Գրքեր
Ո՞վ բանտարկեց Հովհաննեսին և ի՞նչ պատճառով:

Մեծն Հերովդեսի որդին՝ Հերովդես Անտիպասը, որ Գալիլեայում էր թագավորում: Հիրավի, նա ճանաչում էր Հովհաննեսին իբրև  սուրբ մարդու և մի ժամանակ նրա խոսքերը լսում էր երկյուղածությամբ, բայց հետո օրինազանց ընթացքի հետևելով՝ եղբոր՝ Փիլիպոսի կնոջ՝ Հերովդիայի սադրանքով ու դրդմամբ բանտարկեց նրան, որովհետև Փիլիպոսի  կենդանության ժամանակ նրա կնոջ հետ ամուսնանալու համար Հովհաննեսը հանդիմանել էր նրան: Թեպետ Հերովդեսն իր չարության պատճառով բանտարկեց նրան,  բայց այս պարագայում կատարվեց Հովհաննեսի մարգարեական խոսքը, թե ինքը պետք է թուլանա, Հիսուսը, ընդհակառակը, պետք է զորանա (տե՛ս ԺԷ. հարցը):

Արդարև, Հովհաննեսի բանտարկությունից հետո Հիսուսն սկսեց քարոզել, թե «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնային թագավորությունը մոտ է»: Այսպես նա, Հովհաննեսի քարոզչությունը վավերացնելով, ամենքին  հրավիրում է ապաշխարության: Ապա երբ Հիսուսն անցնում էր Գալիլեայի ծովի եզերքով, տեսնելով, որ  Պետրոսն ու նրա եղբայր Անդրեասը այնտեղ ձուկ էին որսում, կանչում է նրանց՝ ասելով. «Հետևիցս եկե՛ք, որ ձեզ մարդկանց որսորդ դարձնեմ»: Նրանք, իսկույն իրենց գործիքները թողնելով, նրա հետևից գնացին:

Թեպետ նրանք,  դրանից առաջ Հիսուսին հավատալով, աշակերտել էին նրան, բայց միշտ նրա մոտ չմնալով, երբեմն նաև ձուկ որսալու էին գնում: Այս անգամ, ձկնորսությունը թողնելով, հետևում են Փրկչին: Երբ մի քիչ էլ առաջ է գնում, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին է տեսնում, որոնք իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավի մեջ ուռկան էին նորոգում: Նրանց ևս հրավիրում է իրեն հետևելու, և նրանք, իրենց հորը նավում թողնելով, հոժարությամբ և  սիրով հետևում են երկնավոր վարդապետին:

Երբ Հիսուսն առաքյալների և այլ աշակերտների հետ շաբաթ օրը Կափառնայումի ժողովարան գնաց և սկսեց ուսուցանել, ամենքը զարմացան, որովհետև ոչ թե հրեաների դպիրների պես, այլ իշխանությամբ էր ուսուցանում: Մի դիվահար մարդ, այնտեղ գալով, աղաղակում է. «Քեզ հետ ի՞նչ գործ ունենք (ասել կուզի, թե քեզ ի՞նչ վնաս տվեցինք), որ եկար մեզ կորստյան մատնելու: Գիտենք, թե դու ով ես, օ՜, Աստծու սուրբ»: Այս պարագայում սատանան ոչ թե Հիսուսին փառավորելու համար այսպես խոսեց, այլ հատկապես նրա ով լինելը իմանալու համար: Սակայն Հիսուսը, նրա նպատակն իմանալով, նրա խոսքին չպատասխանելուց բացի, իշխանությամբ սաստելով՝ ասում է. «Պապանձվի՛ր, ե՛լ այդ մարդուց»: Այս հրամանի վրա հիվանդը գետնին է ընկնում և բարձրաձայն աղաղակելով՝ իսկույն հեռանում է նրանից: Տեսնողները զարմացած սկսում են իրար հարցնել. «Այս ի՞նչ վարդապետություն է, որ չար ոգիներին է սաստում, և նրանք հնազանդվում են իրեն»:

Այնտեղից գալիս է Սիմոնի տուն, որի զոքանչը ջերմախտով հիվանդ պառկած էր: Եվ երբ Հիսուսին տեղեկացնում են, նրա մոտ է գալիս ու հենց որ ձեռքը բռնում է, կինը բժշկվում է և սկսում է ծառայել նրանց: Երեկոյան բազմաթիվ հիվանդներ ու դիվահարներ են բերում նրա մոտ, որոնց բոլորին բժշկում է, որով կատարվում է Սուրբ Գրքում Եսայի մարգարեի ձեռքով գրվածը, թե՝ «Նա հիվանդություններն ու ցավերը վերացրեց»: Դևերն էլ, անզոր լինելով դիմադրելու նրա հրամանին, մարդկանց միջից դուրս գալով, թեև խոստովանում էին, որ նա Աստծու Որդին է, և այս վկայությունը բարձրաձայն աղաղակով էին տալիս, սակայն ոչ թե ճշմարտապես գիտենալով էին այդպես վարվում, այլ նրա զորությանը նայելով՝ կասկածում էին, և ով լինելն իմանալու նպատակով միայն  փորձելու համար էին գովում նրան, այդ պատճառով, նրանց սաստելով, թույլ չէր տալիս, որ իր Մեսիա լինելը հռչակեն: Որովհետև նրանց խորամանկությանը ծանոթ լինելով՝ չէր կամենում, որ մարդիկ խաբվեին:

Հաջորդ առավոտ կանուխ գնում է անապատ, և երբ այնտեղ աղոթում էր, Սիմոնը և նրա հետ ուրիշներ գալով խնդրում են, որ Կափառնայումից չմեկնի՝ հայտնելով, թե բոլոր մարդիկ իրեն են ուզում տեսնել և լսել: Սակայն Հիսուսը, որ ուրիշ տեղերում ևս ողորմելու էր, պատասխանում է, թե գնանք ուրիշ տեղերում ևս քարոզելու, ուստի գնալով և Գալիլեայի ամբողջ գավառում քարոզելով՝ հիվանդներին ու վատառողջ մարդկանց  էր բուժում, և որովհետև նրա համբավը տարածվել էր մինչև Ասորիների երկիրը, այն կողմերից ևս տեսակ-տեսակ հիվանդություններով տառապող մարդկանց բերեցին նրա մոտ, և բոլորին էլ բժշկեց:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․