Գրքեր
Ո՞վ է հաջորդում Ամոնին:

Նրա Հովսիա որդին: Սա ութ տարեկան էր, երբ թագավոր է դառնում և երեսունմեկ տարի թագավորում: Հովսիան, դաստիրակված լինելով առաքինի և իմաստուն մարդու ձեռքով, Աստծու ողորմությամբ ամեն կերպ հնազանդ էր Աստծու սուրբ օրենքներին և կամքին, և երբ քսան տարեկան է դառնում, անձամբ գնալով իր իշխանության ներքո  վայրերը` ինչքան  կուռքեր և կուռքերին վերաբերող առարկաներ են լինում, որոնք նրա հայրը՝ Ամոնն էր կանգնեցրել, բոլորն էլ անհետ վերացնում է, այսքանով չբավարարվելով` վերացնում է նաև Իսրայելի բոլոր կռատները և կոտորում կուռքերին ծառայողներին:

Աստծու ժողովուրդը սովորություն ուներ, Աստծու օրենքին հակառակ, Աստծուն զոհեր մատուցելու բարձրադիր վայրերում, որոնք Հովսիան նույնպես ամբողջությամբ արգելում է` ավերելով և վերացնելով այդ տեղերը: Դրանից բացի` Իսրայելի առաջին թագավոր Հերոբովամի` Բեթելում կառուցած սեղանին Բահաղ կուռքին զոհ մատուցած բոլոր քրմերի ոսկորները հանելով նրանց գերեզմանից` այրում է և սեղանը կործանելով` անգամ քարերն է փոշիացնում` բացի Բեթելի այն սուտ մարգարեի ոսկորներից, որն Աստծու մարգարեի հետ նույն գերեզմանում էր թաղված, և որի ոսկորները մյուսի ոսկորներից անկարող լինելով զանազանելու` չի դիպչում նրա գերեզմանին: Հովսիա թագավորի սույն արարքով կատարվում է Աստծու մարգարեի այն խոսքը, որն ասել էր վերոհիշյալ Հերոբովամին (տե´ս ԽԷ հարցը):

Քանի որ կռապաշտության հակված թագավորները անփույթ էին տաճարը նորոգելիս և բարեկարգելիս, ուստի Հովսիան, ցանկանալով նորոգել այն, Քեղկիա քահանայապետին պատվիրում է, որ նորոգելու համար հավաքի տաճարի եկամուտները. այդ նորոգման ժամանակ հիշյալ քահանայապետը Մովսես տաճարից մարգարեի ձեռքով գրված մի օրենքի գիրք է գտնում, որը կարդալով ուղարկում է թագավորին, և երբ սա ևս կարդում է, մեծ տրտմությամբ և արտասվելով պատռում է հագուստն ու ասում. «Աստված սաստիկ բարկացել է մեզ վրա, քանի որ գիտեմ, որ մեր հայրերը այս գրքում գրված պատվիրաններին չեն հնազանդվել, և անշուշտ, մեզ վրա մեծ չարիքներ պիտի գան»:

Այդ ժամանակ Հովսիան երկյուղից Երուսաղեմում ապրող Ոզդա անունով մի կին մարգարեի մոտ մարդիկ է ուղարկում, որ նրա միջոցով իմանա Աստծու կամքը: Կին մարգարեն աստվածային ներշնչումով թագավորի մարդկանց պատասխանում է. «Հովսիային ասացե´ք, որ այդ գրքում գրված պատիժները պիտի գան Երուսաղեմի և նրա բնակիչների վրա, քանի որ նրանք բարկացրել են Աստծուն, սակայն Աստծուց պատկառելով հագուստը պատռելու և արտասվելու համար բոլոր այդ չարիքները, որոնք գալու են,  իր աչքով չի տեսնելու»:

Հովսիան, լսելով այս խոսքերը, ժողովում է քահանաներին, ղևտացիներին, Երուսաղեմի բնակիչներին և Բենիամինի ցեղից նրանց, ովքեր Երուսաղեմում էին ապրում, և գնալով տաճար հիշյալ գրքերն է կարդում և բարձրանալով Սողոմոնի պատրաստած պղնձե ամբիոնին` ուխտ և դաշինք դնում, որ միշտ հնազանդվեն Աստծուն և կատարեն Նրա պատվիրանները:

Հետո ըստ օրենքի մեծ շուքով բաղարջակերաց տոնն են անում: Նրա իշխանության ներքո գտնվող բոլոր ժողովուրդները, այդ տոնի առիթով Երուսաղեմ գալով, նախադեպը չունեցող շքեղությամբ նշում են բաղարջակերաց տոնը: Մանավանդ Հովսիան քահանաներին և ղևտացիներին պատվիրում է, որ կանոնավորապես պաշտամունքի մեջ լինեն, ճիշտ ինչպես  Սողոմոնի և Դավթի ժամանակ է եղել:

Հովսիան շտապում է՝ Աստծու տապանակն էլ  հատուկ տեղում տեղադրելու, քանի որ շատ թագավորներ տապանակը, իր տեղից վերցնելով, այլ տեղ էին դնել տալիս: Բարեպաշտ արքան այդ առիթով երեսուն հազար խոյ, զվարակ, գառ և այծ է պարգևում ժողովրդին, նույն ձևով էլ նվերներ են տալիս իշխանները և քահանաները, այնպես որ անպատմելի ուրախությամբ յոթ օր Աստծուն զոհեր մատուցելով` ամբողջ ժողովուրդն ուրախանում է:

Այնուհետև, երբ Եգիպտոսի Նեքավով թագավորն Ասորեստանի թագավորի դեմ է պատերազմում, Հովսիան նրա դեմ է դուրս գալիս և ցանկանում է արգելել, քանի որ գուցե իր երկրով անցնելով` վնաս պատճառեր: Թեև հիշյալ Նեքավովը նրան հայտնում է, որ ինքն Աստծու հրամանով է Ասորեստանի դեմ պատերազմում և նրան վնասելու մտադրություն չունի, նաև Երեմիա մարգարեն է Հովսիային հորդորում` դեմ դուրս չգա (Ա Եզր. 1:28), սակայն նա չի համոզվում, իսկույն պատերազմում է, նետից ծանրորեն վիրավորվում, և նրա թիկնապահներն իսկույն պատերազմի դաշտից նրան տանում են Երուսաղեմ, որտեղ էլ մահանում է:

Ե´վ Երուսաղեմի բնակիչները, և´ Հուդայի ցեղը մեծապես սգում և ողբում են սույն բարեպաշտ արքային, որին թաղում են իր հայրերի մոտ: Երեմիա մարգարեն նրա համար դամբանական երգ է հորինում, որ ամբողջ ժողովուրդը երգելով լացում է, և այս սովորությունը մնում է Հուդայի ցեղի մեջ:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․