26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր
Ո՞վ է հաջորդում Իսրայելի թագավոր Հերոբովամ երկրորդին:

Նրա Զաքարիա որդին: Սույն Զաքարիայի օրոք է կատարվում Աստծու` Հեուին խոստացած այն խոսքը,  որ նրա ցեղից մինչև չորրորդ սերունդ իսրայելացիների թագավոր պիտի լինեն (տե՛ս ԿԷ հարցը): Զաքարիան հազիվ վեց ամիս էր թագավորել, երբ Սելում անունով մի մարդ, նրան սպանելով, ինքն է թագավոր դառնում: Սա էլ մի ամիս է թագավորում, քանի որ թերսիլացի Մանայիմ անունով մեկը, սրան սպանելով, ինքն է հաջորդում: Սակայն սա,  չար մարդ լինելով, երբ իր քաղաք` Թերսիլա է գնում, քաղաքի բնակիչները, նրան չընդունելով, չեն բացում քաղաքի դարպասները: Ուստի քաղաքը պատերազմով գրավելու ժամանակ սրի է քաշում քաղաքի բոլոր բնակիչներին, անգամ հղիներին: Քանի որ անգութ էր և անիրավությամբ էր թագավորում, ուստի ասորիների Փուա թագավորին շատ գումար է տալիս, որպեսզի նրա օգնությամբ իր թագավորությունը հաստատուն մնա:

Այս է պատճառը, որ ասորիների թագավորը, բազմաքանակ զորքով մտնելով Իսրայել երկիր, թեև հնազանդեցնում է ժողովրդին, սակայն Մանայիմը պարտավորվում է, ազգի մեծամեծներից դրամ հավաքելով, վճարել Փուային, որպեսզի նրա զորքը երկրից հեռանա: Մանայիմը տասը տարի թագավորելուց հետո մահանում է, և նրան հաջորդում է որդին՝ Փակեեն: Սա նույնպես թագավորում է կարճ՝ մոտ երկու տարի, քանի որ իր զորավարի որդին` նույնպես Փակեե անվամբ ուրիշ մի մարդ, նրան սպանելով, թագավորում է բռնանությամբ:

Այստեղ հարկ է նկատել Իսրայելի թագավորների թշվառ վիճակը: Քանի որ նրանք, Աստծու օրենքներին հակառակ լինելով, միմյանց ձեռքով պատժվելուց բացի, նաև ժողովրդի օրըստօրե տկարանալու և թշվառանալու պատճառ են լինում:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․