Գրքեր
Ինչո՞ւ Աբելի զոհը ընդունելի եղավ, իսկ Կայենինը՝ ոչ:

Սիրով չմատուցվելու համար, քանի որ զոհը Աստծուն մատուցվում է որպես ընծա, իսկ ընծան սիրո նշան է, եթե մարդու սրտում սեր չլինի, նրա ընծան ընդունելի չէ, և սերն էլ առանց սրտի նվիրումի չի լինում, այս պատճառով Աստված մարդու սիրտն է ցանկանում (Առակ. ԻԳ 26), քանի որ սիրտը նվիրողը իր կյանքն ու ամբողջ հարստությունն էլ կնվիրի: Արդ, Կայենի սրտի մեջ առ Աստված սեր չլինելու պատճառով նրա զոհը ընդունելի չեղավ. քանի որ Կայենը երկրագործ էր, հողի արդյունքից  ընծա բերեց, սակայն իր ժամանակին և լավը չընծայեց (Ծննդ. Դ 3), մինչդեռ Աբելը, քանի որ հովիվ էր, առանց ժամանակ կորցնելու, պարարտ և նախածին կենդանիներից ընծայեց:

Այն ժամանակի պահանջների համեմատ, ընդունված ընծայի վրա երկնքից հրաշքով կրակ իջնելով՝ ընծայի ընդունելի լինելն էր հայտնի դառնում (Եբր. ԺԱ 4): Աբելի զոհի վրա երկնքից հուր իջավ, սակայն Կայենի զոհի վրա չիջավ (Ծննդ. Դ 4): Թեպետ Կայենը այս պատճառով մեծ տրտմության մեջ ընկավ, սակայն իր արարքի համար չզղջաց, և իր անտեղի տրտմությամբ հանցանքն էլ ավելի սաստկացրեց, քանի որ հանցանքը չգիտակցելով՝ իր զոհի չընդունվելու համար նեղսրտեց: Սակայն Աստված Իր ողորմությամբ ցանկացավ Կայենին ազդարարել, որ հանցանք գործեցիր, ուրեմն պետք է լռես (Ծննդ. Գ 7): Սակայն նա դարձյալ անզեղջ մնաց:
Եվ քանի որ Աստված Աբելի պատարագը ընդունեց, հնարավոր է, որ ավագության պատիվն էլ նրան տար. Կայենը սկսեց կասկածել և Աբելին սպանելու չար խորհուրդը հղացավ: Նրան այս սոսկալի ցանկությունից հետ պահելու համար Աստված Կայենին հայտնում է, որ Աբելը նրան պիտի հնազանդվի և նա պիտի իշխի նրա վրա (Ա Հովհ. Գ 2), կարծես թե ցանկանում է ասել. «Անդրանկության պատիվը քեզ է պատկանում, միայն թե զղջա և եղբորդ չարիք մի՛ արա», սակայն նախանձը թույլ չտվեց, որ Կայենը իր վատ և եղբայրասպան խորհրդից ետ կանգնի: Ենթադրվում է նաև, որ Կայենը իր պատարագի չընդունվելու պատճառով Աբելին Աստծուց գանգատվեց, որն էլ Կայենի անիրավ լինելը հայտնելու իրավունքը տվեց Աստծուն, որից էլ Կայենը բարկանալով՝ սպանեց իր եղբայր Աբելին (Ծննդ. Դ 8): Լավ նկատիր, ինչպես որ բարձրից ընկնող քարը հետզհետե արագությունը ավելացնելով գետին է ընկնում, այդպես էլ Կայենը հետզհետե իր չարության մեջ ավելի խորացավ: Անշուշտ մարդասպանությունը մեծ մեղք է, սակայն եղբայրասպանությունը առավել ևս, ամեն մի մեղք գործող պատժվում է, բայց նա, ով մեղքի հնարողն է լինում, շատ ավելի մեծ պատժի է արժանի: Արդ, ինչպես որ Կայենը երկրի վրա առաջին մարդասպանը եղավ, այդպես էլ Աբելը առաջին արդարն է երկրի վրա:

Սրանից բացի, երբ Աստված Կայենին հարցնում է, թե եղբայրդ ո՞ւր է (Ծննդ. Դ 9), զղջալով մեղքը խոստովանելու փոխարեն, լրբորեն և իրեն հավասարին պատասխանելու նման ասում է. «Մի՞թե ես եղբորս պահապանն եմ»,- որով իրեն որպես անտեղյակ և անմեղ, իսկ Աստծուն էլ մի անգետի տեղ է դնում: Ո՛վ անգութ, քանի որ եղբորդ պահապանը չէիր, ինչո՞ւ համար նրա սպանողը եղար, ո՛վ անողորմ մարդ, պարտավոր էիր պահպանել, քանի որ եղբայրդ էր: Քանի որ հանցանք չունեցող մարդու նման պատասխանեց, և որպեսզի չկարծվի, որ Աստված անտեղյակ է նրա արած չարությանը, այդ պատճառով հայտնելով նրա ծածուկ գործածը, ասում է. «Եղբորդ արյունը քո դեմ բողոքում է Ինձ» (Ծննդ. Դ 10): Բայց երբ, այդ բռնավոր անգութը, նորից համառելով մնում է իր անզղջության մեջ, այն ժամանակ Աստված նրան վերջնականապես անիծում է:

Այն ժամանակ Կայենը բոլորովին հուսահատվելով, Աստծո ողորմության և գթության դեմ պատասխան տալու համար իր հանցանքը ավելի ծանրացավ, որովհետև իր մեղքը Աստծո ողորմությունից ավելի մեծ համարեց (Ծննդ. Դ 13), այդ պատճառով այլևս Աստծո ողորմությանը իսկապես անարժան լինելով, ինչպես որ Աստծո սերն էր հանել իր սրտից, նույնպես էլ ինքը Աստծո առջևից անդառնալի կերպով արտաքսվեց (Ծննդ. Դ 16, Իմաստ. Ժ 3):

Ով էլ որ լինես, ընթերցո՛ղ, լավ մտապահիր այս կետը, ում գործին, կամ օրինակին հետևես՝ նրա նման էլ հատուցում կունենաս: Աչքերիդ առջև Կայենի վիճակը պատկերացրու. ձեռքերն ու ոտքերը դողում են, կանգնած տեղը երերում է, որևէ մի տեղ չի կարող մնալ, բոլորից վախենում է, ոչ ոք նրան չի համակրում և հարգում, երկիրն ու երկինքը նրան թշնամի են, և բոլոր արարածները նրան դահիճի նման են երևում, քանի որ բոլոր արարածների Արարչի հետ թշնամացավ: Աստծո մերժածը ամբողջ տիեզերքն է մերժում, կյանքը մահից ավելի վատթար է թվում, կյանքը նրա պատիժն է: Որովհետև գիտի, որ արդարության դատաստանը, որպես դահիճ, իր սուրն է սրում, մի օր իր վրա սպանության ահեղ գործը կատարելու համար, և դժոխքն էլ պատրաստ է հավիտենական անշեջ հրով նրան այրել:

Ո՜հ, Կայենը մահ է փնտրում, սակայն չի կարող գտնել, քանի որ ամբողջ աշխարհին սարսափազդու օրինակ և խրատ լինելու համար Աստծո հրամանով նրա վրա նշան դրվեց, որպեսզի ոչ ոք նրան չսպանի (Ծննդ. Դ 15). ահա՛ «մեղա» չասող անզեղջ մեղավորի ողորմելի և ահավոր վիճակը այս է:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․