Գրքեր
Հարց 76 - Արդ՝ այժմ կամենում եք ասել, թե արդյոք հատո՞ւկ է ամեն մի դասի օրհնաբանությունը և արդյոք միշտ այդ օրհնաբանություննե՞ր են ասում, թե ուրիշներ էլ կան:

Պատասխան – Առաջին հարցիդ այսպես եմ պատասխանում՝ Շնորհալուց վերցնելով, թեպետ այս երգերը բնորոշ են յուրաքանչյուր դասին, սակայն փոխանցաբար բոլորն էլ երգում են: Քանզի եթե երեքսրբյան փառաբանությունը միայն սերովբեներին հատկացված լիներ, ինչպես որ ասվեց, և իրենք էլ միշտ Աստծո Աթոռին մոտ են ու որևէ տեղ չեն ուղարկվում, ապա Եսայի մարգարեն ինչպե՞ս էր լսում այդ փառաբանությունը ուրիշ հրեշտակներից: Ուրեմն՝ վերևում Աստծո փառաբանությունները հատուկ են առանձին դասերի, սակայն փոխանցաբար երգում են բոլորը:

Մյուս հարցիդ այսպես կպատասխանեմ. Եզեկիելի առաջին տեսիլքում ասվում է. «Եվ Հոգին ինձ բարձրացրեց, ու ետևիցս մեծ շարժման ձայն լսեցի. ասում էին՝ օրհնյալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում» (Եզեկ. 3:12): Այս մեկնությունն ուսուցանում է, որ հանկարծ մեկը տգիտաբար չկարծի, թե ամեն մի դասի օրհնաբանությունը միշտ նույնն է: Եվ այսպիսի մոտավոր օրինակ է տալիս՝ ասելով. «Երբ խնջույքի ժամանակ մի քանի քնարահարներ լինեն, պարզ է, որ միշտ մեկ եղանակով չեն երգի, իսկ հրեշտակները, որ մարդկանցից առավել գերագույն են, արդյոք միշտ նույն օրհներգո՞ւթյունը կունենան»: Հրեշտակները որքան մեզնից բարձր են տեղով, այնքան և գերազանց են իմաստությամբ, որքան առավել մոտ են Աստվածային Լույսին, այնքան մեզնից առավել կսիրեն, կպաշտեն, կպատվեն և բազմատեսակ օրհնությամբ կգովաբանեն ու կփառավորեն Աստծուն:

Արդ՝ կարող ես հարցնել, թե ինչո՞ւ է Հովհաննես Ավետարանիչը Հայտնության մեջ ասում. «Չորս կենդանիներ, որոնցից ամեն մեկը շուրջանակի ուներ վեց թև և ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ… Ամենակա՛լ Տեր Աստված, դու, որ Է-ն ես և ես և որ գալու ես» (Հայտ. 4:8):

Այս չորս կենդանիների օրհնությունը միայն այդ էր և միշտ դա էին ասում: Սակայն հարկավոր էր սերովբեների նման ասել. « Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Տեր զորությունների, լի է ողջ երկիրը Նրա փառքով»: Ուրեմն՝ հետևելով նախասացյալ վարդապետին՝ մենք ևս ասում ենք, թե Եսայի մարգարեն ժամանակի պահանջով այդքանը լսեց և իմացավ, քանի որ Սուրբ Հոգին այդքանը տեղեկացրեց:

Եվ Հովհաննես Ավետարանիչը, առաջին գալուստից հետո, երկրորդը ևս նկատելով, տեսնում էր նույն հայտնությունը, և այդ չորս կենդանիներից ավելի տեղեկություն ստացավ: Ուրեմն հարկ է իմանալ, որ յուրաքանչյուր ժամանակ պետք եղածի չափ օրհնաբանություն տրվեց, այլ ոչ թե մշտապես նույն բանն էին ասում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․