Գրքեր
Աբրահամը Եգիպտոսից վերադառնալուց հետո ո՞ւր գնաց:

Կրկին վերադառնում է այն վայրը, որտեղ նախապես սեղան էր կանգնեցրել Աստծո համար և նրա եղբոր որդի Ղովտն էլ նրա հետ եկավ: Եվ քանի որ Աբրահամն ու Ղովտը բազմաթիվ ոչխարներ, կովեր և ուրիշ անասուններ ունեին, նրանց հովիվների միջև արոտավայրերի համար վեճ ծագեց: Աբրահամը, վեճեր չցանկանալով, Ղովտին առաջարկում է գնալ իր ցանկացած վայրը, որպեսզի երկուսն էլ հանգիստ կառավարեն [իրենց տնտեսությունը]: Հորդանանի կողմերը խիստ արգասավոր և բերրի լինելու համար, Ղովտը Աբրահամից բաժանվելով Սոդոմ քաղաքը գնաց և այնտեղ բնակվեց:

Դու Աբրահամի առաքինությունը տես. Ղովտի սիրտը չվշտացնելու և իրենց միջև կռվի առիթ չտալու համար, նրա կամքին է թողնում, որ իր ցանկացած կողմը գնա, և ինքն էլ նրա չհավանած տեղով բավարարվում է: Հետո Աստված նախապես տրված խոստումը կրկնելով՝ երկրի ավազի չափ անհամար զավակներ է խոստանում տալ Աբրահամին (Ծննդ. 13:15), հրամայելով, որ իրենց ժառանգելիք երկրի բոլոր կողմերով շրջի, թե՛ երկարությամբ և թե՛ լայնությամբ, որպեսզի հայտնի դառնա Աստծո բարերարությունը և Աբրահամը ճանաչի այն տեղերը, որ պիտի զբաղեցնի:

Հրամանի համաձայն, Աբրահամը շրջելով գալիս է Քեբրոն և բնակվում է այնտեղ ու սեղան կանգնեցնում Աստծուն: Իսկ Ղովտը, որ արգասավոր տեղ որոնելով, սկսեց բնակվել Սոդոմի մեղսասեր բնակչության մեջ, մեծ վտանգի հանդիպեց. իրոք, Ղովտը առաքինի և Աստծուն հաճելի մարդ էր, բայց չար մարդկանց մեջ գտնվելով՝ նրանց հետ գերության մատնվեց: Քանի որ Սոդոմի և Գոմորի բնակիչներին թշնամի չորս թագավորները միաբանվելով՝ պատերազմի են դուրս գալիս Սոդոմի և Գոմորի երկրի տեր եղող հինգ թագավորների դեմ և այս վերջինները հաղթվելով, Ղովտն էլ [նրանց հետ] թշնամիներին գերի ընկավ: Աբրահամը այս լսելուն պես, հույսը Աստծո վրա դնելով, իր 318 հպատակների հետ հանկարծակի թշնամու վրա հարձակվեց, որով էլ նրան հաջողվեց թե՛ Ղովտին և թե՛ նրա հետ գերի ընկածներին իրենց ամբողջ գույքով ազատել:

Խրատ ստացիր՝ բարի մարդը չարերի պատճառով վտանգի հանդիպեց և չար մարդիկ էլ մի բարի մարդու պատճառով գերությունից ազատվեցին:

Երբ Աբրահամը թշնամու նկատմամբ տարած հաղթանակից վերադարձավ, Մելքիսեդեկ քահանան նրան հաց և գինի մատուցելով օրհնեց. Աբրահամը նույնպես թշնամուց վերցրած կողոպուտից տասանորդ տվեց (Եբր. 7:9): Քահանային տասանորդ տալով Աբրահամն ընդունում էր, որ հաղթանակը Աստծունն էր և այդպես շնորհակալ էր լինում Նրան: Սոդոմացիների ստացվածքը թշնամիներից ազատելու համար, դրանք իրավացիորեն Աբրահամին էին պատկանում, և նրանց թագավորն էլ հոժարակամ ստիպում էր նրան, որ վերցնի, սակայն նա չկամեցավ ոչինչ վերցնել, որ չասեն, թե Աբրահամը Սոդոմացիների ունեցվածքով հարստացավ: Արդարև այս դեպքում Աբրահամը մեծ փառք վաստակեց, սակայն միևնույն ժամանակ սրտում երկյուղ ընկնելով, Աստված նրան քաջալերում է, որ բնավ չերկնչի:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․