Գրքեր
Քանի՞ տարի է տևում տաճարի կառուցումը:

Յոթ տարի: Ճիշտ է, հրեաները Քրիստոսին ասում են, որ քառասունվեց տարիների ընթացքում է կառուցվել, սակայն այս խոսքը տաճարի առաջին կառուցման համար չէր ասվել, այլ իսրայելացիների` Բաբելոնի գերությունից  վերադարձից հետո, երբ երկրորդ անգամ են վերակառուցում քանդված տաճարը  և Երուսաղեմի ավերված պարիսպները. այն ժամանակ թշնամիներին հաջողվում է քանդել շինությունը և հազիվ քառասունվեց տարվա ընթացքում են կարողանում ավարտին հասցնել (Բ Եզր. 4:23):

Սողոմոնը տաճարը կառուցելուց հետո այլ շինություններ էլ  է կառուցում: Քանի որ սեր ուներ շինարարության հանդեպ, Երուսաղեմի շուրջը պարիսպ է կառուցում: Չնայած Սիոն լեռան վրա Դավթի պալատը կար, սակայն տաճարի մոտ ինքն իր համար պալատ է կառուցում, նույն կերպ իր կնոջ՝ փարավոնի դստեր համար է առանձին տուն կառուցում: Դարձյալ Երուսաղեմի մոտ իր համար ամառանոց կառուցելուց բացի` մի անտառ էլ է տնկում, որը պատշաճ է համարում անվանելու Լիբանան կամ Լիբանանյան անտառ:

Երուսաղեմի և Սիոն լեռան միջև եղած ձորակը լցնել է տալիս և իսրայելացիների երկրի սահմաններում գտնվող շատ քաղաքների շուրջը պարիսպներ և բերդեր է կառուցում, որպեսզի եթե թշնամիները հարձակվելու հանդգնություն ունենան, պաշտպանվելը հեշտ լինի:

Հիրավի, Սողոմոնը ինչ էլ  ձեռնարկում է, Աստծուց հաջողություն է գտնում (Բ Մնաց. 7:11): Սակայն նկատի ունենալով, որ միգուցե Սողոմոնը սխալվելով աստվածային պատվիրաններին հակառակ վարք ունենա, Աստված նորից  է երևում նրան, ինչպես Գաբավոնում էր երևացել (տե՛ս ԽԳ հարցը), և հետևյալ խոսքն է ասում. «Աղոթքդ ու աղաչանքդ լսեցի, ուստի եթե հորդ՝ Դավթի նման պատվիրաներս հավատարմությամբ պահես, կհաստատեմ քո թագավորությունը, և եթե դու և քո որդիները, Ինձ հակառակ, կուռքերին ծառայեք, այն ժամանակ իսրայելացիներին մերժելով կմերժեմ և տաճարն էլ կավերեմ, որպեսզի ամբողջ աշխարհը լսելով ասի, թե սրանք Աստծուն հակառակվեցին և դրա պատճառով պատժվեցին»: Սույն խոսքերը Սողոմոնի համար մեծ և փրկարար պատվիրաններ և հատուկ ողորմություն էին, որպեսզի իր հաջողություններին և փառքին ապավինելով` անձնատուր չլինի աշխարհիկ զվարճությունների և Աստծու սուրբ երկյուղն էլ մտքից չհանի:

Քանի որ Սողոմոնի գանձերն ու հարստությունը չափազանց մեծ էին, և փառավորության ու շքեղության առումով նրան հավասարը չկար, նրա կամքը իսկույն կատարվում էր. օտար բոլոր ազգերի թագավորները, կա´մ երկյուղից, կա´մ նրա մեծարելու համար ծառայելով, հարկ էին վճարում և նրա բոլոր պահանջները բավարարելով` ցանկանում էին շահել նրա բարեկամությունը:

Օրինակ` վերոհիշյալ Քիրամ թագավորը ոչ միայն տաճարի կառուցման առթիվ շատ մեծ բարիքներ է անում թագավորին, այլ նաև մեծ քանակությամբ ոսկի և Եմաթսոբա կոչվող գավառը կամ երկիրն է նվիրում նրան: Չնայած Սողոմոնն էլ իր հերթին քսան քաղաք է նվիրում Քիրամին, սակայն սա, երբ տեսնում է այդ քաղաքները, ինքն իրեն ասում է. «Այս ի՞նչ քաղաքներ են, որ ինձ տվեցիր, եղբա´յր», և դրանց անունը սահման է դնում, քանի որ անօգուտ վայրերում էին և միայն սահմանները ցույց տալուն կարող էին ծառայել,  այդուհանդերձ, Սողոմոնին չվշտացնելու համար դրանից ավելի բան չի ասում: Նույն ձևով Եգիպտոսի փարավոնը, որպես իր աղջկան օժիտ, ամենայն առատաձեռնությամբ Սողոմոնին է նվիրում քանանացիներից գրաված բոլոր երկրները:

Սողոմոնը ցանկանում է տիրել նաև իր պետությանը սահմանակից ծովերին, սակայն ամբողջ Երուսաղեմում նավաստի չգտնելով` դարձյալ վերոհիշյալ Քիրամ թագավորին է դիմում` խնդրելով նավապետ և նավաստիներ տրամադրել: Քիրամի երկիրը, ծովեզրյա լինելով, բազմաթիվ փորձառու նավաստիներ ուներ, ուստի նրանց ուղարկում է Սողոմոնին, որոնց Սողոմոնը իր մարդկանց հետ  Կարմիր ծովի եզերքն է ուղարկում և իր համար նավահանգիստ ըտրելով` բազում նավեր  է կառուցում և այդ կողմերում գտնվող հայտնի Սոփեր կոչվող վայրից առատ ոսկի է բերել տալիս: Նաև Փարաշամի ծովեզերքին իր համար նավահանգիստ է ընտրում և այնտեղ բազում նավեր է կառուցել տալիս, որոնցով տարեցտարի օտար երկրներից Սողոմոնին բազում գանձեր և հարստություն են բերում:

Այսպիսով, Սողոմոնի անունն այնքան է փառավորվում, որ հեռավոր երկրների իշխաններն ու թագավորները ոչ միայն հազվագյուտ և թանկագին ընծաներ են ուղարկում նրան, այլև նրա բարեկամություն ու մտերմությունը իրենց համար փառք ու պատիվ համարում: Ինչպես Եմենի կողմերի հարավային երկրի Սաբա թագուհին (Մտթ. 12:42), որն իմաստուն և իմաստությանը սիրահար կին էր, լսելով, որ Սողոմոնը գիտությունների մեջ չափազանց առաջադեմ և կատարյալ մեկն է, անձամբ բազում զորքով Երուսաղեմ է գալիս, որպեսզի նրան փորձի: Սույն թագուհին բազում կնդրուկ և անուշահոտ խունկեր, ոսկի և գոհար  է ընծայում Սողոմոնին:

Իսկ գիտությանը վերաբերող ինչ հարցեր էլ առաջարկում է, Սողոմոնն իսկույն այնպիսի ճշգրտությամբ և անսխալ բացատրություններով  է գոհացնում թագուհուն, որ նա մեծապես զարմանում է նրա մեծ իմաստությունից և գիտելիքներից: Բացի դրանից` տեսնելով նրա բնակության պալատը և կառուցած այլ շինություններ, մասնավորապես նորակառույց տաճարը և դրանում առկա զարդերն ու կահկարասին, Աստծուն մատուցվող զոհերը և արքայական տան կարգադրությունները, ինչպես նաև ծառայող մարդկանց կանոնավոր և վայելուչ պահվածքն ու վարքը, ապշում և հիանում է այս ամենով և  ստիպված խոստովանում, որ մինչ  ինքը, Սողոմոնի վերաբերյալ լսածները չափազանցություն համարելով, չէր ցանկանում հավատալ, հիմա տեսնում է, որ իր լսածն անգամ տեսածի կեսն էլ  չէ, ուստի երանի է տալիս նրա կանանց և ծառաներին, որոնք միշտ լսում են նրա խոսքերը և օգտվում աստվածապարգև գիտելիքներից:

Արդարև, վերոհիշյալ թագուհին հայտնապես խոստովանելով, որ այսպիսի ընդարձակածավալ գիտելիքները և խոհեմազարդ կենցաղավարությունը Աստծու հատուկ շնորհ ու ողորմություն է, գովում և փառաբանում է Աստծուն, որ, Իսրայելը սիրելով, Սողոմոնին թագավոր է կարգել, որպեսզի  արդարությամբ և իմաստուն թագավորությամբ ժողովըրդին երջանկությունը պատրաստի: Սողոմոնը ևս հիշյալ թագուհուն, մեծ պատիվ և արքայական հյուրասեր մեծարանք ամենայն շռայլելությամբ ընծայելուց բացի, նրա ցանկության համաձայն` ամեն ինչով գոհացնում է նրան, և  նա մեծ գոհունակությամբ վերադառնում է իր երկիր:

Այժմ հարկ է փոքր-ինչ խորհելու. Սողոմոնը հարստություն և մեծություն խնդրելու փոխարեն միմիայն իմաստություն է խնդրում, և հենց դրա պատճառով Աստված նրան անսովոր իմաստություն տալուց բացի` այնքան հարստություն և մեծություն է տալիս, որի նմանը մինչ այդ բնավ չէր եղել: Նրա պալատի ողջ սպասքն ու անոթները ոսկուց էին, նրա օրոք արծաթը անարժեք բան էր համարվում (Գ Թագ. 10:21), և շրջակա թագավորներից առավել հանճարեղ և իմաստուն, ինչպես նաև մեծությամբ, հարստությամբ և զորությամբ փառավորված (Գ Թագ. 10:23)` Սողոմոնն իշխում է նրանց բոլորին, ինչպես Սուրբ գրքից է հայտնի:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․