23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Անձրևի ժամանակ մարդիկ դրա պատիժ լինելը հասկանալով զղջացի՞ն:

Երբեք չզղջացին, մարմնի աչքերին լույս է պետք, որպեսզի տեսնեն, հոգու աչքերին շնորհ է պետք, որպեսզի Աստծո բարերարությունը ճանաչելով՝ զղջումի գա, քանի որ Աստված նրանց մեղքերի պատճառով Իր շնորհը նրանցից վերցրած լինելով, ինչպես որ այնքան ժամանակ Աստծո բարիքը հասկանալու համար անկարող եղան, նույնպես էլ պատժի ժամանակն է« տեսնելով հանդերձ՝ ուղղության չեկան: Այո՛, հնարավոր և անհրաժեշտ էր իմանալ և հասկանալ, որ մի այդպիսի ահռելի տապան, որ Նոյը Աստծո հրամանով կառուցեց, անտեղի չէր կարող կառուցվել, իհարկե մի գաղտնիք կար, մանավանդ այդքան կենդանիներ, լեռնային և դաշտային թռչուններ և գազաններ հրաշալի տնօրինությամբ տապան էին մտնում, և Նոյը այնքան գեղեցիկ հանդիսավորությամբ դրա մեջ է բազմում, այս տեսնելով փոխանակ խրատվելու՝ ընդհակառակը, արհամարհեցին, և իրենց շվայտ կերուխումն ու անառակությունը ուրախությամբ շարունակելով, ամեն առումով անհոգ էին մնում:

Լավ հաշվի առ այստեղ թշվառ մեղավորների վիճակի որպիսությունը. քանի որ մեղքի չափը լցված լինելուն պես, աղեղից արձակված նետի նման, հանկարծ երկնքի ու երկրի ամբարների և աղբյուրների բացվելու հրաման է տրվում, որպեսզի արդարության տարիներին արձանագրված պատժի վճիռը իսկույն գործադրվի (Ծննդ. Է 11): Ահագին մրրկի պես հողմը փչելով երկնքի երեսն է ծածկում, և կարծես թշնամու դեմ պատերազմ մղելու համար, անձրևի նետերը իջնում են ամենայն ուժգնությամբ: Մարդիկ նախ մի հասարակ անձրև կարծելով, մտածում են, որ շուտով կդադարի, և  «զվարճությանը արգելք մի եղեք» ասելով միմյանց խրախուսում են (Ծննդ. Բ 6): Սակայն երբ օրը սկսում է մթնել և անձրևը հետզհետե ավելի է ուժգնանում, այն ժամանակ «այս ի՞նչ տարօրինակ բան է» ասելով մտատանջության մեջ են ընկնում, այն ժամանակ բանը բանից անցած լինելով պատսպարվելու տեղ են փնտրում:

Երբ ապաշխարելու ժամանակ կար, խնդալով և ծիծաղելով ծաղրեցին, հիմա աղաղակելով ողբում և արտասվում են, սակայն լսող չի լինի, ինչպես որ իրենք Աստծո հրամանը չլսեցին (Առակ. Ա 24): Ո՞ւր են նրանք, ովքեր ուտելով և խմելով զվարճությունների մեջ և անարժան հաճույքների անձնատուր եղած, ամեն տեսակ հորդորանքներ և խրատներ արհամարհելով՝ արդար Նոյին քամահրելով և երգիծական լեզվով հեգնում էին: Ի՞նչ եղան իրենց բազկի զորությանը ապավինած քաջերը, հիմա ի՞նչ են խորհում այդ անառակության տիղմի մեջ խոզի նման թավալվող արարածները: Անիրավ մարդը ո՞ւր պետք է պահի զրկանքներից ձեռք բերած ապրանքն ու հարստությունը, քանի որ ջուրը ամբողջ երկիրը պատեց: Տե՛ս, ոմանք ճաշի սեղանը թողած, փախչելու տեղ են փնտրում, մյուսը իր սիրելիից բաժանված՝ իր ազատվելու ճարն է անում, մեկ ուրիշը իր հարազատ մանկանը գրկից նետում է, մանուկները լացում են, երիտասարդները ծառերն են բարձրանում, ծերերը երիտասարդներից օգնություն են սպասում, վերջապես մեծն ու փոքրը խելագարված, ձեռքերն և ոտքերը դողալով, կուրծքներն են ծեծում, ոչ ոք ոչ մեկի չի օգնում, քանի որ ամեն մեկը հուսահատորեն իր փրկության մասին է հոգում:

 «Ավա՜ղ, այս ի՞նչ դժբախտություն է», - ասում են, «Նոյը մեզ ասաց, սակայն մենք չհավատացինք, նրան հիմարի տեղ դրեցինք, սակայն նա իմաստուն, իսկ մենք հիմար ենք եղել, երանի նրան, որ տապանի մեջ պատսպարված է, վա՜յ մեզ, որ պիտի կորչենք: Ահա չորս տարերք մեզ թշնամացել են, հողը բերանը բացել է, որ կուլ տա, ջուրը հորդում է, որ խեղդամահ անի, հողմը սաստկաբար շնչում է, որ կործանի, հուրը մինչև այն աստիճան է մեր սրտերը այրում, որ բոլոր ջրերը չեն կարող մարել, երկինքը սև-սև ամպերով երեսը մեզնից ծածկեց, ցամաքը անգամ ջրի մեջ անտեսանելի դարձավ»:

Ոմանք էլ դեռ հույս են տածում, թե արդյո՞ք տապան մտնել հնարավոր չէ, որովհետև տապանից բացի ապավինելու այլ տեղ չկա, սակայն դրա դուռն էլ փակ է: Անձրևը միօրինակ սաստկությամբ և հեղեղի նման թափվում է, և ջուրը տները մտնելով՝ ներքևի հարկերի բնակիչները վերևի հարկերն են բարձրանում և այնտեղից էլ վազում են դեպի կտուր՝ այնտեղ փրկություն գտնելու հույսով, սակայն իսկույն հուսախաբ են լինում՝ տեսնելով, որ ջրերը կատաղորեն այնտեղ էլ հասան և հույս չկա: Արդարև ողորմելի վիճակ:

Քանի որ անձրևի ընթացքին նայելով՝ խեղդամահ լինելը ստուգապես գիտեին, և թեպետ հեղեղանման արտասուք թափելով կսկծագին հառաչանքներով ողբացին և կոծեցին, բայց անօգուտ, քանզի թողության և ներման ժամանակը անցել էր: Իրոք, եթե պատժի երևալուց օր առաջ «մեղա» ասելով մի կաթիլ արցունք թափեին, իրենց մեղքերին ներում ստանալով՝ սոսկալի պատուհասից կազատվեին: Քանի որ ոմանք հույս ունեին, որ բարձր լեռների վրա կարելի է փրկություն գտնել, սակայն այն լեռները հասնելու համար քաջություն է անհրաժեշտ. քանի որ սար ու ձոր ջրի տակ մնացին, դաշտում եղողները թեև բարձրացան լեռները, սակայն չփրկվեցին, քանի որ ջուրը այդ լեռներից էլ տասնհինգ կանգուն վեր բարձրացավ (Ծննդ. Է 20), ուրիշները ջանում էին լողալ, բայց ի՞նչ օգուտ, քանզի անձրևը քառասուն օր և քառասուն գիշեր տեղատարափ թափվելով՝ ցամաքը բոլորովին աներևութացավ. և տապանից դուրս գտնվող բոլոր մարդիկ և անասունները ջրասույզ կորան (Ծննդ. Է 12), ինչպես որ վճռված էր Ամենակալի կողմից:

Խրատ առ, ո՛վ մահկանացու, սույն ահեղ եղելությունից, նկատիր, որ Նոյը ջրի վրա անվնաս մնաց տապանում, մինչդեռ մեղավորները ցամաքի վրա խեղդվեցին: Աստծո զորությունը այսպես անդիմադրելի, իսկ նրա խորհուրդները և իմաստությունը անքննելի են, Նա Իր հավատարիմ ծառային պահպանում է, որտեղ էլ որ նա լինի, իսկ նենգավորին չարաչար պատժում է: Ջուրը հարյուր հիսուն օր բարձրանալուց հետո (Ծննդ. Է 24) տապանը Հայաստանի Արարատյան գավառի Մասիս լեռան վրա նստեց (Ծննդ. Ը 4): Մի՛ ասա, թե մի՞թե դրանից բարձր լեռ չկար, որ տապանը դրա վրա նստեր, հնարավոր է, որ լինի, սակայն այդ նավի նավապետը Աստված լինելով՝ դրա Մասիս լեռան վրա կանգելը ցանկացավ:

Ուրեմն հիմա, ո՛վ մեղավոր մարդ, միշտ խորհիր այս բաների մասին, քանի որ այդ մարդկանց հետ պատահածը մի օր քեզ էլ պիտի պատահի, մանավանդ, որ դու ավելի արժանի ես պատժի, քանի որ նրանք Նոյ նահապետի քարոզչությունը չլսեցին, իսկ դու Քրիստոսի Ավետարանին չես լսում, նրանց համար նախօրինակ չկար, իսկ քեզ համար բազում օրինակներ լինելով հանդերձ՝ չես ուղղվում և միայն հաճույքներիդ ես հետևում:

Մտքումդ ինքդ քեզ մի լեռան վրա պատկերացրու, այնտեղ այն ժամանակ գործածդ մեղքերը, որոնք չցանկացար խոստովանել, ջրհեղեղի նման քեզ պիտի շրջապատեն, որպեսզի ընկղմեն (Սաղմ. ԽԸ 5), քանի որ Քրիստոս դատաստանի օրը ջրհեղեղի է նմանեցնում (Մատթ. ԻԴ 37): Մարմնի թշնամին ինչքան էլ որ անգութ լինի, նրա իշխանությունը մինչև մահ է հասնում, իսկ մահացու մեղքը այս աշխարհում մարդու կորստյան պատճառ լինելուց բացի, հանդերձյալ կյանքում ևս հավիտենական դատապարտության է առաջնորդում: Մահացու և մեծ մեղքի մեջ ընկնող մարդը Աստծո սիրո կապը խզած, որպես թե Աստծուց փախչել ցանկացող մեկին է նմանվում, միայն թե Աստված ողորմած լինելով, հովվի կողմից կորած ոչխարին փնտրելու նման, շատ անգամներ մեղավորին դարձի է հրավիրում (Մաղաք. Գ 7): Սակայն նա, ով չի դառնում և օր օրի չարության և մոլորության մեջ առաջադիմում է, ահա այն ժամանակ Աստված նրա վրայից վերցնում է Իր շնորհը: Մարդու համար Աստծո շնորհից զրկվելուց մեծ պատիժ չի կարող լինել: Որովհետև չափը լցված, պատժի վճիռը կայացնելուն պես՝ ետ դառնալը անհնար է, ինչպես որ պատահեց վերոհիշյալ ապստամբների հետ, Սոդոմ Գոմորի բնակիչների, Փարավոնի և այլ շատերի, արդ, եթե պատժից ազատվել ես ցանկանում, մեղք մի՛ գործիր, և եթե սխալվելով մեղքի մեջ ընկար՝ ուղիղ սրտով զղջա, այս է և այս պիտի լինի ողջամիտ մարդու ընթացքը:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․