Գրքեր
Հիսուսի գործած հրաշքներից առաջինը կամ դրանց սկիզբը ո՞րն է:

Ջուրը գինի դարձնելը: Որովհետև, ինչպես վերևում հիշատակվեց, Փիլիպոսին կանչելուց հետո, երբ Գալիլեա գնաց, երրորդ օրը Գալիլեայի Կանա քաղաքում հարսանիք կար, և սուրբ Աստվածածինը, Հիսուսն ու նրա աշակերտները ևս հրավիրվեցին այդ հարսանիքին. ենթադրվում է, թե հարսանիքի տերը սուրբ Աստվածածնի ազգականն էր: Սակայն Հիսուսը ոչ միայն ազգական լինելու պատճառով հարսանիք գնաց, այլև իր աստվածային զորությունն այնտեղ ցույց տալու համար: Մանավանդ առաջին հրաշքը սուրբ Աստվածածնի միջնորդությամբ պիտի իրականացներ, որպեսզի ամեն մարդ, նրա հարգը ճանաչելով, նրա բարեխոսությունը խնդրի և այդ  կերպ իր փափագների կատարմանը հասնի:

Արդարև, երբ հարսանիքի ժամանակ գինին պակասում է, սուրբ Աստվածածինը հարսանիքի տիրոջ մտատանջությունն իմանալուն պես Հիսուսին հայտնում է, թե գինի չունեն: Ու թեպետ նա առարկում է, թե իր ժամանակը դեռ չի հասել, սակայն սուրբ կույսը ծառաներին ասում է. «Հիսուսն ինչ որ կպատվիրի ձեզ, ճշտությամբ գործադրե՛ք»: Այնտեղ քարե վեց կարասներ կային, որոնցից  ամեն մեկը երկու կամ երեք մար ջուր էր պարունակում, որ ըստ օրենքի՝ ճաշի ժամանակ ձեռքերը լվալու համար էր հատկացված:

Երբ Հիսուսի հրամանով կարասները ջրով լցվեցին, հրամայեց դրանք բերել տաճարապետին, որը գինին ճաշակելուց հետո խոսեց փեսայի հետ՝ ասելով. «Ամեն մարդ նախ լավ գինին է հրամցնում, ապա վատը. դու, ընդհակառակը, լավագույն գինին վերջում պահեցիր», քանի որ չգիտեր, թե որտեղի՛ց է այն:  Բայց կարասները լցնող ծառաները գիտեին:

Ապա Հիսուսը գալիս է Կափառնայում քաղաքը, բայց որովհետև Զատկի տոնը մոտ էր, այնտեղ երկար ժամանակ չի մնում, իսկ երբ Երուսաղեմ է գալիս, տեսնում է, որ մարդիկ, Աստծու տաճարում արջառ, ոչխար և աղավնի վաճառելով շահ ստանալով էին  զբաղված: Տե՛ս շահասեր հրեաների անպատկառ վարքագիծը. նրանք փոխանակ Աստծու տան պատիվն ամեն կերպ պահելու, ինչպես որ պարտավոր էին, իրենց անձնական շահի համար  հանդգնում էին անասուն գնել ու վաճառել ասես մի հասարակ տեղում:

Ահա այս պատճառով իրավացիորեն սաստիկ զայրացած՝ Հիսուսը պարանից մի խարազան է շինում և բոլոր արջառներն ու ոչխարները տաճարից դուրս հանելուց բացի դրամափոխների դրամներն էլ ցրելով՝ նրանց սեղանները քանդում է և աղավնեվաճառներին ասում է. «Վերցրե՛ք դրանք սյստեղից, և իմ հոր տունը վաճառանոց մի՛ դարձրեք»: Այս խոսքով ոչ միայն ինքն իրեն Աստծու Որդի է անվանում, այլև այս մասին և այս պարագայում նրա վերաբերյալ  մարգարեական մի պատգամն էլ է կատարվում, որ է՝ «Քո տան համար ունեցածս նախանձախնդրությունն ինձ ուտում  է»:

Թեպետև հրեաները Հիսուսի այսպիսի իշխանական վարմունքի համար բարկացան, բայց վախենալով՝ չկարողացան արգելել, այլ միայն առարկեցին՝ ասելով, թե՝ «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ այդ բանն անում ես»: Հիսուսը պատասխանում է նրանց. «Քանդե՛ք այս տաճարը և ես երեք օրում կշինեմ այն»: Նա այդ խոսքն այլաբանորեն ասաց իր անձի մասին, քանի որ հրեաների ձեռքով պիտի մեռներ և երեք օրից պետք է հարություն առներ: Բայց նրանք, մտածելով, թե խոսքը Սողոմոնի կառուցած տաճարի մասին է, Հիսուսին պատասխանում են, թե՝ «Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, դու երեք օրո՞ւմ պետք է կառուցես այն»:  (Այս մասին տե՛ս  չորրորդ դարի ԽԵ-րդ հարցը, որտեղ հիշատակվել է, թե տաճարի շինությունը քանի տարի է տևել):

Հիրավի, Հիսուսի բոլոր խոսքերը ճշմարտություն են, բայց երբ որ հրեաների ձեռքով մեռնելով՝ երեք օրից հարություն առավ, առաքյալները հիշեցին այդ խոսքը և հավատացին նրա խոսքերինև նրա մասին գրվածներին:

 

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․