Գրքեր
Երբ Սողոսը քարոզում էր Երուսաղեմում, հրեաները հակառակվեցի՞ն:

Հակառակվեցին: Հատկապես Հունաստանից եկած և Երուսաղեմում բնակություն հաստատած հրեաները, չկարողանալով պատասխանել Սողոսին, նախանձում են և ուզում են սպանել նրան: Այդ պատճառով հավատացյալները նրան Կեսարիա են տանում և այնտեղից իր հայրենիք՝ Տարսոն են ուղարկում, որպեսզի այնտեղ ևս քարոզի:

Հիրավի, հիշյալ նախանձոտ մարդիկ ամեն կերպ թշնամի էին հավատացյալներին, սակայն Աստծու ողորմածությամբ Հրեաստանում, Սամարիայում և Գալիլեայում եկեղեցին խաղաղություն և հանգիստ էր վայելում այդ ժամանակ, և հավատացյալները բազմանում էին: Պետրոսը, կամենալով այցելել նրանց իրենց բնակության վայրերում, շրջելով գալիս է Լիդդա քաղաք, որտեղ Ենեաս անունով մի մարդ ութ տարուց ի վեր անդամալույծ պառկած էր մահճում: Պետրոսն ասում է նրան. «Ենեա՛ս, Հիսուս Քրիստոսը բժշկում է քեզ, վե՛ր կաց և ի՛նքդ հավաքիր անկողինդ»: Հենց որ այս խոսքը դուրս է գալիս նրա բերանից, անդամալույծն իսկույն բժշկվում է:

Այս հրաշքն այն աստիճան հայտնի դաձավ, որ ոչ միայն Լիդդայի շրջակա գավառի բնակիչները Հիսուսին հավատացին, այլև համբավը Հոպպե հասավ: Այդ ժամանակ Հոպպեում մի հավատացյալ կար Տաբիթա անունով, որ «այծեմնիկ» է նշանակում: Սա խիստ առաքինի էր և աղքատների խնամակալ: Այդ օրերին հիվանդանալով՝ նա մեռնում է, և մարմինը լվալուց հետո դնում են վերևի հարկում: Եվ որովհետև Լիդդան Հոպպեից միայն երեք ժամ էր հեռու, և լսել էին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ են ուղարկում նրա մոտ՝ աղաչելու, որ շուտ գա, քանի որ հույս ունեին, որ եթե Պետրոսը կամենա, կարող է կենդանացնել նրան:

Երբ Պետրոսը նրանց խնդրանքով Հոպպե եկավ, նրան առաջնորդեցին վերնահարկ, որտեղ գտնվում էր մեռյալը, և որտեղ աղքատները, այրի կանայք ու որբերն արտասվելով ցուցադրում էին իրենց հանդերձները, որ Տաբիթան էր տվել նրանց: Այդ ժամանակ Պետրոսը նրանց դուրս է հանում և ծնկաչոք աղոթելուց հետո ասում է. «Տաբի՛թա, հանուն Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց և կանգնի՛ր»: Այս խոսքի վրա մեռյալն իսկույն կենդանանում է, և Պետրոսը, կանչելով որբերին ու որբևայրիներին, նրանց կենդանի ներկայացնում է Տաբիթային:

Երբ այս հրաշքն էլ բոլորին հայտնի դարձավ, շատերը հավատացին Հիսուսին, իսկ Պետրոսը Հոպպեում, Սիմոն անունով մի կաշեգործի տանը բնակվելով, ավետարանն էր քարոզում: Այն ժամանակ վերոհիշյալ Կեսարիա քաղաքում հեթանոս ազգից Կոռնելիոս անունով մի հարյուրապետ կար, որ բարեգործ և ամբողջ ընտանիքով աստվածավախ մարդ էր ու ժողովրդին շատ ողորմություն տալով՝ միշտ աղոթքով էր զբաղված մաքուր և անկեղծ սրտով:

Նրա աղոթքը լսելով՝ Աստված կամեցավ ողորմել նրան, ուստի մի օր, երբ ժամը իննին նորից աղոթում էր, սպիտակ հանդերձով մի հրեշտակ երևաց, և երբ Կոռնելիոսի անունը տվեց, նա վախեցավ, բայց համարձակվեց հարցնել. «Ի՞նչ է, Տե՛ր»: Հրեշտակը պատասխանեց. «Աղոթքդ և ողորմություններդ Աստծու առջև ընդունելի եղան: Մա՛րդ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր Սիմոն անունով մի մարդու, որ Պետրոս է կոչվում: Նա կգա և քեզ հարկավոր եղածը կասի»: Ու նրա բնակության տեղը ևս հայտնելով՝ հրեշտակն աներևութանում է:

Ճիշտ է, որ Կոռնելիոսը Պետրոսի անունը մինչև այդ չէր լսել, սակայն հրեշտակի ասածին ուշադրություն դարձնելով՝ հասկանում  է, որ Պետրոսը պետք է իրեն սովորեցնի, ինչ որ հարկավոր էր իր հոգու փրկության համար: Այդ պատճառով հաջորդ օրը  երեք մարդ է ուղարկում Հոպպե՝ նրանց հայտնելով գործի կարևորությունը: Երբ սրանք Հոպպեին մոտեցան, կեսօր էր, և Պետրոսը իր գտնված տան տանիքին աղոթելուց հետո սովածանում է ու կերակուր է ուզում: Մինչ տնեցիները կերակուր էին պատրաստում, նրա վրա մի հափշտակություն իջավ: Եվ ահա տեսավ երկինքը բացված, և չորս ծայրերից կապված սավանի նման մի մեծ կտավ երկրի վրա իջած, իսկ դրա մեջ՝ ամեն տեսակի չորքոտանիներ, սողուններ ու թռչուններ: Մինչ Պետրոսը, դա տեսնելով, զարմացած կանգնած էր, վերևից մի ձայն եկավ, թե՝ «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»: Սակայն նա պատասխանում է. «Քավ լիցի, Տե՛ր, քանի որ պիղծ ու անմաքուր բան երբեք չեմ կերել»: Վերստին լսվում է ձայնը, որն ասում է. «Ինչ որ Աստված սուրբ ճանաչեց, դու պիղծ մի՛ համարիր»:

Այս բանը երեք անգամ կրկնվելուց հետո կտավը երկինք է վերանում, և մինչ Պետրոսը հիացած խորհում է, թե այդ տեսիլքն ի՛նչ է նշանակում, ահա Կոռնելիոսի ուղարկած մարդիկ, նրա գտնված տան դուռը գալով, նրան են հարցնում: Նույն ժամանակ Աստծու կողմից նույնպես ներշնչում է ստանում, թե՝ «Ահա քեզ խնդրում են, գնա՛ նրանց հետ առանց խղճի խայթի, քանի որ ես եմ ուղարկել նրանց»: Այս հայտնության վրա Պետրոսը ցած է իջնում և եկողներից խնդիրն իմանալուց հետո այդ գիշեր նրանց պահում է իր մոտ, իսկ հաջորդ օրը նրանց հետ Կեսարիա է գնում: Մի քանի հավատացյալներ ևս, որ Հոպպեում էին, գնում են նրանց հետ:

Կոռնելիոսը, որ իր ազգականներին ու մտերիմ բարեկամներին իր տուն հրավիրելով, Պետրոսին էր սպասում, երբ նրան տեսավ, հարգանքով ընդառաջ գնալով՝ նրա ոտքերն ընկավ ու երկրպագություն մատուցեց, բայց Պետրոսն արգելեց նրան՝ ասելով. «Ոտքի՛ կանգնիր, ես էլ մարդ եմ»: Ապա ավելացրեց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեային չի կարելի օտար ազգի մարդկանց դիպչել կամ մերձենալ, սակայն Աստված ինձ հայտնեց, որ այսուհետև մարդկանցից ոչ ոք անմաքուր չի կոչվի: Այս պատճառով առանց կասկածի եկա, երբ ինձ հրավիրեցիք ձեր տուն»:

Այս խոսքով Պետրոսը հայտնեց, որ հրեաների և հեթանոսների միջև  այլևս խտրություն չկա. ով արդար սրտով Հիսուս Քրիստոսին կհավատա, նա է ընդունելի  Աստծու համար և նրան հաճելի: Այս ասելուց հետո հարցնում է Կոռնելիոսին. «Ի՞նչ նպատակով հրավիրեցիք ինձ»: Ճիշտ է, Պետրոսը գիտեր, թե ինչո՛ւ էր հրավիրվել, քանի որ իրեն հրավիրելու գնացած մարդիկ արդեն հայտնել էին, բայց հավաստիանալու համար այդ հարցը տվեց: Ուստի Կոռնելիոսը, ինչպես որ իրեն էր հայտնվել, ինքն էլ նույն կերպ նրան պատմում է հրեշտակի երևալը և նրա ասած խոսքերը:

