26 Հունվար, Գշ, Առաջավորաց պահքի Բ օր

Գրքեր
Ո՞վ էր Տովբիթը:

Նեփթաղիմի ցեղից մի առաքինի մարդ էր, որի կնոջ անունը Աննա էր, իսկ որդու անունը` Տուբիա: Տովբիթը, ոչ միայն կատարելապես հնազանդ էր Աստծուն, այլև միշտ օգնում և նեցուկ էր լինում աղքատներին: Երբ ասորիների Սալմանասար թագավորը, գրավելով Իսրայելը, բնակիչներին Նինվե է գերեվարում, Տովբիթն էլ է գերեվարվում, սակայն Աստծու երկյուղը սրտից չհանելով, օրենքին հակառակ վարք չորդեգրելուց բացի` իր ազգականներին միշտ օգնում է և բարիք անում, մանավանդ  ուրիշ հրեաներ առանց խտրության ուտում էին կուռքերին զոհաբերված կերակուրներից, նա ամենայն զգուշությամբ սոսկում էր այդ օրինազանցությունից: Աստծու ողորմությամբ Տովբիթը ծառայության է անցնում Սալմանասարի մոտ և վաճառականության համար գնում մարերի երկիր (Մարաստան՝ հնագույն պետություն Իրանական սարահարթում), որտեղ` Հառագա քաղաքում, բնակվող իր ազգականներից Գաբայել անունով մի հրեայի մուրհակով տասը քսակ գումար է տալիս, որպեսզի նա վաճառականությամբ զբաղվի, քանի որ արդեն իսկ վաճառական էր, ինքն էլ  գերեվարվածներից էր:

Հետո Սալմանասարը մահանում է, և որդին՝ Սենեքերիմն է հաջորդում հորը։ Երբ սա Հուդայի Եզեկիա թագավորի դեմ պատերազմելու է գնում, և նրա զորքից հրեշտակի ձեռքով հարյուր ութսունհինգ հազար զինվորական է մահանում (տե´ս ՀԶ հարցը), և ինքն էլ խույս տալով Նինվե է հասնում. Նինվեում եղող իսրայելացիներից շատերին վրեժխնդրությունից սպանելուց բացի, որպես նախատինք, չի թույլատրում, որ նրանց մարմինները թաղեն, այլ հրամայում է՝ այդպես գցած թողնեն փողոցներում և հրապարակներում, այս է պատճառը, որ Տովբիթը գիշերը մի հնարքով առիթ է գտնում թաղելու այդ մեռելները: Սենեքերիմը, սա  լսելով, որոշում է սպանել նրան, և երբ Տովբիթը վախից փախչում է, նրա ամբողջ ունեցվածքն արքունի գանձարան է տանում:

Սակայն Սենեքերիմը իր չար գործերին համապատասխան է պատիժ գտնում, քանի որ, հիսուն օր չանցած, նրա որդիները սպանում են նրան, և նրա երրորդ որդին՝ Ասորդանը, հոր փոխարեն թագավորելով, Աստծու տնօրենությամբ Տովբիթի եղբոր որդուն` Աքիաքարոս անունով մի անձնավորության, իր բոլոր նախարարների վրա իշխան է կարգում, և նրա միջնորդությամբ Տովբիթը տուն է վերադառնում:

Մի տոնախմբության ժամանակ Տովբիթը որդուն առաջարկում է գնալ և ճաշի հրավիրել ազգակից աղքատներին, և գնալու ժամանակ նա փողոցում մի մահացած իսրայելացի է տեսնում, որին սպանելով թողել էին հրապարակում, իսկույն վերադառնալով` հորը հայտնում է եղելությունը: Տովբիթը ննջեցյալին բերել է տալիս իր տուն, որպեսզի գիշերը թաղի նրան:

Նրա ազգակիցները, սա տեսնելով, սկսում են իրար հետ խոսել, որ այդ մարդը ընդհանրապես չի վախենում մահվանից. դրա պատճառով էր փախել քաղաքից և հիմա եկել է և նորից  չի զգուշանում մեռելներ թաղելուց: Ու քանի որ ըստ օրենքի մեռելին մոտեցողը մինչև երեկո անմաքուր էր համարվում, ուստի սրա պատճառով Տովբիթը, մեռելին թաղելով, տուն չի մտնում, այլ տան պատի արտաքին կողմում է պառկում, և երբ վերև` երկնքին է նայում, պատի քիվից մի ծիտ ծրտում է աչքերին, և նա իսկույն կուրանում է:

Հիրավի, Տովբիթի աչքերը կուրանում են, սակայն երբևէ իր վիճակից չի դժգոհում, այլ նորից փառք է տալիս Աստծուն: Ճշմարիտ է, որ մարդը պարտավոր է անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, ուստի նա ևս բժիշկների օգնությանն է դիմում, սակայն անհնար է լինում բուժել նրան,  և այս  է պատճառը, որ հետին  աղքատության  է մատնվում: Վերոհիշյալ Աքիաքարոս ազգականն է հոգում նրա ապրուստը, ինչպես նաև կինը՝ Աննան, որը  մանում էր և ձեռագործով փոքր-ինչ  վաստակում:

Քանի որ նրանք հարուստ էին, բայց աղքատացէլ էին, ուստի մանած դերձանի տերերը գթալով ավելի շատ գումար են տալիս, մինչև իսկ մեկը մի փոքրիկ ուլիկ է տալիս Տովբիթի կնոջը, որը երբ այն տուն է բերում, այրը կարծում է, որ գողացած ապրանք է։ Թեև Աննան ասում է, որ ընծա է, սակայն Տովբիթը չի հավատում և իրենն է պնդում, որ գողացած որևէ բան չարժե ուտել, և պետք է այն վերադարձնել: Այդ ժամանակ Աննան սրտի  ցավով պատասխանում է իր ամուսնում. «Դու այդքան ողորմություն արեցիր, սակայն Աստծու մոտ այն անընդունելի էր, քանի որ միտքդ ուղիղ չէր»:

Թեև Տովբիթը, իր կնոջից այսպիսի ծանր և վիրավորական խոսքեր լսելով, ոչինչ չի պատասխանում, սակայն սիրտն այնպես է կոտրվում, որ արտասվելով սկսում է Աստծուն խնդրել, որ կյանքը վերցնելով` ազատություն շնորհի իրեն: Սակայն մի´ կարծիր, թե Տովբիթը հույսը կտրում է Աստծուց, ո՛չ, երբեք. այլ իր կնոջ անարժան խոսքերը չհանդուրժելով է այսպիսի խնդրանք ուղղում  Աստծուն, որը կյանքի  և մահվան Տերն է: Աղոթքի ժամանակ նախ` գոհանում է Աստծուց և գովում Նրա դատաստանները, և միևնույն ժամանակ` խոստովանում, որ ինքն ու իր հայրերը մեղավոր են, և բոլոր դեպքում Աստծու գթությանն ու ողորմությանն է ապավինում:

Լա´վ հասկացիր. Տովբիթը Աստծուն հաճելի  անձնավորություն էր, սակայն Աստված նրան միառժամանակ նեղության մեջ է գցում, որպեսզի հետո, երբ նրան ազատի, Աստծու գթությունը և Տովբիթի առաքինությունը մարդկանց հայտնելով` օրինակ վերցնեն, և եթե աշխարհում երբևէ նեղության հանդիպեն առանց հուսահատվելու ապավինեն Աստծուն, աղոթքով և հաստատուն հույսով իրենք իրենց Նրա զորության, բարության և ամենագութ կամքին հանձնեն: Ահա մի փաստ ևս:

Տովբիթի հորեղբորորդի Հռագուելը (որ բնակվում էր մարերի Եկբատան քաղաքում) Սառա անունով մի աղջիկ է ունենում, որին յոթ անգամ նշանում էր, և յոթ փեսան էլ առագաստի գիշերը դիվահար սպանվում են: Այսպիսով, աղջիկը, յոթ անգամ ամուսնանալով, կույս է մնում, քանի որ դևը չի թողնում, որ որևէ մեկը նրան մոտենա. սա էր և´ Սառայի,  և´ ծնողները խիստ մտատանջության պատճառը:

