23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 129 – Հովհաննես Ավետարանիչն ասում է, թե Հիսուսի՝ Երուսաղեմ փառավոր գալստյան ժամանակ «այնտեղ կային նաև որոշ թվով հեթանոսներ՝ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել, որպեսզի տոնի ժամանակ երկրպագություն անեն: Նրանք մոտեցան Փիլիպպոսին, որ Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից էր. Աղաչեցին նրան ու ասեցին. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ Փիլիպպոսը եկավ և Անդրեասին ասաց։ Անդրեասը և Փիլիպպոսն էլ Հիսուսին ասացին»: (Հովհ. 12:20-22): Արդ՝ ովքե՞ր էին այն հեթանոսները, որ կամենում էին տեսնվել Քրիստոսի հետ:

Պատասխան – Քերթողահայր Սուրբ Մովսես Խորենացին ասում է, թե սրանք մեր Աբգար թագավորի կողմից ուղարկված պատվիրակներն էին, որոնց թագավորական քաղաքն այն ժամանակ Ուռհան էր: Աբգարն առանց տեսնելու հավատացել էր Քրիստոսի՝ Աստծո Որդի լինելուն և այս հավատով, խոնարհաբար, պատվիրակ էր ուղարկել, որպեսզի Հիսուսին Ուռհա հրավիրի: Իսկ եթե հանկարծ Հիսուս չգա, ապա պատկերը նկարեն և բերեն, ինչին նայելով՝ բժշկվի բորոտությունից: Երուսաղեմ եկողներն ամբարտավանությամբ անսպասելի դուրս չեն գալիս Հիսուսի առջև, այլ նախ Փիլիպպոս առաքյալի մոտ են գնում և խոսում նրա հետ: Փիլիպոսնն Անդրեասին է ասում և հետո երկուսի միջնորդությամբ Հիսուսի առջև են կանգնում և տալիս Աբգար թագավորի գիրը:

Քանի որ Հիսուսի՝ խաչ բարձրանալու օրերն էին, որով պիտի կատարեր փրկչական տնօրինությունը, ուստի Ուռհա գնալու ժամանակ չուներ և այսպես պատասխանեց. «Հասել է մարդու Որդու փառավորվելու ժամանակը»: Պատվիրակները հասկացան, որ չպիտի գա, սկսեցին պատկերը նկարել, որպեսզի թագավորին տանեն: Եվ որովհետև չեն կարողանում նկարել բնականին նման, Հիսուս Ինքն է վերցնում դաստառակը, դնում Իր Աստվածային դեմքին և իսկույն Տիրական պատկերը փոխանցվում է սուրբ դաստառակին: Պատվիրակներն ուրախությամբ վերցնում են Աստվածային այդ պատկերը և տանում Աբգարին: Վերջինս նույն պատկերի շնորհով ազատվում է բորոտության ախտից: Քրիստոսի համբարձումից հետո Թադեոս Առաքյալը գնում և մկրտում է նրան՝ իր ողջ ընտանիքի հետ:

Ահա Աստվածային երանությանն առաջինը մեր նախահավատ թագավորն արժանի եղավ, ուստի և ասվում է. «Երանի՜ նրանց, որոնք չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. 20:29): Եվ մեզ՝ համայն ազգիս հայոց, որպես հոգևոր պարծանք: Տիրոջից պարգև տրվեց, ինչպես որ մեր սրբազան Հայրապետ Ներսես Շնորհալին է, ի պատիվ սուրբ թագավորին, ասում. «Հիմա ես ցնծում եմ, թագավորությամբս զուգվել եմ, որքան Թովմասն առաջացավ, երանություն հայոց բերեց»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․