Այդ ժամանակ Պետրոսը նրանց քարոզում է Հիսուսին և հերթով հայտնում, թե ինչպես հրեաները սպանեցին նրան, նա երեք օրից հարություն առավ, և որ նրա անվանը հավատացողները թողություն պիտի առնեն, ինչպես մարգարեներն են ասել: Երբ այնտեղ ներկա ունկնդիրները Պետրոսի խոսքերը կատարյալ հավատով և անկեղծ սիրով լսելուց հետո ընդունեցին ճշմարտությունը, Սուրբ Հոգու շնորհն իսկույն իջավ նրանց վրա, և սկսեցին զանազան լեզուներով խոսել ու Աստծուն փառաբանել բարձր ձայնով:

Պետրոսի հետ Հոպպեից եկած հավատացյալները, որ հրեաներ էին, այս տեսնելով՝ զարմանում են, որ Սուրբ Հոգու պարգևը անխտիր շնորհվում է նաև հեթանոսներին, իսկ Պետրոսը շտապում է մկրտել նորահավատներին և նրանց խնդրանքով մնում այնտեղ:

Առաքյալները և Հրեաստանում գտնվող հավատացյալները լսում են, որ Պետրոսի քարոզությամբ հեթանոսները ևս ընդունել են Աստծու խոսքը, և նրա (Պետրոսի) Երուսաղեմ վերադառնալուց հետո հրեա նորադարձ հավատացյալները կասկածանքով խույս են տալիս նրանից՝ ասելով. «Դու հեթանոսների մոտ գնացիր և նրանց հետ կերակուր կերար»: Ուստի Պետրոսը պատմում է նրանց, որ ինքն Աստծու հրամանով է գնացել, և որ Սուրբ Հոգին իջել է հեթանոսների վրա ևս:  Այդ ժամանակ նրանք լռում են և Աստծուն փառաբանելով՝ ասում. «Ուրեմն Աստված հեթանոսներին ևս  կյանքի ապաշխարություն շնորհեց»:

Ստեփանոսի քարկոծման ժամանակ հավատացյալները, Երուսաղեմից խույս տալով, ցրվել էին շրջակա քաղաքներում (ինչպես ԿԱ. հարցում հիշվեց): Սրանք, Միջերկրական ծովի Փարաշամի ափին քարոզելով, Կիպրոս կղզին և մինչև Անտիոք քաղաքը գնացին՝ միայն հրեաներին քարոզելով: Բայց նրանցից ոմանք, որ կիպրացի և կյուրենացի էին, Անտիոքում հույներին ևս քարոզեցին, և Աստծու ողորմածությամբ շատերը հավատացին Հիսուսին, ու հավատացյալներն այնտեղ շատացան:  Երուսաղեմի հավատացյալները, այս մասին լսելով, նրանց մոտ իբրև օգնություն ուղարկում են  (ԾԹ. հարցում հիշված) Բառնաբասին, որը շատ զվարթամիտ և Սուրբ Հոգով լցված մի անձնավորություն էր:

Երբ սա, Անտիոք գալով, տեսավ Աստծու շնորհը, շատ ուրախացավ և բոլորին սկսեց մխիթարել ու հորդորել, որ միշտ հաստատ մնան Աստծու սիրո մեջ, և որովհետև հավատացյալներն օրըստօրե բազմանում էին այնտեղ, այդ պատճառով Տարսոն գնալով՝ Սողոսին էլ է Անտիոք բերում, և երկուսով միասին շուրջ մեկ տարի այնտեղ մնալով՝ մեծ համարձակությամբ միշտ քարոզում են ավետարանին հավատացածներին, որոնց քրիստոնյա են անվանում, քանի որ մինչև այդ ժամանակ Հիսուսին հավատացողներն ու մկրտվողները աշակերտ կամ եղբայր էին կոչվում:

Այդ օրերում հավատացյալներից ոմանք, որ մարգարե էին, Երուսաղեմից Անտիոք եկան: Նրանցից մեկը, որի անունը Ագաբոս էր, աստվածային ազդեցությամբ գուշակեց, որ մեծ սով պիտի լինի ամբողջ աշխարհում, ինչպես որ եղավ հռոմեացիների Կլավդիոս կայսրի օրոք: Այս պատճառով Անտիոքի քրիստոնյաները, յուրաքանչյուրն ըստ կարողության, Պողոսի և Բառնաբասի միջոցով օգնություն են ուղարկում Երուսաղեմի ծերերին, որպեսզի կարիքավորներին բաժանեն:

Այդ ժամանակ Հերովդես Ագրիպասը, որ ԺԹ. հարցում հիշված Անտիպաս Հերովդեսի եղբայր Արիստաբուղոսի որդին էր, հռոմեացիների Կլավդիոս կայսրի հրամանով Հրեաստանի թագավոր նշանակվելով՝ Երուսաղեմ է գալիս ու հրեաներին հաճոյանալու համար ոչ միայն շատ նեղություն է պատճառում քրիստոնյաներին, այլև սպանել է տալիս Հովհաննեսի եղբայր Հակոբոսին:

