31 Մարտ, ԳՇ, Մեծ Պահքի ԼԷ օր

Գրքեր
Աքաաբը, իր պատիժը լսելով, զղջո՞ւմ է:

Չի զղջում: Ընդհակառակը, թշնամուն հաղթելուց հետո խնջույքների և զվարճանքների է տրվում: Քանի որ Հեզաբելը քաղաքի մոտ կառուցած ամառանոց, այնտեղ նաև ագարակ և կալատեղ ուներ: Այդ տեղին մոտ Նաբովթ անունով մեկը նույնպես այգի ուներ, և Աքաաբը ցանկանում է այն գնել և իր համար բանջարանոց դարձնել, ուստի Նաբովթին առաջարկում է այդ այգին իրեն տալ, որի փոխարեն կա´մ մի այլ այգի կտա, կա´մ էլ գինը կվճարի:

Սակայն աստվածային պատվիրան (Ղևտ. 25:23) կար, ըստ որի` իսրայելացիները իրենց կալվածքը չեն կարող վաճառելով մեկ ուրիշին վերջնականապես փոխանցել, և քանի որ այդ այգին էլ  Նաբովթի ցեղի ժառանգությունն էր, նա ստիպված է լինում մերժելու արքայի առաջարկը` ասելով. «Աստված մի´ արարսցե, որ ես իմ հայրական միակ կալվածքը քեզ տամ»: Աքաաբը, սույն մերժողական պատասխանից անչափ տխրելով, տուն է վերադառնում և տխրությունից չի ցանկանում անգամ հաց ուտել, և հիվանդ տեսք ընդունելով` պառկում է: Նրա կին Հեզաբելը, երբ տեղեկանում է եղելությանը, Աքաաբին ասում է. «Այսպե՞ս պիտի թագավորես, վե´ր կաց, հա´ցդ կեր, ես Նաբովթի այգին քեզ կտամ»:

Ուշադրության է արժանի այն, որ թեև Աքաաբը Նաբովթի մերժման պատճառով շատ է տխրում, սակայն հաշվի առնելով  որևէ մեկի ունեցվածքը բռնությամբ վերցնելը` հակառակ է արդարությանը, լավագույնը  լռելն է համարում: Իսկ Հեզաբելը, որ անչափ դաժան կին էր և Աստծուց էլ չէր երկնչում, ոչ միայն ցանկանում է հափշտակել Նաբովթի այգին, այլև նրան սպանելու դիտավորությամբ և չար խորհրդածությամբ Աքաաբից մեծամեծներին հրովարտակ է ուղարկում, որով նրանց պատվիրում է ծոմ պահել և ժողովրդին ժողովել, և Նաբովթին բազմության վերևը նստեցնելով` երկու չար մարդկանց վկայել է տալիս, որ Նաբովթը հայհոյել է Աստծուն և թագավորին, և այդ վկայությունից անմիջապես հետո քարկոծությամբ սպանում են նրան:

Արդարև, թագավորական հրովարտակին համապատասխան` Նաբովթին քարկոծում են, սակայն նրա մահվամբ չբավարարվելով` նրա երկու որդիներին էլ  են սպանում, որպեսզի այգին  անտեր մնալով` Աքաաբը կարողանա այն գրավել (Դ Թագ. 9:26):

Դու Հեզաբելի անգութ և անողորմ խորամանկությո´ւնը տես.  Նաբովթի հանիրավի սպանության չարագործ խաբեությունը ծածկելու համար, որ հանկարծ հայտնի դառնալով` ժողովուրդը չբամբասի, գործին այնպիսի տեսք է տալիս, որ կարծես թե Աստծու և թագավորի պատիվը պաշտպանելու համար է արդարությամբ այդպես վարվել, քանի որ ծոմապահությամբ և երկու մարդկանց վկայություներով են սպանել մարդուն:

Թեև սույն գաղտնիքին տեղյակ մարդիկ նրա անսիրտ վարմունքն է´լ ավելի են տարածում, սակայն նա, ընդհանրապես հոգ չանելով, երբ ստանում է Նաբովթի մահվան լուրը, Աքաաբին ասում է. «Ելի´ր և գրավի´ր այգին, քանի որ Նաբովթը մահացել է»: Աքաաբը եղելությունը իմանալուն պես հագուստը պատռում է և քուրձ հագնելով` ասում. «Նաբովթը հանիրավի է  մահացել», սակայն այսուհանդերձ ո՛չ հանդիմանում և ո՛չ էլ պատժում է չարագործին, ընդհակառակը, իբր արդեն կալվածքի տեր` շտապում է գրավելու այն:

Մինչ նա ճանապարհին էր, Աստծու հրամանով Եղիա մարգարեն նրա դեմ է դուրս գալիս և բարկությամբ ասում. «Այնտեղ, որտեղ  շներն ու խոզերը Նաբովթի արյունը լիզեցին, նույն վայրում քո արյունը պիտի լիզեն, և ինչպես  Հերոբովամի և Բաասի ցեղերը սրով սպանվեցին, այդպես էլ քո ցեղը սրի պիտի քաշվի, և Հեզաբելի դիակը շները պիտի ուտեն»: Թեև Աքաաբը Եղիային թշնամի էր համարում, նրա խոսերից շատ է նեղվում, սակայն միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինքը մեղավոր է, այս անգամ շտապում է զղջալու և զգեստը պատռելով, քուրձ հագնելով, արտասուքներով և ծոմապահությամբ ապաշխարում է, քանի որ գիտեր, որ Եղիայի արտասանած և վճռած պատիժը անպատճառ իրագործվելու է:

Լա՛վ ըմբռնիր, թե ինչքան օգտակար է, որ մարդ հասկանա իր հանցանքը և խոնարհ սրտով անկեղծորեն զղջա: Քանի որ Եղիայի սպառնալի պատիժը Աքաաբի օրոք պիտի գործադրվեր, սակայն հիշյալի` խոնարհությամբ, զղջալով և արտասուքով ու ծոմապահությամբ ապաշխարելու համար Աստված Եղիային ասում է, որ նրա օրոք չպիտի լինի պատիժը, այլ նրա որդու օրոք (Գ Թագ. 21:28, 29): Հիրավի, ինչպես  Աստծու օրենքներին հակառակ գործող մարդն է պատժի արժանանում, այդպես էլ խոնարհությամբ և անկեղծությամբ զղջացող մեղավորն ազատվում է պատժից:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․