Գրքեր
Երբ առաքյալներն սկսեցին քարոզել, Հիսուսի թշնամիներն արդյոք հակառակվեցի՞ն նրանց:

 Հակառակվեցին և թշնամությամբ նրանց պատժելու ցանկություն ևս ունեցան: Մի անգամ Պետրոսն ու Հովհաննեսը ըստ սովորության ժամը իննին գնում էին տաճար՝ աղոթելու: Նրա Գեղեցիկ կոչվող դռան մոտ ի ծնե կաղ մի մուրացկան կար, որն ավելի քան քառասուն տարի քայլելու կարողությունից զուրկ էր, և այդ պատճառով ուրիշներն ամեն օր նրան բերում էին այնտեղ՝ տաճար մտնող-ելնողներից մուրալու համար: Սա Պետրոսին ու Հովհաննեսին տեսնելուն պես ողորմություն է խնդրում, իսկ Պետրոսն ասում է նրան. «Արծաթ և ոսկի չունեմ քեզ տալու, բայց ինչ որ ունեմ, կտամ քեզ. Նազովրեցի Հիսուսի անվամբ վե՛ր կաց և գնա՛»:

Այս խոսքն ասելով՝ Պետրոսը բռնում է նրա աջ ձեռքից, որ բարձրացնի նրան: Աստվածային հրաշքով այդ մուրացկանն իսկույն բժշկվում է և սկսում քայլել: Եվ նրանց հետ տաճար մտնելով՝ վազվզում է և օրհնում Աստծուն: Երբ ժողովուրդը, նրան տեսնելով, հիացած ու զարմացած էր, Պետրոսը խոսքը ժողովրդին ուղղեց՝ ասելով. «Ինչո՞ւ եք այսպես ապշել ու զարմացել: Այս մարդը ոչ թե մեր զորությամբ բժշկվեց, այլ Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք սպանեցիք»: Եվ որպեսզի չհուսահատվեն, ավելացնում է. «Գիտեմ, որ անգիտությամբ արեցիք: Մարգարեների բերանով Աստծու ասածների համաձայն Հիսուսը պետք է չարչարվեր: Եվ ահա դա կատարվեց»: Այս ասելով՝ ժողովրդին հորդորում է զղջալ և ապաշխարել թողություն գտնելու համար: Նաև Սուրբ Գրքից վկայություն բերելով՝ հաստատում է Հիսուսի հարությունը և նրա՝ Մեսիա և Աստծու Որդի լինելը:

Երբ ժողովուրդն այս խոսքերը լսեց, հինգ հազար հոգի ևս այդ օրը հավատաց Հիսուսին: Բայց քահանաները, տաճարի մեծամեծներն ու սադուկեցիները բարկացած անմիջապես բռնում են Պետրոսին ու Հովհաննեսին և բանտարկում, քանի որ երեկո էր: Հաջորդ օրը (տե՛ս Թ. հարցը) Աննայի ներկայությամբ, որ այն ժամանակ քահանայապետ էր, մեծ ատյան են գումարում  և երկու առաքյալներին ատյան կանչելով՝ հարցնում են. «Ի՞նչ զորությամբ և ո՞ւմ անվամբ արեցիք այդ բանը»: Պետրոսը, Սուրբ Հոգու շնորհով լցված, պատասխանում է. «Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք: Նա է ձեզնից անարգված  անկյունաքարը» (այս մասին տե՛ս ԽԶ. հարցը):

Բացի այդ, Պետրոսը համարձակորեն հայտնում է ատյանին, որ բոլոր մարդիկ Հիսուսի անունով պետք է փրկություն գտնեն, որպեսզի իր ասածը ըմբռնելով՝ ուղղվեն: Հակառակորդները, տեսնելով նրանց համարձակությունը և մանավանդ իմանալով, որ նրանք հմուտ և ուսյալ մարդիկ չեն, շատ են զարմանում, որովհետև հասկանում են, որ նրանք Հիսուսի հետ էին: Տեսնելով նաև բժշկված կաղ մուրացկանին, որն այնտեղ ներկա էր, նրանց պատասխան տալ չեն կարողանում: Այդ պատճառով առաքյալներին ատյանից դուրս հանելուց  հետո սկսում են միմյանց հետ խորհրդակցել՝ ասելով. « Ի՞նչ անենք այս մարդկանց, որոնց ձեռքով մեծ հրաշք գործվեց: Երուսաղեմի բոլոր բնակիչներին դա  արդեն հայտնի է, և մենք չենք կարող ուրանալ»:

Արդարև, նրանք հարկադրված այսպես խորհրդակցեցին, բայց երբեք ուղղվել չուզելով՝ որոշեցին առաքյալներին կանչել և սպառնալով պատվիրել, որ այլևս Հիսուսի անունով չուսուցանեն, որպեսզի ժողովրդի մեջ նրա անունը ավելի չտարածվի: Երբ կանչում ու պատվիրում են, Պետրոսն ու Հովհաննեսը, առանց նրանցից վախենալու, պատասխանում են. «Աստծու առջև պարտ ու պատշաճ է ձե՞զ լսել, թե՞ Աստծուն: Դո՛ւք ընտրեք: Իսկ մենք չեն կարող չպատմել, ինչ որ տեսանք և լսեցինք»:

Հիրավի, այս խոսքը բոլոր ժողովականներին  խիստ ծանր թվաց, բայց նրանց պատժելու պատճառ չունենալով՝ միայն սաստեցին նրանց ու արձակեցին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չընկնի, որովհետև հիշյալ հրաշքը բոլոր տեսնողներն օրհնում էին Աստծուն ու փառավորում: Այդ ժամանակ Պետրոսն ու Հովհաննեսը, իրենց ընկերների մոտ վերադառնալով, նրանց պատմում են պատահածը, և բոլորը միասին բարձրաձայն աղոթում են և Աստծու զորությունն ու Դավիթ մարգարեի բերանով Հիսուսի մասին Սուրբ Գրքի պատգամների կատարումը խոստովանելով՝ խնդրում են, որ իրենց զորություն ու համարձակություն շնորհի, որպեսզի կարողանան Հիսուսի անունով համարձակորեն քարոզել ու հրաշագործել:

Մինչ նրանք այսպիսի աղոթք էին մատուցում Աստծուն, այն տեղը, որտեղ  գտնվում էին, սկսեց շարժվել ի նշան այն բանի, որ նրանց աղոթքն ընդունվեց, և Աստծուց զորություն ու համարձակություն ստանալով՝ նրա խոսքերը միշտ հայտնում էին մեծ քաջասրտությամբ:

Սրանից բացի (ինչպես որ ԾԹ. հարցում հիշվեց), այն ժամանակ բոլոր հավատացյալները, միաբան ու միասիրտ լինելով, միմյանց հետ վարվում էին հոգևոր և եղբայրական սիրով, հետևաբար նրանցից ոչ մեկն իր ունեցվածքը միայն իրենը չէր համարում, այլ հատկացրել էր ընդհանուրին, ուստի նրանց մեջ կարիքավոր մարդիկ այլևս չկային, և բոլորի աչքում նրանք մեծ պատիվ ու հարգանք էին վայելում:

Եթե մեկը գյուղ կամ ագարակ ուներ, վաճառում և գումարը բերում էր առաքյալներին, որոնք բաշխում էին այն, ում որ պետք էր: Ինչպես որ Ղևիի ցեղից Հովսեփ անունով մի անձ, որ ծնվել էր Կիպրոսում, քանի որ  հայրն այնտեղ էր բնակվում, իր գյուղը վաճառելով՝ գումարը բերեց և հանձնեց առաքյալներին: Թեև սա տասներկու առաքյալներից մեկը չէր, սակայն խիստ առաքինի էր և նրանց նման ավետարանը քարոզելու պատճառով նրանց հավասար էր համարվում և եբրայերեն Բառնաբաս կոչվեց, որ «մխիթարության որդի» է նշանակում:

Այդպես էլ Անանիա անունով մի մարդ, որի կնոջ անունը Սափիրա էր, վաճառում է իր գյուղը, բայց փոխանակ ամբողջ գումարը բերելու՝ կնոջ գիտությամբ միայն նրա մի մասն է բերում առաքյալներին, իբր թե գյուղն այդ գնով է վաճառվել: Աստվածային ներշնչումով Պետրոսն իմանում է, որ նա ստում է: «Անա՛նիա,- ասում է,- գյուղը քոնն էր, և նրա վաճառքը՝ քո իրավունքը: Ինչո՞ւ սրտումդ այդ բանը դրեցիր: Դու ոչ թե մարդկանց, այլ Աստծո՛ւն խաբեցիր»: Երբ նա այս խոսքը լսեց, տեղնուտեղն ընկավ ու մեռավ, և նրան վերցրին ու թաղեցին:

Նրա կինը, որ այս եղելությունից անտեղյակ էր, երեք ժամից եկավ, և Պետրոսը հարցրեց նրան. «Ա՞յդ գնով վաճառեցիք գյուղը»: Նա ևս ստելով ասաց. «Այո՛, այդ գնով»: Ի պատասխան՝ Պետրոսն ասաց. «Ինչո՞ւ միաբանվեցիք Տիրոջ հոգին փորձելու համար: Թող քո ամուսնուն թաղողները քեզ էլ դուրս հանեն»: Առաքյալի այս խոսքի վրա նա ևս տեղնուտեղն անշնչացավ, և նրան վերցնելով՝ թաղեցին ամուսնու մոտ: Այս դեպքը բոլոր հավատացյալների և լսողների վրա մեծ երկյուղ սփռեց, բայց իմանալով, որ մեղքը նրանցն էր, տղամարդ թե կին բազմությամբ հավատքի են գալիս, և հավատացյալներն այդպես չափազանց շատանում են: Տաճարի Սողոմոնի սրահ կոչվող վայրում նրանց հավաքելով՝ առաքյալներն ուսուցանում էին, և ուրիշները նրանց մոտենալ չէին համարձակվում, իսկ ժողովուրդը շատ էր հարգում նրանց:

Սրանից բացի, քանի որ առաքյալների ձեռքով շատ հրաշքներ էին գործվում, հիվանդներին պատգարակներով և իրենց մահիճներով փողոցներն էին հանում, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը դիպչի նրանց: Եվ իրոք, ում որ դիպավ, նա բժշկվեց: Այդպես էլ շրջակա քաղաքներից ժողովուրդն ահագին բազմությամբ գալիս էր Երուսաղեմ, և բոլոր հիվանդներն ու դիվահարները, որոնց բերում էին,  առաքյալների շնորհիվ առողջանում էին:

Հիրավի, մաքուր սիրտ ունեցող բոլոր մարդիկ սրանով շատ էին ուրախանում, սակայն Հիսուսի թշնամիները, առաքյալներին ևս նախանձելով, այն աստիճան են զայրանում, որ անձամբ քահանայապետը և նրա հետ նաև օրենսգետներն ու սադուկեցիները գալիս բռնում են առաքյալներին և հրապարակավ բանտ նետում:

Այստեղ դու տե՛ս նախանձների խայտառակությունը. Հիսուսի աշակերտներին բանտարկում են, որպեսզի նրա անվամբ չքարոզեն, սակայն նույն գիշեր Աստծու հրեշտակը բացում է բանտի դուռը և նրանց դուրս հանելով՝ հրամայում է գնալ ու տաճարում քարոզել, իսկ բանտի դուռը նորից փակում է: Պահապանները, որոնք պահպանում էին դուռը, ոչինչ չեն լսում: Առավոտ վաղ, ըստ հրամանի, առաքյալները գնում են տաճար և սկսում քարոզել ժողովրդին:

Քահանայապետն ու նրա հետ եղողները, բանից անտեղյակ, ժողովականներին ու ժողովրդի ծերերին հավաքելով, ժողով գումարեցին և ծառաներին ուղարկեցին, որ առաքյալներին բանտից հանելով բերեն: Երբ նրանք գնացին և առաքյալներին բանտում չգտան, անմիջապես հետ դառնալով՝ պատմեցին. «Բանտը ամուր փակված գտանք, պահապանները ևս դռան առաջ կանգնած էին, բայց դուռը բացելով՝ ներսում նրանց չգտանք»:

Այդ ժամանակ բոլոր ժողովականները, «Ի՞նչ պետք է լինի սա» ասելով, խիստ ապշած վիճակում էին, երբ մի անձ գալիս և պատմում է նրանց, թե՝ «Ահա ձեր բանտարկած մարդիկ տաճարում ժողովրդին են քարոզում»:  Այս պարագայում, փոխանակ Աստծու կարողությունն ըմբռնելով՝ իրենց չարության համար զղջալու, նախանձով լցված՝ բնավ չեն ուզում ուղղվել, այլ տաճարի մեծավորն իր ծառաներով գնում և առանց բռնության բերում է առաքյալներին, քանի որ վախենում էին, թե միգուցե ժողովուրդը քարկոծի իրենց: Երբ նրանց ատյան են բերում, քահանայապետը հանդիմանական եղանակով ասում է. «Ձեզ չպատվիրեցի՞նք, որ այդ անունով չուսուցանեք: Ահա ամբողջ Երուսաղեմը լցրիք ձեր վարդապետությամբ: Այդ մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա՞ գցել»:

Այստեղ հարկ է նկատել, որ հիշյալ քահանայապետն այն աստիճան թշնամի էր Հիսուսին, որ նրա անունը տալ չէր ուզում: Բայց քանի որ նրա միտքը հայտնի էր, Պետրոսն ու մյուս առաքյալներն անվեհեր համարձակությամբ և աներկյուղ ասում են. «Մարդկանցից առավել պետք է Աստծուն հնազանդվել»: Հատկապես հայտնելով Հիսուսի հարությունը, որին սպանեցին՝ խաչը հանելով, հավելում են, թե միայն նրա անունով մարդիկ մեղքերի թողություն պետք է գտնեն և ասում է. «Այս խոսքերը  վկայում ենք մենք, և վկայում է նաև Սուրբ Հոգին, որ Աստված պարգևեց իրեն հնազանդվողներին»:

Առաքյալների այս խոսքերը լսելով՝ նրանք այն աստիճան են զայրանում, որ մտածում են սրանց ևս սպանել: Այդ ժամանակ ժողովականներից մեկը՝ Գամաղիել անունով մի փարիսեցի, որ օրենքի ուսուցիչ էր և ժողովրդի աչքում պատվական մի մարդ, հրամայում է առաքյալներին մի փոքր ժամանակով դուրս հանել և դառնալով ժողովականներին՝ ասում է. «Այս մարդկանցից հեռո՛ւ մնացեք, թողե՛ք նրանց: Եթե այս գործը մարդկանցից է, իրենք իրենց կցրվեն, իսկ եթե Աստծուց է, չեք կարող նրանց նվաճել կամ ջնջել, թերևս Աստծու դեմ մարտնչած կլինեք: Ինչպես որ սրանից առաջ Թևդասը ելավ, ապա մարդահամարի օրերին՝ գալիլեացի Հուդան, որոնք իրենց մեծ մարդու տեղ  էին դնում, և շատ մարդիկ հարեցին նրանց, բայց բոլորը ցրվեցին»:

Հիրավի, Գամաղիելի այս խոսքերի ճշմարտությունը հայտնի էր, ուստի հավանություն տվեցին նրա առաջարկին, բայց չկարողանալով իրենց զայրույթը զսպել՝ առաքյալներին կանչեցին, ծեծեցին նրանց և պատվիրեցին, որ Հիսուսի անունով այլևս բնավ չքարոզեն, և արձակեցին նրանց: Անմիտ նախանձոտները առաքյալներին ծեծում են, որպեսզի վախենան ու չքարոզեն, սակայն նրանք ուրախանում են, որ Հիսուսի անվան համար անարգվելու արժանի եղան, և ամեն օր տաճարում ու տներում ժողովրդին քարոզում են  ու ավետարանում Հիսուս Քրիստոսին:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․