Հրեաները դրա համար շատ ուրախացան, ուստի Հերովդեսը նրանց սիրտն առավել գրավելու փափագով կամեցավ Պետրոսին էլ սպանել: Սակայն քանի որ բաղարջակերաց տոները մոտ էին, միայն ձերբակալում են նրան և կրկին շղթաներով կապելուց հետո բանտարկում, որպեսզի տոներից հետո սպանեն: Նա հանձնվում է չորս խմբի բաժանված տասնվեց զինվորների պահպանությանը, որոնցից երկուսը բանտի ներսում՝ Պետրոսի գտնված տեղում էին մնում, իսկ մյուսները բանտի դռան առջև մեծ զգուշությամբ հսկում էին: Իհարկե, այս պարագայում հրեաներն ուրախ, իսկ քրիստոնյաները տխուր էին, բայց առանց Աստծու ողորմածությունից հույսը կտրելու՝ բոլորը համախմբված նրա փրկության համար էին աղոթում:

Աստծու ողորմածությո՛ւնը տես. քանի որ Հերովդեսն ուզում էր հաջորդ օրը Պետրոսին հրեաների առջև դուրս բերել և սպանել, ահա նույն գիշերը Տիրոջ հրեշտակը հանկարծ մտնում է բանտ, որտեղ թեև պայծառ լույս է ծագում, բայց ներսում ու դրսում գտնվող պահապանները չեն իմանում, որովհետև Տիրոջ կողմից նրանց վրա ծանր քուն ու թմրություն է իջնում: Իսկ Պետրոսը, որ երկու պահապանների միջև կապված քնած էր, զարթնում է հրեշտակի ձայնից, որն ասում է. «Շուտ արի՛»: Եվ շղթաներն իսկույն ընկնում են նրա ձեռքերից: Հրեշտակը նորից հրամայում է արագ հագնել հագուստն ու հետևել իրեն: Պետրոսը թեև հագնվում է ու գնում նրա հետևից, ինչպես իրեն հրամայված էր, բայց չգիտեր՝ տեղի ունեցածը իրականությո՞ւն է, թե՞ ինքը երազ է տեսնում:

Երբ բանտի դուռը ինքնիրեն բացվեց, և իրենք դուրս եկան, դրսում մի ուրիշ երկաթե դուռ, որով քաղաք էին մտնում, նույնպես ինքնիրեն բացվեց, և նրանք մտան մի փողոց, որտեղ հրեշտակն իսկույն աներևութացավ: Ահա այդ ժամանակ Պետրոսը, միայնակ մնալով, ուշքի եկավ և հասկացավ, որ Աստված հրեշտակի ձեռքով իրեն ազատեց Հերովդեսի ձեռքից:  Ուստի շտապում է Մարկոս ավետարանչի մոտ՝ Մարիամի տուն գնալ: Դուռը ծեծելուն պես Ռոդե անունով մի աղախին է գալիս իմանալու, թե ո՛վ է: Երբ իմանում է, որ դռան մոտ Պետրոսն է, ուրախությունից առանց դուռը բացելու վազում է ներս ու պատմում, որ դուռը ծեծողը Պետրոսն է:

Շատերն այնտեղ հավաքված աղոթում էին, բայց աղախնի խոսքերին չհավատալով՝ ասում են. «Դու խելագար ես»: Երբ նա պնդում է, թե ճշմարիտ է, նրանք ասում են. «Թերևս նրա հրեշտակն է»: Իսկ Պետրոսը շարունակում է դուռը զարկել: Այն բացելով տեսնում են, որ իրոք, Պետրոսն է, և խիստ զարմանում են: Նա էլ ձեռքով նշան է անում, որ լռեն, և պատմելով, թե ինչպես ազատվեց, նրանց պատվիրում է տեղեկացնել Տյառնեղբայր կոչված Հակոբին և այլ հավատացյալների, իսկ ինքն ուրիշ տեղ է գնում:

Հիրավի, Պետրոսը գիտեր, որ ինքն ուր էլ լինի, Աստված կարող է պահպանել իրեն, բայց մարդ ապահովության համար պարտավոր է նաև մարդկորեն գործադրել  հարկ եղածը: Ուստի Երուսաղեմից մեկնելով՝ Պետրոսը գնում է Հերովդեսի իշխանության սահմաններից դուրս գտնվող մի տեղ, որպեսզի առժամանակ թաքնվի:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․