Գրքեր
Իր հարությունից մինչև համբարձումը Հիսուսը քանի՞ անգամ և ո՞ւմ երևաց:

Տասն անգամ, ինչպես վերևում հիշատակվեց: Առաջին անգամ՝ Մարիամ Մագդաղենացուն, Զատկի առաջին օրը: Երկրորդ անգամ՝ յուղաբեր կանանց, ճանապարհի վրա: Երրորդ անգամ՝ Պետրոսին: Չորրորդ անգամ՝  Էմմավուս գնացող երկու աշակերտներին: Հինգերորդ անգամ՝ առաքյալներին և նրանց հետ եղողներին: Վեցերորդ անգամ՝ Զատկի ութերորդ օրը Թովմասին և մյուս առաքյալներին: Յոթերորդ անգամ՝ Տիբերիա ծովի եզերքին, երբ ձուկ էին բռնում, Պետրոս, Հակոբոս, Հովհաննես, Թովմաս և Նաթանայել առաքյալներին և երկու աշակերտների: Ութերորդ անգամ՝ հինգ հարյուրից ավելի հավատացյալների, որոնք հավաքված էին Գալիլեայում: Իններորդ անգամ՝ Ձիթենյաց լեռան վրա՝ բոլոր առաքյալներին և այնտեղ գտնվող հավատացյալներին, որտեղից էլ երկինք համբարձվեց: Թեպետ Սուրբ Աստվածածնին երևալու մասին գրված չէ, սակայն եկեղեցու վարդապետները միաբերան հաստատում են, որ ամենից առաջ նրան է երևացել:

Ինչպես որ Հիսուսը, քառասուն օր մեծ մասամբ առաքյալներին երևալով, տեսակ-տեսակ հրաշքներ գործեց և Աստծու արքայության համար շատ հրահանգներ ավանդեց (Գործ 1:3), որոնք գրի առնված չեն, և որոնք հանձնարարեց առաքյալներին, որ իրենց քարոզության ժամանակ հարկ եղած եղանակով հավատացյալներին ավանդեն թե՛ խոսքով և թե՛ գրով, այդպես էլ մինչև խաչը ելնելը Հիսուսի գործած բոլոր հրաշքները գրի չառնվեցին, այլ գրվեց այնքանը, որքան հարկավոր էր հաստատելու համար, որ նա է Մեսիան և Աստծու Որդին, որպեսզի մարդիկ իմանալով հավիտենական կյանք ժառանգեն:

Դու տե՛ս առաքյալների ուրախությունն ու ցնծությունը, իսկ Հիսուսի թշնամիների տրտմությունն ու վիշտը: Հիրավի, երբ Հիսուսին խաչը հանեցին, նրա թշնամիներն ուրախացան, իսկ առաքյալները տրտմեցին: Բայց երբ հարություն առնելով՝ երկինք համբարձվեց, հակառակը տեղի ունեցավ, ինչպես որ Հիսուսը Ավագ ուրբաթ  գիշեր վերնատան մեջ ասել էր առաքյալներին, թե՝ «Աշխարհը պիտի ուրախանա, դուք պիտի տրտմեք ու լաք, բայց ձեր տրտմությունը ուրախության պետք է փոխվի, որը ոչ ոք չպիտի կարողանա վերցնել ձեզնից»:

Արդարև, այս պարագայում որքան որ առաքյալները ուրախություն զգացին, նույնքան ավելի տխրեցին հրեաները, որովհետև Հիսուսի հարությամբ և համբարձմամբ հաստատվեց, որ նա է Մեսիան և Աստծու Որդին, և որ աշխարհի վախճանին նա պետք է աստվածային փառքով  իջնի Ձիթենյաց լեռան վրա, որ նա պետք է գա բոլոր մարդկանց դատելու իրենց գործերի համեմատ, և որ առաքյալներն ու բոլոր հավատացյալները, որոնք հավատարմությամբ նրան ծառայելով՝ նրա պատվիրանները կկատարեն, արքայության մեջ անվախճան ուրախություն պիտի ունենան: Իսկ նրան խաչը հանողներն ու բոլոր անհավատները դժոխքում հավիտենական տանջանքների պետք է դատապարտվեն:

Արդ ի սեր Հիսուսի խաչելության՝ քեզ պատահած նեղություններին համբերի՛ր և ուրա՛խ եղիր, քանի որ նրա սիրո համար որքան շատ վիշտ ու նեղություն կրես երկրի վրա, հայտնի է, որ նույնքան ավելի պիտի ուրախանաս ու բերկրես հանդերձյալ կյանքում: Այս պատճառով առաքյալներն ու բոլոր ճշմարիտ հավատացյալները նրա սուրբ և օրհնյալ անվան համար իրենց ողջ կյանքի ընթացքում տարբեր հալածանքներ, չարչարանքներ ու նեղություններ կրեցին կամովին, և դրա համար երկնքում նրա անվախճան թագավորությունը ժառանգելու արժանի եղան:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․