Գրքեր
Հիսուսն ինչո՞ւ գնաց այնտեղ, որտեղ մկրտում էր Հովհաննեսը:

Որպեսզի ժողովուրդը, Հովհաննեսի՝ իր մասին տված վկայությունը հիշելով, հավատա իրեն: Արդարև, երբ մեծ բազմություն գնաց Հիսուսի մոտ, սկսեցին միմյանց ասել, որ թեպետ Հովհաննեսը հրաշք չգործեց, բայց ինչ որ նրա մասին ասաց, ամեն բան ճշմարիտ էր: Եվ այսպես շատերն են հավատում Հիսուսին, որը, նրանց քարոզելով, ասում է. «Եթե մի մարդ չթողնի իր հորը, մորը, կնոջը, զավակին, եղբորը և քրոջը կամ մինչև իսկ իր անձը և իր խաչն առած՝ ինձ չհետևի, չի կարող ինձ աշակերտ լինել»:

Արդարև, մեր մերձավոր ազգականներին սիրելը և կարիքի մեջ եղած ժամանակ նրանց օգնելը բնական պարտականություն է, բայց եթե նրանք պատճառ են լինում քեզ մեղքի մեջ գցելու, պետք է թողնես ու հեռանաս այդպիսի մերձավորներից, քանի որ մարդն ամեն բանից առաջ և ամեն բանից առավել պարտավոր է իր հոգու փրկության համար հոգալ (այս մասին տե՛ս նաև ԼԷ. հարցում): Այս խոսքով իմանում ենք ոչ միայն այն, որ Հիսուսը պետք է խաչվեր, այլ նաև այն, որ այս երկրի վրա ամեն մարդու համար իր աստիճանին համապատասխան մեկական խաչ  (նեղություն, չարչարանք, վիշտ) է սահմանված Տիրոջից:

 Ուրեմն մարդը պարտավոր է այս աշխարհում իրեն պատահած նեղությանը հոժարակամ սիրով համբերել՝ «Սա իմ խաչն է» ասելով, և ոչ թե այս կամ այն բանն իր կրած նեղության  պատճառ  համարել: Միայն թե պետք է ուշադիր լինել, որ դրա պատճառն ինքը եղած չլինի, որովհետև գործերին չափազանց շատ և հարկ եղածից ավելի միջամտող մարդը, իհարկե, նեղություն կկրի: Այս մոտեցմամբ՝ մարդը ո՛ր ասպարեզ էլ մտնելու լինի, պարտավոր է նախ մտածել, թե իր ուժը կբավականացնի՞ արդյոք գործը հաջողությամբ ի կատար ածելու համար:

Ահա այս մտքով Հիսուսն ասում է. «Ձեր մեջ ո՞վ է այն մարդը, որ մի աշտարակ շինել կամենա ու նախ չմտածի, թե արդյոք բավական կարողություն ունի՞ իր նախատեսած շինությունն ամբողջովին ավարտելու համար, որովհետև գուցե շինության հիմքը դնելուց հետո չկարողանա ավարտել, և այդ ժամանակ մարդիկ սկսեն ծաղրել իրեն՝ ասելով. «Այս մարդն սկսեց սա և չկարողացավ ավարտել»: Դարձյալ, ո՞ր թագավորն է, որ տասը հազար հոգուց բաղկացած զորքով պատերազմի գնացած լինի, և երբ նրա հակառակորդը քսան հազար հոգուց բաղկացած զորքով գա, նախ չի մտածի, թե արդյոք կարո՞ղ է իր տասը հազարով նրա քսանհազարանոց զորքին հաղթել: Եթե ոչ, դեռ թշնամին չմոտեցած՝պատգամախոս կուղարկի և աղաչանքով խաղաղություն կխնդրի:

Արդարև, ինչպես որ աշխարհիկ կամ մարմնավոր գործերի մեջ մարդ պարտավոր է նախ իր կարողությունը չափել ծաղրելի չլինելու համար, նմանապես հոգևոր շավղին հետևող անձինք ևս նույն պարտականությունն ունեն: Արդ, Հիսուսի աշակերտ լինել փափագող անձը նախ և առաջ իր սրտից պետք է հանի մարմնավոր սիրելիների, մանավանդ նյութական ունեցվածքի, զվարճությունների, մեծության և անցողիկ փառքի սերը, որպեսզի աշխարհի ծաղրանքի առարկա չդառնա: Քանի որ ինչպես լույսն ու խավարը միմյանց հետ չեն միաբանվում, այնպես էլ Աստծու և մարմնավոր իրերի սերերը միասին և մեկտեղ չեն կարող լինել:

Սակայն այս ամենի համար պետք չէ հուսահատվել, որովհետև եթե մարդը, իր կարողությունը չափելով, իր աստիճանին ու վիճակին համապատասխան խոհեմություն ունենա՝ առաքինության մեջ թերություն չգործելու, աստվածային շնորհով կարող է Աստծուն հաճելի լինել: Հիսուսը, այսպիսի չափավոր ու խոհեմ ընթացքը աղի նմանեցնելով, ասում է. «Աղը լավ է, բայց եթե իր համը կորցնի, այլևս ոչ մի բանի պիտանի չլինելով՝ դեն կնետվի»: Արդարև, եթե մարդ թերանա առաքինություն գործելու պարտականության մեջ, ինչ աստիճան կամ պաշտոն էլ ունենա, համը կորցրած աղի նման իբրև անպիտան մեկը դուրս կմղվի, այն է՝ Աստծու ողորմությունից կզրկվի (այս մասին տե՛ս նաև ԼԶ. հարցում):

Տե՛ս Հիսուսի ողորմությունը. որովհետև բոլոր մարդկանց փրկության համար եկած լինելով՝ ոչ ոքի չի մերժում, մաքսավորների և մեղավորների հետ ևս ուտելով ու խմելով քարոզում է նրանց, որպեսզի նրանք դառնան իրենց չար ճանապարհից և ապրեն: Սակայն հպարտ օրենսգետներն ու փարիսեցիները նախանձից տրտնջում են՝ ասելով, թե՝ «Ինչո՞ւ է մեղավորներին ընդունում և նրանց հետ ուտում ու խմում»: Նրանց միտքը իմանալով՝ Հիսուսը, որպեսզի հասկացնի, թե դրա վերաբերմամբ որքան անարդար են, օրինակ է բերում մի հովվի, որ ունեցած հարյուր ոչխարից մեկը կորցնում է և իննսունիննին ամայի տեղում թողնելով՝ կորած ոչխարին է որոնում, մինչև որ գտնում է նրան: Եվ երբ գտնում է, ուրախությամբ ուսին դնելով՝ կանչում է իր բարեկամներին ու հարևաններին, որոնց հրավիրում է խնդակից լինելու իրեն, որովհետև  կորած ոչխարն է գտել:

Դարձյալ օրինակ է բերում մի կնոջ, որն ունենալով տասը դահեկան՝ մի դահեկանը կորցնում է, մոմ է վառում և տունն ավլելով՝ ուշադրությամբ որոնում է այն, մինչև որ գտնում է: Եվ երբ գտնում է, բարեկամներին ու հարևաններին կանչում է՝ ասելով նրանց. «Ուրա՛խ եղեք ինձ հետ, որովհետև կորցրած դրամս գտա»: Ահա այս կերպ, հավելում է նա, երկնքի հրեշտակներն ուրախանում են ապաշխարած մի մեղավորի դարձի համար: Այս առակները մեծ մխիթարություն են մեղավորների համար, որովհետև ինչպես որ հովիվն իր ոչխարը, կամ թե կինն իր կորցրած դրամը որոնելով գտան, այնպես էլ Հիսուսն իր չարչարանքով որոնեց ու գտավ մարդկային ազգը, որ սատանայի թելադրանքով մեղքի մեջ ընկնելով՝ հոգով կորած էր:

Թեպետ Հիսուսն այսպես իր ողորմությունը հայտնեց, բայց մի ուրիշ առակով էլ ցույց է տալիս է, թե մարդն իր հոգու փրկության համար ինչպես պետք է առանց թերանալու աշխատի եռանդով, որպեսզի ամեն մարդ, խրատ առնելով,  ըստ այդմ շարժվի և Աստծու շնորհների օգնությամբ արքայության արժանի լինի: Ահա առակը:

Մի մարդ երկու որդի ուներ, որոնցից կրտսերը հոր ունեցվածքից իրեն հասանելի ժառանգության բաժինը խնդրեց, և հայրն իր ունեցվածքը բաժանեց նրանց միջև: Շատ չանցած՝ կրտսեր որդին, հեռու մի երկիր գնալով, անիրավ ընթացքով ու զվարճությունների մեջ հայրական ամբողջ ժառանգությունը վատնեց: Երբ այդ երկրում պատահած սաստիկ սովի պատճառով  աղքատացավ, բնակիչներից մեկի մոտ ծառայության մտավ: Սա էլ իր ագարակն ուղարկեց նրան՝ խոզ արածեցնելու: Սակայն թեև նա ցանկանում էր գոնե խոզերի կերած եղջերենու պտուղներից  ուտել իր փորը լցնելու համար, այդուհանդերձ  օտարության մեջ նրան ոչ ոք չէր տալիս այդ, քանի որ ո՛չ  ծանոթներ ուներ, ո՛չ բարեկամներ, որ նրա ծայրահեղ աղքատության հանդեպ փոքր-ինչ գութ կարող էին ունենալ:

Ահա այսպիսի անօգնական ու թշվառ կացության մեջ սկսեց մտաբերել, որ իր հայրական տան ծառաներն անգամ հանգիստ ու անկարոտ ապրում են, իսկ ինքը քաղցած ու սովալլուկ պետք է կորչի: Ուստի ինքն իրեն խորհելով՝ ասում է. «Ելնեմ, գնամ հորս մոտ և ասեմ՝ հա՛յր, մեղանչեցի, այսուհետև արժանի չեմ քո որդին կոչվելու, բայց գոնե իբրև ծառա՛ ընդունիր ինձ»: Արդարև, երբ այդպիսի խոնարհամիտ տրամադրությամբ ելավ ու գնաց, հայրը հեռվից տեսավ նրան և գթալով ընդառաջ գնաց ու նրա պարանոցին փարվելով՝ հայրական սիրով համբուրեց նրան:

Այնժամ այդ անառակ որդին ըստ իր հաստատ որոշման խոստովանում է իր մեղավորությունն ու անարժանությունը, բայց հայրը, առանց իսկ հիշելու նրա հանցանքը, ծառաներին իսկույն հրամայում է նրա լավագույն պատմուճանը հագցնել, մատանին մատին դնել, պարարտ եզն էլ մորթել, որ ուտեն և ուրախ լինեն: «Քանի որ,- ասում է,- իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց»: Եվ սկսեցին ուրախանալ:

Սակայն նրա ավագ որդին, որ ագարակում էր, երբ վերադառնալով իմացավ եղելությունը, բարկացած ասաց հորը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և քո հրամանից երբեք դուրս չեկա: Այսուհանդերձ մի ուլ չտվեցիր ինձ, որ ընկերներիս հետ ուտեմ: Մինչդեռ հենց որ եկավ այս որդիդ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ ուտելով վատնեց, պարարտ եզը մորթեցիր»: Հայրը պատասխանում է. «Որդի՛ս, դու միշտ ինձ հետ ես, և իմ ամբողջ ունեցածը քոնն է: Բայց պետք է ուրախ լինենք այժմ, քանի որ քո այս եղբայրը, որ մեռած էր, կենդանացավ, կորած էր և գտնվեց»:

Այս առակը Աստծու մեծ ողորմությունն է ցույց տալիս, ուստի եթե սխալվելով մեղանչել ես, բնավ մի՛ հուսահատվիր, այլ անառակ որդու նման օր առաջ խոնարհ սրտով և կատարյալ հավատով զղջա՛ ու ապաշխարի՛ր և խոստովանահոր առջև մեղքերդ խոստովանի՛ր ցաված հոգով, որ մեղքերիդ թողություն գտնես: Որպեսզի ոչ ոք հույսը չկտրի Աստծու ողորմությունից, հիշյալ առակը պատմելուց բացի՝ մեկ այլ առակ էլ է պատմում այն նպատակով, որ ամեն մարդ իր պարտքերը անթերի կատարելով՝ միշտ իր հոգևոր փրկության մասին հոգ տանի կատարյալ արթնությամբ: Ահա առակը:

Մի հարուստ մարդու տնտեսի ամբաստանեցին, որ վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերն էլ որոշեց պաշտոնից ազատել նրան: Սակայն տնտեսը, որ բանել չէր կարող, իսկ մուրալ էլ ամաչում էր, որպեսզի պաշտոնից հեռանալուց հետո իրեն պաշտպան գտնի և նրանց տանն ընդունվի, իր տիրոջ պարտապաններին կանչելով՝ հարյուր չափ ձեթ պարտք ունեցող անձի մուրհակը փոխել և հիսուն է գրել տալիս, հարյուր պարկ ցորեն պարտք ունեցողի մուրհակի վրա ութսուն է գրել տալիս:

Թեպետ հիշյալ անձն այս պարագայում անհավատարմություն գործեց, բայց հեռատեսությամբ իր ապագան ապահովելու համար գովեստի արժանացավ, որովհետև իմանալով, որ պաշտոնից պետք է զրկվի, քանի դեռ հնարավորություն ուներ իր ձեռքում, անձնական շահի մասին մտածելով՝ իր տիրոջ ունեցվածքից ուրիշներին բարիք արեց և այդ պատճառով առաքինի մարդկանցից, նույնիսկ հրեշտակներից ավելի իմաստուն համարվեց:

Արդարև, որքան որ եռանդ ու զգոնություն ցուցաբերեց տնտեսն իր մարմնավոր շահերի հարցում, մարդիկ իրենց հոգևոր շավղում նույնքան եռանդ ու հոգածություն չեն դրսևորում  իրենց հոգիների փրկության համար: Ավելին, հրեշտակները, հոգեղեն էակներ լինելով, երբ մեղանչելով երկնքից արտաքսվեցին, փոխանակ իրենց ճշմարիտ շահերի մասին խորհելու՝ օրըստօրե չարության մեջ ավելի առաջ գնացին, որով մարդկանցից ավելի հիմար համարվեցին:

Ուրեմն այն մարդն է իմաստուն, որ կատարյալ սրտով փափագելով միայն Աստծուն ծառայել՝ մարմնավոր իրերի սերը սրտից հանում  է և աղքատներին ողորմություն տալով՝ լուրջ մտադրությամբ հոգում է իր հոգու փրկության համար, քանի որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել Աստծուն և ամբողջ աշխարհի ունեցվածքին՝ մամոնային:

Թող այս մասին լա՛վ մտածեն ագահ մարդիկ, որոնք  իրենց ունեցվածքը միայն իրենց սեփականությունն են դարձնում և միշտ մարմնավոր զվարճությունների անձնատուր եղած՝ աղքատներին ու կարոտյալներին ձեռք չեն մեկնում: Որովհետև տարակույս չկա,  որ  նրանք իրենց մեռնելուց հետո պետք է անվախճան պատժի արժանանան, ինչպես որ աշխարհասեր ու անգութ մի մեծահարուստ մարդու պատահեց, որն իր ունեցվածքի շատությամբ հպարտացած, միշտ թանկաժեք զգեստ հագնելով՝ միայն առատ կերուխումի և մեծ ուրախության էր տվել իրեն:

Հակառակ սրան՝ Ղազարոս անունով մի աղքատ մարդ, որի ամբողջ մարմինը վերքերով էր ծածկված, մեծահարուստի դռան մոտ ընկած-մնացած լինելով՝ փափագում էր նրա սեղանից թափված հացի փշրանքներն ուտել, բայց ոչ ոք  նրան չէր տալիս: Նա այն աստիճան անօգական վիճակում էր, որ շները գալով նրա վերքերն էին  լիզում: Ահա ուրեմն, թեև հիշյալ մեծահարուստն այս աշխարհում միառժամանակ զվարճություններով էր ապրում, իսկ Ղազարոսը նեղություն էր կրում, սակայն հանդերձյալ աշխարհում հակառակը պատահեց, որովհետև երբ երկուսն էլ մեռան, Ղազարոսը հրեշտակների միջոցով հայր Աբրահամի գիրկը հանգստի  կանչվեց, իսկ հպարտ, անգութ և զբոսասեր մեծահարուստը դժոխքի տանջանքների արժանացավ, ինչպես որ աստվածային արդարությամբ արդար փոխհատուցում էր սահմանված ըստ իրենց գործերի:

Նայի՛ր այս մեծահարուստի ողորմելի վիճակին: Ղազարոսից, որ նրա դռան առաջ ծայրաստիճան չքավորության մեջ մի կտոր հացի էր կարոտ, և որին ինքը տեսնելով կարեկցություն ցույց չէր տվել, այժմ, երբ ինքը դժոխային կրակի տապից այրվում է և աչքերը բարձրացնելով՝ նրան տեսնում է հայր Աբրահամի գրկում հանգստացած, նույն Ղազարոսից   օգնություն է խնդրում, բայց իզուր:

Որովհետև աղերսագին աղաղակում է Աբրահամին, որ բարեհաճի Ղազարոսին ուղարկել, որ նա իր մատի ծայրը ջրի մեջ թաթախելով՝ գա և իր լեզուն փոքր-ինչ զովացնի, բայց պատասխան է ստանում, թե՝ «Հիշի՛ր, ո՛վ մարդ, որ դու աշխարհում զվարճացար, իսկ Ղազարոսը տառապեց:  Այժմ այստեղ նա մխիթարված է, իսկ դու այդտեղ ծարավում ես»: Հատկապես երբ հայտնում է, թե նրանց միջև մի ահագին անդունդ կա, որը հնարավոր չէ անցնել, այն ժամանակ ողորմելին բոլորովին հուսահատության է մատնվում:

Բայց քանի որ նա հինգ եղբայր ուներ, այդ պատճառով նորից աղաչում է Աբրահամին՝ ասելով. «Ղազարոսին ուղարկի՛ր, որ գնա վկայություն տա նրանց, որ նրանք ևս այս տանջանքների վայրը չգան»:  Աբրահամը դրան պատասխանում է. «Թող Մովսեսից և այլ մարգարեներից լսեն»: Դատապարտվածը ասում է, որ մինչև մեռելներից մեկը չգնա, նրանք չեն ապաշխարի: Աբրահամն ասում է. «Եթե մարգարեներին չեն լսում, ուրեմն եթե մեռելներից մեկն էլ  կենդանանա, դարձյալ չեն հավատա»: Ահա այսպիսին է Աստծու դատաստանը. նա, ով ձեռքում պատեհություն ունենալով՝ կարիքավորներին չի գթում, գթության չի արժանանա:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․