Մի օր Սառայի` աղախիններին հանդիմանելու ժամանակ նրան հանդգնությամբ պատասխանում են. «Յոթ մարդ առար, յոթին էլ սպանեցիր, և դու էլ չմեռար, այդքանից հետո դեռ մեզ նեղություն ես տալիս»: Այս անվայել խոսքերը լսելով` թեև ամոթխած Սառայի սիրտը խորապես կոտրվում է, բայց Սառան առանց Աստծուց հույսը կտրելու, իրեն  Նրա գթությանը և պաշտպանությանը հանձնելով, տան վերևի հարկ է բարձրանում և պատուհանը բացելով, դեպի Երուսաղեմ նայելով, սրտառուչ հառաչանքներով սկսում է արտասվել և աղոթքով իր դժբախտ վիճակն Աստծուն հայտնել:

Սակայն զարմանալին այն է, որ երբ Տովբիթը, իր կնոջ անպատշաճ խոսքերից վիրավորվելով, ի սրտե աղերսում է Աստծուն, հենց նույն օրը` նույն ժամին էլ Սառան  է աղոթում: Աստված երկուսի աղոթքն էլ լսում է և ցանկանում է Ռաֆայել հրեշտակի միջոցով նրանց օգնել, որպեսզի նրանց երկուսի տրտմությունն էլ ուրախության փոխվի, և նրանց վարձատրի իրենց առաքինի համբերության համար: Մինչև իսկ խորհելու արժանի է նրանց օգնություն առաքելու ձևը:

Տովբիթն անձնական տխուր վիճակի մասին խորհելիս որոշում է իր որդուն՝ Տուբիային, վերոհիշյալ Գաբայելի մոտ ուղարկել, որ պարտքով տված գումարը հետ վերցնի: Որդուն անմիջապես կանչելով` հետևյալ խրատն է տալիս` որպես կտակ, որ իր մահվանից հետո միշտ հարգի մորը և նրա սիրտը երբեք չվշտացնի, մանավանդ միշտ հնազանդ լինի Աստծու օրենքներին և երբեք Նրա պատվիրաններին չընդդիմանա, ողորմի աղքատին և տկարին ու անօգնականին նեցուկ և պաշտպան լինի, հեռու մնա մեղքից:

Իրոք, Տուբիան, լսելով հոր պատվիրանները, խոստանում է ամբողջը կատարել, սակայն  երիտասարդ լինելով և Գաբայելին անձամբ չճանաչելով` Տովբիթն առաջարկում է` իրեն ճանապարհի ընկեր ընտրի, և Գաբայելի տված մուրհակն էլ  հանձնում է որդուն: Երբ Տուբիան գնում է` ողեկից ընկեր փնտրելու, Ռաֆայել հրեշտակը` ճանապարհորդի զգեստներով, իսկույն նրա առջև է ելնում, և Տուբիան, կարծելով, որ նա  ճանապարհորդ է, հարցնում է. «Ցանկանո՞ւմ ես ինձ ընկերակցել մարերի Հառագա քաղաք գնալու համար»:

Հրեշտակը պատասխանում է, որ պատրաստ է նրան ընկերակցելու. և´ Գաբայելին է ճանաչում, և´ ճանապարհը գիտի: Երբ Տուբիան նրան իր հոր մոտ է տանում, սա հարցնում է հրեշտակին, թե նա ո´ւմ ցեղից է, որպեսզի իմանա նրա ո´վ լինելը: Հրեշտակը պատասխանում է. «Դու իմ ցեղի մասին ես մտահոգվում, թե՞ որդուդ համար ճանապարհի ընկեր ես փնտրում», Տովբիթը պատասխանում է, որ միաժամանակ  նրա ցեղն ու անուն էլ է ցանկանում իմանալ: Այն ժամանակ հրեշտակը պարտավորվում է հայտնելու, որ անունն Ազարիա է, և հոր անունն էլ` Անանիա:

Այս դեպքում հրեշտակը չի ցանկանում հայտնել, թե ո´վ է ինքը, որպեսզի չվախենան, քանի որ եթե իմանային, որ ինքն Աստծու հրեշտակն է, պիտի վախենային, ուստի այլաբանորեն է պատասխանում, քանի որ Ազարիա նշանակում է «Աստծու օգնություն», իսկ Անանիա նշանակում է «Աստծու ողորմություն»: Արդարև, Աստված ողորմելու էր Տովբիթին և վերոհիշյալ Սառային, ուստի հրեշտակն ուղարկվել էր, որպեսզի օգնի, ինչպես որ հետագայում ինքն էլ հայտնում է (Տովբ. 12):

