31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Հուդայի Ռոբովամ թագավորը միշտ հնազանդվո՞ւմ է Աստծուն:

Չի հնազանդվում: Այո՛, հիշյալն առանց օրինազանցության երեք տարի է թագավորում: Հերոբովամի արտաքսած քահանաները և ղևտացիները նրա երկրում են ապաստան  գտնում: Մանավանդ որպեսզի Իսրայելի թագավորն ու շրջակայքի կռապաշտներն իր թագավորություն չմտնեն և վնասներ չհասցնեն, ամրացնում է սահմանամերձ քաղաքները, զենք, զինամթերք և զորք տեղակայում և օրըստօրե զորանալով` հպարտանում: Եվ  ահա այս է պատճառը, որ Աստծու պատվիրանների ճանապարհը մոռանալով` սկսում է Աստծու օրենքներին հակառակ գործել, և ժողովուրդն էլ  թագավորին հետևելով`  բոլորը միասին խոտորվում են (Բ Մնաց. 12:1):

Սակայն դու Ռոբովամի թշվառ վիճակի´ն նայիր. որովհետև Աստծու օրենքներին հակառակ գործելուն պես Եգիպտոսի Սուսակիմ թագավորն անհամար զորքով նրա դեմ պատերազմի է դուրս գալիս և կառուցած բերդերը գրավելուց հետո  պատրաստվում է Երուսաղեմն էլ գրավել: Ռոբովամը և ժողովրդի մեծամեծները, տեսնելով, որ եգիպտացիներին դիմակայելու հնարավորություն չունեն, հավաքվում են Երուսաղեմում, որպեսզի մտածեն իրենց տագնապալի վիճակի մասին: Ահա այդ ժամանակ Աստծու հրամանով գալով` Սամեաս մարգարեն ժողովվածներին հայտնում է. «Դուք Աստծուն թողեցիք, Աստված էլ` ձեզ» (Բ Մնաց. ԺԲ 5):

Երբ արքան և հավաքված իշխանները լսում են այս խոսքերը, ամոթով լցված` հասկանում և խոստովանում են իրենց հանցանքները` ասելով. «Աստված արդար է» (Բ Մնաց. 12:6): Քանի որ Եգիպտոսի թագավորը վաղուց էր թշնամացել Ռոբովամին և նրան պատուհասելու փափագ ուներ, սակայն Աստված թույլ չէր տալիս,  որ պատեհ առիթ գտնի: Բայց երբ Ռոբովամը ընթանում է օրինազանցության ճանապարհով, Աստված բարկանալով թշնամուն գրգռում է նրա դեմ, որ նա ուղղվի:

Արդ, քանի որ Ռոբովամը և ժողովրդի մեծավորները, իրենց սխալը հասկանալով, խոստովանում են Աստծու արդարությունը, նա, նույնպես ողորմած լինելով, կամենում է փրկել Իր սեփական ժողովրդին, ուստի նույն Սամեաս մարգարեին ասում է. «Քանի որ պատկառանք ունեցան, չպիտի թողնեմ, որ ամբողջությամբ կործանվեն, նրանց մի քիչ պիտի օգնեմ, որ այսուհետև իմանան Աստծուն և երկրավոր թագավորին ծառայելու տարբերությունը»:

Թեպետ Սուսակիմն անչափ հզոր և հաղթող էր և Երուսաղեմը կործանելու բուռն տենչ ուներ, սակայն Աստված, նրա միտքը փոխելով, չի թույլատրում, որ առաջին մտադրությունն իրականացնի, այլ միայն Ռոբովամի ուղղելու համար թույլ է տալիս, որ Եգիպտոսի թագավորին հպատակ և հնազանդ լինի: Ահա այսպես, առանց պատերազմելու հաշտվում են, սակայն տաճարի և Ռոբովանի պալատի գանձերը՝ ոսկյա վահաններն ու զենքերը, որոնք Սողոմոնն էր պատրաստել, Ռոբովամը ստիպված է լինում Սուսակիմին տալու, որի դիմաց սա նոր գրաված բերդերը վերադարձնում է Հուդային և վերադառնում Եգիպտոս: Հետագայում Ռոբովամը ստիպված ոսկյայի փոխարեն պղնձյա զենքեր է պատրաստել տալիս:

Նայի՛ր. Դավթի և Սողոմոնի` տաճարին ընծայած գանձերը Ռոբովամի մեղքի պատճառով թշնամու ձեռքն են  անցնում: Նա, ով իր կամքով Աստծուն չի հնազանդվում, ստիպված է լինում թշնամուն հնազանդվելու և ոսկյա զենքերն էլ պղնձյա զենքերով փոխարինելու: Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր է դառնում, և տասնյոթ տարի թագավորելուց հետո մահանում է և թաղվում  հոր մոտ:

Այստեղ լա՛վ խորհիր Աստծուն և մարդկանց ծառայելու տարբերության մասին: Աստված, որ ոչնչի կարիք չունի, երկրի վրա Իր ծառային բոլոր կարևոր բաները շնորհելուց բացի, հանդերձյալ կյանքում նույնպես անվախաճան փառքի արժանացնելով, նրան փառավորում է: Սրան հակառակ` մարդը, որ բնույթով տկար է, հանդերձյալ կյանքում իր ծառային օգնել չկարողանալուց բացի, այս երկրի վրա էլ ինքը շատ բաների անկարող լինելով, իրեն անհրաժեշտ բաները ծառայից է պահանջում, սրա պատճառով էլ մարդու ծառան նեղությունից ամբողջովին ազատ լինել չի կարող: Որպես օրինակ՝ թագավորները իրենց հպատակներից դրամ և կամ այլ ծառայություններ են պահանջում:

Ուրեմն եթե ցանկանում ես երկու աշխարհներում էլ օգնություն և ողորմություն գտնել և հանգիստ ունենալ, Աստծուն հավատարմությա´մբ ծառայիր, ինչպես որ Եսայի մարգարեն է հայտնապես խոսում և հաստատում, որ նրանք, ովքեր հնազանդ են Աստծուն և´ այս աշխարհում, և´ հանդերձյալում, ուրախ և երջանիկ պիտի լինեն, իսկ նրանք, ովքեր հնազանդ չեն աստվածային օրենքներին և պատվիրաններին և միայն իրենց աշխարհիկ և մարմնավոր շահերին են հետամուտ, անչափ մեծ թշվառության պիտի մատնվեն և անվախճան կյանքի հավիտենական հուսահատությամբ սրտի դառնագին հառաչանքներով պիտի լան ու ողբան (Ես. 65:13,17):

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․