31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Ռոբովամից հետո ո՞վ է լինում Հուդայի թագավոր Երուսաղեմում:

Նրա որդի Աբիասը: Իսրայելի Հերոբովամ թագավորը, մշտապես թշնամի լինելով Հուդայի թագավորությանը, ութ հարյուր հազար զորք է հավաքում` Աբիասի վրա հարձակվելու, վերջինս էլ չորս հարյուր հազար զորք է հավաքում Իսրայելի դեմ պատերազմելու համար, և երբ հավաքվում են Սոմորոն լեռան վրա, որի ստորոտին իսրայելացիների բանակն էր, քանի որ լեռան վերևից հնչած  խոսքը ներքևում լսվում է, ուստի Աբիասը, դեռ պատերազմը չսկսած, հակառակորդ թշնամու բանակին փորձում է համոզել, որ միմյանց չկոտորեն:

Այս նպատակով, լեռան գագաթին կանգնած, ժողովրդին մեկ առ մեկ հայտնում է, որ նրանք Աստծու կամքին հակառակ են վարվում, որ Աստված հաստատապես խոստացել է  թագավորությունը տալ Դավթի ցեղին, որ Հուդայի ցեղը Աստծու օրենքը տաճարում միշտ պահպանելու համար Աստված նրա հետ է, որ նրան ընդդիմացողն անպատճառ կպատժվի: Թեև Աբիասը այս խոսքերով ցանկանում է խրատել Հերոբովամին և Իսրայելը, որ իրենց սխալը հասկանալով` Աստծուց վախենան: Սակայն Հերոբովամը, Աստծու երկյուղը սրտից հանելով և մանավանդ իր զորքի բազմությանն ապավինելով, մինչ Աբիասը շարունակում էր իր խրատական խոսքը, իր զորքից մի քանի գունդ դարանակալելով` հանկարծ շրջապատում են Աբիասին և նրա զորքին:

Երբ սրանք իրենց շրջապատված են գտնում, թեև սաստիկ վախենում են, սակայն բոլորն էլ, ապավինելով Աստծուն, օգնություն են խնդրում, և երբ քահանաներն էլ են սկսում փողեր հնչեցնել, ահա մի հրաշքով` Աստծու հրամանով, Հերոբովամի զորքի սրտերը երկյուղով են լցվում, և նրանք բոլորովին շփոթվում են (Բ Մնաց. 13:14): Երբ առանց պատճառը հասկանալու սկսում են փախչել, Հուդայի զորքը, սրանից քաջալերվելով, սկսում է նրանց կոտորել այնպիսի սաստկությամբ, որ այդ օրը Իսրայելի թագավորությունից հինգ հարյուր հազար մարդ միանգամից զոհվում է:

Աբիասը, այս հաղթանակից հզորանալով, Հերոբովամի երկրից քաղաքներ  է գրավում, քանի որ վերջինս ամբողջովին տկարացել էր: Այո՛, Աբիասը աստվածային օգնությամբ մեծ հաղթանակ է շահում, սակայն հետագայում հոր՝ Ռոբովամի վատթար վարքից չի խուսափում: Աբիասը, հազիվ երեք տարի թագավորելով, մահանում է և թաղվում Երուսաղեմում:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․