Տովբիթն ուրախանում է հրեշտակի պատասխանից, քանի որ մինչև գերվելը ճանաչում էր Անանիա անունով մեկին, որը աստվածավախ և պատվավոր անձնավորություն էր, և որի հետ մտերիմ բարեկամներ լինելով` բազմիցս միասին Երուսաղեմ էին գնացել` զոհ մատուցելու, և կարծում է, որ նրա որդին է` Ազարիան, և օրը մեկ դահեկան վարձ պայմանավորվելով` խոստանում է, որ վերադարձին էլ ընծաներ կտա նրան: Այս պայմանավորվածությունից հետո Տուբիան ճանապարհի պատրաստություն է տեսնում և հոր օրհնությունը ստանալուց հետո Ազարիայի հետ ճանապարհ  ընկնում:

Սակայն Տովբիթի կինը՝ Աննան, չի ցանկանում` որդի գնա, ուստի արտասվելով ասում է ամուսնուն. «Ինչո՞ւ փողի համար մեր որդուն մեզնից հեռացրիր, Աստված ինչ տվել է, դրանով կբավարարվեինք»: Տովբիթը, նրան մխիթարելով, պատասխանում է. «Մի´ տխրիր, նորից անվտանգ կվերադառնա, քանի որ Աստծու հրեշտակն է առաջնորդում մեր որդուն»: Այն երեկո Տուբիան և Ազարիան իջևանում են Տիգրիս գետի ափին, երբ Տուբիան լվացվում էր գետի ափին, մի մեծ ձուկ է նրա վրա հարձակվում, որպեսզի կուլ տա,  և Ազարիան ասում է, որ Տուբիան բռնի նրան: Տուբիայի` ձուկը բռնելուց և գետից հանելուց հետո դարձյալ Ազարիայի խորհրդով ձկան սիրտը, լյարդը և շնչառական օրգանները հանում, պահում է, իսկ ձուկը խորովելով ուտում են: Երբ Տուբիան հարցնում է, թե ինչու պահեցին ձկան ներքին օրգանները, Ազարիան պատասխանում է. «Ով  դև ունի իր մեջ, այդ ձկան սիրտն ու լյարդը ծխեցնելուն պես դևը կգնա, իսկ լեղին վարագուրված աչքերին քսելուն պես դրանք իսկույն կբժշկվեն»:

Հետո նրանք, շարունակելով իրենց ճանապարհը, մոտենում են Եկբատան քաղաքին, որտեղ բնակվում էր Հռագուելը: Ազարիան իր ընկերոջն ասում է. «Դու պետք է ըստ օրենքի կնության առնես Հռագուելի աղջկան՝ Սառային,  քանի որ ազգական եք, աղջիկն էլ  իմաստուն է և բարի»: Սակայն Տուբիան, լսած լինելով, որ նա խնդիր ունի, և որ նրա հետ ամուսնացած անձինք առագաստի գիշերն իսկ մահացել են, երկյուղում է, թե միգուցե իր հետ էլ մի այդպիսի փորձանք պատահի: Ազարիան շտապում է քաջալերելու` ասելով. «Մի՛ վախեցիր, ամուսնական գիշերը բռնածդ ձկան սիրտն ու լյարդը, որ պահեցիր, դի´ր կրակին և ծխեցրու, որից չար դևը անդառնալիորեն կհեռանա, և դուք էլ աղոթե´ք Աստծուն, Նա էլ ձեզ գթությամբ կպահի»: Տուբիան, լսելով այս խոսքերը, համաձայնում է ամուսնանալ Սառայի հետ և հավանում է նրան: Երբ Եկբատան գնալով` Հռագուելի տուն են մտնում, Սառան, նրանց դիմավորելով, ներս է տանում:

