Գրքեր
Ինչպե՞ս պիտի իմանալ, որ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերի համեմատությամբ և նմանությամբ:

«Մարդը Աստծո պատկերի համեմատությամբ է ստեղծվել» ասելը մարմնի համար չէ, այլ նրա հոգևոր կարողության, մտքի և կամքի տեր լինելու համար է ասվում, և այս պատկերը Իր բնության վրա հիմնված լինելով, մեղքի հետևանքով ամբողջությամբ չխաթարվեց, այլ միայն նսեմացավ, քանզի մարդու կամքը՝ չարության, միտքը՝ հիմարության և մոռացման հակվեց: Մանավանդ մարդը բոլոր արարածներից հետո ստեղծված լինելով, իր մեջ ունի նրանց բոլոր կարողությունները ամբողջապես՝ էություն կամ գոյություն, լինելություն, զգացողություն, ճանաչողություն, իմացություն, կամեցողություն, հիշողություն. բոլոր արարածների կատարելությունը սրանց մեջ է կայանում և մարդը, հանդիսանալով բոլոր արարածների կնիքն ու ավարտը, Աստծո պատկեր ասվեց: Չէ՞ որ Աստծո անհուն կարողությունը, գիտությունը. բարությունն ու սերը ամենից շատ և մասնավորապես մարդու առումով հայտնի դարձան, ինչպես որ թագավորի նշանը կամ պատկերը կրող անձը ուրիշների վրա իշխում է, այդպես էլ մարդը, որպես երկնային Թագավորի փոխանորդ, իշխում է այլ արարածների վրա: Եվ դարձյալ, ինչպես որ թագավորը իր պատկերն է դնում կառուցած քաղաքի վրա, որպեսզի իր անունը չմոռացվի, այդպես էլ Աստված, այս աշխարհը ստեղծելով, նրա վրա մարդուն դրեց, որպեսզի նրանից Արարիչը հայտնի դառնա:

Մանավանդ Աստված ցանկացավ, որպեսզի մարդը այլ արարածների կարիքը չունենա Իրեն ճանաչելու համար, այլ իր մեջ եղող կարողություններից ճանաչի: Ինչպես որ արարածները Արարչի հետքերն են և ապացուցում են Նրա գոյությունը, նրանց բոլորի կատարելությունը ամբողջությամբ և գերազանցապես Աստծով է ի հայտ գալիս, այդպես էլ Աստծո անչափ կատարելության նվազագույն նշանն ու ստվերը բոլոր արարածներից ավելի մարդու վրա երևալով՝ Աստծո պատկեր է կոչվում, քանի որ Աստծո կատարելությանը նայելով՝ մարդու կատարելությունը տկար ստվերի պես է:

Ըստ բարոյական կարգի՝ Աստծուն նման լինելը մեր կամքը Նրա կամքին համապատասխանեցնելու մեջ է կայանում: Աստծո կամքին հակառակ գործելուն պես՝ մարդը կորցնում է Աստծո նմանությունը: Այո՛, մարդը սկզբնական արդարության վիճակում Աստծո նմանությամբ ստեղծվեց  (Ծննդ Ա 26), բայց մշտապես այդ վիճակի մեջ մնալ կամ չմնալը մարդու կամքին թողնվելու պատճառով, Ծննդոց Ա 27 համարում նմանությունը չի հիշատակվում, այլ միայն պատկեր է գրված:

Ընդունելի պատկերը այն է, որը նմանվում է նախատիպին, ընդունելի մարդը այն է, որը, ըստ իր վիճակի, միշտ հպատակվելով Աստծո կամքին, առաքինությամբ Աստծուն է նմանվում: Քանզի առաքինությունը շնորհով է գործվում և շնորհի հիմքը Աստծուց լինելով, մագնիսի կողմից երկաթը ձգելու նման, մարդուն Աստծո սիրո հետ շաղկապելով՝ Աստծուն է նմանեցնում, որովհետև սերը նմանության մեջ է կայանում (այն ասացվածքի համաձայն, թե նմանը նմանին է սիրում) և նմանությունն էլ երկու կամքերի միությամբ է առաջանում:

Արդ, որտեղ որ կամքերի միություն կա, այնտեղ էլ սեր կա, և որտեղ որ հակադիր կամքեր կան՝ այնտեղ սեր չկա: Ուրեմն ջանա, որ Աստծո կամքի համաձայն շարժվես, որպեսզի Նրա սերը չկորցնելով՝ ողորմության և շնորհների արժանանաս:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․