Գրքեր
Արդյո՞ք կարելի է հնարավորինս հասկանալ աշխարհի արարչության եղանակը:

Աշխարհի արարչության եղանակը, Մովսես մարգարեի պատմությունից և գիտնականների կողմից ամփոփված, հետևյալ կերպ է հասկացվում, որ բոլոր արարածների պատկերը կամ նկարը հավիտենապես Աստծո մեջ լինելով Իր բարձր կամքի համաձայն, այդ նկարի համեմատ.

Առաջին օրը՝ սկզբում, Աստված ստեղծեց հրեղեն երկինքը և երկիրը, հրեղեն երկնքից հետո ստեղծեց հրեշտակներին և լույսը: Դատարկության մեջ հաստատեց երկիրը (Հոբ ԻԶ 7) և նրա շուրջբոլորը ջրով շրջապատեց (Ծննդ. Ա 2) և Սուրբ Հոգին այդ ջրին զորություն տալու համար շրջում էր դրա վրայով (Ծննդ. Ա 2): Եվ ջրի շուրջը օդն էր և օդից վեր լույսն էր, որը երկրի մի կողմը կանգնեցնելով նրա մի կողմը լույս եղավ, իսկ մյուսը՝ խավար (Ծննդ Ա 2), ահա այսպես, ասվում է, երեկո և առավոտ եղավ (Ծննդ Ա 6):

Երկրորդ օրը ջուրը, որ շրջապատում էր երկիրը, բաժանվելով՝ մի մասը դեպի երկինք բարձրացավ, իսկ մյուս մասը ներքևում մնաց: Եվ այս երկու ջրերի մեջ հաստատվեց երկինքը, որը նաև հաստատություն է կոչվում (Ծննդ Ա 9):

Երրորդ օրը ներքևում եղող ջուրը մի կողմ հավաքեց և այն ծովը կազմեց, մյուս կողմը ցամաքը երևաց (Ծննդ Ա 9): Եվ ահա՛ իսկույն Աստծո հրամանով երկիրը տեսակ-տեսակ բույսեր և ծառեր աճեցրեց և երկրի երեսը ամեն տեսակ բուսականությամբ զարդարվեց: Եվ Աստված Դրախտն էլ տնկեց, որտեղ կենաց ծառը, և բարու և չարի գիտության ծառը կար:

Չորրորդ օրը Աստված արևը, լուսինն ու աստղերը ստեղծեց, որպեսզի աշխարհին լուսավորելով՝ գիշեր, ցերեկ, ամիս, տարի և ժամանակ որոշվի:

Հինգերորդ օրը Աստված հրամայեց, որ ջուրը տեսակ-տեսակ ձկներ և թռչուններ և ջրում եղած բոլոր կենդանիներին առաջացնի և նրանց հրամայեց, որ բազմանան:

Վեցերորդ օրը Աստված հրամայեց, որ երկիրը դուրս բերի բոլոր ցամաքային կենդանիներին և երբ սրանք ամբողջացան, Աստված մարդու մարմինը հողից ստեղծելով և փչելով նրա վրա՝ հոգի տվեց, այնպես որ մարդը բանական կենդանի եղավ: Աստված օրհնելով մարդուն հրամայում է, որ շատանան և իշխեն բոլոր կենդանիների վրա. Հրամայեց նաև, որ պտուղներն ու բույսերը նրանց համար կերակուր լինեն: Եվ ցամաքի վրա գտնվող բոլոր կենդանիները և թռչունները Աստծո հրամանով Ադամի մոտ եկան, որ նրանց բոլորին հարմար անուններ դնի: Աստված Ադամին իր գտնվելու վայրից Դրախտ տեղափոխեց, որտեղ Աստծուց Ադամի վրա թմրություն եկավ և Ադամը քնեց և նրա կողոսկրերից մեկը վերցնելով՝ Եվայի մարմինը ստեղծեց և նրան ևս տվեց հոգի՝ ինչպես, որ Ադամին էր տվել: Երբ Ադամը արթնանալով տեսավ Եվային՝ հասկացավ, որ Աստված նրան որպես օգնական է տվել իրեն: Արդ, այսպես վեց օրվա մեջ երկինքն ու երկիրը և նրանցում եղող բոլոր արարածները ամբողջացան:

Իսկ յոթերորդ օրը, որը շաբաթն է, Աստված հանգստացավ, այսինքն աշխարհի վերաբերյալ կարևոր ամեն ինչ ամբողջացավ:

Եվ քանի որ Աստված բոլոր արարածներից ավելի մարդուն սիրեց և նրան մեծապես փառավորելով՝ աշխարհի իշխան կարգեց, և որպեսզի նրա առ Արարիչը ունեցած հնազանդությունը հայտնի լինի, Ադամին պատվիրում է, որ դրախտի բոլոր ծառերի պտուղներից ուտեն, սակայն բարու և չարի գիտության ծառի պտղից չուտեն, որպեսզի չմեռնեն: Սակայն սատանան, օձի միջոցով Եվային և վերջինիս ձեռքով էլ Ադամին, տրված պատվիրանին հակառակ գործել տալով՝ նրանց Դրախտից արտաքսվելու պատճառը եղավ: Այս պատճառով Աստված քերովբեներին հրամայեց, որ կենաց ծառի ճանապարհը պահպանեն:

Ո՛վ մարդ, Աստված քեզ երկրի վրա գտնվող բոլոր արարածներից ավելի փառավորեց և նրանց բոլորի վրա իշխան կարգեց, ուստի պարտավոր ես Աստծո մարդասիրությունը գնահատելով՝ ամենայն հավատարմությամբ միշտ Նրան ծառայել:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․