Գրքեր
Աստված ինչո՞ւ ստեղծեց արարածներին:

Իր համար (Առ. ԺԶ 4): Բայց ոչ թե, որ նրանց կարիքն ուներ, այլ որպեսզի Իր մեծ կարողությունը, գիտությունը, բարությունը և մեծաշուք փառքը նրանցում հայտնվի (Սղմ. ԺԸ 1), և հրեշտակների հետ մարդուն Իր անվախճան տերությանը և փառքին արժանացնի, քանզի բոլոր արարածների մեջ հրեշտակներն ու մարդն է միայն, որ ընդունակ են բարձրյալ Աստծո շնորհիվ հաղորդակից լինել հավիտենական փառքին:

Քանզի նրանք միտք և կամք ունենալով՝ կարող են մտքով ճանաչել և կամքով սիրել Աստծուն և նաև անմահ լինելով՝ Աստծո հավիտենական արքայության մեջ Նրա երկնային փառքով փառավորվել: Ինչպես հրեշտակները, հոգեղեն էակներ լինելով, չեն մահանում, այդպես էլ մարդկային հոգիները, հոգեղեն լինելով, չեն մահանում, և այս պարգևը ձրի շնորհվեց նրանց, սակայն այն պայմանով, որ Իր հրամանին հնազանդվեն:

Սակայն ոչ թե նրանց հնազանդությամբ Աստծո փառքը ավելանում է կամ անհնազանդությամբ պակասում, քավ լիցի, այլ նրանք իրենց արդար պարտքը վճարելով՝ Աստծո փառքին են արժանանում:

Եվ ինչպես որ Աստված աշխարհի ստեղծագործության ժամանակ Իր արքայության մեջ Իրեն հնազադվողների համար հավիտենական ուրախություն պատրաստեց, քանզի բարերար և ողորմած է, այդպես էլ Նա անհնազանդների համար դժոխքում բնակվելու հավիտենական պատիժ սահմանեց, քանզի արդար է:

Արդ, ինչպես որ Աստծո հանդեպ ըմբոստացած հրեշտակները այդ դատապարտության վայրը աքսորվեցին, նույնպես և մարդկանցից ապստամբները, ամենայն արդարությամբ նույն պատժավայրը պիտի գցվեն:

Թեև արքայությունը մարդու, իսկ դժոխքը սատանայի համար պատրաստվեց (Մտթ. ԻԵ 34, 41), բայց մարդը իր մեղքի պատճառով Աստծո դեմ ապստամբելով, իր համար պատրաստված արքայությունը թողնում է և սատանային հատկացված դժոխքն է ցանկանում, որովհետև մարդու դժոխք գնալու պատճառը իր մեղքն է, քանզի Աստված՝ արդար լինելով, ոչ մի անմեղ մարդու չի դատապարտում:

Արդ, ինչպես որ հնազանդության մեջ մնացող հրեշտակները հավիտենապես Աստծո փառքի մեջ լինելով, Նրան փառավորում և սիրում են և Նրա սիրով Արքայության անվախճան երանության մեջ հրճվում և ուրախանում, նույնպես նաև մարդը, եթե աշխարհում հնազանդվում է Աստծուն, Արքայության մեջ հրեշտակների նման պիտի լինի:

Աշխարհում մարդը Աստծո հրամանով ապրելուց բացի ուրիշ գործ չունի (Աստ գործեալ զգործս Աստուծոյ և անդ հանգչիլ ընդ Աստուծոյ… շարական). և մարդու համար սրանից մեծ կամ կարևոր ծառայություն կամ զբաղմունք չի կարող լինել: Քանզի եթե կարևոր չլիներ, մարդը իզուր ստեղծված կլիներ: Սակայն «Աստված մարդուն իզուր ստեղծեց» ասելը պարզապես հայհոյություն է (Սաղմ. ՁԸ 43): Արդ, եթե կա ծառայություն, կա նաև վարձ (Ա. Տիմ. Ե 18): Ահա այս է մեր սուրբ հավատի վերջնական նպատակը. ըստ որի՝ այս աշխարհում Աստծուն հավատարմությամբ ծառայողին արքայության անվախճան ուրախությունն է շնորհվում (Մատթ. ԻԵ 21): Քանզի եթե արքայության մեջ մարդուն մեկ այլ վարձատրություն և շնորհ չլիներ, մարդը անասունների նման կլիներ, քանի որ մարդն էլ է մահանում, անասունն էլ և մահանալուց հետո այս աշխարհում վայելած կյանքի ուրախությունն ու իշխանությունը երազի նման են լինում:

Արդ սրա վերաբերյալ՝ կամ արքայությունը պիտի ընդունել, կամ մարդուն մարդկությունից դուրս դիտարկել. և արքայությունը ընդունելուդ պես, իհարկե, պարտավոր ես Աստծո հրամանին հնազանդվել և ով որ չի հնազանդվում հիմարի աստիճանին է իջնում, քանզի օգուտն ու վնասը չզանազանելը հիմարություն է:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․