31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Աբիսողոմի` Երուսաղեմ գալու ժամանակ բնակիչները նրա դե՞մ են դուրս գալիս:

Բնավ երբեք: Որովհետև Դավիթը ժողովրդին չվնասելու համար հանձն է առնում փախչել, ժողովուրդն էլ ձայն չի հանում, մանավանդ որ Աբիսողոմը ժողովրդի թշնամին չէր, այլ միայն իր հոր: Ահա այն ժամանակ վերոհիշյալ Քուսին, որին Դավիթը որպես լրտես էր ուղարկել Երուսաղեմ, Աբիսողոմին ներկայանալով` ողջունում է` «կեցցե´ թագավորը» ասելով:

Աբիսողոմը հեգնորեն հարցնում է. «Սա՞ է քո հավատարմությունը, ինչո՞ւ բարեկամիդ հետ չգնացիր», որին ի պատասխան` Քուսին ասում է. «Աստված և ամբողջ իսրայելացիներն ում ընտրեն, ես նրա հետ կլինեմ, ինչպես որ հորդ ծառայեցի, քեզ կծառայեմ»: Թեև Աբիսողոմը կասկածում էր նրան, սակայն խոսքերին վստահելով` մոտն է պահում:

Այո´, Աբիսողոմը, հետևելով իր չար մտադրությանը, իբր թե թագավոր է դառնում, և բոլոր իսրայելացիներին գրգռելով` իրեն է հնազանդեցնում, դրանով էլ կարողանում է գրավել Դավթի մայրաքաղաքը, սակայն քանի դեռ Դավիթը ողջ էր, իր թագավորությունը հաստատուն չէր, որի պատճառով էլ նրա միտքը զանազան կասկածներից ծփում  և տագնապում է, ուստի Աքիտոփելին հանձնարարում է, որ խորհրդակցեն և ըստ այնմ  միջոցառումներ նախաձեռնեն:

Աքիտոփելը խորհուրդ է տալիս, որ նախ Դավթի թողած հարճերի հետ կենակցի, որպեսզի ժողովուրդը, տեսնելով Դավթին տրված նախատինքը և համոզվելով, որ այլևս Աբիսողոմի հաշտությունը Դավթի հետ անհնար է, և վերստին միավորվելու հույս չկա, ամբողջությամբ հնազանդվի նրան: Արդ, քանի որ Աբիսողոմը իր սրտից ամբողջությամբ հանել էր Աստծու երկյուղն ու մարդկանց հանդեպ ամոթը, Աքիտոփելի սույն պիղծ, խռովահույզ, նենգամիտ և անամոթ խորհուրդն իրագործելու համար Դավթի տան տանիքին վրան կանգնեցնելով` ժողովրդի առջև հիշյալ հարճերի հետ շնանում է:

Թեև այն օրերին Աքիտոփելի հնարքները և խորհուրդները և՛ Դավթին, և՛ Աբիսողոմին ասես մարգարեական պատգամներ լինեին (Բ Թագ. 16:23), սակայն այս անգամ Դավթին թշնամի լինելով, սատանայի նման խորհելով` մի այնպիսի ապօրինի և անարժան խորհուրդ է տալիս, որ Աբիսողոմի հպարտությանը և ապստամբությանը մի զզվելի խարան էլ է ավելացնում` Աբիսողոմի ավելի վատթար վիճակի մեջ ընկնելու բացարձակ պատճառ լինելով, մանավանդ  բոլոր իսրայելացիներին մեծ գայթակղություն է պատճառում, քանի որ մի այսպիսի անամոթ, մարդկությանը հակառակ արարքից բոլոր լսողները զզվանք են զգում:

Սրանից բացի` Աքիտոփելը Աբիսողոմին խորհուրդ է տալիս, որ իրեն հրամայի՝ հենց այդ գիշեր տասներկու հազար ընտիր զորքով հանկարծ հարձակվի Դավթի վրա, որն այժմ անչափ հոգնած և հուսահատ վիճակում է: Ինքն էլ  կարող է զորքը ցրել և միայն Դավթին սպանելով` վերադառնալ. ինչպես հարսն է իր ամուսնու տուն գնում, այդպես էլ նա խոստանում է Դավթի ամբողջ զորքը բերել և հավատարմությամբ Աբիսողոմին ծառայեցնել:

Արդարև, այս կերպ կարող էր Դավթին ձեռք բերել և սպանել, սակայն քանի որ Աստված նրան պիտի պահպաներ, ուստի Աբիսողոմը ասում է. «Քուսիին կանչե´ք, նրան էլ լսենք»: Երբ Քուսին տեղեկանում է մտադրությանը, պատասխանում է. «Դավիթը և նրա մարտիկները շատ քաջ, աներկյուղ և պատերազմող մարդիկ են, ուստի տեղին չէ, քիչ մարդկանցով հարձակվելով, կոտորվել և օտարներին մեր մասին վատ խոսելու առիթ տալ, ուրեմն հարկ է, որ ամբողջ Իսրայելը հավաքենք` ծովի ավազի չափ զորքով. դու նույնպես նրանց գլուխ անցած` կգնանք, Դավիթն ուր էլ լինի, կհասնենք նրան, և որ քաղաքն էլ մտնի, կքանդենք ու կկործանենք այն` քարը քարին չթողնելով, և բոլորին էլ  առանց բացառության սրի կքաշենք»:

Այսպես Քուսին ապագայում մղվելիք պատերազմին  հաղթական տեսք է տալիս, ամբողջ ժողովուրդն ու Աբիսողոմն իսկույն ասում են, որ Քուսիի առաջարկն ավելի լավն է, քան Աքիտոփելի կարգադրությունը: Արդարև, Աստված, ընդունելով Դավթի աղոթքը, Քուսիի միջոցով ցրում է Աքիտոփելի մտադրությունները: Քուսին, իմանալով նրա հնարամիտ չարության մասին և մտածելով, որ միգուցե Աբիսողոմի միտքը փոխելով, դեռևս Դավթին չտեղեկացրած` հարձակվեն նրա վրա, այս մտադրությամբ եղելությունը տեղեկացնում է Սադովկ և Աբիաթար քահանաներին, որպեսզի Դավիթն իր տեղից առանց ժամանակ կորցնելու Հորդանանի մյուս կողմը գնա:

Լուր տանելու համար արդեն պատրաստ սպասում էին Աբիաթար քահանայ որդին՝ Հովնաթանը, և Սադով քահանայի որդին՝ Աքիմասը,  որոնք Երուսաղեմի մերձակայքում՝ Ռովգելի աղբյուր կոչվող վայրում էին գտնվում: Քանի որ Աբիսողոմը պահակներ էր նշանակել, որպեսզի Դավթի կողմը մարդ չանցնի, այս է  պատճառը, որ Սադովկը և Աբիաթարը մի ծպտյալ աղախնի միջոցով են լուրը հայտնում որդիներին: Իսկ Հովնաթանն ու Աքիմասը, մեծ դժվարություններով և վտանգների ենթարկվելով, հազիվ կարողանում են լուրը Դավթին հասցնել:

Սակայն մի պատանի, նրանց տեսնելով, իսկույն Աբիսողոմին լուր է տալիս: Նա էլ նրանց հետևից մարդիկ է ուղարկում, որ բռնեն, բայց նրանք, պատանու` իրենց տեսնելու մասին կասկածելով, Ձիթենյաց լեռան մոտ` Բավուրիմ կոչվող վայրում, Դավթի բարեկամ  մարդու տուն են մտնում, որտեղ մի անջուր հորի մեջ իջնելով` տանտիրուհին ծածկում է հորի բերանը և վրան միրգ չորացնելով զբաղվում: Այսպիսով, հաջողվում է փարատել Աբիսողոմի մարդկանց կասկածները, որոնք երբ գալիս և հարցնում են, պատասխանում է, որ ջրի մյուս կողմն են անցել, թեև այս խոսքին հավատալով` գնում  և փնտրում են, սակայն չգտնելով` ձեռնունայն վերադառնում:

Ապա Հովնաթանը և Աքիմասը, հորից դուրս գալով, շտապում են՝ եղելությունը Դավթին հայտնելու, որն իր մարդկանցով, մինչ առավոտ անցնելով Հորդանանի մյուս կողմը, հասնում է Մանայիմ, որը թարգմանվում է բանակ (Ծննդ. 32:2): Սա այն վայրն է, որտեղ, ինչպես երրորդ դարի քսանհինգերորդ գլխում է հիշատակվում, Հակոբ նահապետը, հրեշտակների բանակներ տեսնելով, այդպես է կոչում այս վայրը։ Այստեղ Դավթի մի քանի բարեկամները` Վեսբին, Մաքիրը և Բերզելին, Դավթի փախուստի մասին իմանալով և իրենց բարեկամական զգացմունքներով շարժվելով, Դավթին և նրա մարդկանց առատ ուտելիք են բերում, նաև քնելու համար կարպետներ և խոհանոցային պարագաներ, որոնց կարիքը շատ էր զգացվում:

Այժմ հարկ է մտաբերել Աքիտոփելի թշվառ դրությունը. քանի որ ինչքան էլ ուրախանում է` Աբիսողոմին գրգռելով Դավթին թշվառ վիճակի մեջ գցելու համար, նույնքան էլ տխրում է, որ հենց նույն օրը նրան սպանելու դիտավորությունը անհաջողության է մատնվում: Քանի որ հասկանում է, որ, ի վերջո, Աբիսողոմը, կորստյան մատնվելով, Դավիթը վերստին Երուսաղեմում իր գահին է բազմելու, ուստի այս է  պատճառը, որ սարսափելի երկյուղից հուսահատության մատնված` գնում է տուն և  ընտանիքին կտակ գրելուց հետո կախվելով չարաչար վերջ  տալիս իր կյանքին:

Ընթերցո´ղ, խրա´տ ընդունիր  Աքիտոփելի տխուր դեպքից, գիտելիքովդ մի՛ հպարտանա, սրտումդ ոխ մի´ պահիր, մանավանդ Աստծու երկյուղը մտքիցդ երբեք մի՛ հանիր, որ չսխալվես: Ճիշտ է, վերոհիշյալ անձը աշխարհիկ գործերում շատ խոհուն և խորագետ էր, և հնարագիտության մեջ նրան նմանը չկար, սակայն աստվածային կամքով չշարժվելով և հպարտությամբ ցանկանալով վրեժխնդիր լինել`այնքան է ընկնում, որ բնությանը հակառակ, ինքն իրեն կորստյան մատնելով` ամբողջ աշխարհի առջև խայտառակ և նշավակ է  լինում:

Ոխակալությունը բարկություն է ծնում, բարկությունն էլ կուրացնում է մարդու միտքը. ոխակալ մարդը, անկարող զանազանելու  իր օգուտն ու վնասը, անպատճառ սխալվում է: Այսպիսի մեկը, ինչքան էլ գիտուն և իշխանության տեր լինի, դարձյալ հիմար, անճար և ապաշնորհ է համարվում: Արդարև, բարկությունը զսպել չկարողացող անձանց հատուկ է` սրտում քեն և ոխ պահելով հակառակորդից վրեժ առնելը, և վրեժի ծարավ մարդը միմիայն իր անկարող վիճակն է ցույց տալիս, սակայն ճշմարիտ իմաստունը, աշխարհի ընթացքին նայելով, գիտի, որ մարդու ամեն կամեցած չի կատարվում, և մարդու կամքին հակառակ վարվողներ էլ կարող են լինել։ Այս է  պատճառ, որ եթե տխրություն էլ է ունենում, չի բարկանում, և սիրտը հանդարտվում է (ըստ առածի` իմաստունն անիրավությունից բարձր է): Նա, միշտ Աստծու կամքին համակերպվելով, ոչ միայն անախորժ ստիպողականությունների չի ենթարկվում, այլև հաղթում է անգամ իրեն չարիք պատճառողներին, քանի որ եթե վշտակիր անձը չի բարկանում, նրան վիշտ պատճառողն անպատճառ զղջում է:

Եթե ցանկանում ես քաջ և իմաստուն լինել, քեզ չարիք անողին բարի´ք արա. քանի որ չկա ավելի մեծագույն քաջություն և ազնվագույն հաղթանակ, քան մեր հակառակորդին բարությամբ և վեհանձնությամբ հաղթելը (Հռոմ. 12:21): Այո´, հանցագործին պատժելը արդարություն է, սակայն սույն պաշտոնը դատավորինը և մանավանդ Աստծունը լինելով՝ հակառակորդից կամ թշնամուց վրեժխնդիր լինող անձն անպատճառ հանցավոր է լինում:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․