Հռագուելը Տուբիային տեսնելուն պես կնոջն ասում է. «Այս տղան եղբորս որդու՝ Տովբիթի նման է», և երբ տեղեկանում է, որ Նինվեից են գալիս հարցնում է. «Տովբիթին ճանաչո՞ւմ եք, արդյո՞ք ողջ է»: Տուբիան պատասխանում է, որ ողջ է և  իր հայրն է: Այն ժամանակ Հռագուելը, իսկույն վեր կենալով, համբուրում է նրան` արտասուքն աչքերին գովելով Տովբիթին և Տուբիային: Թեև իմանալով Տովբիթի աչքերի կուրության մասին` մեծ տխրությամբ է համակվում, բայց և այնպես մեծ պատվով ընդունելով` կերակրում է նրանց:

Քանի որ Տուբիան սեր է տածում Սառայի հանդեպ, դեռ ճաշի չնստած` Ազարիային հիշեցնում է ճանապարհին իրեն առաջարկածը և խնդրում, որ այդ առաջարկը ներկայացնի աղջկա ծնողներին, որպեսզի կատարվի իր ցանկությունը: Ազարիան խնդրանքը ներկայացնում է Հռագուելին, որը համաձայնում է աղջկան կնության տալու, սակայն միևնույն ժամանակ հայտնում է, որ նրա փեսայացուները առագաստի գիշերն իսկ մահանում են, ուստի չի ցանկանում վերջնական համաձայնություն տալ, որպեսզի միգուցե Տուբիան էլ  չմահանա, և ապա ավելացնում է. «Այժմ հա´ց կեր և ուրախացի´ր»:

Տուբիան պատասխանում է Հռագուելին, որ ինքը ոչինչ չի ուտի, մինչև իր գործը չկարգավորի: Այն ժամանակ ըստ օրենքի Հռագուելը Սառային կնության է տալիս Տուբիային և նրանց օրհնելով` գրավոր թղթով խոստանում իր ունեցվածքի կեսը նրանց ընծայել: Հետո ուրախ-զվարթ ճաշելուց հետո իր կնոջն ասում է. «Շուտով մի սենյակ պատրաստի´ր և մեր անբախտ աղջկան քաջալերող խոսքերով այնտե´ղ առաջնորդիր». կինն էլ ամենայն ճշգրտությամբ և խնամքով կատարում է:

Մինչ Սառան առագաստի սենյակ էր առաջնորդվում` նախկինում պատահած տխուր դեպքերը մտաբերելով, սրտատանջ անձկությամբ և հոգեմաշ թախիծով սկսում է արտասվել, սակայն մայրը, նրա արցունքը սրբելով, սկսում է հուսադրել և քաջալերել նրան` միաժամանակ  Աստծուն աղաչելով, որ Իր գթառատ մարդասիրությամբ և անասելի ողորմությամբ նրա խորին վիշտն ու տրտմությունն ուրախության և ցնծության փոխի:

Երբ Տուբիային էլ առաջնորդում առագաստի սենյակ՝ Սառայի մոտ, ըստ Ազարիայի պատվիրանի վերոհիշյալ ձկան սիրտը և լյարդը ծխեցնելով` պիղծ դևը խույս տալով եգիպտական երկրի վերին կողմերն է փախչում, և հրեշտակն այնտեղ կապում է նրան: Տուբիան Սառայի հետ Աստծուն աղոթելուց հետո միասին ննջում են: Սակայն Հռագուելը կասկածելով և վախենալով գերեզման է փորել տալիս, որ եթե հանկարծ Տուբիան մահանա, առանց որևէ մեկի իմանալու նրան թաղի, ինչպես թաղել էր մյուս փեսաներին:

Երբ առավոտյան տեղեկանում է, որ նա ողջ է, գոհություն և փառք է տալիս Աստծուն, օրհնում և գովաբանում է Նրա սուրբ և օրհնյալ անունը, Նրա մեծ և անասելի մարդասիրությունը և ողորմությունը: Ապա բացած գերեզմանը փակելով, միաձայն շնորհակալ լինելով Աստծուց՝ բոլորը սրտով և հոգով ուրախանում են: Տուբիան ցանկանում է գնալ և Գաբայելից դրամը վերցնելով` վերադառնալ, սակայն երբ Հռագուելը երդումներով և թախանձելով թույլ չի տալիս, ստիպված պարտավորվում է Ազարիային ուղարկելու, որ գնա, գումարը բերի և Գաբայելին էլ հարսանիքի հրավիրի:

Ազայելը գնալով բերում է գումարը, միաժամանակ նաև Գաբայելին, ուստի տասնչորս օր մեծ ցնծությամբ հարսանիք են անում: Իրոք, այս պարագայում Տուբիան շատ ուրախ էր, սակայն փափագում էր օր առաջ Նինվե վերադառնալ, որպեսզի հայրն իր համար չմտատանջվի, քանի որ հարսանիքի պատճառով հապաղելու համար հայրն արդեն իսկ սկսել էր մտահոգվել, մանավանդ մայրն էլ,  Տովբիայի մխիթարական խոսքերին ուշադրություն չդարձնելով, որոնցով նա ջանում էր ապացուցել` որդին կենդանի է, արտասվում և սգում էր նրան. կինը, տխրությունից անգամ հաց չուտելով, որդու գնացած ճանապարհին նայելով, արցունքներով էր ժամանակն  անցկացնում:

Ահա այս է պատճառը, որ Տուբիան պնդում էր՝ շուտ գնան, իսկ Հռագուելը պատասխանում էր, որ մարդ կուղարկի հոր մոտ, որպեսզի հայրը չանհանգստանա, և թող նա միառժամանակ իրենց մոտ մնա, սակայն երբ տեսնում է, որ Տուբիան չի ցանկանում մնալ, Սառային է հանձնում նրան և պատվիրում, որ ամուսնուն միշտ հնազանդ լինի, և ունեցվածքի կեսը, նաև ծառաներ ու աղախիններ տալով` մեծ և սրտաբուխ օրհնություններով ճանապարհ է դնում նրանց:

Երբ Տուբիան, Աստծուց շնորհակալ լինելով, Նինվեին է մոտենում, Ազարիայի հետ առաջ է ընկնում, որ ընտանիքի համար տեղ պատրաստեն: Ինչպես վերը հիշատակվել է, Աննան դարձյալ ճամփին էր նայում, հեռվից որդուն տեսնելուն պես իսկույն գնում է` Տովբիթին լուր տալու, որը թեև ցանկանում էր որդուն ընդառաջ ելնել, սակայն կուրության պատճառով ընկնելու երկյուղից կարիք ուներ պատերին հենվելով առաջ գնալու, սակայն, այնուամենայնիվ, գայթում է և ընկնում:

Վերջապես Տուբիան հասնում է հորը, և միմյանց փաթաթվելով` ուրախանում են և արտասվում: Տուբիան շտապում է, ըստ Ազարիայի պատվիրանի,  իր մոտ եղած ձկան լեղին քսելու հոր կուրացած աչքերին, և Աստծու ողորմությամբ աչքերի վարագույրը իսկույն ցրվելով`  սկսում է տեսնել:

Այժմ ո՞վ կարող է բացատրել Տովբիթի տան ուրախությունը. մարդկային մտքից վեր այն շնորհը, որ Աստված պարգևում է կույր Տովբիթին: Տուբիան հորը պատմում է այն ողորմությունը, որը Աստված էր արել իրեն: Հենց այդ պահին էլ հասնում է Սառան աղախնի և ծառայի հետ, ամբողջ ինչքով և մեծաքանակ գումարով: Տովբիթն ընդառաջ ելնելով մեծ ուրախությամբ և պատվով ընդունում է նրան և աղոթքներով և օրհնություններով գոհանում Աստծուց բոլոր բարերարությունների համար:

Խորին ուշադրության է արժանի և միաժամանակ օրինակելի Տովբիթի դրության այսպիսի փոփոխությունը, քանի որ նա կորցնում է իր ողջ ունեցվածքը և ութ տարի էլ կույր մնում, սակայն երբեք առ Աստված ունեցած նրա հավատքը չի խախտվում, և առաքինական կյանքն էլ բնավ երբեք չի փոխվում, և անսպառ համբերությամբ արժանանում է այն շնորհին, որով Աստված ոչ միայն նրա աչքերն է բժշկում, այլև մեծ հարստություն   պարգևում նրան:

Հետո  Տովբիթը ցանկանում է վճարել Ազարիայի վարձը, և Տուբիայի հետ խորհրդակցելով` որոշում են բերած ստացվածքի և հարստության կեսը նրան տալ, և երբ նրան կանչելով հայտնում են իրենց որոշումը, Ազարիան պատասխանում է, որ ինքն Աստծու հրեշտակն է, Նրա հրամանով է եկել` օգնելու, և նրանց պատվիրում է սույն բարերարության համար, որ նրանց հանդեպ է կատարվել, փառք տան Աստծուն, և նրանց ասում է. «Դու և քո հարս Սառան, երբ աղոթելու կանգնեցիք, ես էի, որ դրանք Աստծու մոտ բարձրացրի, և երբ դու թաղում էիր մահացածներին, ես մոտդ էի, Աստված ինձ ուղարկեց` քեզ բժշկելու. ես Ռաֆայել հրեշտակն եմ»:

Երբ Տովբիթն ու Տուբիան լսում են այս խոսքերը, զարհուրելով երեսնիվայր ընկնում են, և հրեշտակը նրանց ասում է. «Մի´ վախեցեք, այլ աղոթեցե´ք, քանի որ ոչ թե ես իմ կամքով եկա, այլ ձեր Աստծու հրամանով. ես այժմ գնում եմ Նրա մոտ, Ով ինձ ուղարկեց, դուք միայն գրի´ առեք, ինչ պատահել է ձեզ հետ»: Հրեշտակն այս խոսքերն ասելուց հետո անմիջապես աներևութանում է. նրանք երկար ժամանակ երկյուղով են համակվում, հետո ոտքի կանգնելով` գոհությամբ փառաբանում են Աստծուն:

Այդ ժամանակ Տովբիթը, նորից աղոթելով, խոստովանում է Աստծու արդարությունը, ողորմությունն ու բարությունը, մանավանդ աստվածային ներշնչմամբ հայտնում է, որ Երուսաղեմն ու տաճարը պիտի ավերվեն, և ժողովուրդն էլ գերի պիտի տարվի, և ապա ազատվելով պիտի վերաշինեն Երուսաղեմը, ինչպես գրված է նրա գրքում: Տովբիթի այս խոսքերը, այլաբանորեն ընկալվելով, այսպես են հասկացվում. Քրիստոս պիտի աշխարհ գա, և կռապաշտները պիտի հավատան Նրան, և Սուրբ Եկեղեցու ու արքայության փառքն ու թագավորությունը պիտի անվախճան լինեն:

Այնուհետև խիստ  ծերացած Տովբիթը կանչում է Տուբիային և նրա յոթ որդիներին և պատվիրում միշտ հնազանդվել Աստծուն, արդարությամբ գործել և աղքատներին ողորմել, որդուն էլ պատվիրում է, որ Նինվեում չմնա, այլ գնա և մարերի երկրում բնակվի, քանի որ Նինվեն պիտի կործանվի, ինչպես ավելի առաջ գուշակել էր Հովնան մարգարեն (Հովն. 3:4), որի խոսքն էլ, ուշ թե շուտ, անպատճառ պետք է կատարվի:

Երբ Տովբիթը մահանում է, որդին՝ Տուբիան, թաղում է նրան, ապա մահանում է մայրը, և հոր մոտ թաղելուց հետո ինքը` Տուբիան, գաղթելով գնում է աներոջ՝ Հռագվելի մոտ: Հռագվելն ու նրա կինն էլ մահանում են խոր ծերության հասակում, որոնց էլ Տուբիան թաղում է, և ժառանգում նրանց ամբողջ հարստությունն ու ունեցվածքը: Տուբիան դեռ ողջ էր, երբ լսում է Նինվեն կործանվելու լուրը, և փառք տալիս Աստծուն, որ ինքն այնտեղ չէ:

Տովբիթին արժանի որդին՝ Տուբիան էլ երկար տարիներ առաքինությամբ, բարեպաշտությամբ և կատարյալ օրինապահությամբ կենցաղավարելուց հետո սրբությամբ և բարի մահվամբ կնքում է իր մահկանացուն:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․