21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 91 – Քրիստոս Հովհաննես Մկրտչի համար ասում է. «Կանանցից ոչ ոք չի ծնել Հովհաննեսից ավելի նշանավոր զավակ (այստեղ Ղուկասն ավելացնում է՝ ավելի մեծ մարգարե, քան Հովհաննես Մկրտիչը), բայց երկնքի արքայության փոքրիկն ավելի մեծ է, քան նա»: Ինչպե՞ս հասկանանք այս խոսքը:

Պատասխան – Այս հարցդ բաժանելով երեք մասի՝ անհրաժեշտ է երեք պատասխան տալ: Նախ՝ արդյո՞ք Հովհաննեսը մեծ ու առավել է, քան մարգարեն: Երկրորդ՝ ինչո՞ւ է ասվում մեծ՝ քան բոլոր մարգարեները: Երրորդ՝ ո՞վ է երկնքի արքայության փոքրիկը:

Առաջինին այսպես կպատասխանեմ. հիրավի Հովհաննեսը մեծ է և առավել է, քան մարգարեն, քանզի ոչ միայն բերանով մարգարեացավ Քրիստոսի համար, ինչպես ուրիշ մարգարեները, այլև մատնանշեց, որ «Սա՛ է Աստծո Որդին»:

Երկրորդ հարցիդ պատասխանը սա է. նրա համար է ավելի մեծ համարվում, քան բոլոր մարգարեները, որովհետը միայն ինքը հատուկ շնորհ ունեցավ, քանզի ապաշխարող էր, քարոզիչ, մարտիրոս, և դեռևս մոր արգանդում մարգարեացավ Քրիստոսի համար: Իր հղությունը հրեշտակից իմացվեց, ծնվելիս բացվեց հոր լեզուն և շատ այլ շնորհներ ունեցավ, որ ուրիշ մարգարեները չունեին: Այս պատճառով ասվում է ավելի մեծ, քան՝ մյուս մարգարեները:

Երրորդ՝ ասացիր, թե ո՞վ է արքայության փոքրիկը: Նա է, ով ունի սրբարար շնորհների փոքրիկ աստիճան, որն ավելի բարձր է, քան բարձրաստիճան մարգարեություն ունեցողը, քանզի մարգարեությունն ինքնըստինքյան չի կատարելագործում այն ունեցողին և անկարող է հաճելի դարձնել Աստծուն: Սակայն սրբարար շնորհքը կատարելագործում է և դարձնում Աստծո բարեկամ: Ուստի շատ առավել է արդար լինել, քան՝ մարգարե: Եվ Հովհաննեսն առավել հարգված էր այն շնորհների առումով, որոնցով սրբվեց, քան՝ մարգարեության, որով զարմանալի երևաց:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․