31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Ամբողջ Իսրայելը հնազա՞նդ էր Սողոմոնին:

Այո՛, հնազանդ էր: Որովհետև Աստված Սողոմոնին անչափ մեծ իմաստություն, գիտելիք, խոհեմություն, հիշողություն և երկայնամտություն էր տվել, որոնցով էլ պետական գործերում արթնություն և անաչառ վարք ցույց տալով` ժողովուրդը ուրախ, գոհ, երջանիկ և կատարելապես հնազանդ էր: Աստծու ողորմությամբ թեև Սողոմոնի թագավորությունը հաստատուն և երանելի վիճակում էր, սակայն Երուսաղեմի և Եգիպտոսի միջև գտնվող ազգերի հանդեպ  կասկածները փարատելու համար, որոշում է Եգիպտոսի փարավոնի դստերը կնության առնել, որն ապագայում՝  ծերության ժամանակ, իր համար գայթակղություն է լինում:

Քանի որ նախքան տաճարը կառուցելը խորանն ու ողջակեզների սեղանը Գաբավոնում` մի բարձր լեռան վրա էին գտնվում, և ժողովուրդը սովոր էր այնտեղ գնալու, որ խունկ ծխի և զոհեր մատուցի: Սողոմոնը նույնպես զոհ մատուցելու փափագով Գաբավոն է գնում իր հազարապետերի, հարյուրապետերի և իսրայելացիների դատավորների ու մեծամեծների հետ, և նույն այդ սեղանին Բարձրյալ Աստծուն հազար ողջակեզներ  մատուցում: Այն ժամանակ Աստված, Սողոմոնին երևալով, հարցնում է. «Ի՞նչ կցանկանաս Ինձնից, որ տամ քեզ»: Սողոմոնը Աստծուց շնորհակալ է լինում նախ` իր հոր՝ Դավթի հանդեպ ցուցաբերած ողորմության և բարիքների համար,  նաև` այն շնորհի համար, որով նրա փոխարեն իրեն թագավոր է կարգել, ապա` հայտնելով, որ ինքը դեռ  պատանի է և ժողովրդին կառավարելու անհրաժեշտ ուժ ու կարողություն չունի,  խնդրում է, որ իրեն իմաստություն պարգևի, հանճար և գիտություն, որպեսզի կարողանա չարն ու բարին զանազանել և ժողովրդի դատաստանը արդարությամբ կատարել (Բ Մնաց. 1:10):

Սողոմոնի այս անօրինակ խնդրանքն Աստծուն անչափ հաճելի լինելով` Աստված պատասխանում է. «Քանի որ կյանք, ունեցվածք, հզորություն և թշնամիներից վրեժխնդրություն չցանկացար, այլ ցանկացար, ըստ իրավունքի և արդարության, դատաստան տեսնելու համար իմաստություն և հանճար ստանալ, ահա փափագիդ համապատասխան` քեզ իմաստություն և գիտություն եմ տալիս, այնպես, որ մինչ այսօր քեզ նման ոչ մեկը չի եղել և քեզնից հետո էլ չի լինի: Իշխանություն և մեծություն չխնդրեցիր, ահա քեզ տվեցի մի այնպիսի հզոր թագավորություն, որ քեզ ժամանակակից բոլոր թագավորների մեջ քեզ նման և քեզ հավասար ոչ մեկը չի գտնվի, և եթե Իմ հրամանների և օրենքների համաձայն ընթանաս, ինչպես հայրդ` Դավիթն էր ընթանում, քեզ անպատճառ երկար կյանք էլ կպարգևեմ»:

Թեպետ սույն խոսքերը Սողոմոնը երազում է  լսում, սակայն ասես արթուն` հրաշալի ձևով է պատասխանում: Երբ արթնանում է, Աստծուց գոհանալով Երուսաղեմ է վերադառնում և շտապում է՝ տապանակի առջև երկրպագություն անելու և նորից զոհեր մատուցելու, Աստծուն փառավորելով և անսահման շնորհակալություն հայտնելով՝ ողջ ներկա ժողովրդին էլ պատվում է մեծ խնջույքով, որից էլ ուրախացած` բոլորը ցնծալով տոնում են:

Այդ ժամանակ երկու անպատիվ կին դատի են գալիս Սողոմոնի մոտ: Նրանցից մեկն ասում է. «Մենք երկուսով մի տան մեջ էինք բնակվում. ես որդի ունեցա, և երեք օր հետո նա ունեցավ. տանը, երկուսիցս բացի, ոչ ոք չկար. գիշերը սրա որդին մահացավ, քանի որ պառկել էր երեխայի վրա. արդ, նույն գիշեր` իմ քնած ժամանակ, նա, իմ որդուն վերցնելով, իր մահճակալին է պառկեցնում և իր մեռած մանկանը դնում  իմ ծոցը. երբ առավոտյան  արթնացա` մանկանս կաթ տամ, տեսա, որ մահացած է և իմ որդին չէ»: Իսկ մյուսը պատասխանում է, որ այդպես չէ, այլ մեռածը նրանն է, իսկ կենդանին` իրենը:

Իրոք, այս դեպքում եղելությունը ճշտելու համար վկայի կարիք կար կամ էլ նրանց երդվեցնելու, սակայն ո´չ վկա կար, ո´չ էլ կարելի էր վստահել նրանց երդմանը, ուստի Սողոմոնը հրամայում է, որ սուրը բերեն և կենդանի մանկանը երկու մասի բաժանելով` մի կեսը մեկին տան, մյուսը՝ մյուսին: Այդ պահին մանկան իրական մայրը, իսկույն ցավագին աղաղակելով, ասում է. «Մանկանն այդ կնո´ջը տվեք և մի´ սպանեք»: Իսկ մյուս կինը ասում էր. «Կտրե´ք, թող ոչ ինձ լինի, ոչ էլ նրան»:

Այն ժամանակ Սողոմոնը հրամայում է, որ մանկանը տան այն կնոջը, որը համաձայն չէր մանկան մահվանը, քանի որ նա էր մանկան իրական մայրը: Ժողովուրդը, այս դատաստանի մասին լսելով, անչափ տպավորվում և զարմանում է, ուստի սկսում են պատկառել և երկյուղել նրանից, քանի որ հասկանում են, որ  այսպիսի իմաստությունը աստվածային տուրք և պարգև է:

Այնուհետև Սողոմոնը իր պալատում անհրաժեշտ ծառաներ և պաշտոնյաներ է նշանակում, և յուրաքանչյուրն իրեն հանձնարարված որոշակի գործն անթերի կատարելով` ժողովրդին կառավարելը մեծապես դյուրանում  է, այնպես որ բոլոր իսրայելացիները, խաղաղ և հանգիստ ապրելով, սկսում են այգիներում և պարտեզներում ուտել, խմել և զվարճանքներով ժամանակ անցկացնել, առանց վտանգի և ամենափոքր երկյուղի:

Սողոմոնի անունը այնքան է փառավորվում, որ Իսրայել երկրի շրջակայքում գտնվող երկրներում` Եփրատից մինչև Եգիպտոս, օտար թագավորներն ու ժողովուրդները հնազանդվում են նրան, ոմանք` երկյուղից, ոմանք էլ` նրա գիտության և իմաստության համբավից պատկառելով, այնպես որ այս օտար երկրներից նրան ուղարկված ընծաներն ու տուրքերը այքան շատ ու մեծաքանակ են լինում, որ բնիկ իսրայելացիներից շատ բան պահանջելու և նեղություն տալու կարիք չի լինում: Այո՛, Սողոմոնի հարստությունը այնքան է բազմանում, որ իր պետության մեջ, ինչքի և անասունների անչափ առատությունից և բազմազանությունից բացի, ոսկին ու արծաթն էլ, Երուսաղեմի բնակիչները  հասարակ քարերի նման են հավաքում (Գ Թագ. 10:27):

Սրանից բացի` Սողոմոնը թագավորական գործերը կանոնավոր և գեղեցիկ վարելուց հետո մարդկանց համար օգտակար խրատական գրքեր և գիտությանը նվիրված երկեր է շարադրում, և նրա գիտելիքների հռչակն աշխարհով մեկ տարածվելով` բոլոր ժողովուրդներից և թագավորներներից գալիս են` նրա իմաստուն խոսքերը լսելու և հիացմունքի ու զարմանքի պարտքն անձամբ վճարելու:

Այսուհետև Սողոմոնը ցանկանում է Դավթի կարգադրության համախատասխան  կառուցել տաճարը (տե՛ս ԽԱ հարց), և Դավթի պատրաստած շինանյութից բացի` ինքն էլ իր կողմից անհրաժեշտ նյութերի պատրաստությունը տեսնելու ցանկությամբ Լիբանանի Քիրամ թագավորին տեղեկացնում է (որը Դավթի բարեկամն էր), որ անհրաժեշտ փայտանյութն ուղարկի: Հիշյալ թագավորը, այս լուրը ստանալով, անչափ ուրախանում է և խոստանում նրա խնդրանքը կատարել: Սողոմոնը բոլոր իսրայելացիներից երեսուն հազար մարդ է ընտրում և նրանց երեք խմբի բաժանում, որպեսզի տասը հազար մարդ, իրար փոխարինելով, կարողանան մի ամիս աշխատել և երկու ամիս տուն գնալ, այնպես որ տասը հազարը մշտապես առանց դադարի աշխատանեն:

Նաև ութսուն հազար քարտաշ, յոթանասուն հազար բեռնակիր է վերցնում և երեք հազար վեց հարյուր մարդկանց էլ պաշտոնյաներ  կարգում, և սրանց բոլորին ուղարկում է Քիրամ թագավորի մոտ, որ նրա մարդկանց հետ տաճարի համար անհրաժեշտ նյութերն այնտեղ պատրաստեն, և բոլոր այս աշխատողների և վարպետների ուտելիքը Սողոմոննն է մատակարարում: Ահա այսպես երեք տարվա ընթացքում անհրաժեշտ քարը և ատաղձը պատրաստ է լինում, որը Քիրամը, ծովեզերք իջեցնելով, նավերով  ուղարկում է Հոպպե, և Սողոմոնն էլ Երուսաղեմ է փոխադրել  տալիս:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․