26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր
Ո՞վ է հաջորդում Հովսիային:

Նրա որդին՝ Հովաքազը: Սա իր հոր շավղով չի գնում, այլ չար վարքի հակված լինելով` հազիվ երեք ամիս է թագավորում: Քանի որ Եգիպտոսի վերոհիշյալ Նեքավով թագավորը, հարձակվելով Երուսաղեմի վրա, նրան բռնելով, շղթայակապ Եգիպտոս է տանում: Հովաքազը Եգիպտոսում գերության մեջ մահանում է, նրա եղբայրը՝ Եղիակիմը, Եգիպտոսի Նեքավով թագավորի հաճությամբ թագավորում է Երուսաղեմում:

Նեքավովը ծանր հարկ է դնում Հուդայի թագավորի վրա, որը, ամեն տարի ժողովրդից հավաքելով, վճարում է: Նրա անունն էլ փոխելով` Հովակիմ է դնում, որպեսզի նրա վրա իր իշխանությունը հայտնի լինի: Այս ձևով Հովակիմը թագավորում է տասնմեկ տարի, սակայն իր եղբոր նման հակվում էր չար ընթացքի և Աստծու օրենքներին հակառակ  գործում:

Դու Հովակիմի թշվառ վիճա´կը տես. քանի որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան, Եգիպտոսի դեմ պատերազմելով, հաղթում է և Եգիպտոսից մինչև Եփրատ գետը գրավելուց բացի` Հուդայի երկիրն էլ է վերցնում իր իշխանության ներքո,  և Հովակիմը ստիպված է լինում Եգիպտոսի թագավորին վճարելիք հարկը Նաբուգոդոնոսորին տալու և Աստծու անունով երդվելով հաստատում է այս ուխտը:

Հովակիմը երեք տարի հավատարիմ է մնում իր ուխտին, ապա դրժում է, որի պատճառով Նաբուգոդոնոսորը, գալով Երուսաղեմ, բռնում է նրան և շղթայակապ տանում Բաբելոն: Նաև տաճարի ոսկյա և արծաթյա անոթների մի մասն իր հետ առնելով` իր կուռքերի տաճարներում է դնում: Դրանից բացի` Երուսաղեմի պատվավոր և ազդեցիկ բնակիչներից շատերին գերեվարելով` Բաբելոն է տանում և զանազան արտոնություններ տալով` բնակեցնում  այնտեղ:

Սակայն երբ Հովակիմ թագավորը կրկին ու կրկին  խոստանում է կատարել Նաբուգոդոնոսորի պահանջը, այսինքն` նախկինի նման վճարել հարկը, նորից Երուսաղեմ է վերադառնում և որոշ ժամանակ հետո դրժում իր խոստումը: Աստված, նրա այս անհավատարիմ վարմունքից բարկանալով,  այլ թշնամիներ է ուղարկում: Քանի որ քաղդեացի, ասորեստանցի, մովաբացի, ամոնացի և սամարացի ասպատակները, նրա երկիր մտնելով, կողոպտում են և ամենուրեք  սպառնում ավերումով:

Թեև Հովակիմն այսպիսով պատժվում է, սակայն զգաստանալու փոխարեն այնքան է  չարանում, այնպես թշնամանում ժողովրդին, որ մահանալուց հետո  ժողովուրդը, նրա մարմինը գերեզմանից հանելով, Երուսաղեմից դուրս մի դաշտ է նետում, որպեսզի թռչուններին և գազաններին կերակուր դառնա, ինչպես որ Երեմիա մարգարեն էր նախապես մարգարեացել (Երեմ. 22:18,19):

Այնուհետև Երուսաղեմում թագավորում է նրա որդին՝ Հեքոնիան, սակայն ընդամենը երեք ամիս և տասն օր, քանի որ սա էլ էր չար, Նաբուգոդոնոսորը զորք է ուղարկում և պաշարում Երուսաղեմը: Այն ժամանակ Հեքոնիան, նեղ դրության մեջ ընկնելով, մոր և պալատականների հետ անձնատուր է լինում և Երուսաղեմն էլ հանձնում Նաբուգոդոնոսորին:

Այս անգամ վերջինս, տաճարում և Հեքոնիայի պալատում ոսկյա և արծաթյա ամեն ինչ գրավելուց բացի, Բաբելոն է տանում նաև Երուսաղեմի մեծամեծներին, զորքը և արհեստավորներին, այնպես որ Երուսաղեմում միայն աղքատներն են մնում: Հեքոնիայի փոխարեն նրա հորեղբորը՝ Մեթթանին է թագադրում և անունն էլ փոխելով` Սեդեկիա է կոչում:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․