Գրքեր
Հարց 98 – Երկրորդ՝ «Ապա սատանան նրան տարավ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրված է՝ իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես» (Մատթ. 4:5, 6):

Պատասխան – Սատանան առաջին փորձության պատասխանը Քրիստոսից լսեց Սուրբ Գրքից բերված վկայությամբ: Այս երկրորդ հարցի պատասխանը ևս կարծում էր, թե Սուրբ Գրքից պիտի լինի, սակայն բերված վկայության մեկնության իմաստը փոխեց: Հայտնի է, որ Աստված հրեշտակների միջնորդությամբ է օգնում Իր սիրելիներին, որպեսզի խոհեմությամբ իրենց գործերը կատարեն կամ կառավարեն, այլ ոչ թե լրբությամբ բացահայտված վտանգի մեջ գցեն իրենց:

Խոհեմությո՞ւն է ինքն իրեն աշտարակից վայր գցելը՝ հուսալով, թե ես արդար եմ, ինձ բան չի լինի: Ոչ, սա դեմ է աստվածային հրամանին: Սատանան գիտեր, որ Քրիստոս Իրեն աշտարակից վայր չէր նետի, բայց կարծում էր, որ եթե Աստծո Որդի չէ, ուստի այդ խոսքը պարծանքի տեղիք կտա և հպարտության մեղքի մեջ կընկնի: Իսկ եթե Աստծո Որդի է, կբարկանա և կասի, որ եթե «ինձ վայր նետեմ՝ հրեշտակների օգնությունը կամ միջնորդությունն է հարկավոր»: Այդպես հայտնի կդառնար Աստծո Որդի լինելը կամ չլինելը: Սակայն նրա կարծիքներից դուրս՝ ուրիշ կերպ պապանձեցրեց նրան Քրիստոս՝ ասելով. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես» (Մատթ. 4:7): Ահա այս փորձող հարցով նույնպես փորձիչը խայտառակվեց, և նրա տարակուսանքը մնաց անլուծելի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․