու մազին անգամ չեն  դիպչի: Այս երդման պահին հիշյալ կինն ասում է, որ Աբիսողոմի համար է իր աղաչանքը:

Այն ժամանակ Դավիթը հարցնում է, թե արդյոք Հովաբն է ուղարկել նրան, և երբ դրական պատասխան է ստանում, կանչում է Հովաբին և ասում. «Խնդրանքդ ընդունեցի, գնա՛, բե՛ր Աբիսողոմին»: Հովաբը շնորհակալությամբ մեկնում է և գնալով Գեսուր` բերում Աբիսողոմին, որին Դավիթն առանց իր մոտ ընդունելու հրամայում է գնալ և իր տանը մնալ:

Այո՛, Դավիթը Աբիսողոմին Երուսաղեմ է վերադարձնում, սակայն, որպես խրատելու միջոց, միառժամանակ չի ցանկանում տեսնել նրան: Իսկ երբ Աբիսողոմը ցանկանում է տանից դուրս գալ և համարձակ շրջել, կանչում է Հովաբին, որպեսզի նրա միջոցով հորից հրաման ստանա, սակայն նա մերժում է գալ, ուստի Աբիսողոմը, որպեսզի ստիպի, ծառաներին հրամայում է այրել նրա գարու արտերը:

Արդարև, Հովաբը Աբիսողոմի տուն է գնում` գանգատվելու, թե ինչու են նրա ծառաները այրել իր արտը: Աբիսողոմը, ձևացնելով, որ բնավ տեղյակ չէ հիշյալ դեպքին, պատասխանում է. «Քեզ թագավորի մոտ ուղարկելու համար կանչեցի, եթե թագավորի դեմքը չպիտի տեսնեմ, ինչո՞ւ Գեսուրից եկա, ավելի լավ էր` այնտեղ մնայի, եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ»:

Հովաբը ստիպված է լինում նրա աղաչանքը թագավորին հայտնելու, որը,  արդեն իսկ նրա հանդեպ սեր ունենալով, իսկույն հրամայում է իր մոտ՝ արքունիք բերել: Աբիսողոմը գալով խոնարհությամբ և ամենամեծ հարգանքով ողջունում է իր թագավոր հորը, և նա էլ, ներելով նրա հանցանքը, գորովանքով համբուրում է նրան և արտոնում  նախկինի պես իբրև արքայորդի արքունիք հաճախել:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․