26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր
Ո՞վ է հաջորդում Իսրայելի թագավոր Հովասին:

Նրա Հերոբովամ որդին: Այս երկրորդ Հերոբովամը թագավորում է քառասունմեկ տարի: Թեև սրա թագավորության սկզբում իսրայելացիները շատ տկար էին, և թշնամին ծանր վնասներ էր պատճառում երկրին, սակայն Աստված, գթալով ժողովրդին, ցանկանում է Հերոբովամի ձեռքով նրանց ազատել թշնամուց, ինչպես հայտնել էր Հովնան մարգարեն: Արդարև, Հերոբովամը Տիրոջ ողորմությամբ հաղթանակներ է տանում Դամասկոսում, Եմաթում և այն վայրերում, որոնք թշնամիները գրավել էին Իսրայելից, և ազատագրելով  ժողովրդին`փրկում թշնամու բռնություններից:

Սակայն այս երկրորդ Հերոբովամն էլ չի վերացնում առաջին Հերոբովամի կառուցած ոսկե հորթերը, Աստծու հրամանին հակառակ է գործում ու մահանալով թաղվում նախորդ թագավորների կողքին:

Իսկ վերոհիշյալ Հուդայի թագավոր Ամասիայի մահանալուց հետո նրա որդին`  Ոզիան է   թագավորում Երուսաղեմում: Սա տասնվեց տարեկան էր, երբ գահակալում է և թագավորում է հիսուներկու տարի: Ոզիան նաև կոչվում է Ազարիա, ինչպես հայտնի է Սուրբ գրքից: Սրա ժամանակ Զաքարիա անունով  իմաստուն և աստվածավախ մի մարդ է լինում, քանի որ Ոզիան նրա խորհրդով է գործում և լսում է նրա խրատները, Աստծու պատվիրանների հնազանդելով` օրըստօրե Աստծու օգնությամբ մեծ փառք և զորություն է ստանում և թշնամիների դեմ պատերազմելով` բոլոր ճակատամարտերում հաղթանակում է և նրանց բազում ամուր քաղաքների պարիսպները կործանելով` իրեն հնազանդեցնում:

Ապա կառուցում է Իսրայելի` Հովաս թագավորի քանդած Երուսաղեմի պարիսպը: Նաև շատ անասուններ՝ կով, ոչխար, պահելով` հողագործությանն էլ է հետամուտ լինում, որպեսզի այդպիսով եկամուտի աղբյուր ունենալով` ժողովրդի վրա շատ չծանրանա և անասունների համար դաշտում ջրհորներ փորելով` դրանց մոտ աշտարակներ է կանգնեցնում: Ոզիան երկու հազար վեց հարյուր զորավար և երեք հարյուր յոթ հազարանոց  պատրաստ զորք է ունենում, որոնց զենքն ինքն էր հատկացնում:

Նաև զանազան պատերազմի գործիքներ պատրաստել տալով` Երուսաղեմի պարսպին և աշտարակներին է տեղադրում, որպեսզի ըստ անհրաժեշտության` թշնամու վրա նետեր արձակեն և զանազան մեծ քարերի տարափ թափեն: Սակայն երբ նրա այսպիսի ակտիվ գործունեությունը և հաղթանակները մինչև հեռու երկրներ են հասնում, և նրա անունը անչափ փառավորվում է, նա էլ բոլոր առումներով հանգիստ էր և երջանիկ, սիրտը հպարտանում է և օրենքին հակառակ գործելու համարձակություն ստանում (Բ Մնաց. 26:16):

Քանի որ բուրվառ վերցնելով` տաճար է մտնում, որպեսզի սեղանի մոտ խնկարկի, սակայն այդ պաշտոնը քահանաներին հատկացված լինելով` նրա արարքը Աստծու պատվիրանին հակառակ էր: Այս առիթով Ազարիաս քահանան այլ ութսուն քահանաների հետ թագավորին ասում է. «Դաս քահանաների պաշտոնն է, դո´ւրս արի, քանի որ ապստամբեցիր Աստծու դեմ, քեզ այդ արարքը փառք չի բերում»:

Սակայն Ոզիան հպարտությամբ չի ցանկանում զիջել և երբ ցանկանում է իրականացնել իր մտադրությունը,  նրա ճակատին բորոտություն է առաջանում: Այն ժամանակ քահանաներն իսկույն նրան տաճարից դուրս են հանում, և ինքն էլ, հասկանալով, որ Աստծուն բարկացրել է, շտապում է դուրս գալու: Բորոտությունը մինչ մահ չի անցնում, և սրա պատճառով մի այլ տան մեջ է բնակվում, և պետական գործերը նրա որդին՝ Հովնաթամն է վարում: Ոզիան բորոտ էլ մահանում է, և նրան թագավորներին հատկացված գերեզմանում թաղելու փոխարեն այլ տեղում են թաղում:

Ոզիայի պատուհասից թող օրինակ վերցնեն իշխանավորները և թագավորները: Քանի որ հիշյալը, իր սահմանները չճանաչելով, հանդգնում է  քահանաներին հատուկ հոգևոր արարողություն կատարելու և դրա համար պատժվում է. ոչ միայն ճակատի բորոտությունը չի անցնում մինչև մահ, այլև Եսայի մարգարեն, որ այդ ժամանակ մարգարեանում էր Երուսաղեմում, այս դեպքից հետո երկար ժամանակ ոչինչ չի ասում: Որովհետև Աստված, Ոզիայի անպատշաճ վարքից բարկացած, մինչև թագավորի մահն արգելում կամ չի տալիս մարգարեական շնորհ: Իսկ թագավորի մահվանից հետո  դարձյալ պարգևում է այդ շնորհը, ինչպես հայտնի է Սուրբ գրքից (Ես. 6:1):


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․