19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր
Հարց 103 – Գիտենք, որ Սուրբ Երրորդության մարդացյալ Անձը միայն Որդին է: Սակայն այս իմացությանը հակառակ մի բան ևս իմանում ենք Քրիստոսի ասած խոսքից: Նա ասում է. «Մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թե Հայրը կատարում է, որովհետև ինչ որ Հայրն է անում, նույնը նրա նման և Որդին է գործում» (Հովհ. 5:19): Այստեղից երևում է, որ Հայր Աստված ի սկզբանե մարդ էր: Այդ տեսնելով Որդին՝ Ինքը ևս մարդացավ:

Պատասխան – Ավետարանի այս խոսքի մասին որ հարցրիր, ասեմ, այդ տողը կարդալուց առաջ, կարդա դրան նախորդող տողը ևս, որպեսզի ասեմ հարցիդ մեկնությունը: Ահա սրանից առաջ եղող տողը. «Հրեաները առավել ևս ուզում էին նրան սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն կոչում էր իր Հայրը և իր անձը Աստծուն հավասար էր դասում» (Հովհ. 5:18):

Հիմնական վեճը վերաբերում էր շաբաթ օրով անդամալույծին բժշկելուն: Արդ՝ խոսքի ճշմարիտ իմաստն այս էր. կարծես թե կամենում էր ասել հրեաներին. «Դուք հանցանք եք համարում շաբաթ օրով իմ գործելը, ես այնպիսի գործեր եմ կատարում, որ Հայրս էլ է անում, քանզի, ըստ Աստվածությանս, Հայրս և ես մի ենք բնությամբ և կամքով, բայց ըստ մարդկությանս՝ թեպետ մարդկային կամքս այլ է Հորս կամքի հետ համեմատած, բայց և այնպես համաձայն է Հայր Աստծո կամքի հետ և «ոչինչ չեմ կարող անել» Նրա կամքին հակառակ: Եվ ինչպես Ինքը չի կարող ստել ու մեղանչել, նույնպես և ես չեմ կարող մեղանչել: Ուստի եթե մեղք էր և Հայր Աստծո կամքին հակառակ շաբաթ օրը հրաշք գործելը, ես ո՛չ միայն չէի կամենա գործել, քանզի չեմ կարող մեղանչել: Հետևաբար՝ ինչ որ ես անում եմ՝ նաև ըստ որում որպես մարդ, չեմ կարող ինքնուրույն անել: Մինչև Հայր Աստծուց ինձ հայտնություն չլինի, չեմ կարող գործել:

Ինչ որ անում է Հայր Աստված, ես ևս նույնն եմ անում, քանզի Իր կամքը և կարողությունը տարբեր չէ իմ կամքից ու կարողությունից: Թեպետ որպես մարդ ունեմ Աստծուց տարբեր կարողություն և մարդկային կամք, բայց Հայրը սիրում է ինձ նաև որպես մարդ, և տվել է ինձ գործելու կամք ու կարողություն ոչ միայն այն, ինչ տեսաք, այլև՝ առավել, որ պիտի տեսնեք ու զարմանաք»: Ահա սա է հարցիդ համապատասխանող միտքը՝ ըստ երևելի վարդապետների մեկնության:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․