1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր
Ո՞վ է հաջորդում Ոքոզիային:

Նրա եղբայր Հովրամը: Քանի որ Ոքոզիան որդի չուներ, Աքաաբն իր կենդանության օրոք արդեն իսկ Հովրամին թագավորության տեղակալ էր կարգել: Ճշմարիտ է, որ Հովրամը, չընդունելով Բահաղ կուռքին, կործանում է կուռքին նվիրված սեղանները, որոնք Աքաաբն էր կառուցել, սակայն Աստծուն կատարյալ սրտով հնազանդություն էլ չի ցուցաբերում: Քանի որ իսրայելացիների` Երուսաղեմ չգնալու համար Հերոբովամի ձուլած ոսկե հորթերը չի վերացնում, որով էլ մասնակից է լինում նրա մեղքին:

Արդ, դեռևս հնուց մովաբացիների թագավորները Իսրայելին հարկ էին վճարում՝ տարին հարյուր հազար մաքի և նույնքան էլ խոյ, սակայն Աքաաբի մահանալուց հետո ապստամբում են և սովորական հարկը չեն վճարում: Ոքոզիան էլ մահանում է` նրանց պատժելու ժամանակ չունենալով: Այս իսկ պատճառով Հովրամը մովաբացիների դեմ հարձակվելու պատրաստություն է տեսնում և Հուդայի Հովսափաթ թագավորին նույնպես լուր է ուղարկում, որպեսզի միասին պատերազմեն: Հովսափաթը խոստանում է միանալ նրան, քանի որ բարեկամ էին: Սրանից բացի` Եդովմի թագավորն էլ, որը ենթարկվում էր Հովսափաթին, դրա համար նույնպես նրանց է միանում, և երեք թագավորներով և ահագին բազմությամբ մովաբացիների դեմ են շարժվում:

Սակայն երբ յոթ օր անապատով գնալով` ջուր չեն կարողանում գտնել, Հովրամը սկսում է գանգատվել, թե Աստված մովաբացիների ձեռքով կոտորելու համար է իրենց առաջնորդել այդ վայրերը: Իսկ Հովսափաթը, որն իր ամբողջ հույսը Աստծու օգնության վրա էր դրել, հարցնում է, թե արդյոք Աստծու մարգարեներից որևէ մեկը չկա այդ վայրերում, որպեսզի նրա միջոցով իմանան Աստծու կամքը, և տեղեկանալով, որ Եղիսեն այդ կողմերում է, երեք թագավորներով անմիջապես նրա գտնվելու վայրն են գնում:

Երբ Եղիսեն տեսնում է Հովրամին, չի ուրախանում, քանի որ գիտեր, որ նրա սիրտն ուղիղ  չէր, դրա համար էլ խոսքը նրան ուղղելով` ասում է. «Դու ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա´ հորդ և մորդ մարգարեների մոտ, եթե Հովսափաթի պատվի համար չլիներ, բնավ և երբեք քեզ չէի ընդունի», և թեպետ Եղիսեն գիտեր, թե նրանք ինչի համար են եկել, սակայն Իսրայելի թագավորին հանդիմանելով և բարկանալով` նրանց պատասխան տալու համար ի վերուստ չի ներշնչվում: Այս է պատճառը, որ հրամայում է   մի ղևտացի բերել, որպեսզի սաղմոսներ կարդա, և երբ ղևտացին սկսում է սաղմոսերգել, Եղիսեի բարկությունը իսկույն մեղմանում է,  և Աստծուց ներշնչված` պատասխանում է երեք թագավորներին. «Հեղեղատում հորե´ր փորեցեք, դեռևս հողմ չբարձրացած և անձրև չեկած` հեղհեղատը ջրով կլցվի» (Դ Թագ. 3:15):

Նաև նախապես հայտնում է թշնամու նկատմամբ նրանց հաղթանակի մասին, որպեսզի հասկանան և ճանաչեն Աստծու զորությունը: Եվ իրոք, հաջորդ օրը` վաղ առավոտյան, Աստծու կամքով Եդովմի կողմից մի այնպիսի հեղեղ է գալիս, որ նրանց գտնվելու վայրերը ջրի տակ է առնում: Մովաբացիները, որ լսել էին իրենց դեմ երեք թագավորների արշավանքի մասին, մեծից փոքր հավաքվելով,  ահագին բազմություն են կազմում և մի բլուրի վրա բարձրանում, որտեղից հեշտությամբ տեսանելի էր իսրայելացիների բանակը:

Ու քանի որ ջուրը  հեղեղել էր շրջակայքը, առավոտյան արեգակի ճառագայթները, ջրին դիպչելով և երկրից բարձրացող գոլորշուն միախառնվելով, մովաբացիների կողմից իսրայելացիների կողմը նայելիս  ջուրը արնագույն էր երևում: Եվ ուրեմն, քանի որ այնտեղ նախապես ջուր չկար և այդ ընթացքում անձրև էլ չէր եկել, պատրանքի մեջ ընկնելով` միմյանց ասում են. «Իսրայելացիների բանակում երեք թագավորների միջև կռիվ է եղել, և զորքը միմյանց կոտորել է, և այդ արյունն է, որ տեսնում ենք»:

Մանավանդ (տե՛ս Կ հարցը) ամոնացիները և այլ ազգեր Հովսափաթի հետ նախկինում պատերազմելիս զորքերի միջև կռիվ էր ծագել, և միմյանց կոտորել էին, ուստի նրանք կարծում են, որ համանման մի դեպք էլ իսրայելացիների հետ է կատարվել: Զարմանալին այն է, որ եղելությունը չճշտելով` միմյանց ասում են. «Մեր թշնամիները իրար կոտորելով կորան, եկե´ք գնանք, ավար վերցնենք», և կողոպուտի բաղձանքով, պատերազմական ամեն կարգ ու կանոն թողնելով, խառնիխուռն իսրայելացիների կողմն են շտապում: Սակայն իսրայելացիները, որ բոլոր առումներով կարգապահ էին և զգուշավոր, թշնամու այս անկանոն վիճակը տեսնելով` իսկույն սկսում են նրանց կոտորել:

Իրոք, երբ մովաբացիները մտածում են, որ միայն մահացածների պիտի կոտորեն և ահա կենդանի զինվորների են հանդիպում, այդ է պատճառը, որ սկսում են փախչել: Սակայն իսրայելացիները, նրանց հետապնդելով, բոլորին սրի են քաշում, և նրանց քաղաքներն էլ այնպես անվերում, որ կանգուն ոչինչ չի մնում. կտրատում են բոլոր պատղատու ծառերը և աղբյուրներն էլ փակում: Մովաբացիների թագավորը, իր զորքի այսպիսի կոտորվելը տեսնելով, որոշում է յոթ հարյուր սուսերամարտիկներով հարձակվել եդովմացիների թագավորի վրա, և երբ նրան սա էլ չի հաջողվում, այն ժամանակ ամբողջովին հուսահատվելով, իր անդրանիկ որդուն, որին արդեն իսկ իր փոխարեն թագավոր էր կարգել, իսրայելացիների աչքի առջև քաղաքի պարիսպների վրա մորթում է: Այս սարսափելի զոհաբերության տեսարանից բոլորի սիրտը կարեկցությամբ է լցվում, հեռանում են այնտեղից, և ամեն մարդ իր տուն է վերադառնում:  Հուդայի Հովսափաթ արքան էլ իր տուն է վերադառնում: Սրանից հետո Հովսափաթը մահանում է և թաղվում  Սիոն լեռան վրա իր թագավորության քսանհինգերորդ տարում:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․