26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր
Ո՞վ է հաջորդում Հուդայի թագավոր Ոքոզիային:

Նրա մայրը՝ Գոթողիան: Քանի որ սա Աքաաբի դուստրն էր, իր որդու՝ Ոքոզիայի սպանվելուն պես  սպանել է տալիս նրա որդիներին, որպեսզի Հուդայի թագավորական ցեղից մարդ չմնալով` ինքը կարողանա թագավորել: Սակայն Ոքոզիայի քույրը՝ Հոսաբեն, Ոքոզիայի մեկ տարեկան փոքր որդուն՝ Հովասին, տաճար փախցնելով, թաքցնում է: Նա Հովիադա քահանայապետի կինն էր, որը, առանց որևէ մեկին հայտնելու մանուկ Հովասին վեց տարի տաճարում թաքցնելուց բացի, չի թերանում արքայազնին հատուկ կրթությունն տալուց:

Արդ՝ անգութ Գոթողիան, կարծելով, որ Հուդայի արքայական ցեղից այլևս ոչ ոք չի մնացել, իշխում է Երուսաղեմում, և բացի վերոհիշյալ անգութ արարքից` նա, Բահաղ կուռքը պաշտելով, ժողովրդին էլ կռապաշտության մոլորության մեջ է գցում: Ամբողջ վեց տարի ժողովուրդն այս թշվառ վիճակում է մնում, սակայն երբ Հովասը յոթ տարեկան է դառնում, Հովիադա քահանայապետը ցանկանում է նրան թագադրել և ժողովրդին ազատել անգութ և անօրեն Գոթողիայից:

Այս ծրագրի մասին կարևոր և ազդեցիկ մարդկանց հետ խորհրդակցելով` Աստծու անունով պայման կնքելուց հետո նրանց է ներկայացնում Հովասին և գործի հաջողության համար անհրաժեշտ որոշումներն ու կարգադրություներն անում: Ու քանի որ ըստ վաղնջական սովորության` տաճարում ծառայող ղևտացիները շաբաթը մեկ անգամ փոխվում էին, Հովիադայի կարգադրությամբ  իրենց պաշտամունքն ավարտած ղևտացիները տուն գնալու փոխարեն տաճարում են մնում և նրանց փոխարեն նորերը գալով` հետզհետե տաճարում ահագին ղևտացիներ են հավաքվում առանց Գոթողիային ամենափոքր կասկած տալու: Արդեն Դավթի ժամանակներից տաճարում բազում զենքեր կային, որոնք հավաքված բազմությանը բաժանելով` Հովիադան տաճարի դռների մոտ հսկողություն է նշանակում և, այնտեղ Հովասին թագավորեցնելով, գլխին թագ  դնելուց բացի, տաճարի բակում գահ պատրաստելով, մեծ ու փառավոր հանդիսությամբ մանուկ արքային  վրան  բազմեցնում:

Այն ժամանակ զինյալ բազմությունը, նրան շրջապատելով, գոչում է. «Կեցցե՛ արքան», և այդպիսով, ժողովուրդը տեղեկանում է և Արարչից գոհանալով` մեծ ուրախությամբ տաճար շտապում: Գոթողիան նույնպես, անտեղյակ եղելությանը, հարցուփորձ է անում, թե այնտեղ ինչ է կատարվում, և ինքն էլ, տաճար գալով, տեսնում է, որ Հովասը թագադրված է, և նրա շուրջը փողեր հնչեցնելով` ժողովուրդը ցնծությամբ տոնում է. սա տեսնելով, «դա՛վ կա, դա՛վ կա» բարձրաձայն աղաղակելով` իսկույն պատռում է հանդերձները (Դ Թագ. 11: 14):

Թեև զորքը ցանկանում է անմիջապես սպանել անողորմ թագուհուն, սակայն Հովիադայի հրամանով տաճարից դուրս են հանում և արքայական պալատի դարպասների մոտ չարաչար սպանում: Դու Աստծու արդարությո՛ւնը տես. ինչպես անգութ Գոթողիան  ինքն էր վարվել իր հպատակների հետ, նրանք նույնպես, այդ անգթությանը համապատասխան, անողորմաբար են վարվում, և այս ձևով իր արժանի պատիժն է գտնում. շատ մեծ խայտառակությամբ և անարգ ձևով վերջ են տալիս նրա կյանքին:

Այնուհետև Հովիադա քահանայապետը ուխտ և պայման է դնում, որ ժողովուրդն ու թագավորը հնազանդվեն Աստծու օրենքներին և Նրա բարերար կամքին: Արդարև, ամբողջ ժողովուրդն անչափ ուրախացել էր, ուստի շտապում են Բահաղի կռատուն, որպեսզի նրա սեղանները և պատկերը ավերեն և բոլոր քրմերին կոտորեն: Հովիադան, զորք հատկացնելով, արքային մի քանի օր պահում է տաճարում և ապա աոոք- փառոք, մեծ բազմությամբ տաճարից արքայական պալատ  տանում և այնտեղ բազմեցնում է արքայական գահին:

Այո՛, Հովասը յոթ տարեկանում թագավոր է դառնում: Քանի դեռ Հովիադա քահանայապետը ողջ էր, նրա խոհեմ հորդորներով էր գործում և ամեն ինչով հնազանդ էր Աստծու կամքին: Սակայն չի վերացնում բարձր լեռներում գտնվող սեղանները, որոնց վրա ժողովուրդը զոհեր էր մատուցում Աստծուն, մինչդեռ տաճարից բացի` այլ տեղ զոհ չմատուցելու պատվիրան կար, ուստի ժողովրդի այս վարքը Աստծու պատվիրանին հայտնապես հակառակ էր:

Ապա ցանկանում է նորոգել տաճարը և քահանաներին հրամայում է, որ այդ նպատակի համար ժողովրդից գումար հավաքեն, բայց երբ գումարը հավաքվում է, նորոգումը օրըստօրե հետաձգելով` չի թույլատրում, որ գործը ձեռնարկեն: Նա, մի տապանակ պատրաստելով, ժողովրդին պատվիրում է, որ իրենք անձամբ տանեն և իրենց նվերները այնտեղ գցեն, որը թեև փակ էր, սակայն դրամ գցելու համար վրան հատուկ տեղ կար:

Այս սնդուկը հսկող մի հատուկ պաշտոնյա էլ է կարգում, որը պարտավոր էր լցվելուց հետո այն դատարկելու և նորից տեղը դնելու: Ահա այս եղանակով շատ մեծ գումար է հավաքում, որով ըստ արժանվույն տաճարը նորոգելուց բացի` ամբողջովին պատրաստում է նաև անհրաժեշտ հարդարանքը, քանի որ Գոթողիան և նախորդ այն թագավորները, որոնք կռապաշտության էին հակվել, հանդգնել  էին  տաճարի մի շարք իրեր կուռքերին նվիրել: Հովիադա քահանայապետը, խորին ծերության հասնելով, հարյուր երեսուն տարեկան հասակում մահանում է. որպես նրա երախտիքների հատուցում` նրան հուղարկավորում  են Երուսաղեմում՝ թագավորների գերեզմանում:

Այստեղ արժանի է նկատել Հովաս թագավորի թշվառ վիճակը: Քանի դեռ ողջ էր Հովիադա քահանայապետը, Աստծու օրենքներին հակառակ վարք չուներ, սակայն նրա մահանալուն պես ժողովրդի մեծամեծները, որոնք կռապաշտության էին հակված, հարմար առիթ գտնելով, փոխում են նաև արքայի միտքը, և արքան ամենայն հանդգնությամբ սկսում է Աստծու հրամանին հակառակ գործել:

Երբ բոլորը միավորվելով կռապաշտությանն են հետևում, Աստված բարկանում է նրանց դեմ: Սակայն ողորմած լինելով` Նա նրանց ուղղվելու և վերադառնալու համար  նախ` մարգարե է ուղարկում նրանց մոտ, որի քարոզին ականջալուր չեն լինում: Սրանից բացի` Հովիադա քահանայապետի որդին՝ Ազարասը, Աստծու ազդեցությամբ, ժողովրդի մեջ կանգնելով, այսպես է խոսում. «Ինչո՞ւ արհամարհեցիք Տիրոջ պատվիրանները, իմացե´ք, որ ձեր նախաձեռնությունները չեն հաջողելու, քանի որ եթե դուք թողնեք Աստծուն, Նա էլ ձեզ կթողնի»: Ժողովուրդը, լսելով այս խոսքերը, Հովասի հրամանով հարձակվում է նրա վրա և տաճարի բակում քարկոծում նրան:

Ազարիասը, որ ամենևին մեղավոր չէր, մահանալիս գոչում է. «Թող Տե՛րը տեսնի և դատի» (Բ Մնաց. ԻԴ 22): Իսկ Հովասը, որ Աստծուն անհնազանդ լինելով, իր բարերարի՝ Հովիադա քահանայապետի որդուն՝ Ազարիասին, հանիրավի սպանել է տալիս, հաջորդ տարի իր արժանի պատիժն է կրում. քանի որ  ասորիների Ազայել թագավորը, բազում զորքով նրա երկիրը մտնելով, պատերազմով գրավում է Գեթ քաղաքը, որը հենց ինքը՝ Դավիթն էր գրավել կռապաշտներից: Ապա Երուսաղեմ քաղաք արշավելով` կոտորում է իր դեմ դուրս եկած Հուդայի մեծամեծ մարդկանց:

Այո´, Հովասի զորքերն  ասորիների զորքից ավելի բազմաթիվ էին, սակայն քանի որ Աստծու հրամաններին հակառակ վարք ունեին, Աստված ասորիների ձեռքով պատժում է նրանց, որպեսզի հանցանքը խոստովանելով` դարձի գան և ապաշխարեն (Բ Մնաց. ԻԴ 24): Սակայն Հովասը  չար ճանապարհից հետ դառնալու փոխարեն, երբ նեղ դրության մեջ է ընկնում, այն ժամանակ տաճարում և արքայական պալատում գտնվող ողջ ոսկին, արծաթն ու կահկարասին ասորիների թագավորին է ուղարկում, որպեսզի նա իր զորքը Երուսաղեմ չմտցնի:

Արդարև, Ազայելը համաձայնելով իր զորքը հետ է դարձնում, սակայն Հովասը տրտմությունից ծանր հիվանդանում է: Երբ նրա ծառաները վերոհիշյալ Ազարիասի վրեժը լուծելու համար սպանում են նրան, նրա մարմինը թագավորական գերեզմանում թաղելու փոխարեն, որպես իր չարության անարգանք, Երուսաղեմի մի այլ վայրում են թաղում:

Լա´վ մտապահիր, Հովասը թագադրվում է յոթ տարեկանում և թագավորում քառասուն տարի, սակայն Հովիադայի մահվանից հետո չար մարդկանց դրդմամբ ինքը, ևս չար վարքի հետևելով, չարաչար մահանում է:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․