Գրքեր
Սողոմոնի մահվանից հետո ո՞վ է թագավորում Երուսաղեմում:

Թագավորում է նրա որդի Ռոբովամը, սակայն սա թագավորում է ոչ թե բոլոր իսրայելացիներին, այլ Հուդայի և Բենիամինի ցեղերին: Որովհետև երբ Սողոմոնը մահանում է, իսրայելացիները հավաքվում են Եփրեմի ցեղի երկրի Սիկիմ կոչվող վայրում, որպեսզի Ռոբովամին թագավոր կարգեն: Այդ ժողովին հրավիրում են նաև Հերոբովամին, որը Սողոմոնի երկյուղից Եգիպտոս էր փախել ու ապաստանել էր փարավոնի մոտ և Սոողոմոնի մահվան մասին լսելով` նորից վերադարձել  հայրենիք:

Արդ, Ռոբովամը նույնպես Սիկիմ է գնում, որպեսզի ժողովրդի ներկայությամբ հոր փոխարեն բոլոր իսրայելացիների թագավոր կարգվի: Սակայն ժողովրդի մեծամեծները Ռոբովամին առաջարկում են` ասելով. «Հայրդ մեզ վրա ծանր հարկեր էր դրել, դու թեթևացրո´ւ, որ մենք քեզ ծառայենք»: Սա երեք օր ժամանակ է խնդրում, որպեսզի պատասխանի, և երբ հոր ծերունի խորհրդականներին է հարցնում նրանք պատասխանում են. «Միառժամանակ ժողովրդի խնդրանքը կատարի´ր, որպեսզի միշտ քեզ ծառայեն»:

Ռոբովամը ժողովրդի այս պահանջի մասին իրեն հասակակից ընկերներից էլ է խորհուրդ հարցնում, որոնք ասում են, որ ժողովրդին պատասխանի հետևյալ կերպ. «Ճկույթս հորս մեջքից ավելի պինդ և ամուր է, եթե հայրս ձեզ վրա ծանր հարկ էր դրել, ես առավել ևս պիտի ծանրացնեմ, եթե նա ձեզ միայն գավազանով ծեծելով է կրթել, ես փշե գավազանով պիտի կրթեմ»: Երբ ժողովուրդը երրորդ օրը գալիս է Ռոբովամի մոտ, սա երիտասարդների խորհրդով խստությամբ է խոսում նրանց հետ, որոնք, արդեն իսկ դժգոհ լինելով, այսպիսի հակառակ խոսքեր լսելով, իրենց մեջ թաքցրած ապստամբությունն իսկույն բացահայտելով, ասում են. «Մենք Դավթի հետ բաժին չունենք, ուրեմն գնա´ և Դավթի տա´նը թագավորի´ր. իսրայելացինե´ր, վերադարձե´ք ձեր տեղը»: Այսպիսի ըմբոստ խոսքերից հետո մարդիկ ցրվում, վերադառնում են իրենց տուն:

Թեպետ Ռոբովամը ժողովրդի հետ խստությամբ խոսելու համար զղջում է, սակայն այլևս շատ առաջ գնալով` Ադոնիրամ անունով մի մարդու (որ պետական հարկերը հավաքող պաշտոնյան էր) ուղարկում է ժողովրդի մոտ, որ համոզիչ խոսքերով ապագա չարիքը կանխի: Սակայն նրանք, հիշյալ պաշտոնյային իսկույն քարկոծելով, սպանում են, քանի որ Ռոբովամի վրա բարկացած` ամբողջովին մերժում են Դավթի ցեղը: Ռոբովամը սա լսելուն պես երկյուղից խույս է տալիս Երուսաղեմ, որ իրեն էլ չսպանեն:

Այստեղ հարկ է նկատել, թե Սողոմոնը ժողովրդին կառավարելու համար որքան  խոհեմ, հմուտ և հեռատես էր, նրա որդի Ռոբովամը նույնքան տգետ, ապուշ և անխոհեմ է գտնվում: Քանի որ անխոհեմ երիտասարդների խորհուրդները լսելով` ցանկանում է բռնապետության և հարստահարության դրություն հաստատել, որով էլ տասը ցեղերին անհնազանդության և ապստամբության է մղում, քանի որ այդ տասը ցեղերը, Հերոբովամին հրավիրելով, իրենց  թագավոր են կարգում:

Այսպիսով, Ռոբովամը Երուսաղեմում թագավորում է միայն Հուդայի և Բենիամինի ցեղերի վրա: Քանի որ մի կողմից` Բենիամինի քաղաքները, իսկ մյուս կողմից` Հուդայի քաղաքները սահմանակից էին Եուսաղեմին, ուստի Բենիամինի ցեղն էլ է հնազանդվում Ռոբովամին, այսինքն` Դավթի տանը, որով էլ իրականանում է Աքիա մարգարեի պատգամը (տե՛ս ԽԶ հարցը), որ Հերոբովամին ասվել էր դեռ Սողոմոնի կենդանության օրոք:

Թեպետ Ռոբովամը երկու ցեղերի էր իշխում, բայց Հուդայի ցեղն  անչափ մարդաշատ և զորավոր լինելու համար Հուդայի թագավոր է կոչվում: Այդպիսով, այնուհետև Երուսաղեմի  բոլոր թագավորները նույն անունն են կրում: Նույնպես  և Հերոբովամը Իսրայելի թագավոր  է կոչվում, և այնուհետև տասը ցեղերին   իշխող թագավորները նույն անունով են ճամաչվում, որի համար էլ Հուդայի թագավորի հպատակները` Հուդայի ժողովուրդ, իսկ Իսրայելի թագավորի հպատակները Իսրայելի ժողովուրդ են անվանվում:

Ընթերցո´ղ, մտապահի´ր իսրայելացիների թշվառ վիճակը. քանի որ մեկ ազգի երկու թագավոր է իշխում, ժողովուրդն էլ երկու հակադիր մասերի է բաժանվում՝ գրեթե միշտ հակված ընդհարվելու: Ինչպես, օրինակ, Ռոբովամը Երուսաղեմում 180 հազար զորք է հավաքում, որ Հերոբովամի վրա հարձակվելով` իսրայելացիների ցեղերին իրեն հնազանդեցնի: Սակայն քանի որ Աստված էր հրամայել, որ Սողոմոնի թագավորությունը երկու մասի բաժանվի (տե´ս ԽԶ հարցը), այս է պատճառը, որ պատվիրում է Սամեա մարգարեին գնալ և Ռոբովամին հայտնել, որ Իսրայելի դեմ պատերազմ չմղի` հայտնելով, որ այդ բաժանումը Իր հրամանով է տեղի ունեցել:

Ռոբովամը, Աստծու հրամանին հնազանվելով, իսկույն հրաժարվում է Իսրայելի դեմ պատերազմելու մտքից և մտադրությունից, սրանով նա թեև միայն երկու ցեղերի է իշխում, սակայն Աստծու հրամանին հնազանդվելու համար  նրա թագավորությունը և՛ փառքով, և՛ ուժով օրըստօրե ծաղկում և զորանում է: Իսկ Հերոբովամը թեև Սիկիմն իր մայրաքաղաքն է դարձնում, սակայն Հուդայի թագավորից երկնչելով` Հորդանան գետի հակառակ ափին Փանուել բերդն է կառուցում և խիստ ամրացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրեն ապաստարան լինի:

Դրանից բացի` Հերոբովամը, նկատի ունենալով, որ տաճարը Երուսաղեմում է կառուցվել և տապանակն էլ տաճարում է, և օրենքով զոհաբերությունների համար այլ տեղ սահմանված չէ, նաև հաշվի առնելով, որ բոլոր իսրայելացիները ըստ օրենքի պարտավոր են տարին  երեք անգամ Երուսաղեմ գնալ և տաճարում Աստծուն երկրպագել, մտածում է` ինչ-որ ձևով ժողովրդին արգելի Երուսաղեմ գնալ, որ Երուսաղեմ գնացող ժողովուրդը  թերևս չհորդորվի հարելու Հուդայի թագավորությանը:

Ուստի հիշյալ թագավորը իր նպատակին հասնելու համար երկու ոսկյա հորթ է պատրաստել տալիս, որոնցից մեկը` Դանում, իսկ մյուսը Բեթելում է կանգնեցնում: Քանի որ Դանը նրա իշխանության մի սահմանում էր, իսկ Բեթելը` մյուս ծայրում, ուստի պատվիրում է, որ երկրպագելու համար այլևս Երուսաղեմ չգնան, այլ վերոհիշյալ հորթերին երկրպագեն և զոհաբերություններ անեն, քանի որ ասում է. «Այս Աստվածներն են, որ ձեզ հանել են Եգիպտոսից»: Այսպիսով, ամբարիշտ թագավորը, Աստծուն ուրանալուց բացի, ջանում է ժողովրդին էլ կռապաշտության մղել: Դարձյալ, քանի որ, Մովսեսի պատվիրանի համաձայն, բոլոր քահանաները և ղևտացիներն աստվածային օրենքները  ժողովրդին ուսուցանելու համար իսրայելացիների բնակավայրերում իրենց բաժինն ունեին, Հերոբովամը այդ բոլոր պաշտոնյաներին արտաքսում է երկրից, որպեսզի չկարողանան ժողովրդին ուսուցանել և հաղորդել աստվածային հրամանները: Այն ժամանակ թշվառ քահանաները, անելանելի վիճակում հայտնվելով, իրենց կամքից անկախ, թողնում են հայրենի երկիրն ու ունեցվածքը և ապաստանում Հուդայի երկրում:

Հերոբովամը ոսկյա հորթերի գտնվելու վայրերում սեղաններ է կառուցում և ըստ կռապաշտների սովորության՝  բարձունքներում անտառ տնկելով` քահանաների և ղևտացիների փոխարեն այլ մարդիկ է կարգում, որպեսզի ժողովրդի` զոհ մատուցելու ժամանակ քահանայի պաշտոն կատարեն: Նույն ձևով էլ հրամայում է Հուդայի երկրի տոն օրերը, որոնք, ըստ օրենքի, Երուսաղեմում մեծ շուքով են նշվում, նույնատիպ հանդիսությամբ տոնել ճիշտ նույն օրերին, որպեսզի Իսրայելի ժողովուրդը այդ տոների առիթով Երուսաղեմ գնալու սովորությունից բացարձակապես հրաժարվի:

Արդարև, վերը հիշատակվածի նման և իր կարգադրությանը համապատասխան` տոնախմբության օրին, երբ Հերոբովամն անձամբ Բեթել է գնում և իր կառուցած սեղանին անձամբ զոհեր մատուցում, ահա Հուդայի երկրից մի մարգարե, Աստծու հրամանով գալով և դեմ հանդիման կանգնելով, ի լուր ժողովրդի` աներկյուղ հայտարարում է. «Սեղա՛ն, սեղա՛ն, ահա Դավթի ցեղից Հոսիա անունով մի զավակ պիտի ծնվի, որ կուռքերի քրմերին քեզ  պիտի զոհաբերի և նրանց ոսկորները պիտի այրի» (Գ Թագ. 13:2) (որոշակի ժամանակ անց սույն մարգարեությունը կատարվում է Հովսիա թագավորի ձեռքով, որը նույն այդ սեղանին այրում է կուռքերի քրմերի ոսկորները, ինչպես որ գրված է Դ Թագ. 23:15-ում):

Որպես սույն մարգարեությունը կատարվելու նշան` մարգարեն հայտնում է. «Սեղանը պիտի պատռվի և վրան եղող զոհը թափվի»: Հերոբովամը, որ ներկա էր, սա լսելով,  ձեռքը պարզում է, որ հրամայի բռնել նրան, և այդ պահին, ո˜վ հրաշք, ձեռքը գոսանում է, անկարող է լինում այն հետ տանելու, և սեղանն էլ ճեղքվելով`  ամբողջ զոհը թափվում է գետնին (Գ Թագ. ԺԳ 4,5):

Դու Հերոբովամի համառությո´ւնը տես. թեև հստակ հասկանում է, որ պատահածն իր անօրեն կյանքի համար Աստծուց պատիժ է, սակայն դրանից հրաժարվելու փոխարեն մարգարեին միայն խնդրում է, որ իր ձեռքը բուժելու համար Աստծուն աղաչի: Մարգարեն զիջում է, աղոթում Աստծուն, և թագավորի գոսացած ձեռքն իսկույն բժշկվում է: Իրոք,  Հերոբովամը ոչ միայն արժանի չէր գթության, այլև առավել խիստ պատուհասի էր արժանի, սակայն Աստված նրան հայտնում է Իր զորությունն ու գթությունը, որպեսզի նա իր վարքն ուղղի:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․