Գրքեր
Հերովդեսն ինչո՞ւ կամեցավ սպանել Հիսուսին:

Հիսուսից վախենալու պատճառով: Որովհետև ինչպես ԼԸ. հարցում հիշատակվեց, Հերովդեսը, հեթանոս ազգից լինելով, հռոմեական կայսեր լիազորությամբ  իշխում էր Հրեաստանի վրա, ուստի մտածելով, թե գուցե Հիսուսը թագավորությունն իր ձեռքից  առնի, նրան սպանելու միտքը հղացավ, որպեսզի ազատվի կարծեցյալ վտանգից:

Տե՛ս Հերովդեսի չարությունն ու անգթությունը. քանի որ (ինչպես Դ. հարցում հիշատակվեց) հրաշալի աստղի երևալու ժամանակը մոգերից ճշտելու համար թեև ասել էր, որ մանկանը գտնելով՝ իրեն ևս իմաց տան, որովհետև իբր թե ինքն էլ է ցանկանում գնալ և երկրպագել նրան, բայց նրանք հրեշտակի հրամանով հեռացան առանց լուր տալու, որի պատճառով Հերովդեսը վերին աստիճանի բարկանում ու զայրանում է: Եվ որովհետև չէր կարող մոգերից վրեժ լուծել, զորք ուղարկելով՝ մի անօրինակ անգթությամբ կոտորել է տալիս Բեթղեհեմում և շրջակա վայրերում գտնվող երկու տարեկանից փոքր բոլոր մանուկներին, որպեսզի Փրկիչն էլ նրանց հետ մեռնի:

Այս պարագայում որպես ապացույց Հերովդեսի անօրենության, անգթության և ծայրահեղ չարության՝ կատարվեց Երեմիա մարգարեի մի կանխասացությունը, ըստ որի՝ «Ռամայում լացի, կոծի և մեծ սգի ու հեծեծանքի ձայներ լսվեցին», որովհետև, ինչպես երրորդ դարի ԻԶ. հարցում հիշատակվեց, Ռաման Ռաքելի գերեզմանի մոտ էր և Բեթղեհեմի շրջակայքում, և այնտեղ եղած մանուկներն էլ կոտորվել էին: Մի՛ կարծիր, թե Փրկիչը եղավ հիշյալ մանուկների կոտորածի պատճառը, այլ Հերովդեսի անասելի չարությունը, իսկ նրանք, իբրև վկա հաստատելով Մեսիայի գալուստը, իրենց անմեղ արյան հեղումով արքայության փառքին արժանացան:

Այստեղ արժե հաշվի առնել մարդկանց եղկելի վիճակը. Փրկիչն աշխարհ է գալիս՝ մարդկանց մեղքից ազատելով՝ իր երկնային թագավորության  անվախճան փառքին ու երանությանը արժանացնելու համար, սակայն մարդիկ փափագում ու ջանում սպանել նրան: Այսուհանդերձ, նրա մասին մարգարեների գրածները կատարելու համար, երբ  հայր Հովսեփը մանուկ Փրկչին Եգիպտոս տարավ, անօրեն Հերովդեսն իր չարագույն նպատակից վրիպեց, որով թե՛ երկրի վրա և թե՛ երկնքում  իր պատիժն ավելի սաստկացրեց: Հրեա Հովսեպոս պատմագիրը գրում է, թե նա ինչպես գարշելի հիվանդության ենթարկվեց և անտանելի տանջանքների մեջ չարչարվելով՝ մեռավ և այսպես իր արժանի պատիժը գտավ երկրի վրա:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․