Գրքեր
Հինգերորդ դարն ինչո՞վ է տարբերվում չորրորդից:

Հուդայի ցեղից թագավորության վերանալով, ժողովրդի` Բաբելոն գերեվարվելով և մանավանդ, մարդկությանը մեղքից փրկելու համար Մեսիայի աշխարհ գալու ժամանակների և հանգամանքների հայտնությամբ: Թեև Երեմիա մարգարեն նախապես հայտնել էր, որ ժողովուրդը պիտի գերեվարվի և յոթանասուն տարի  մնա Բաբելոնում, ապա  ազատվի (Երեմ.  25:11), սակայն Դանիել մարգարեն էլ, որը ժողովրդի հետ գերի էր Բաբելոնում, ժողովրդի փրկության, Երուսաղեմն ազատագրելու և տաճարը վերաշինելու համար միշտ աղոթում էր Աստծուն:

Սրա մասին ոչ միայն Դանիելը, այլև  Իսրայելի ժողովրդի իշխան Միքայել հրեշտակապետն էլ, ինչպես Զաքարիա մարգարեն է գրում,  յոթանասուն տարի հետո խնդրում է Աստծուն, որ գթա Երուսաղեմի և Հուդայի քաղաքները (Զաք. 1:12): Ճիշտ է, Աստված հավատարիմ է իր խոստմանը, որով որոշված ժամանակը լրանալուց հետո ժողովուրդը պետք է ազատվեր գերությունից, սակայն աստվածային խոստումն իրականանալու համար մարդիկ պարտավոր են կատարյալ հավատով խնդրել և աղոթել (տե´ս Երրորդ դար, Ի հարցը), ուստի երբ յոթանասուն տարին լրանում է, Դանիելը ծոմապահությամբ քուրձ է հագնում և սրտաբուխ հառաչաքներով անընդհատ աղոթում` հայցելով Աստծու գթությունը:

Աստծու հրամանով նրա մոտ է ուղարկվում Գաբրիել հրեշտակապետը՝ հատնելու, որ ժողովուրդը ոչ միայն Բաբելոնի մարմնավոր գերությունից պիտի ազատագրվի, այլև  490 տարի հետո Մեսիան պիտի ծնվի և նրա մահվամբ մարդկային ազգի մեղքերին քավություն պիտի լինի, որպեսզի նրա գալստյան ժամանակ, հանգամանքները քննելով, մարդիկ հավատան նրան (Դան. Թ 24):

Ճշմարիտ է, որ Դանիելը Աստծուց ժողովրդի  մարմնավոր գերությունից ազատություն է խնդրում, սակայն Աստված մարգարեին հայտնում է, որ մարդկությունը նաև հոգևոր գերությունից էլ պիտի ազատվի, որպեսզի սրանով է´լ ավելի մխիթարի մարգարեին: Քանի որ նա փափագում էր, որ Մեսիան աշխարհ գա և մարդունը ազատի մեղքից, ինչպես որ նրա սրտի այս սուրբ ցանկության մասին հայտնում է հրեշտակը (Դան. Թ 23): Հիրավի, Սուրբ գրվածքներից հայտնի է, որ Մեսիան հայր Աբրահամի ցեղից կամ սերնդից պիտի ծնվի (Ծննդ. ԻԲ 24), ծնվի Բեթղեհեմում (Միք. 5:2), ապա Երուսաղեմ գալով (Զաք. Թ 9)` այնտեղ մարդկության փրկության համար պիտի չարչարվի և մահանա (Ես. 53:4), սակայն գալու ժամանակը չէր հայտնվել:

Վերոհիշյալ 490 տարվա սկիզբը Կյուրոս թագավորի հրամանով հաշվվում է հրեաների գերությունից ազատվելու տարվանից:

 
 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․