Գրքեր
Հարց 140 – Այն ժամանակ ինչո՞ւ տեղի ունեցավ արեգակի խավարումը:

Պատասխան – Աստված բարոյապես կամեցավ արեգակի խավարմամբ ցույց տալ մեր տեր Քրիստոսի Աստվածությունը, որովհետև այդ խավարումը հրաշքի նման կատարվեց: Ուստի բնական պատճառ չունի, քանզի լուսնի լրումն էր, իսկ այդ ժամանակ այն հեռու է լինում արեգակից: Այս խավարմանը գեղեցիկ ու խորհրդավոր բացատրություն է տալիս Սուրբ Ներսես Շնորհալին՝ ասելով «Րոպեական արեգակը ցերեկը գիշերանման դարձրեց, ստվերը քող եղավ մերկության, որպեսզի անարժան աչքը չտեսնի»:

Իսրայելցիների ազգի ապերախտությանը չափ ու կանոն չկար: Ի սկզբանե Եսայի մարգարեն Աստծո առջև խոսելով երկնքի ու երկրի հետ՝ այսպես է գրում. «Լսի՛ր երկինք և ունկնդի՛ր եղիր, երկիր, քանզի տերը խոսեց, որդիս ծնեցի և փառավորեցրի, և նրանք ինձ անարգեցին»:

Ահա այդ ազգի չարության պատճառով, իբր թե երկնքի և երկրի հետ գանգատաբար խոսելով, ասում է. «Լսի՛ր երկինք, և ունկնդիր եղիր, երկիր»: Աստծո գանգատաբար տրված խոսակցությանն այսօր երկինքն ու երկիրը պատասխան տվեցին: Երկինքն այնքան սուգ և տրտմություն ունեցավ, որ իր պարծանքների թագ ու պսակը արեգակը մթությամբ խավարեցրեց: Երկիրն ահից ու երկյուղից շարժվելով՝ դողալ սկսեց, իր հաստատուն ապառաժները ճեղքել ու պատռել՝ ըստ Ավետարանչի վկայության: Տաճարի վարագույրն ինքն իրեն վերից վար երկու կտոր եղավ՝ վկայելով, որ իր Օրենսդիր Թագավորը խաչի վրա զատեց բանական հոգին մարմնից՝ ավանդելով Հայր Աստծո ձեռքը. «Եվ ահա տաճարի վարագույրը վերևից մինչև ներքև երկուսի պատռվեց, և երկիրը շարժուեց, եւ ժայռեր ճեղքուեցին» (Մտթ. 27:51):

Ահա այս պատճառով էր արեգակի խավարումը, որ անզգա ու անկենդան լինելով՝ իր Արարչին պատիվ ցույց տվեց և վկայեց երկնքի ու երկրի Արարիչ լինելը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․