Գրքեր
Հովրամն այսպիսի հրաշքով սովից և թշնամուց ազատվելուց հետո հնազանդվո՞ւմ է Աստծուն:

Չի հնազանդվում, որի պատճառով մահանում է անչափ թշվառ վիճակում:

Երբ ասորիների թագավորը հիվանդ էր, Եղիսեն գնում է Դամասկոս: Թագավորը, լսելով Եղիսեի գալու մասին, Ազայել անունով  նախարարին քառասուն ուղտաբեռ ընծաներով ուղարկում է նրան ընդառաջ, որպեսզի սա հարցնի, թե արդյոք արքան կապաքինվի իր հիվանդությունից: Հիշյալ նախարարի հարցին նախ` Եղիսեն պատասխանում է, որ կապաքինվի, իսկ հետո` հավելում. «Սակայն Աստված ինձ հայտնեց, որ նա մահանալու է»:

Քանի որ Եղիսեն գիտեր, որ Ազայելը չպիտի հայտներ, որ թագավորը  մահանալու է,  նախ` ասելով` պիտի ապրի,  Ազայելի մտադրությունն է հայտնում: Ուստի նախարարը, լսելով այս խոսքը, պատկառում է մարգարեից, քանի որ մինչ թագավորի առողջանալու լուրին էր սպասում, տեղեկանում է, որ պիտի մահանա, իսկ նա սրան պատրաստ չէր:

Սակայն քանի որ Աստված նախապես Եղիա մարգարեին հայտնել էր, որ հիշյալ Ազայելին ասորիների թագավոր պիտի կարգի (տե´ս ԾԴ հարցը), ուստի նրա պատվերով Եղիսեն նրան թագավոր պիտի հռչակեր, և Աստված այս թագավորի ձեռքով իսրայելացիներին պետք է պատժեր, որն իմանալով` մարգարեն սկսում է արտասվել: Ազայելը, նրա արտասվելը տեսնելով, հարցնում է. «Ինչո՞ւ ես արտասվում, հա՛յր», և  հարցին ի պատասխան` Եղիսեն ասում է. «Գիտեմ, որ Իսրայելի ամուր քաղաքները պիտի այրես, պատվավոր մարդկանց, մանուկներին և հղիներին պիտի կոտորես»: Եվ այս ամենը նախօրոք է ասում, որպեսզի երբ դա կատարվի, չկարծի, թե ինքն իր սեփական հզորությամբ է կարողացել չարիք հասցնել իսրայելացիներին, այլ աստվածային բարկությունն է, որ պատուհասում է ապերախտ ազգին:

Ազայելը այսպիսի խոսքեր լսելուց հետո պատասխանում է. «Ո՞ւմ շունն է ծառադ, որ այդպիսի բաներ անի», և Եղիսեն պատասխանում է. «Տերն ինձ հայտնեց, որ դու ասորիների թագավոր պիտի դառնաս», և Տիրոջ հրամանով նրան այնտեղ թագավոր է կարգում:

Ազայելը վերադառնալով թագավորին հայտնում է, որ չպիտի մահանա, սակայն հաջորդ օրը մի թաց թաշկինակ դեմքին դնելուց հետո այլևս չի շնչում, և նրա փոխարեն, ըստ Եղիսեի խոսքի, հենց ինքը՝ Ազայելն է թագավորում:

Երբ Հովրամը լսում է, որ Ազայելը դարձել է ասորիների թագավոր, մտադրվում է ասորիներից ազատել Ռամաթ քաղաքը, որն իսրայելացիներին էր պատկանում (տե´ս ԾԹ հարցը), ու քանի որ Հուդայի Ոքոզիա թագավորը, փեսայանալով նրան, բարեկամներ էին դարձել, դրա համար էլ լուր է ուղարկում, և առանց Տիրոջ կամքը հարցնելու համատեղ պատերազմելու են գնում:

Ազայելը, Հովրամի առաջխաղացման մասին տեղեկանալով, ինքն էլ զորքով շարժվում է դեպի Ռամաթ, և երկու զորքերի միջև սաստիկ պատերազմ է տեղի ունենում, որում թեև Հովրամին հաջողվում է հաղթել և Ռամաթ քաղաքը գրավել, սակայն նա չարաչար վիրավորվում է, ուստի զորքը և քաղաքի կառավարումը հանձնելով իր Հեու զորապետին` ինքը Հեզրայել է վերադառնում բժիշկների ձեռքով բուժվելու նպատակով: Հուդայի Ոքոզիա թագավորն էլ է այնտեղ գնում, որպեսզի հարցնի թագավորի որպիսության մասին:

Արդ, քանի որ հիշյալ Հեուն, Աստծու հրամանով իսրայելացիներին թագավորելով, կոտորելու էր Աքաաբի ցեղը (տե´ս ԾԶ հարցը), ուստի Եղիսեն իր մոտ գտնվող  մարգարեների որդիներից  մեկին ուղարկում է Ռամաթ, որպեսզի Հեու զորավարին թագավոր կարգի: Մինչ Հեուն այլ զորավարների հետ նստած էր, հիշյալ մարգարեն գալով հայտնում է, որ նրան ասելիք ունի և նրան մի այլ սենյակ տանելով` Եղիսեի պատվերին համապատասխան` օծում է նրան` ասելով. «Աստված քեզ Իսրայելի ժողովրդի թագավոր կարգեց, որպեսզի Աքաաբի ցեղը կոտորես, և Աստծու մարգարեների վրեժն առնես Հեզաբելից, որի մարմինը շները պիտի ուտեն»: Մարգարեն իր հանձնարարությունը հավատարմությամբ կատարելուց և Աստծու հրամանը Հեու զորավարին հաղորդելուց հետո սենյակից իսկույն դուրս է գալիս և ճողոպրում, այնպես որ հիշյալ զորավարները նրան պակասամիտ են համարում և նրա գալու պատճառը Հեուից են հարցնում:

Սա ցանկանում է եղելությունը գաղտնի պահել, սակայն երբ շատ են ստիպում, այն ժամանակ ճշգրտությամբ պատմում է: Հազարապետերը, լսելով Աստծու հրամանը, իսկույն ոտքի են կանգնում և, կամենալով թագավորին պատվել, հանում են իրենց բաճկոնները և Հեուին դրանց վրա բազմեցնում: Ապա փողեր հնչեցնելով` նրան թագավոր են հռչակում: Սակայն որպեսզի որևէ մեկը Հովրամին նախապես չզգուշացնի, փակել են տալիս քաղաքի դռները և շտապով զորք հավաքելով` Հեզրայելի վրա  արշավում:

Արդ, քանի որ Հովրամը քաղաքի աշտարակի վրա ժամապահ էր նշանակել, որպեսզի եթե բանակից որևէ մեկը գա, իսկույն իրեն տեղյակ պահեն, ուստի ժամապահը, Հեուի զորքի արագ արշավանքից բարձրացած փոշին տեսնելով, իսկույն հայտնում է Հովրամին, որը մի ձիավոր է ուղարկում` եղելությունը պարզելու, սակայն Հեուն չի թողնում, որ ձիավորը վերադառնա, ուստի Հովրամը մի հեծյալ էլ է ուղարկում, որին նույնպես Հեուն արգելում է հետ դառնալ:

Դետը տեսնում է, որ սուրհանդակները չեն վերադառնում, և Հովրամին տեղեկացնում է այս իրողությունը, որից Հովրամը, զանազան կասկածների մեջ ընկնելով, ինքն անձամբ է ցանկանում գնալ և իմանալ, թե ովքեր են եկողները և ինչ նպատակ ունեն: Երբ անմիջապես կառք նստելով` գնում է, Հուդայի թագավոր Ոքոզիան էլ, որ այնտեղ էր, նրա հետևից մի այլ կառք նստելով, հետևում է նրան, և երբ հասնում են քարկոծությամբ սպանված Նաբովթի մահվան վայրը, Հեուն էլ հասնելով, հենց այդ վայրում հանդիպում են միմյանց:

Հովրամը Հեուին տեսնելուն պես հարցնում է. «Գալդ խաղաղությա՞մբ է», Հեուն պատասխանում է. «Քեզ հետ ի´նչ խաղաղություն, Հեզաբելի չարությունը անչափ շատ է»: Հովրամը, սույն խոսքերը լսելով, հասկանում է, որ խոսքի մեջ թշնամություն կա, ուստի ձայնում է. «Որոգա՛յթ է»: Ցանկանում է Ոքոզիայի հետ ազատվել, սակայն Հեուն, անմիջապես նետ արձակելով, սպանում է և դիակը  Նաբովթի քարկոծության տեղն է գցել տալիս: Նաև փախած Ոքոզիայի հետևից զորք ուղարկելով` սպանում է նրան, սակայն նա,  միայն վիրավորելով, փախչում է Մակեդդով: Մյուս օրը Հեուն, գտնելով նրա եղբայրներին, բոլորին կոտորում է (Բ Մնաց. 22:8): Ճիշտ է,  նրա եղբայրները արդեն փղշտացիների ձեռքով Երուսաղեմում սպանվել էին (տե´ս ԿԴ հարցը), սակայն նրանց որդիները, որոնք ծառայում էին Ոքոզիային, որպես մերձավոր ազգական` մեռնելու արժանի են համարվում:

Ապա Մակեդդով քաղաքում ապաստանած Ոքոզիա թագավորին էլ բերել տալով սպանում են, սակայն Ոքոզիան, Հուդայի Հովսափաթ թագավորի թոռը լինելով, այդ բարեպաշտ արքայի հիշատակի համար, թույլատրում է նրա մարմինը տանել և Երուսաղեմում թաղել (Բ Մնաց. 22:2): Իսկ ինքը՝ Ոքոզիան, որ մոր խորհրդով կռապաշտությանն էր հակված, այսպես չարաչար պատժվում  է մյուսներին խրատ և զգուշացում լինելու համար (Բ Մնաց. 22:7):

Հեուն շտապում է գալու Հեզրայել քաղաք, որպեսզի Հեզաբելին էլ սպանի. այս թագուհին, աչքերը սուրմա քսած և ճոխ զգեստներ հագած, պատուհանից Հեուին տեսնելով, ասում է. «Խաղաղությա՞մբ ես եկել, տիրասպա´ն Զամբրի»: Հեուն վեր նայելով պատասխանում է. «Ո՞վ ես դու, իջի´ր ինձ մոտ», ապա նկատելով պատուհանից ներքև նայող երկու նեքինիներին` հրամայում է, որ այդ անզգամ կնոջը վայր նետեն, նրանք էլ հնազանդվելով այդ ահարկու թագուհուն իսկույն ներքև են գցում, որը, գետնին ընկնելով, ամենաթշվառ ձևով ոտնակոխ է լինում և այդպես իր արժանի պատիժը  գտնում:

Թեև Հեուն այդ կնոջը անեծքի արժանի էր համարում, սակայն քանի որ թագուհու աղջիկ էր, երբ ճաշի էր նստած` հրամայում է, որ գնան և թաղեն նրա մարմինը: Սակայն մինչ այդ շներն արդեն կերել էին նրա մեծ մասը, ուստի միայն նրա գանգը, երկու ձեռքերը և երկու ոտքերն են գտնում բզկտված: Ահա այսպիսով կատարվում է Եղիայի մարգարեությունը (տե´ս ԾԸ հարցը), որ Նաբովթի կալվածքում շներն ուտելու են Հեզաբելի մարմինը:

Քանի որ Հեուն պիտի ջնջեր Աքաաբի ամբողջ ցեղը, իմանալով, որ Սամարիայում նրա որդիներն ու թոռները  յոթանասունհինգ հոգի են, քաղաքի ազդեցիկ մարդկանց գրում է, որ այդ արքայազուն իշխաններից հարմարագույնին թագավոր կարգելով` պատրաստ լինեն հանուն նրա պատերազմելու: Հեուն այս ձևով ցանկանում է փորձել Սամարիայի բնակիչներին, որպեսզի նրանց դիտավորություններն իմանալով` ըստ այդմ շարժվի և պատրաստվի: Արդարև, Հեուն իր առջև դրված նպատակին առանց պատերազմելու է հասնում, քանի որ Սամարիայի մեծամեծները, Հեուի հրովարտակը ստանալով և հասկանալով գրվածը, սկսում են սաստիկ վախենալ և միմյանց ասում են. «Երկու թագավորները չկարողացան նրան դիմադրել, մենք ինչպե՞ս պիտի դիմադրենք»:

Հեուն սպասում է պատասխանին, որը չի ուշանում, և որով Սամարիայի բնակիչները խոնարհությամբ հայտնում են, որ իրենք ամեն կերպ հնազանդվում են նրա կամքին և հպատակվում նրա իշխանությանը: Հեուն նրանց երկրորդ անգամ է գրում. «Եթե հնազանդ եք ինձ, ապա Աքաաբի որդիների գլուխները կտրելով` վաղը` այս ժամին, ինձ մոտ կբերեք»: Արդարև, ըստ նրա հրամանի` արքայազուն իշխանները սպանվում են, և նրանց գլուխները Հեուին են ուղարկվում:

Հեուն այդ գլուխներից Հեզաբելի տան մուտքի դրսի մասում երկու աշտարակաձև բլուրներ է դիզում, և առավոտյան ինքն էլ այնտեղ գնալով, երբ ժողովուրդը սարսափով և ապշահար այդ մարդկային գլուխներով կառուցված աշտարակներին էր նայում, Հեուն, ցանկանալով ցույց տալ, որ ո´չ ինքը, ո´չ էլ Սամարիայի մեծամեծները մեղավոր չեն, ժողովրդի հետ այսպես է խոսում. «Դուք արդար եք, ես սպանեցի իմ թագավորին, սակայն սրանց ո՞վ սպանեց: Արդ, մի´ մտածեք, որ ինչ  ասում եմ, անգթություն է, այլ Աստծու` Աքաաբի տանը վերաբերող հրամանն ենք կատարել, այն հրամանը, որ Եղիայի միջոցով հայտարարվեց»:

Երբ Հեուն Աքաաբի ցեղից Հեզրայելում գտնվող բոլոր մարդկանց սպանելուց հետո Սամարիա էր գնում, Բեդակադ կոչվող վայրում, Հուդայի թագավորի՝ Ոքոզիայի եղբայրներից կամ ազգականներից քառասուն մարդու է հանդիպում, որոնք Երուսաղեմում պատվավոր և ազդեցիկ մարդիկ էին, և լսելով Իսրայելի թագավոր Հովրամի մահվան բոթը` որպես նրան ազգական և բարեկամ` նրա որդիներին մխիթարելու են գալիս: Հեուն նրանց ո´վ լինելը և ինչի´ համար գնալն իմանալուց հետո բոլորին սպանել է տալիս:

Մինչ Հեուն շարունակում էր Սամարիա իր ընթացքը, հանդիպում է իր հին բարեկամներից Հովնադաբին, և երբ տեղեկանում է, որ նրա բարեկամությունը նախկինի նման հաստատուն է, իր կառքն է ընդունում նրան և հայտնում, որ ինքն Աստծու փառքի նախանձախնդիրն է և նույն եռանդով և ոգով էլ գործում է: Երբ Սամարիա է մտնում, Տիրոջ հրամանը կատարելու համար Աքաաբի ցեղից դեռևս կենդանի և նրա հետ կապ ունեցող բոլոր մարդկանց կոտորել է տալիս:

Այնուհետև Հեուն Իսրայելի բոլոր բնակավայրերում հրավերի կոչ է անում և Սամարիայում է հավաքում Բահաղի բոլոր մարգարեներին և նրան ծառայող բոլոր մարդկանց` իբր թե հիշյալ կուռքին մի մեծ ընծա մատուցելու և Աքաաբից էլ ավելի նվիրված ծառայելու համար, և միաժամանակ հայտարարում է, որ ով այս հրավերը չընդունի, անպատճառ պիտի մահանա: Նրանք, այս հրավերը իրական համարելով, բոլորն էլ ուրախությամբ գալիս են և մտնում Բահաղի տուն, այնպես որ դրսում ոչ ոք չի մնում:

Հեուն իր տան վերակացուին պատվիրում է նրանց զգեստներ տալ և ստուգել, որ նրանց մեջ Աստծու մարգարեներից չլինի: Կռատան դրսում և ներսում զորք է կանգնեցնում, որ ոչ մեկը չփախչի,  երբ ներս մտնելով սկսում են խունկ ծխել և զոհ մատուցել, զորքին հրամայում է նրանց բոլորին անխնա և առանց բացառության կոտորել: Երբ բոլորին կոտորում են, Բահաղի տունը և նրա անունով կառուցված բոլոր վայրերը կործանելուց հետո նրան հետևողներին էլ ավելի նախատելու համար պատվիրում է տան տեղը աղբանոց և արտաքնոց կառուցել:

Նաև Իսրայել երկրում, որտեղ Բահաղ կուռք կամ կռատուն կար, որոնց պատճառը Հեզաբելի դրդմամբ Աքաաբն էր, բոլորն էլ կործանելով և ոչնչացնելով` երկիրն ազատում է հիշյալ կուռքերի գարշելիությունից: Մինչ այդ պահը Հեուն Աստծու կամքին համապատասխան գործելով` Աստված նրան խոստանում է` սերնդեսերունդ` մինչև չորրորդ սերունդը, իսրայելացիների թագավորներ լինեն:

Հիրավի, Հեուն Աքաաբի տան նկատմամբ կատարում է աստվածային հրամանը, սակայն Հերոբովամի կանգնեցրած ոսկեղեն հորթերը չոչնչացնելու համար Աստված նրա դեմ է ուղարկում վերոհիշյալ ասորիների թագավոր Ազայելին: Սա, Հորդանանի մյուս ափում գտնվող իսրայելացիների քաղաքների վրա հարձակվելով, շատ քաղաքներ է կործանում և շատերին կոտորում, ինչպես  գուշակել էր Եղիսե մարգարեն, որի մասին արդեն վերը մանրամասնորեն պատմվել է: Հեուն քսանութ տարի իսրայելացիներին թագավորելուց հետո մահանում է և թաղվում Սամարիայում: Ահա այսպես իր մահկանացուն է կնքում այն մարդը, որը թեև Աստծու փառքի համար նախանձախնդրություն է  ցուցաբերում, սակայն կատարյալ հնազանդություն չունենալով, ցավոք սրտի, տեսնում է իր անհնազանդության դառը պտուղները:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․