Գրքեր
Քանի՞ տարի է թագավորում Սեդեկիան:

Տասնմեկ տարի: Սա նույնպես Աստծու կամքին հակառակ վարք ունենալու պատճառով Երուսաղեմի մյուս բնակիչների, մեծամեծների և քահանաների վիճակն օրըստօրե վատթարանում էր: Սրանից բացի` թագադրվելուց հետո երդումով խոստանում է հնազանդ լինել Նաբուգոդոնոսորին, սակայն երդմանն անհնազանդ` հույսը դնում է Եգիպտոսի թագավորի վրա և նրա հետ միավորվելով` ցանկանում է ապստամբել և խոստացած տուրքը չվճարել Բաբելոնի թագավորին, որից ընդունել էր թագավորությունը:

Հիրավի, սրանց մեղքի չափը լրացած լինելով` պիտի պատժվեին և նրանց պատճառով Երուսաղեմ քաղաքն ու տաճարն էլ պիտի ավերվեին, սակայն Աստված, ողորմած լինելով, Երեմիա մարգարեի միջոցով Իր հրամաններն է հաղորդում նրանց, որպեսզի ուղղելով իրենց վարքը` վերահաս պատուհասից հեռու և ազատ լինեն: Քանի որ հենց նույն ժամանակ Երեմիան, Երուսաղեմում լինելով, քարոզում էր. «Հնազանդվեցե´ք Բաբելոնի թագավորին, որպեսզի չպատժվեք»:

Սակայն ինչպես անցյալում իրենց հայրերը մարգարեների խրատներին հետևելու փոխարեն ոմանց ծաղրում էին, ոմանց էլ` սպանում, այս անգամ էլ նախատում են Երեմիա մարգարեին և անխղճորեն վարվում նրա հետ, որի պատմությունը մանրամասն կարող ես կարդալ մարգարեի  գրքում: Միևնույն ժամանակ Եզեկիել մարգարեն, որը բնակվում էր Բաբելոնին սահամանակից Քոբար գետի մոտ, Աստծու հրամանով և զանազան օրինակներով որոշակիորեն հայտնում է, որ ժողովրդի մեղքի պատճառով Երուսաղեմն ու տաճարը պիտի կործանվեն, ինչպես որոշակիորեն կարդում ենք նրա գրած գրքում:

Զարմանալին այն է, որ Բաբելոնում բնակվող իսրայելացիները, Եզեկիել մարգարեի խոսքերին ու գործերին հավատալով, շտապում են հայտնելու Երուսաղեմի ժողովրդին, որ նրանք զգուշավոր լինեն կամ զգաստանան  և փոխեն իրենց վարքն ու ուղղությունը, սակայն նրանք սարսափելի համառությամբ երբեք չեն ցանկանում հետ դառնալ չար ճանապարհից: Նրանք, չցանկանալով խրատվել անցյալի օրինակներից, մտքի մի տարօրինակ կուրությամբ իրենց անձերն ու միաժամանակ ամբողջ ազգն անխուսափելի չարիքի են մատնում: Այժմ դառնանք մեր պատմությանը և տեսնենք նրանց վարքի հետևանքը:

Արդ, երբ Նաբուգոդոնոսորը լսում է, որ Սեդեկիան, միավորվելով Եգիպտոսի թագավորի հետ, այլևս չի ցանկանում հնազանդվել իրեն, ահագին զորքով շարժվում է Երուսաղեմ և պաշարում է այն: Ու քանի որ Եգիպտոսի թագավորը զորքով Սեդեկիային օգնության է շտապում, Նաբուգոդոնոսորը, թողնելով պաշարումը, նրա դեմ է գնում, որպեսզի նախ` նրան պատժի, ապա` Սեդեկիային:

Թեև Սեդեկիան ուրախանում է պաշարումից ազատվելու համար, սակայն սույն ուրախությունը կարճ է տևում` փոխվելով մեծ տրտմության: Քանի որ Նաբուգոդոնոսորը, հաղթելով Եգիպտոսի թագավորին և նրան փախուստի մատնելով, վերստին պաշարում է Երուսաղեմը: Այդ ժամանակ քաղաքում սննդի պաշար էլ չի լինում, և մանավանդ Նաբուգոդոնոսորի զորքը քանդում է պարսպի մի հատվածը: Սեդեկիան, բոլորովին հուսահատված, ստիպված է լինում փախչելու, սակայն նրան հետապնդելով` բռնում են:

Նույն ժամանակ Նաբուգոդոնոսորը Թեփղաթում էր, և երբ նրա առջև են բերում կալանավոր Սեդեկիա թագավորին։ Ատյան է հրավիրում, որտեղ օրինավոր քննությամբ հաստատվում է նրա հանցանքը, որից հետո Սեդեկիայի աչքի առջև նրա որդիներին և ժողովրդի մեծամեծներին սպանելով` հրամայում է կուրացնել նրան և այդպես կույր, շղթայակապ Բաբելոն է տանում և բանտարկում, որտեղ էլ որոշ ժամանակ հետո թշվառորեն մահանում է:

Այստեղ հարկ է նկատի առնել Երուսաղեմի ողորմելի վիճակը. Սեդեկիայի փախչելուն պես նրա զորքերն էլ են ցրվում, և Նաբուգոդոնոսորի զորքը, Երուսաղեմ մտնելով, բնակիչներին կոտորելուց բացի, չկողոպտված անկյուն անգամ չի թողնում: Մանավանդ Նաբուգոդոնոսորը, իր Նաբուզարդան զորապետին նորից ուղարկելով, տաճարում և արքունական պալատում գտվող ամբողջ ոսկին, արծաթը և կահկարասին Բաբելոն է փոխադրում, և մնացած իրերը, որոնք փոխադրելը դժվար էր, կոտրում և այրում են: Դրանից բացի, Երուսաղեմի պարիսպը քանդելով, բոլոր մեծամեծների ապարանքներն ու տները անխնա և առանց բացառության հիմնահատակ քանդել և ավերել է տալիս:

Նաբուգոդոնոսորը հրեաներին էլ գերեվարում և բնակեցնում է Բաբելոնում, Պարսկաստանում և Քրդստանում, սակայն որպեսզի Իսրայել երկիրն էլ ամբողջովին անմշակ չմնա, այնտեղ է թողնում աղքատ մարդկանց, որպեսզի հողագործությամբ զբաղվեն: Թեև Երուսաղեմն ու տաճարը ավերակ դառնալով` ժողովուրդն էլ գերեվարվում է, սակայն Նաբուգոդոնոսորը Գոթողիա անունով մեկին Հուդայի երկրի վերակացու է կարգում, որպեսզի կառավարի այնտեղ մնացած աղքատ ժողովրդին:

Այս պաշտոնյան, քանի որ Երուսաղեմն ավերված էր, իր բնակության համար հարմար շինություն չգտնելով, Մասեփա քաղաքում է հաստատվում: Սկսելով ժողովրդին մխիթարել բարվոք կառավարությամբ` շատերը, որոնք պաշարման ժամանակ և դրանից առաջ  երկյուղից խույս էին տվել շրջակա հեթանոս ազգերի քաղաքներ, նորից վերադառնում են և հնազանդվում Գոթողիային, որն էլ բոլորին արտոնում է առանց երկյուղի գնալ և բնակվել իրենց նախկին վայրերում` պայմանով, որ պիտի հպատակվեն Նաբուգոդոնոսորի հրամաններին և իշխանությանը: Արդարև, շատ մարդիկ, Մասեփա գալով, իրենց ցեղակից թագավորների ժամանակներից է´լ ավելի հանգիստ և ապահով են սկսում ապրել` առանց որևէ մեկից վախ ունենալու: Արդ, Սեդեկիա թագավորի զորավարներից Իսմայել անունով մեկը, որը, պատերազմի ժամանակ ապստամբելով, բազմաքանակ զորքի հետ ամոնացիների թագավորի մոտ էր փախել, նորից իր զորքով վերադառնալով, Մասեփա է գալիս: Նրա հետ` նաև այլ զորավարներ` իրենց զորքով, որոնց Գոթողիան պատվով և սիրով ընդունում է և միաժամանակ երդումով վստահեցնում, որ հանգիստ և ապահով կարող են աներկյուղ  ապրել:

Սակայն վերոհիշյալ Իսմայելը, իր ազգին թշնամի և անագորույն անձ լինելով, դաշնակցում է ամոնացիների կռապաշտ Բարելիս թագավորի հետ և ցանկանում է սպանել Գոթողիային, ուրպեսզի մնացած ժողովրդին էլ ամոնացիների երկիր գերի տանի, և ինքն էլ այդպիսի ազգադավ կեցվածքով առավել պատվի և աստիճանի արժանանա: Թեև մյուս զորավարները, իմանալով նրա չար դիտավորության մասին, տեղեկացնում են Գոթողիային, սակայն նա չի հավատում: Այդ զորավարներից մեկը, որի անունը Հովնան էր, իր ազգին հավատարիմ լինելով` մտադրվում է գաղտնի սպանել Իսմայելին, սակայն Գոթողիան հավանություն չի տալիս` կարծելով, թե զրպարտություն է, քանի որ Իսմայելից որևէ չարություն չէր սպասում: Եվ այսպես, Իսմայելը իր տասը մարդկանցով գալիս է Գոթողիայի մոտ, և մինչ ճաշկերույթը չէր ավարտվել, և բոլորն էլ ուրախ ու ուզվարթ էին, Իսմայելը և նրա մարդիկ, իսկույն հարձակվելով, սպանում են խեղճ Գոթողիային:

Դրանից բացի` նոր ընկերների օգնությամբ կոտորում է Գոթողիայի մարդկանց և տանը գտնվող ռազմիկ հրեաներին, որպեսզի իրեն դիմադրող անձ չմնա, և այդ օրը Գոթողիայի մահվան լուրը չտարածվի: Հաջորդ օրը ութսուն հրեա, տաճարի ավերման համար ողբալով, իրենց հագուստները պատռտած և մորուքները սափրած, Մասեփա են գալիս` Աստծուն ընծաներ մատուցելու, քանի որ լսել էին, որ ժողովուրդը այնտեղ է հավաքվել և Աստծու համար սեղան կառուցել:

Իսմայելը, այդ մարդկանց տեսնելով, կեղծավորություն է անում և ինքն էլ արտասվելով այդ մարդկանց առաջարկում է գնալ Գոթողիայի մոտ, և երբ քաղաք են մտնում, իսկույն սպանել է տալիս և մարմինները մի ցամաքած ջրհորի մեջ  գցում. միայն տասը հոգի է ազատվում բռնակալից` մեծ գումար խոստանալով: Ապա գրավելով քաղաքը` պատրաստվում է նրա բնակիչներին և Սեդեկիա թագավորի աղջիկներին (որոնց գթալով` Նաբուգոդոնոսորը Գոթողիայի մոտ էր թողել) գերեվարելով ամոնացիների թագավորի մոտ տանել:

Սակայն վերոհիշյալ Հովնանը և մյուս զորավարները, եղելությունն իմանալով, հասնում են նրա հետևից և ազատում ժողովրդին. միայն Իսմայելին իր ութ մարդկանցով հաջողվում է փախչել ամոնացիների երկիր: Թեև Հովնանը և նրա ընկերները ժողովրդին փրկում են անզգամ բռնակալից, սակայն այլևս չեն ցանկանում մնալ Հուդայի երկրում, այլ որոշում են գնալ Եգիպտոս և ժողովրդին էլ իրենց հետ տանել` վախենալով, որ Նաբուգոդոնոսորը, լսելով Գոթողիայի մահվան մասին, կհրամայի կոտորել իրենց:

Եվ քանի որ Երեմիա մարգարեն Նաբուգոդոնոսորի հրամանով մնացել էր Հուդայի երկրում, որ մխիթարի ժողովրդին, ուստի Հովնանը իր ընկերների հետ աղաչում է նրան, որ աղոթի և իրենց մասին Աստծու կամքը իմանա, որպեսզի ըստ դրա շարժվեն: Մարգարեն աղոթելով աստվածային ներշնչմամբ նրանց հայտնում է. «Մի՛ գնացեք Եգիպտոս, Աստված կարող է ձեզ այստեղ պահպանել, իսկ եթե գնաք, սրով և սովով պիտի կոտորվեք»: Սակայն նրանք, դժբախտաբար, չեն ցանկանում հավատալ Երեմիա մարգարեի կանխասացությանը և իրենց որոշումը պնդելով` ոչ միայն  իրենք են անպատճառ ցանկանում գնալ Եգիպտոս, այլև նույնիսկ Երեմիա մարգարեին են իրենց հետ տանում (Երեմ. 40-43):

Խորին կարեկցանքի է արժանի Հուդայի ժողովրդի դժբախտ վիճակը,  որովհետև Աստծու օրենքին հակառակ գործելով, մարգարեի խրատները չանսալով և  չար ճանապարհի դառնալով` զղջալ և ապաշխարել չցանկանալու համար մի մասը` Բաբելոն, մյուս մասը` Պարսկաստան, շատերը` Քրդստան, և ուրիշներն էլ Եգիպտոս են տարագրվում և այդ տեղերում էլ հանգիստ և խաղաղություն չգտնելով` դատապարտվում են վշտի ու տառապանքի, այնպես որ բոլոր տեղերում էլ աստվածային պատուհասից զերծ չեն մնում:

Ահա այսպես, ինչպես որ դրանից առաջ Իսրայելի թագավորությունն է վերանում, այս անգամ էլ Հուդայի թագավորությունը ջնջվելով` ամբողջ հրեա ազգը կռապաշտ ժողովուրդների լծի և իշխանության ներքո գերի և ստրուկ է դառնում, քանի որ  չի ցանկանում հպատակվել Աստծու օրենքներին և կամքին:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․