26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր
Ո՞վ է հաջորդում Հուդայի վերոհիշյալ Աքազ թագավորին:

Նրա որդին՝ Եզեկիան, որը քսանինը տարի է թագավորում: Նա, Աստծու օրենքներին և պատվիրաններին համապատասխան գործելով, բացում է տաճարի դուռը, որը Աքազը փակել էր: Եզեկիան, ժողովելով ղևտացիներին և քահանաներին, մաքրել է տալիս տաճարը և նախկինի նման դասավորել տալիս հարդարանքն ու կահկարասին: Ապա մեծամեծների հետ տաճար գնալով, ըստ Դավիթ և Գադ մարգարեների պատվիրանների` սաղմոս երգելով և փողահարությամբ ու նվագարաններ հնչեցնելով, մեծ տոն են կատարում, ինչպես նաև աղոթքներով և մեծ փառաբանություններով զոհ  մատուցում Աստծու սեղանին: Մանավանդ թագավորը կարգադրում է, որ այսուհետև ով ցանկանա, կարող է նվեր և ընծա բերել Աստծուն, ուստի ժողովուրդը, շատ արջառներ, խոյեր և գառներ բերելով, զոհաբերում են, և այսպիսով, աստվածային պաշտամունքը ժողովրդի ցնծությամբ վերահաստատվում է:

Հետո Եզեկիան հրովարտակ է արձակում, որ և´ իր ժողովուրդը, և´ Իսրայել երկրում գտնվող ցեղերը բաղարջակերաց տոնը կատարելու համար միասին Երուսաղեմ գան և միշտ հնազանդ լինեն Աստծուն, որպեսզի Աստված նրանց փրկի թշնամիներից: Թեև իսրայելացիներից ոմանք, լսելով բարեպաշտ թագավորի սույն հրովարտակը, սկսում են ծաղրել, բայց Ասերի, Մանասեի և Զաբուղոնի ցեղերը սիրահոժար ընդունում են այդ գովելի առաջարկությունը, քանի որ գիտեին, որ Եզեկիայի հրավերը օգտակար է իրենց, ուստի ընդունելով գալիս են Երուսաղեմ, և Հուդայի ցեղն էլ գալով մեծ բազմություն է հավաքվում:

Այն ժամանակ և՛ Եզեկիան, և՛ ամբողջ ժողովուրդը յոթ օր ուրախությամբ տոնում են: Եզեկիան ժողովրդին հազար ցուլ և յոթ հազար ոչխար է ընծայում, նրա իշխանավորներն էլ հազար նոխազ և տասը հազար ոչխար են պարգևում, որոնցով, յոթ օր ևս տոնելով, ուտում և խնում են, և այնպիսի ուրախություն է լինում, որ Սողոմոնի ժոմանակներից մինչ այդ օրերը այդպիսի ցնծություն չէր եղել:

Սրանք սկսում են ավերել և բնաջնջել կուռքերի  բոլոր սեղանները, անտառները և կուռքերին առնչվող իրերը, որոնք գտնվում էին   Հուդայի և   Իսրայելի երկրներում, և ապա բոլորն իրենց տներ են վերադառնում: Եզեկիան բարձրադիր վայրերում գտնվող զոհասեղաններն էլ է ավերում, որոնց վրա թեև Աստծուն էին զոհ մատուցում, սակայն դա օրենքին հակառակ էր, քանի որ տաճարից դուրս որևէ վայրում և որևէ պարագայում զոհաբերություն անելու հրաման չկար: Բարեպաշտ թագավորը մինչև անգամ անապատում Մովսեսի պատրաստած օձն էլ է կոտրում, որն անգետ ժողովուրդը մինչ այդ օրերը պաշտում էր:

Եզեկիան քահանաներ և ղևտացիներ է հատկացնում տաճարին, որ ըստ օրենքի` անխափան կատարեն պաշտամունքը, և ժողովրդին էլ հրահանգում է, որ ըստ պատվիրանի` ամեն մեկն իր վաստակից բաժին հանի քահանաներին և ղևտացիներին, կամ որ նույնն է իրենց վաստակի տասանորդը, որպեսզի տաճարի ծառայողները, հանգիստ ապրելով, միշտ հոգևոր պաշտամունքով զբաղվեն: Այն ժամանակ ժողովուրդը ցորեն, գինի, ձեթ և այլ ապրանքներ է բերում այնքան առատ, որ այդ ամենը տեղավորելու համար նոր շտեմարաններ են կառուցում:

Լա´վ հասկացիր. Եզեկիան ուղիղ սրտով, կատարելապես Աստծուն հնազանդ լինելով` Աստված էլ նրա հետ է լինում, և նրա բոլոր գործերը հաջողվում են, և  թշնամիներից ազատվում է (Դ Թագ. 18:7):

Ինչպես, օրինակ, Ասորեստանի Թգլատպալասար թագավորը Աքազից ամեն տարի հարկ էր ստանում, իսկ Եզեկիան չի տալիս այդ հարկը: Նաև պատերազմում է փղշտացիների դեմ և հաղթում նրանց: Աքազի օրոք նրանք գրավում են Հուդայի թագավորության բազմաթիվ քաղաքներ, և այդ քաղաքները հետ գրավելուց բացի` նրանց այլ քաղաքներ էլ կործանելով` ահագին ավարով  վերադառնում:

Այս ընթացքում ասորիների Սենեքերիմ թագավորը, որը Նինվեում էր նստում, ցանկանալով իրեն ենթարկեցնել Եզեկիային, անթիվ զորքով մտնում է Հուդայի երկիր և սահմանամերձ շրջանները գրավելով` հասնում մինչև Լաքիս քաղաք: Եզեկիան հասկանում է, որ նրա դիտավորությունը Երուսաղեմը գրավելն է, ուստի մարդ է ուղարկում և խոնարհությամբ խոստանում բավարարել նրա պահանջները, եթե հետ դառնա. նա էլ շատ ոսկի և արծաթ է պահանջում: Եզեկիան ստիպված է լինում ոչ միայն իր պալատի և տաճարի ամբողջ ոսկին և արծաթը, այլև տաճարի դռներն ու սեմերը, որոնք ոսկով էր պատել, կոտրելու և թշնամուն տալու:

Սակայն ինչքան էլ հանձն է առնում ահագին գումար տալ Սենեքերիմին, որպեսզի կանխի Երուսաղեմը գրավելը, այսուհանդերձ նաև անհրաժեշտ պատրաստություն  էլ է տեսնում: Քանի որ ժողովրդի ծերերի և ազդեցիկ մարդկանց հետ խորհրդակցելով` շատ զորք է հավաքում և Երուսաղեմի պարսպից դուրս գտնվող աղբյուրներն ու ջրհորները փակում, որպեսզի թշնամին գալով ջուր չգտնի:

Քանի որ մինչ այդ թվականը քաղաքի մոտ գտնվող Ռովգել աղբյուրը և Սելովեն հասած ջրերը միանալով հեղեղանման հոսում էին Կեդրոնի ձորով: Նաև Երուսաղեմի պարիսպներն ու աշտարակները ամրացնելով` շատ պաշար և զինամթերք է հավաքում և  զորահրամանատարներ  կարգում:

Թեև մարդկայնորեն կարևոր համարվող զգուշավորության բոլոր միջոցները ձեռնարկում է, սակայն դարձյալ իր ամբողջ հույսը Աստծու օգնության վրա դնելով` ժողովրդին քաջալերում է, որ թշնամուց ընդհանրապես չվախենա, քանի որ Աստված իրենց հետ է:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․