Գրքեր
Հարց 115 – Քրիստոսի բուժած բեթսայիդացի կույրի մասին այսպես է գրում Մարկոս Ավետարանիչը. «Եվ նա բռնելով կույրի ձեռքից՝ գյուղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց և ձեռքը նրա վրա դրեց. և հարցնում էր կույրին, թե բան տեսնո՞ւմ է։ Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»։ Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա. կույրը իր աչքերը բացեց և տեսնում էր. բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր» (Մարկ. 8:23-25): Այստեղ տարակուսությունս այս է. ուրիշ հրաշքները միայն խոսքով է կատարում, ինչո՞ւ այս մեկը թքով արեց: Ինչո՞ւ սկզբում կիսատ բացեց և ինչո՞ւ գյուղացիներին դուրս հանեց:

Պատասխան – Այս հրաշքը թքով կատարելուց պետք է իմանանք, որ Քրիստոսի Աստվածային անձի հետ միավորյալ բնությունը ևս հաղորդ էր Աստվածային ամենակարող զորությանը: Ըստ որում ինչպես Աստված խոսքով էր բժշկում, նույնպես և նույն մարդացյալ Աստված Իր մարդկային թքով ևս աստվածապես հրաշք էր գործում: Ուրեմն, երբ Հիսուսի համար մարդ կամ որդի մարդու խոսքն ես լսում, նաև կատարյալ Աստված իմացիր: Ոչ թե միայն մարդկային բնության մարմնով աստվածային հրաշք է գործում, այլև այն մարմնի ունեցած հանդերձով: Այդպես հիվանդությունից փրկվեց տեռատես կինը, երբ հպվեց Նրա հանդերձի քղանցքին:

Ինչո՞ւ սկզբում կիսատ բացեց աչքերը: Դա այն պատճառով էր, որ կույրը տակավին կատարյալ չէր հավատում Քրիստոսի Աստվածությանը, որի համար և սկզբում կիսատ հրաշք ցույց տվեց նրան, որպեսզի դրանով զորանա, կատարյալ հավատք ունենա և հետո միայն արժանանա աչքերը բժշկվելու կատարյալ շնորհին: Սա հայտնի է դառնում կույրի խոսքերից, երբ ասում է. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են որպես ծառեր»: Իր հավատքի դրսևորումն էր այն պատկերը, որ տակավին ծառի նման հաստատուն կախված էր օդում: Ի բնե կույր լինելով երբ այդչափ տեսավ, այդ ժամանակ կատարելապես հավատաց և արժանի եղավ կատարյալ շնորհի:

Իսկ գյուղացիներին դուրս հանելը բարոյապես պետք է հասկանալ: Եթե հոգևոր կուրությունից ազատվելու կամք ունենանք և արժանի լինենք Աստվածային շնորհների լույսին: Պետք է թողնենք աշխարհային վայելքները, ուղղամտորեն զբաղվենք աստվածային խոկմամբ և միշտ անկեղծ սիրով միավորվենք Աստծո հետ: Ոչ միայն չգնավորներն ու միանձնուհիները կարող են ունենալ այս ամենը՝ աշխարհից հեռանալով, այլև ամեն ոք կարող է այսպիսի կյանք վարել: Շատ նահապետներ, սուրբ թագավորներ և ընտիր իշխաններ, ապրելով աշխարհում և վախճանվելով, արժանացան երկնային պսակի և Սուրբ Եկեղեցին նրանց հիշատակը ոգեկոչում է տոներով ու պատվով:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․